Լոնդոնի համբերության բաժակը լցվեց
Անգլիայի իշխանությունները նոր խստացումներ են նախատեսում ողջ երկրով ծայր առած անկարգությունների ալիքից հետո: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ փողոցային խուլիգանների ու կողոպտիչների նկատմամբ ցուցաբերվելու է «զրոյական հանդուրժողականություն»: Անկարգությունների հետևանքով ձերբակալված մարդկանց թիվը գերազանցել է 2 հազարը:
Gazeta.ru-ն հայտնում է, որ այսօր Դեյիդ Քեմերոնը ելույթ կունանա, որում մտադիր է փողոցային անկարգությունները կապել հասարակության բարոյալքման հետ: Անգլիական մամուլը հատվածներ է հրապարակում նրա հայտարարությունից:
Լոնդոնում վերջին մեկ ու կես շաբաթվա իրադարձություններից հետո, երբ դեռահասների ամբոխները, որոնց մեջ կային նաև ապահովված ընտանիքների երեխաներ, կողոպտում էին խանութներն ու վառում շինությունները, Քեմերոնը հայտարարեց, որ Բրիտանիայում արձանագրվում է «բարոյականության դանդաղ կրախ»:
Վարչապետն արդեն խոստացել է, որ առաջիկա երկու շաբաթում կառավարությունը մտադիր է մշակել «կոտրված հասարակությանն» առողջացնելու ռազմավարություն: «Անկարգությունները մտահոգիչ նշան էին մեր երկրի համար. սոցիալական խնդիրները, որոնք հասունանում էին տասնամյակներ շարունակ, պայթեցին»,- ասել է Քեմերոնը:
Նախօրեին Քեմերոնն արդեն հայտարարել է, որ իշխանությունները խստացնելու են փողոցային հանցավորության դեմ վարվող քաղաքականությունը: Նա խոստացել է անցնել ամերիկյան տիպի քաղաքականության՝ փողոցային անկարգությունների և կողոպուտների մասնակիցների նկատմամբ, այսպես կոչված, «զրոյական հանդուրժողականությանը»: Այս մասին Քեմերոնն ասել է Sunday Telegraph-ին տված հարցազրույցում:
«Այդպիսի միջոցառումներն անհրաժեշտ են: Մենք բավարար չափով բարձրաձայն չհայտարարեցինք, որ զրոյական հանդուրժողականություն ենք ցուցաբերելու, բայց դա հենց այն գաղափարն է, որը մենք ուզում ենք տեղ հասցնել»,- ասել է Քեմերոնը:
Zero tolerance կոչվող մարտավարությունը մի ժամանակ մասսայականացվեց ԱՄՆ-ում: Այն նախատեսում է խիստ պատիժներ նույնիսկ աննշնան իրավախախտումների դեպքում, ինչը պետք է փողոցային ավազակախմբերի անդամներին ցույց տա, որ կառավարությունը մտադիր չէ աչք փակել իրենց արարքների վրա:
Այս ռազմավարության հեղինակը Նյու Յորքի և Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունների պետ Բիլ Բրետոնն էր, որը հայրենիքում ստացավ Սուպերոստիկան մականունը: Հենց նրան՝ 63-ամյա պաշտոնաթող ոստիկանին, Քեմերոնը հրավիրել է Լոնդոն՝ փողոցային անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցելու:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում շարունակում է հերթապահություն իրականացնել 16 հազար ոստիկան՝ գրեթե 3 անգամ ավելի, քան սովորական ժամանակ: Նրանք զինված են, թեև սովորաբար պարեկային խմբերը զենք կրելու իրավունք չունեն:
Associated Press-ը հայտնում է, որ մինչ այդ ոստիկանությունը շարունակում է ձերբակալել անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվողներին: Դեռևս մի քանի օր առաջ ձեբակալվածները 1700-ն էին, այժմ նրանց թիվը գերազանցում է 2 հազարը: Դատարանները, որոնք աշխատել են հանգստայն օրերին, կարողացել են լսել միայն 1200 կասկածյալի գործ. նրանց մի մասը կալանավորվել է, մի մասը գրավով բաց է թողնվել, մինչ նրանց գործը կլսի Թագավորական դատարանը:
Ջարդարարներն աղերսում էին ներողամիտ լինել՝ դատավորներին համոզելով, որ չէին գիտակցում, թե ինչ են անում: «Գիտեմ, որ դա հիմարություն էր, ես շատ զղջում եմ, ես ամեն ինչ կփոխհատուցեմ»,- խնդրում էր 30-ամյա Ռեյմոնդ Գրեմը, որը նախկինում 5 անգամ դատապարտվել է, այդ թվում նաև թմրանյութերի վաճառքի համար: Նա գողացել է 2 հեռուստացույց և այլ տեխնիկա: «Որդիս ընդամենը 23 օրական է: Ես պետք է խնամեմ տատիկին»,- ասում էր նա: Դատարանը հրաժարվել է նրան գրավով բաց թողնել:
Կիրակի օրը Բիրմինգհեմում ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երեք մահմեդականի սպանության մեջ կասկածվողներին: Մահմեդականները՝ 2 եղբայր և իրենց ընկերը, ջարդարարներից պաշտպանում էին իրենց ունեցվածքը:
Կողոպտիչները, հակահարված ստանալով, մեքենա են նստել և քշել մայթ՝ մեքենայի տակ գցելով մարդկանց: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա Ադամ Կինգին, 26-ամյա Ջոշուա Դոնալդին և նրանց 17-ամյա ընկերոջը, որի անունը գաղտնի է պահվում, քանի որ տղան դեռահաս է:
Կիրակի օրը ոստիկանությունը նաև ձերբակալել է մի 16-ամյա տղայի, որը կասկածվում է 68-ամյա թոշակառուին դաժան ծեծել մեջ: Ջարդարարները Լոնդոնի արևմուտքում տուն էին վառել, և թաշակառուն փորձում էր հանգցնել կրակը:
Ոստիկանները չեն թաքցնում, որ նոր խուզարկություններ են պատրաստվում: Նախօրեին երկու դատավոր ողջ օրն աշխատում էին իրավապահ մարմինների միջնորդությունների վրա և կողոպտիչների տները խուզարկելու օրդերներ տալիս:
Երկրի բնակիչներն օգնում են իշխանություններին: Նրանք, մասնավորապես, ոստիկանության ուշադրությունն են հրավիրել eBay ինտերնետային աճուրդի վրա, որում հանկարծ հայտնվել էին կասկածելիորեն էժան iPad համակարգիչներ: Դրանք վաճառվում էին 280 ֆունտով, ինչը 2 անգամ ցածր է մանրածախ գնից: Լոտերի մեջ կար նաև իջեցված գներով այլ տեխնիկա:
Ոստիկանությունը ենթադրել է, որ այդ ջարդարարներն են փորձում վաճառել գողացված իրերը: BBC-ի տվյալներով՝ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են առաջին կողոպտիչներին, որոնք գրանցվել էին eBay-ում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել