HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործազուրկները նախընտրում են անապահովության նպաստ ստանալ, քան թե աշխատել սանմաքրման տնտեսությունում

Գորիս համայնքի բնակիչները «Գորիս տնտ» փակ բաժնետիրական ընկերությունից (որը նախկինում կրճատ անվանվում էր կոմունալ) տեղեկանք վերցնելու համար վճարում են 200-ական դրամ: Սակայն, ինչպես տեղեկացնում է ընկերության տնօրեն Սեյրան Գեւորգյանը, այդ «տուրքը» գանձվում է ոչ բոլորից:

Թե ինչ չափանիշներ են հաշվի առնվում տեղեկանքներ տրամադրելու ժամանակ, տնօրենը պարզաբանում է, որ փոքր քաղաքում մարդիկ միմյանց ճանաչում են, եւ գանձումը կատարվում է քաղաքացու սոցիալական ապահովությունից ելնելով: Եվ այդ առումով կանխատեսելի չէ, թե վճարումներն ընկերության բյուջեի որ մասն են լրացնում: «Գորիս տնտ»-ի տարեկան բյուջեի հիմնական մասը` 24 մլն դրամը, հատկացնում է հիմնադիրը` համայնքային իշխանությունը:

Քաղաքում աղբահանության, ձյան մաքրման, փողոցների լուսավորության ապահովման, բազմաբնակարան շենքերի պահպանության խնդիրները լուծելու համար մյուս միջոցները գոյանում են բնակչությունից մեկ շնչի հաշվով աղբահանության համար սահմանված ամսական 100-ական դրամ վարձավճարից, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի` 1 քմ-ի դիմաց վճարված 6-ական դրամից: Վերջին տարիներին ընկերության գործառույթներին ավելացել է նաեւ թափառող կենդանիների դեմ տարվող պայքարը, որի համար բյուջեում առանձին տողով նախատեսված է 1 մլն դրամ:

Ըստ «Գորիս տնտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սեյրան Գեւորգյանի` աղբահանության դիմաց ամսական գանձումները կատարվում են 50 %-ով, իսկ սեփականաշնորհված բնակարանների համար վճարում է բնակչության ընդամենը 3 %-ը, եւ չկա որեւէ մեխանիզմ, որով հնարավոր է կանխատեսել, թե տվյալ ամսվա մեջ բազմաբնակարան շենքերի բնակիչների որ մասը վճարումներ կկատարի: «Եթե հաշվի առնենք, որ տեղական բյուջեից ստացված 24 մլն դրամի մոտ 15 %-ը նախատեսված է աշխատավարձի, պետական հարկերի, աղբի հեռացման բնապահպանական տուրքի համար, եւ տարվա ընթացքում միայն բազմաբնակարան շենքերի մուտքերի տանիքների համար ծախսվում է մոտ 1,2 մլն դրամ, ապա պարզ կդառնա, թե ինչպիսին է տնտեսության վիճակը, որպեսզի կարողանանք բավարար չափով կազմակերպել քաղաքի աղբահանության, մաքրման աշխատանքները»,- ասում է Սեյրան Գեւորգյանը:

Տնօրենի կարծիքով` այդ աշխատանքներն իրականացվում են բավարար մակարդակով, քանի որ ընկերությունը ապահովված չէ պահանջված տեխնիկական միջոցներով: Վերջին երեսուն տարվա ընթացքում տնտեսությունը համալրվել է ընդամենը մեկ նոր աղբատար ավտոմեքենայով, մնացած չորսը պարբերաբար վերանորոգվում են: Ընկերության աշխատանքների կանոնավոր իրականացման համար, տնօրենի տեղեկացմամբ, կարեւոր խնդիր է նաեւ աշխատուժի պակասը: Շատ գործազուրկներ դժվարությամբ են համաձայնվում ընդգրկվել քաղաքի մաքրության ապահովման աշխատանքներում: «Մարդիկ կան, ովքեր ընտանիքի անդամների մասին տեղեկանք են վերցնում, որպեսզի սոցիալական անապահովության նպաստ ստանան, սակայն երբ նրանց աշխատանք ես առաջարկում` մերժում են, երբեմն` վիրավորվում»,- ասում է Սեյրան Գեւորգյանը` նշելով, որ ընկերությունն այսօր քսանից ավելի թափուր աշխատատեղ ունի:

«Անհասկանալի է, որ օրվա ապրուստի փող չունեցողն անգամ հրաժարվում է աշխատանքից, եթե դա վերաբերում է աղբահանությանը, անգամ աղբատար ավտոմեքենայի վարորդ չեն համաձայնվում աշխատել, այն դեպքում, երբ ամսական աշխատավարձը կարող է կազմել մինչեւ հարյուր հազար դրամ»,- շարունակում է տնօրենը:

Նա նաեւ մտահոգություն է հայտնում այն առթիվ, որ բնակչությունը որեւէ կերպ չի աջակցում քաղաքը մաքուր պահելու գործին. «Թեպետ քաղաքի մի շարք փողոցներում աղբարկղեր են տեղադրված, շաբաթը մի քանի անգամ աղբատար ավտոմեքենաները շրջում են քաղաքում, այնուամենայնիվ, շատերը աղբը թափում են ուղղակի մայթին»: «Գորիս տնտ» ՓԲԸ տնօրեն Սեյրան Գեւորգյանի ասելով` օրական քաղաքից տեղափոխվում է մոտ 20 տոննա աղբ, եւ տնտեսության միջոցները հազիվ են բավականացնում դրան: «Այնպես որ, շինարարական աշխատանք իրականացնող յուրաքանչյուր անհատ կամ իրավաբանական անձ ինքը պիտի աղբահանություն կատարի»,- հավելեց Ս. Գեւորգյանը: untitled-1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter