HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը պիտի աջակցի գյուղի մարդուն, որ նա կարողանա եկամուտ ստանալ ու հարկ վճարել

04_05-tsavԿապանի տարածաշրջանի Ծավ ու Շիշկերտ գյուղերի համար համայնքային խոշորացման ծրագիրը վաղուց է կյանքի կոչվել: 1970 թվականին, երկրաշարժի հետեւանքով Շիշկերտի ավերվելուց հետո, երկու գյուղերը միավորվել են մեկ համայնքում, որի «վարչական» կենտրոնը Ծավ գյուղն է: Համայնքային իշխանությանը որեւէ խնդրով դիմելու համար Շիշկերտի փոքրաթիվ բնակիչները

(այստեղ հիմնական բնակվողները մոտ 10 ծուխ են, ամռանը նրանց թիվը փոքր-ինչ ավելանում է) ստիպված են անցնել գյուղերի միջեւ եղած 11,8 կմ հեռավորությունը: Ըստ որոշ բնակիչների` մեկ համայնքապետարանի առկայությունը նաեւ այլ թերություն ունի. այն, որ համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովվում է երեք գյուղերում հավաքագրված հողի եւ գույքի հարկերից, սակայն ծախսային մասն իրականացվում է միայն «համայնքակենտրոնում»` Ծավում, ուր աշխատանքով ապահովված է տեղական իշխանության աշխատակազմը, գործում են դպրոցը, մանկապարտեզը: 04_05-tsav-1«2008 թ. հոկտեմբերին ավագանու որոշմամբ համայնքին պատկանող հողատարածքներից 2000 քմ վարձակալությամբ տրվել է «Արշակյան» ՍՊԸ-ին: Պայմանագրի համաձայն` վարձակալը պարտավոր է տարեկան 7 մլն դրամ վճարել, որը կուղղվի համայնքային խնդիրների լուծմանը: Առայժմ մեկ անգամ է վճարում կատարվել, որի շնորհիվ գործում է Ծավի մանկապարտեզը: Նախատեսվում է հետագայում այդ միջոցներն ուղղել համայնքային այլ կարիքների լուծմանը»,- ասում է Ծավի համայնքապետ Արարատ Մարտիրոսյանը: Դպրոցի մի մասը զբաղեցնող մանկապարտեզում միայն Ծավ գյուղի երեխաներն են հաճախում, քանի որ Շիշկերտում ոչ միայն մանկահասակ երեխա չկա, այլեւ` դպրոցահասակ: Գյուղը մանկապարտեզի տիպային շենք չունի, եւ 15 երեխա ունեցող նախակրթարանը շուտով հարկադրված կլինի ազատել դպրոցի տարածքը, սակայն մանկապարտեզ կառուցելու հավանականությունը փոքր է, մանավանդ, որ գյուղում հրատապ խնդիրներ շատ կան: Դրանցից ամենակարեւորն, ըստ բնակիչների, խմելու ջրագծերի վերականգնումն է, բնակարանաշինությունը, գյուղմթերքների իրացումը: «Համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովվում է միայն հողի հարկի ու գույքահարկի վճարումներով,- ասում է համայնքային իշխանության աշխատակազմի հաշվապահ Հունան Գրիգորյանը: 2007 թ. հարկերի գանձումները կատարվել են 90 %-ով, իսկ 2008 թ.` 86 %-ով, սակայն խոսքն ապառքներին չի վերաբերում, որը գանձելու որեւէ մեխանիզմ չկա: Եթե նայեք հողի հարկը վճարողների ցուցակները, մեծ մասի անունների դիմաց նշված է` հրաժարվում է, մահացել է, կամ` համայնքում չէ»: Ըստ աշխատակազմի քարտուղարի` հողի եւ գույքահարկի վճարումների տոկոսը հնարավոր է ավելացնել, եթե պետությունն աջակցի գյուղմթերքների իրացմանը. «Անցած տարի համայնքում 200 տոննայից ավելի կարտոֆիլ է արտադրվել, արդեն նոր ցանքն է կատարվել, բայց անցած տարվա բերքի մեծ մասը մնում է: Պետությունը, եթե հետեւում է, որ համայնքների բյուջեների մուտքերն ապահովվեն, պիտի նաեւ աջակցի հող մշակողին, որ կարողանան եկամուտ ստանալ այդ հողից»: Նա միաժամանակ նշում է, որ տարիներ առաջ, երբ համայնքի շատ երիտասարդներ ընդգրկված էին Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի կառուցման աշխատանքներում, այն ժամանակ էլ հողի հարկի գանձումների վիճակը բավարար չէր: Շինարարությունում աշխատող երիտասարդների հիմնական մասը, կարծես թե, պարտավորված չէր զգում իրեն հարկերի վճարման համար: «Հույսներս էլի թոշակառուներն ու նպաստառուներն են: Գիտեմ, որ անթույլատրելի է, բայց այլ միջոց չունեմ, բացի թոշակի օրերին թոշակառուներից գանձումներ կատարելը»,- ասում է հաշվապահը: Վերջինս հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հարկերի վճարումները կազմել են 20 %, բայց հուսով են, որ մինչեւ տարեվերջ 80-90 %-ով կապահովեն, եթե ապառքը չհաշվարկվի: Ծավի համայնքապետարանի հաշվապահը դրանք անհուսալի պարտքեր է համարում եւ կարծում է, որ պիտի սառեցվեն, կամ կառավարությունը դրանց վերաբերյալ որեւէ այլ որոշում կայացնի»: 1966 թ. հարեւան գյուղի` Շիշկերտի հայտնի երկրաշարժից հետո պետությունը Ծավում 75 փայտաշեն տնակ է կառուցել, որտեղ բնակվողներից մինչեւ այժմ ընդամենը 10 մարդ է հասցրել սեփականաշնորհման վկայականներ ստանալ, եւ դա դեռ այն ժամանակ, երբ կառավարության որոշմամբ բնակարանների սեփականաշնորհումն անվճար էր: Մյուսները շարունակում են, ինչպես իրենք են ասում, «օդից կախված մնալ», որովհետեւ նոտարական եւ կադաստրի ձեւակերպումների համար 100 հազար դրամից ավելի պիտի ծախսեն: Միաժամանակ մոտ կեսդարյա հնություն ունեցող փայտե տնակները վաղուց արդեն վթարային վիճակում են, եւ ո՛չ համայնքը միջոցներ ունի վերանորոգելու, ո՛չ էլ` բնակիչները: Սեփականաշնորհման վկայական ստանալու խնդիրն անհանգստացնում է նաեւ հողի շատ սեփականատերերի: 1991 թ. հողի սեփականաշնորհման ժամանակ տրված հողի ժամանակավոր օգտագործման վկայականներից ընդամենը մի քանիսն են փոխարինվել սեփականաշնորհման վկայականներով, որի պատճառով մարդիկ չեն կարողանում օտարել այն կամ ժառանգության ճանաչման գործընթաց իրականացնել: Արդյունքում, ըստ համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղարի, շատերը հրաժարվում են իրենց ծնողների անունով գրանցված հողակտորների համար վճարել: «Այս տարի ավելի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, որովհետեւ այգիները ցրտահարվել են, իսկ քանի որ նախորդ տարվանից մեծ քանակությամբ չիրացված կարտոֆիլ կա, մարդիկ խուսափում են նորից ցանել»,- կարծիք է հայտնում Հունան Գրիգորյանը: Անջրդի պայմանների, ինչպես նաեւ 20-30 կմ շառավղով հեռու գտնվելու պատճառով մշակվել է հողերի ընդամենը 20%-ը: Տարիներ առաջ Ծավում հպարտանում էին, որ իրենց գյուղում է ծնվել Հունան Ավետիսյանը: Հետագայում նրա անվան կողքին գրվեցին Արցախյան պատերազմի հերոսների, ինչպես նաեւ ռմբակոծության ժամանակ զոհված խաղաղ բնակիչների անունները: Ժամանակի սրբագրման արդյունքում գյուղի Հունան Ավետիսյանի անվան դպրոցը վերանվանվեց ազգային գոյամարտի մասնակից ազատամարտիկներից մեկի` Մարատ Մարգարյանի անունով, ով այդ դպրոցի ուսուցիչներից է եղել: Բայցեւայնպես, համայնքի բնակիչների համար շարունակում է անհասկանալի մնալ, որ Արցախյան պատերազմից հետո կառավարությունը որեւէ միջոց չհատկացրեց հրետակոծությունից տուժած ընտանիքներին, չի աջակցում իրենց խնդիրների լուծմանը, բայց հորդորում է, որ եկամուտ չապահովող հողի հարկը ժամանակին վճարեն: Ինչո՞վ: 04_05-usaid-eurasia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter