HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրում հողի հարկ գանձելու այլընտրանքային միջոցներ են գտնվել

20_04-shinuhayrԳառնիկ Ավետյանը մեկն է շինուհայրցի այն երեսուն երիտասարդներից, ովքեր տնտեսական ճգնաժամի պատճառով վերջերս են վերադարձել արտերկրից: «Մերձմոսկովյան մի քաղաքում ավտոմեքենաներ էի նորոգում, որի համար ամսական 400 դոլար աշխատավարձ էի ստանում: Մի օր տնօրենը տեղեկացրեց, որ իմ աշխատանքի կարիքը չունեն:

Խնայած վերջին գումարով տոմս գնեցի ու գյուղ վերադարձա: Թե ինչպես պիտի ընտանիքիս պահեմ, չգիտեմ»,- հայտնեց նա: Վերջին քսան տարիներին շինուհայրցիներից ոմանք իրենց զբաղվածության խնդիրը լուծում էին արտագնա աշխատանքի մեկնելով, մի մասն էլ հողի սեփականաշնորհումից հետո սկսել է զբաղվել այգեգործությամբ: Գյուղատնտեսության այլ ճյուղեր գյուղում չեն զարգացել, որովհետեւ սեփականաշնորհված հողատարածքները գտնվում են գյուղից 7-8 կմ հեռավորության վրա, որոնց գերակշիռ մասը, տարիներ շարունակ ագրոտեխնիկական բավարար միջոցառումներ չիրականացնելու պատճառով, այլեւս բերրի չեն: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Շինուհայրում հողի հարկի պարտքը կազմում է 21 մլն 391 հազար դրամ: Պատկերը չի փոխվել նաեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում. հողի հարկը գանձվել է ընդամենը 25 %-ով: Համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանն այս փաստը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին գյուղը լքել է 140-ից ավելի ընտանիք, որոնց անվան դիմաց, սակայն, շարունակում են հողի հարկի պարտքեր կուտակվել: Համայնքապետարանը համոզում է գյուղացիներին, որպեսզի նրանք, համաձայնություն ձեռք բերելով գյուղից հեռացած հողի սեփականատերերի հետ, մշակեն նրանց հողատարածքները` պայմանով, որ կվճարեն նաեւ հողի հարկը: «Արդեն 10 մարդ այդ պայմանով որոշակի հողատարածքներ մշակում է: Սակայն մեկ ուրիշ խնդիր էլ կա, որը մարդկանց երկմտանքի առաջ է կանգնեցրել. պետությունը որոշակի փոխհատուցում է նախատեսում մշակված հողատարածքների համար: Մեր համայնքը եւս, ըստ նախնական տվյալների, ընդգրկված էր այդ ցանկում: Մարդիկ նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով` որոշ չափով ավելի հողատարածքներ են ցանել, հույս ունենալով, որ կկարողանան հողի հարկը վճարել, սակայն այժմ էլ խոսակցություններ կան, որ Շինուհայրը, քանի որ ոչ լեռնային գյուղ է, չի ստանա այդ սուբսիդիան»,- ասում է Սմբատ Երեմյանը: «Հեռուստացույցով լսեցինք, որ պետությունը յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար որոշակի փոխհատուցում է հատկացնելու գյուղացիներիս, համայնքապետարանն էլ ցուցակներ է կազմել, բայց կոնկրետ ոչ մի տեղեկություն չունենք` որքա՞ն են տալու կամ մենք ընդգրկվա՞ծ ենք այդ ցանկում: Տեղական իշխանություններին եթե պետք է, ասում են` կտան, եթե չէ` լռում են»,-դժգոհում է Վլադիկ Լալայանը: «Համայնքային իշխանությունը միշտ էլ շահագործում է մարդկանց դյուրահավատությունը: Տարիներ առաջ ասացին Ռոբերտ Քոչարյանին ընտրեք, ի~նչ հողի հարկ, ի~նչ բան, ձեր պարտքերը հեչ կանենք, հետո պարզվեց, որ խաբել են, հիմա ամեն թոշակ ստանալու օր գալիս են կողքիդ նստում ու ստացածդ գումարից գանձում: Չեն էլ հարցնում, թե ես էդ հողը մշակո՞ւմ եմ, եկամուտ ստանո՞ւմ եմ»,- ընկերոջ խոսքին միանում է Գուրգեն Հարությունյանը: Շինուհայրի համայնքային իշխանությունը հողի հարկը գանձելու այլ միջոցներ էլ ունի: «Եղբայրս ծառայում էր Ազգային բանակում, գյուղապետարանից տեղեկանք պիտի վերցնեի, մերժեցին` պատճառաբանելով, որ հողի հարկը չեմ վճարել»,- վրդովված պատմում է մի երիտասարդ: «Ընտրությունների ժամանակ թեկնածուներն իրար գլուխ են ջարդում, հարեւան-բարեկամի միմյանց նկատմամբ թշնամացնում, ընտրություններից հետո ամեն ինչ միանգամից հանդարտվում է, եւ համայնքապետարանի միակ գործը մնում է մեզ հողի հարկին պատանդ պահելը: Նրանց էլ երեւի վերեւում են ստիպում, որ հարկ հավաքեն, բայց մի թող ասեն, թե իրենք մեզ ինչո՞վ են օգնում: Այնպես է ստացվել, որ հիմա գյուղի թոշակառուներն ու նպաստառուներն ամենաապահով խավն են, որովհետեւ ամսվա մեջ գոնե կանխիկ մի քիչ գումար են ստանում»,- զայրութը չի կարողանում զսպել միջահասակ մի շինուհայրցի, ով, իր ասելով, կոպեկ-կոպեկ Կրասնոդար գնալու տոմսի փող էր հավաքել, որ ուսանող աղջկա ուսման վարձը վճարելու համար արտագնա աշխատանքի մեկներ, էն էլ ճգնաժամը «ճամփան փակեց»:

Մսավաճառի խոսքն օրենք է

Գյուղում չի զարգանում նաեւ անասնապահությունը, որովհետեւ արոտավայրերը եւս հեռու են Շինուհայրից, եւ ինչպես մարդիկ են դառը հումորով պատմում` անասուն պահում են, որ այս կամ այն վարկառու կազմակերպությունից վերցրած վարկը փակելու համար մորթեն: Միսը վաճառում են գյուղի խանութում եւ չնայած գոհ են գյուղի անասնաբույժի ծառայությունից, այնուամենայնիվ, մսի վաճառքն այդ օրը կատարվում էր առանց համապատասխան թղթի ու սանիտարական անբավարար պայմաններում: «Կբերի, ուշ էլ լինի` թուղթը կբերի, իմ խոսքին մարդիկ հավատում են, որ միսը որակով է ու առնում են»,- վստահ ասում է մսավաճառը: Նա նաեւ հավելում է, որ վերջերս համագյուղացիներն ավելի հաճախ են անասուններ մորթում, որովհետեւ թեպետ ճգնաժամի պատճառով շաքարավազի, ձեթի եւ սննդամթերքի մյուս տեսակների, կենցաղային ապրանքների, անասնակերի գները բարձրացել են, բայց ցորենի ու կաթի գինը նույնն է մնացել: Բացի այդ, կաթ մթերող կազմակերպությունները եւս իրեց հերթին, վկայակոչելով ճգնաժամը, մթերված կաթի դիմաց վճարումներ չեն կատարում, որի արդյունքում առանձին անհատների կաթ մթերողների պարտքը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ:

Ճգնաժամը Շինուհայր` հերանց տուն է եկել

Սոցիալական խնդիրների առաջնահերթության մեջ Շինուհայրում դժվարանում են տարբերակում գտնել: Թեպետ այստեղով է անցնում հանրահայտ եւ այժմ արդեն զբոսաշրջության համար կարեւոր կենտրոն նախատեսված Տաթեւի վանք տանող ճանապարհը, այնուամենայնիվ, գյուղի կենտրոնական փողոցն անգամ շարունակում է անբարեկարգ մնալ: Մարդիկ հույս չունեն, որ Ազգային մրցունակության խորհրդի հաստատած «Տաթեւի վանքի վերածնունդ եւ զարգացում» ծրագիրը, որով վերականգնվելու է վանական համալիրը, զարգացման հնարավորություններ է ստեղծելու նաեւ շինուհայրցիների համար: Գյուղի կենտրոնական ճանապարհը նախատեված էր բարեկարգել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով: «Ըստ որոշ պաշտոնական աղբյուների` աշխատանքները պետք է սկսվեին այս տարվա գարնանը: Սակայն հիմա էլ լուրեր են տարածվում, որ ճանապարհի բարեկարգումն իրականացվելու է Տաթեւի ճոպանուղու կառուցմանը զուգահեռ,- ասում է Շինուհայրի համայնքապետը,- սակայն չեմ կարող ասել, թե երբ, վերջապես, կլուծվի այս խնդիրը, որովհետեւ վերջին տարիներին գյուղամիջյան այս ճանապարհի բարեկարգումը ծրագրից-ծրագիր է տեղափոխվում»: Համայնքապետի ասելով` իրենք համբերությամբ սպասում են, որովհետեւ տեղական բյուջեով անհնար է համայնքային որեւէ խնդիր լուծել, հատկապես, երբ 2008 թ. հողի հարկը հավաքագրվել է 12 %-ով: Շինուհայրում տեղայնացրել են հայտնի անեկդոտը, թե տնտեսական ճգնաժամը հասնելով Հայաստան` ասում է. «Տնից, տեղից լավ տեղ չկա»: Շինուհայրում այդպես են կարծում, որովհետեւ տարեցտարի Սյունիքի մարզի ամենամեծ գյուղում ճգնաժամի բոլոր դրսեւորումները խորանում են: Պատճառը, նրանց ասելով, այն է, որ «գյուղացուն ընտրությունից-ընտրություն են հիշում, իսկ եթե մի քիչ էլ «այլախոհ» եղար` պատժում են անտարբերությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter