HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Հափշտակված է 35 հազար 464 մշակութային արժեք

Վերջին ժամանակներում շարժական մշակութային արժեքների վերաբերյալ աղմկահարույց հրապարակումներ չկան, ինչը ենթադրում է, որ ոլորտում ամեն ինչ օրենքի շրջանակում է: Բայց այն պատասխանները, որ «Հետքը» ստացել է մշակութային արժեքների հետ առնչվող համապատասխան մարմիններ հարցում կատարելուց հետո, մտոհոգիչ է: Նախորդ երկու համարներում անդրադարձել էինք այն փաստին, որ վերջին չորս տարիներին Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքները պակասել են ոչ թե մի քանի հատով, այլ տասնյակ հազարներով: Նմանատիպ խոշոր թվաքանակով մշակութային արժեքներ է հափշտակված նաեւ Ինտերպոլի տրամադրած տեղեկությունների համաձայն:

Պատկեր 1. Հափշտակված մշակութային արժեքների թիվը գերազանցում է որոշ թանգարանների նմուշների ընդհանուր թվաքանակը

Ինտերպոլի հայաստանյան գրասենյակը «Հետքի» գրությանը պատասխանել է, որ «ՀՀ կողմից հափշտակված մշակութային արժեքների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված մշակութային արժեքների ընդհանուր քանակն այսօրվա դրությամբ 34564 առարկա է, որից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի անմիջական մասնակցությամբ ՀՀ-ի կողմից դրվածները 43-ն են (41 նկար, 2 ձեռագիր ավետարան)»:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարված աշխատանքների շնորհիվ անցած ժամանակահատվածում հայտնաբերվել եւ օրինական տերերին է վերադարձվել միջազգային հետախուզման մեջ գտնվող 2 մշակութային արժեք' 1995 թ. Ազգային պատկերասրահից գողացված Այվազովսկու «Ծովը լուսնկա գիշերին» եւ 1998 թ. Ապարանում գողացված «Մեռելհարոց» ձեռագիր ավետարանը:

Եվ քանի որ Հայաստանում ամենաշատ մշակութային արժեքները ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող 50 թանգարաններում եւ պահոցներում են, փորձեցինք ճշտել, թե Ինտերպոլի' հետախուզում հայտարարած առարկաներից որքան է ՀՀ մշակույթի նախարարության չափաբաժինը:

Այս խոշոր թվաքանակի մեջ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող թանգարաններից եւ պահոցներից աշխատանքներ չկան, քանի որ վերջին 2-3 տարում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող 50 թանգարաններից եւ պահոցներից ոչ մի գողություն չի կատարվել:

Այս տեղեկատվությունը «Հետքին» է տրամադրել նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Նորա Դայանը: Ըստ նախարարության աշխատակցի' վերջին գողությունը եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի հայտնի գողությունը, որից առ այսօր տեղեկատվություն չկա:

Պատկեր 2. Վիճծառայությունը չի պարզաբանում

Թե ինչպես են Հայաստանում վերաբերվում շարժական մշակութային արժեքների պահպանությանը եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրմանը, «Հետքը» անդրադարձել է վերջին երկու համարներում' մասնավորապես անդրադառնալով ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ամփոփ տեղեկություններում առկա թանգարաններում պահվող 60 հազարից ավելի գեղանկարչական առարկաների թվի կրճատմանը:

Սա մի աբսուրդային իրողություն էր, որը պաշտոնական պարզաբանում էր պահանջում: Վիճծառայությունը վերջին տարվա համար այդ քանակի կրճատումը պատճառաբանեց Մանկական ստեղծագործության թանգարանի 64 հազար աշխատանքների փչացումով, ինչը թանգարանը ընդունեց, բայց ասաց, որ սա մի տարվա տվյալ չէ, այլ քառասուն տարիների հանրագումար:

Ստացվեց հետեւյալը' Մանկական ստեղծագործության թանգարանում 64 հազարից ավելի գեղանկարչական աշխատանք է փչացել, բայց թանգարանը դրանց մասին չի տեղեկացրել Վիճծառայությանը:

Այսինքն' տրամադրել է սխալ տեղեկատվություն, որը, ինչպես նշել ենք «Հետքի» նախորդ համարներում, վարչական եւ քրեական պատասխանատվություն է առաջացնում: Վիճծառայության տվյալների համեմատության մեջ քանակի մի խոշոր կրճատում էլ կար, որին Վիճծառայությունը դեռեւս չի արձագանքել:

Պատկեր 3. Անհեթեթ պատասխան

«Հետքի» թիվ 35 համարում տպագրված «Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքները պակասել են 64.359 հատով» հոդվածում ներկայացրել էինք, որ 1312 թանգարանային նմուշ էլ «անհետ» կորել է մշակույթի նախարարության հաշվետվությունների արանքում:

Մասնավորապես' խոսքն այն մասին էր, որ ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հաշվետվության մեջ նշված է, որ թանգարանային ֆոնդը 1.738.678 է, իսկ դրան նախորդող հաշվետվության մեջ նշված է, որ 2008 թ. թանգարանների հավաքածուներում ընդգրկված միավորների թիվը կազմել է 1.728.033: Ըստ 2009 թ. հաշվետվության' թանգարանների ֆոնդերը ավելացել են 9.333 թանգարանային ցուցանմուշով:

Համալրումը իրականացվել է հիմնականում նվիրատվությունների միջոցով: «Հետքի» հաշվարկի համաձայն' 1.738.678-1.728.033=10.645, իսկ նախարարությունը իր հաշվետվության մեջ 10.645-ի փոխարեն հայտարարել է, որ թանգարանային ֆոնդերն ավելացել են 9.333-ով' 1.312 թանգարանային նմուշի ճակատագիրը թողնելով օդից կախված:

Մշակույթի նախարարությունը տվել է հետեւյալ պարզաբանումը. «2008 թ. հաշվետվության մեջ ընդգրկված չի եղել «Ստեփանավանի ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հավաքածուն' 1339 միավոր, որը ընդգրկվել է 2009 թվականին:

Միեւնույն ժամանակ, ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. օգոստոսի 13-ի թիվ 482-Ա հրամանի համաձայն' Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հիմնական ֆոնդից 27 առարկաներ' նախկին ցուցադրության պահարանները, տեղափոխվել են թանգարանի հաշվեկշիռ' որպես գույք, այդքանով էլ պակասել է նախորդ տարվա հաշվետվությունից թանգարանային առարկաների քանակը. այսպես' 1728033+1339-27+9333= 1738678»:

Թե ինչո՞ւ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հավաքածուն 2008 թ. չի ընդգրկվել հաշվետվության մեջ, պարզ չէ: Տուն-թանգարանի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը երեկ մեզ հայտնեց, որ իրենք միշտ էլ իրենց հաշվետվություններն ուղարկել են մշակույթի նախարարություն:

Մշակութային ժառանգության վարչության տրամադրած թվաբանությունը կասկածելի է: Ինչո՞վ է պայմանավորված հավաքածուի ավելացումը նախարարության հաշվետվության համալրված աշխատանքների քանակի հետ չհաշվառելը:

Հատված Նորա Դայանի հետ հարցազրույցից

Հրազդանի մասնաճյուղից երբ նկարներ գողացվեցին, ոչ մեկը չիմացա՞վ` ինչ նկարներ են:

Գիտենք:

Բոլո՞րը:

Բոլորը:

Բայց բոլորի լուսանկարները չկան. ինչպե՞ս պետք է ճանաչեն ոստիկանները:

Բացի լուսանկարների լինել կամ չլինելուց, կան նաեւ դրանց գիտական անձնագրերը: Միայն լուսանկարով չէ, որ ոստիկանը փնտրում ու գտնում է:

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարաններից որքա՞ն թանգարանային առարկա է հետախուզման մեջ գտնվում Ինտերպոլում:

Այն ժամանակ մշակույթի նախարարության ենթակայության տակ էր Սարդարապատի թանգարանը, այնտեղից գողացված գորգերն են հիմա հետախուզվում Ինտերպոլի կողմից:

Այսինքն` այս պահին նախարարության ենթակայության ներքո գտնվող թանգարաններից որեւէ թանգարանային առարկա Ինտերպոլով հետախուզման մեջ չի գտնվո՞ւմ:

Ինտերպոլը ոստիկանության ներքին կառույցներից մեկն է: Երբ մենք ոստիկանություն հայտնում ենք, ինքն է տալիս Ինտերպոլին' այդ առարկան դնի՞ շրջանառության մեջ, թե՞ չդնի: Ինչո՞ւ Հրազդանի իրերը չեն գտվում Ինտերպոլում' հարցրեք իրենց:

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ մի առարկա չի հետախուզվո՞ւմ Ինտերպոլի կողմից:

Չկա: Չունենք: Մենք Ինտերպոլի ցուցակները ստանում ենք, չկա, բացի Սարդարապատից' ոչինչ չկա այնտեղ: Դրանով մեր ոստիկանությունը պիտի զբաղվի ու մտցնի Ինտերպոլի ցանկի մեջ:

Հրազդանից բացի, ուրիշ գողություններ կատարվե՞լ են թանգարաններում:

Ուրիշ գողությունների համար ինչ որ անհրաժեշտ է, արվում է:

Իսկ ի՞նչ գողություններ են կատարվել:

Գողություններ չեն կատարվել, հիմա չկան:

Ո՞ր թվականներին չեն կատարվել:

Վերջին 2-3 տարում:

Միակը Հրազդանի դե՞պքն է:

Այո:

Փաստորեն, նախարարության թանգարաններում ամեն ինչ նորմալ է, ոչ մի գործ հետախուզման մեջ չի, ոչ մի գողություն չի կատարվել:

Այո, գո՞հ եք, թե՞ դժգոհ:

Իհարկե, ուրախալի լուր եք հաղորդում:

Դե, մեր բոլորի աչքը լույս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter