HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփականաշնորհում` անհայտ բանաձեւով

Հարթաշեն գյուղում տեղական ինքնակառավարման մարմնի եւ ենթակա բյուջետային հիմնարկների նախկին աշխատողների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլն 889 հազար դրամ: Կլորիկ մի գումար էլ համայնքային բյուջեում գրանցված է հողի հարկի պարտքի դիմաց: «Այս բեռը համայնքային իշխանության ուսերին մնացել է տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման առաջին տարիներից»,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի հաշվապահ Սաիդա Հակոբյանը`

հավելելով, որ այդ թիվը նախորդ տարիներին ավելի մեծ էր: Ժամանակի ընթացքում դատարանի միջոցով աշխատավարձ է ստացել երեք մարդ, եւս 18 աշխատակիցներ շարունակում են սպասել, թե տեղական իշխանությունը երբ է հնարավորություն ունենալու աշխատավարձի պարտքը վճարելու: Փոխարենը ամսեամիս ավելանում են սոցիալական վճարումների տուգանքները: Հարթաշենի համայնքային իշխանության պարտքերի` այսօր արդեն առեղծված դարձած գորդյան հանգույցի սկիզբը հասնում է մինչեւ հողի սեփականաշնորհում:

Այս գործընթացն, ի տարբերություն այլ բնակավայրերի, գյուղում իրականացվել է հինգ տարի ուշ, երբ լուծարվել է «Զանգեզուր» սերմաբուծական պետական տնտեսությունը: Եվ հենց լուծարային գործընթացի ընթացքում էլ, ինչպես ներկայացնում են տեղացիները, սկսվել է համայնքի ունեցվածքի առք ու վաճառքը: «Կարճ ժամանակաընթացքում` համարյա մեկ ամսում, առանց մրցույթի վաճառվեցին 70-ական թվականներին կառուցված անասնապահական 8 համալիրը, ավտոպարկը, կենցաղի տունը, ճաշարանը, խանութները, այն բնակելի պետական շենքը, որտեղ մանկապարտեզն էր գործում, գյուղտեխնիկան, անգամ տնտեսության վարչական շենքը»,- տարիներ անց զայրութը չի կարողանում զսպել 1996-99 թթ. համայնքապետ աշխատած Վազգեն Հարությունյանը` ավելացնելով, որ այդ հարցով բազմիցս դիմել է հանրապետության այն ժամանակվա ղեկավարներին:

Արդյունքում այդ տարիներին նորաստեղծ համայնքային իշխանությունը զրկվել է պետական լրավճարից, եւ համայնքապետարանի ոչ մի աշխատակցի աշխատավարձ չի վճարվել: Նախկին պետական տնտեսության լուծարումից հետո ստեղծված սերմնաբուծական տնտեսության ղեկավար Արամայիս Դավթյանը մասամբ է համաձայն այս կարծիքի հետ` նշելով, որ անշարժ եւ շարժական գույքի վաճառքն իրականացվել է «մրցույթով, օրինական»: Այնուամենայնիվ, չի մոռանում շեշտել, որ «Երեւանից եկան, գյուղի ունեցվածքը փոշիացրին` առանց որեւէ գումար տեղական բյուջե մուտքագրելու»:

Նախկին տնտեսության լուծարումից հետո համայնքային իշխանությանը զուգահեռ վերակազմավորվել է նոր սերմնաբուծական տնտեսություն: Վերջինիս պատկանող 236 հեկտար հողատարածքը հետագայում սեփականաշնորհվել է համայնքի բնակիչներին, իսկ մի մասն այսօր էլ շարունակում են տնօրինել նախկին տնտեսության մի քանի անդամներ: Ըստ համայնքապետարանի հաշվապահի` հողի նման հանելուկային սեփականաշնորհումն է պատճառը, որ այսօր համայնքային իշխանությունը նաեւ հողի հարկի գծով հսկայական պարտքեր ունի` մոտ 8 մլն դրամ: Այս ամենի մասին Հարթաշենում չեն մոռացել, բայց անօգուտ խոսակցություններ են համարում: Փոխարենն ակնկալում են, որ գոնե այսօր համայնքային կարեւոր նշանակություն ունեցող խնդիրները լուծվեն:

Մշակույթի տան տնվորները

Գյուղի մշակույթի տանը մեր այցելության օրն անսովոր եռուզեռ էր: Բեռնատար ավտոմեքենան կանգնել էր շենքի մուտքի մոտ եւ հեռվից այնպիսի տպավորություն էր, թե որեւէ հայտնի համույթ է հյուրընկալվել: Իրականում, ինչպես շատ այլ գյուղական բնակավայրերում, Հարթաշենում եւս մշակույթի տունը վաղուց չի ծառայում իր նպատակին. դրա մի մասը վերածվել է սգո արարողությունների սրահի, շենքում որոշակի տարածք էլ զբաղեցնում է փոստը ու այդ պահին «թոշակ էին տալիս»: Թոշակ բաժանողի կողքին նստած էր Հարթաշենի համայնքապետը ու հողի հարկ էր գանձում թոշակառուներից: «Ուրիշ ելք չկա, մեզ էլ են ստիպում, որ բյուջեի եկամտային մասն ապահովենք»,- արդարանում, թե մեկնաբանում է համայնքային իշխանության ղեկավար Ազատ Ղուկասյանը: Մարդիկ կարծես թե չէին շտապում` հավանաբար հույս ունենալով ժամանակ շահել ու թոշակն առանց համայնքապետի ներկայության ստանալ: Նույն շենքը շրջանցող աստիճանները տանում են դեպի գյուղի գրադարան, բայց այդ կարճ հատվածը հաղթահարելու համար առնվազն առույծի սիրտ պիտի ունենաս, որովհետեւ մոտիկ, շատ մոտիկ լսվում է գազազած շների հաչոցը: «Մշակույթի տան մի հատվածում մարդիկ են ապրում, նրանց շներն են»,- հուսադրում է ինձ ուղեկցող երիտասարդը: Գրքի, գրականության նկատմամբ որքան մեծ պիտի լինի սերդ, որ երբեւէ համարձակվես գրադարան հասնելու համար հաղթահարել այդ վախը, մանավանդ, որ անհրապույր ու անբարեկարգ դռներից յուրաքանչյուրի վրա տասը կողպեք կա, իսկ դռան ճեղքից նկատելի են երբեւէ այցելու չունեցած` իբր թե խաղասրահ ծառայող սենյակները: Տարիներ առաջ, երբ տնտեսությունը լուծարեցին եւ օրը ցերեկով բաժանեցին պետական ունեցվածքը, տասնյակ տարածքների հետ որպես բնակարան սեփականաշնորհվեց նաեւ գյուղի մանկապարտեզը, որի պատճառով գյուղի նախադպրոցական տարիքի 60-ից ավելի երեխաները ստիպված են ամբողջ օրը փողոցում անցկացնել:

Հարթաշենում թռիչքային եղանակ չկա

Ժամանակին հարթաշենցիները հպարտանում էին, որ գյուղի տարածքում օդանավակայան կա, իսկ հիմա «եւ՛ օդի ճանապարհը կտրեցին, եւ՛ գետնի»,- ասում է հարթաշենցի Լարիսա Վանեսյանը` շեշտելով, որ միջհամայնքային եւ գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհն իրենց համայնքի ամենաառաջնային խնդիրն Է: Այդ խորդուբորդ ճանապարհով հարեւան գյուղերից ֆերմերները կաթը հանձնում են գյուղի տարածքում գործող կաթի ընդունման 4 արտադրամասերին: Վերջին օրերին անասունների շրջանում տարածված հիվանդությունների մասին լուրը նաեւ Հարթաշեն է հասել: Այդ պատճառով էլ, ինչպես տեղեկացնում է «Գորու» կաթի ընդունման արտադրամասի աշխատակից Մայիս Դավթյանը, իրենք ավելի ուշադիր են, կաթը մթերում են միայն լաբորատոր հետազոտությունից հետո: Օրեր առաջ, մի քանի շաբաթում սատկել էր գյուղի բնակիչ Նորայր Սահակյանին պատկանող 40 գլուխ խոզը: «Եկան, անալիզներ վերցրին սատկած անասուններից, հետո բանավոր պատասխանեցին, որ կերից է, ես եմ մեղավոր, իբր դդումից են թունավորվել: Որ չհավատամ էլ, միեւնույն է, իմ ցավին տեր կանգնող չի լինի»,- դատարկ անասնագոմը մատնացույց անելով` ասում է Նորայրը:

Ավագանու անիրազեկությունն ու անտեղյակությունը

2008 թ. աշնանը կայացած տեղական ինքնառավարման մարմինների ընտրություններում Հարթաշենի համայնքապետի պաշտոնին հավակնում էր երեք հոգի, որոնց հետ ընտրապայքարին մասնակցում էին նաեւ ավագանու անդամների թեկնածուներ: Ընտրված ավագանու չորս անդամների անունները, սակայն, չկարողացավ մտաբերել մեր զրուցակիցներից ոչ մեկը: Ավելին, ավագանու անդամներից մեկն ինքը հրաժարվեց, թե ավագանու անդամ է` ասելով. «Այ մարդ, հ~ինչ ավագանի, հի~նչ պան, հու ա ասում, վեր ես եմ, շտե՞ղ ա կիրած, հու՞ ա ասում, թե ես մի պան պիտի անեմ»: Այս պատասխանից հետո անիմաստ է ակնկալելը, թե տեղական իշխանությունը կարող է կամ ցանկություն կունենա հանրությանը մասնակից դարձնել համայնքային կառավարման գործընթացին կամ նրանց իրազեկել համայնքային նշանակություն ունեցող խնդիրների, որոշումների մասին:

Արդեն պետք չէր զարմանալ, որ մեզ հանդիպած մարդկանցից եւ ոչ մեկը տեղյակ չէր, թե ինչ միջոցներով է գյուղում կոյուղու ցանց կառուցվում եւ ինչպե՞ս է, որ մի քանի տուն շինարարական առումով չեն կարող ընդգրկվել այդ ցանցում: Հարթաշենը տարածաշրջանի այն եզակի գյուղական բնակավայրերից է, որի տարածքում ժամանակին գործել են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի վերամշակման տարբեր ձեռնարկություններ, որոնցից յուրաքանչյուրը հսկայական տարածք է զբաղեցնում: Ժամանակի ընթացքում նաեւ դրանք են սեփականաշնորհվել ու անգործության մատնվել:

Հիմա դրանցից հիշողություններ են մնացել եւ ավերակներ, որոնք գտնվելով գյուղ տանող ճանապարհի սկզբում` հենց առաջին հայացքից տխուր տրամադրություն են ստեղծում, քանի որ Հարթաշենում խնդիրներ կան, որոնց լուծման համար արդեն դժվար է բանաձեւ գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter