HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ռուբեն Հայրապետյանը հասկացել է, որ գնել է մի բան, որն ամբողջովին իրենը չէ

«Ես գտնում եմ, որ շատ ճիշտ եմ արել, որ գնել եմ այդ գործարանը: Կատարել եմ ձեր բոլորի ցանկությունը, որպեսզի տնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ մարդիկ գործազուրկ չդառնան»,- այս տարվա փետրվարի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Իսկ հետո դիմելով լրագրողներին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար պատգամավորն ավելացրել է. «Մեկ տարի հետո բոլորիդ կհրավիրեմ «Բջնի» գործարան եւ կտեսնեք գործարանի հնարավորությունները եւ այն, թե ինչպես են կատարվում պետության հետ ունեցած պարտավորությունները»:

Ահա այսպիսի հայտարարություններ անելուց 40 օր հետո՝ ապրիլի 2-ին, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որի համաձյան` «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն դիմել եւ ապրիլի 2-ին ստացել է ընկերության կողմից ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրված գումարը»:

Սրանից կարելի է ենթադրել, որ «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ -ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը եկել է ԴԱՀԿ ծառայություն եւ դիմում է գրել, իսկ ԴԱՀԿ-ի ֆինանսիստը բացել է չհրկիզվող պահարանը եւ հանել մոտ 14,5 մլն դոլարն ու հանձնել ԱԺ պատգամավորին: Չնայած` 20 օր առաջ ԴԱՀԿ-ն Հետքին տեղեկացրել էր, որ «Բջնիի» գումարն ամբողջությամբ վճարվել է աճուրդից անմիջապես հետո երեք օրվա ընթացքում, եւ այն արդեն փոխանցվել է պետբյուջե:

Նույնիսկ այս դեպքում ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները չեն հասկացել, որ նման բան իրենք չեն կարող անել, որովհետւ այդքան գումար պահելու հնարավորություն չունեն: ԴԱՀԿ ծառայությունում նման պայմաններ պարզապես չկան: Եթե հետեւում ենք «Բջնիի» հետ կապված գործողությունների ընթացքին, այն եզրակացությանն ենք գալիս, որ դրանք, կարծես միտումնավոր, մի նպատակ են հետապնդել` հեղինակազրկել ԴԱՀԿ ծառայությունը: Եւ սա բնական գործընթաց է, քանի որ այս մարմինը դարձել է քաղաքականության մի պտուտակ` շարժվելով ոչ թե օրենքով, այլ հրահանգներով:

Մարտի 19-ին ՀՀ վարչական դատարանն անվավեր ճանաչեց «Բջնի» գործարանի էլեկտրոնային աճուրդը: Ինչու Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց «Բջնիից»: «Բջնիի» փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է մի քանի պատճառ. « Ինձ թվում է` գնորդը հասկացավ, որ ունի խնդիրներ: Առաջին՝ նա գիտակցեց, որ աճուրդային իրավիճակի մեջ լուրջ իրավական խնդիրներ կան: Երկրորդ՝ ԴԱՀԿ-ը թույլ էր տվել հաջորդ սխալը: Հանքային ոլորտը կարգավորող օրենսդրությանը ծանոթ չլինելով` աճուրդի միջոցով փորձել է նաեւ օտարել հանքային իրավունքները: Մինչդեռ «Կոնցեսիայի մասին»  օրենքի համաձայն` հանքային իրավունքները կարող են փոխանցվել միայն լիազոր մարմնի նախնական թույլտվությամբ: Նման թույլտվության բացակայության դեպքում այդ գործարքն առոչինչ է: ԴԱՀԿ-ն այդ մասին տեղյակ չէր, հարցում չէր արել լիազոր մարմնին, հետեւաբար թույլտվություն չէր ստացել: Աճուրդից հետո հարցում արեցինք լիազոր մարմնին եւ պարզեցինք, որ թույլտվություն չի տվել: Հանքային իրավունքը պատկանում է միայն «Բջնի» ընկերությանը, ջուրը միայն նա կարող է վաճառել: Հաջորդ պրոբլեմն այն է, որ աճուրդի ընթացքում ավելացված արժեքի հարկ է առաջանում: Եթե մենք դատարանում այս հարցով պարտվենք, կնշանակի, որ աճուրդի ընթացքում ավելացված արժեքի հարկ չի առաջանում, իսկ դա նշանակում է պետությանը մի ուրիշ տեղից հարված հասցնել եւ աճուրդներից ԱԱՀ չվճարել: Այս դեպքում աճուրդից պետությանը քսան տոկոսի փոխարեն պետք է փոխանցվի յոթ տոկոս դատական ծախսերը միայն»:

Փաստաբանը համոզված է, որ այս վճիռը ձեռնտու էր նաեւ գնորդին՝ Ռուբեն Հայրապետյանին: Ռուբեն Հայրապետյանը հասկացել է, որ ձեռք է բերել գործարան, սակայն այն չի կարող աշխատեցնել, որովհետեւ պարզվել է, որ աճուրդի ընթացքում լոտի կազմում ընդգրկված չեն գործարան հասնող ջրի խողովակները, շատ սարքավորումներ եւ ամենակարեւորը` ինքը չունի հանքարդյունահանման և ջրի արտահանման իրավունք: Իսկ այս ամենը տեղի է ունեցել ԴԱՀԿ-ի շտապողականության եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում թույլ տված սխալների հետեւանքով:

Հենց այդ սխալների պատճառով «Բջնին» մի քանի հայցով դիմել է դատարան: Եթե ամիսներ առաջ ԴԱՀԿ-ը «գրոհողի» դերում էր, այսօր ստիպված հայտնվել է «պաշտպանվողի» դերում եւ փորձում է ընդամենը իր սխալները «շտկել»:

Արդարադատության նախարարության մեր աղբյուրը նշում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում այս ամենի պատճառով սրվել էին նաեւ Ռ. Հայրապետյանի եւ ԴԱՀԿ-ի ղեկավարության միջեւ հարաբերությունները: Ըստ նույն աղբյուրի` Հայրապետյանը մեղադրել է ԴԱՀԿ-ին իրեն ավելորդ պատմությունների մեջ ներքաշելու համար:

«Ռ. Հայրապետյանը պարտադրված էր գնելու «Բջնին», բայց նա այս առիթներն օգտագործեց հրաժարվելու համար: Նա մտել էր խաղի մեջ, եւ ԴԱՀԿ-ը նրա համար լավ առիթներ ստեղծեց, որպեսզի կարողանա հրաժարվել: Եւ կարծում եմ` Ռ. Հայրապետյանը խելացի վարվեց»,- ասաց մի գործարար-պատգամավոր, ով չուզեց հրապարակել իր անունը:

«Բջնին» եւ տնտեսական ճգնաժամը

«Մարտի 26 -ին Աղվերանում ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև «Բջնի» հանքային ջրերի գործարանի ապագայի վերաբերյալ եղած մտահոգություններին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դատական գործընթացը չի ենթադրում, որ գործարանը մասնատվելու և վաճառվելու է։ Ըստ կառավարության ղեկավարի` ընդհակառակը, կառավարությունը հետևելու է, որ այդ գործընթացը կարճ ժամկետում ավարտվի։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ «գործարանն ամբողջությամբ աշխատելու է, և մոտեցումներ կան, որ աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, գործարանի աշխատակիցներն այդ մասին չպետք է մտահոգություն ունենան»,- նշված է կառավարության կայքէջում։ 07_04-bjni

Տնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը դեռեւս չի իրականացրել մի ծրագիր, որն ապահովեր այնքան աշխատատեղ, որքան ուներ «Բջնի» ընկերությունը: Անցած տարվա հոկտեմբերին փակված գործարանում աշխատում էր 483 մարդ, հիմնականում Չարենցավան քաղաքի բնակիչներ, քաղաք, որտեղ խորհրդային տարիներին գործող մեկ տասնյակից ավելի գործարաններն այսօր չեն աշխատում: Եվ կառավարությանը պետք է անհանգստացներ ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանի չաշխատելու հանգամանքը: Գործարանը հոսանքազրկելուց հետո սարքավորումների մի մասը սառել է: Եւ գործարանի ղեկավարությունն ասում է, որ վերագործարկելու համար առնվազն երեք ամիս է անհրաժեշտ եւ նոր ծախսեր: 

Դեռեւս դատական գործընթացների սկզբնական փուլում «Բջնիի» ներկայացուցիչը վարչական դատարանի դատավորին դիմեց առաջարկով. «...մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելը, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքի և դրամական միջոցների վրա բռնագանձումը տարածել արտադրանքի իրացումից ստացված գումարների 40 (քառասուն) տոկոսի նկատմամբ, մյուս 60 (վաթսուն) տոկոսը թույլատրելով օգտագործել հետևյալ ուղղություններով` 1) աշխատավարձերի վճարում, 2) հումքի և արտադրության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարներին վճարում, 3) գովազդի ծառայությունների վճարում, 4) ընթացիկ հարկերի, սոցիալական վճարների և այլ պարտադիր վճարների վճարում, 5) կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, հեռախոս, գազ և այլն) դիմաց վճարում, 6) դատարանի պետական տուրքի վճարում և 7) փաստաբանական ծառայությունների վճարում»:

Դատարանը մերժեց այն եւ որոշեց փակել գործարանը: Իսկ այն ջուրը, որի համար «Բջնի» ընկերությանը տուգանել են, արդեն վեց ամիս հոսում եւ խառնվում է գետի ջրերին:

Պետությունը որոշեց գործազուրկ դարձնել 483 մարդու: Այդ աշխատողներն այսօր համալրել են սոցիալապես ծանր վիճակում գտնվողների բանակը:

«Բջնին» 2008-ին յուրաքանչյուր ամիս 60-70 մլն դրամ ընթացիկ հարկ էր տալիս պետությանը: Վեց ամսվա ընթացքում պետությունն արդեն զրկվել է մեկ մլն դոլարից ավելի հարկերից:

Պարզվում է` այս պայմաններում սա էլ պետության համար ավելորդ գումար էր: Ինչ է լինելու Բջնի ճակատագիրը, անհայտ է: Եթե գնորդ չգտնվի, ինչը չի բացառվում, նշանակում է որոշ ժամանակ անց գործարանը պարզապես կվերածվի ավերակների, ինչպես Չարենցավանի տասնյակ այլ գործարաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter