HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կապրիելյանի գործունեության դրվագներից մեկը

Սփյուռքահայ գործարարն ու ՀՀ պատգամավորը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը Հրաչ Կապրիելյանի նախկին գործընկերներից է, «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը: 7 տարի է՝ երբեմնի ընկերների հարաբերությունները սրվել են, անցել դատական ատյաններով, հասել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:


Անցյալ տարվա նոյեմբերին «Հրաչ Ներսես Կապրիելյանի կողմից խաբեությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կապրիելյանը մինչ օրս Հայաստան չի վերադարձել, իսկ նրա ներկայիս գործընկերը՝ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Ավետիսյանը, վստահեցնում է, որ նա «Հայաստան չգալու խնդիր չունի, եւ հարուցված քրեական գործը, միանշանակ, անհիմն է»:

 Ավետիսյանի գնահատմամբ՝ Կապրիելյանը «մոհիկաններից վերջինն է, որ Հայաստանում ներդրում է անում»: Մինչդեռ մեր զրուցակիցները՝ սփյուռքահայ գործարարի արդեն նախկին գործընկերները (առայժմ կներկայացնենք նրանցից մեկի տեսակետը), միանգամայն այլ կարծիքի են: Օրինակ՝ Արագած Ախոյանը Կապրիելյանին բնորոշում է իբրեւ «սփյուռքահայ Օստապ Բենդեր»:

«Հանրապետությունում առաջին մարդը, որ ասաց՝ սա (Հրաչ Կապրիելյանը) սրիկա է, Ռուբեն Հայրապետյանն էր: Հիմա նրա ասածների տակ ստորագրողների մի մեծ բանակ կա, եւ առաջիններից մեկը ես եմ»,- ասում է պատգամավոր Ախոյանը եւ նշում, որ իրականությանը չեն համապատասխանում Ավետիսյանի այն պնդումները, թե Կապրիելյանը միայն «Իտարկո Քոնստրաքշն»-ում ավելի քան 1 մլրդ դրամի ներդրում է արել: «Կապրիելյանը հսկայական գումարներ չի ներդրել: Ներգրավված ֆինանսական միջոցները տրված էին փոխառություններով եւ վարկերի տեսքով: «Արցախբանկից» (բաժնետոմսերի ավելի քան 40%-ը Կապրիելյանինն է) վարկ ենք ստացել եւ վերադարձրել»,- ասում է պատգամավորը:

Ախոյանը 2002-ից «Իտարկո Քոնսթրաքշնի» տնօրենն էր, բաժնետոմսերի 20%-ի սեփականատերը: Սակայն 2004-ի ամռանը նա իր մասնաբաժինը նվիրատվության պայմանագրով տվել է Հրաչ Կապրիելյանին եւ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել:

«Շատ ակնհայտ է, որ մեծ ընկերությունում 20% բաժնեմասը ոչ ոք սիրուն աչքերի համար ուրիշին չի նվիրում: Ուրեմն ինչ-որ խնդիր եղել է, բայց ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, իսկ ենթադրություններ չեմ ուզում անել»,- ասում է Արմեն Ավետիսյանը եւ հավելում, որ հիշյալ 2 տարվա ընթացքում Արագած Ախոյանը, «ըստ երեւույթին, չի դիմացել գայթակղությանը եւ Կապրիելյանին կողոպտել է» ավելի քան կես մլն դոլարի չափով:

«Կան փաստաթղթեր, որ մենք չունենք, քանի որ Արագած Ախոյանը չի հանձնել իր ժամանակվա փաստաթղթերը, հաշվապահությունը: Իր հետ տարել է, որ ոչ մի բան չերեւա, եւ չկա ոչ ընդունման, ոչ հանձնման ակտ»,- շեշտում է Ավետիսյանը:

«Լավ, բա եթե հաշվապահական փաստաթղթերը չկան, ո՞նց է Արմեն Ավետիսյանը հայտարարում, թե ես 500 հազար դոլար կողոպտել եմ: Ինչի՞ց իմացավ, մանավանդ՝ այն ժամանակ ինքը չկար»,- հարցնում է Ախոյանը եւ ցույց տալիս տարբեր փաստաթղթեր, օրինակ՝ 2004-ի հունիսով թվագրված «Դրամական միջոցների եւ փաստաթղթերի ընդունման-հանձնման ակտը»՝ ստորագրված «Իտարկոյի» գլխավոր հաշվապահի կողմից: Կամ «Գրանթ Թորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի տրամադրած տեղեկանքը, ըստ որի՝ 2003-2004 թթ. իրականացրել են «Իտարկոյի» ֆինանսական հաշվետվությունների աուդիտ: «Այսինքն, եթե իմ տարիներին ինչ-որ բան այն չլիներ, աուդիտը կպարզեր, ու իրենք դրա մասին շատ վաղուց կիմանային»,- շեշտում է Ախոյանը:

Պատգամավորի ներկայացրած մյուս փաստաթուղթը Արտաշես Կակոյանի 2004 թ. օգոստոսի նամակն է՝ ուղղված «Իտարկոյի» մյուս երկու բաժնետերերին՝ օտարերկրյա քաղաքացիներ Վարդան Սիրմաքեսին եւ Հրաչ Կապրիելյանին: Կակոյանի գրասենյակը իրավաբանական ծառայություններ է մատուցել «Իտարկոյին», եւ նամակագիրը հայտնել է տնտեսագետների մասնակցությամբ իր անցկացրած արբիտրաժի արդյունքները:

«…Մեր վճիռը հետեւյալն է. գողության վերաբերյալ բացարձակ ոչ մի փաստ չի հաստատվել: Մենք այն կարծիքին ենք, որ գողության մասին հայտարարությունը մեծապես հիմնված է եղել ոչ թե իրական փաստերի, այլ զգացմունքների, ինչպես նաեւ գողության փաստերի վերաբերյալ կատարված հապճեպ որոշումների վրա, որը հանգեցրել է հին թիմի մարդկանց անտեղի մեղադրմանը»,- Կապրիելյանին գրել է Կակոյանը եւ նշել, որ եթե բաժնետերը, այս դեպքում՝ Ախոյանը, «մտադրվել է դուրս գալ գործից, իրավունք ունի ստանալ իր հասանելիք բաժինը»:

«Ես իմ 20% բաժնեմասը հենց այնպես չեմ նվիրել Կապրիելյանին, ուղղակի շանտաժի պատճառով եմ տվել: Թաքցնելու բան չունեմ. պարզ ասում եմ»,- նշում է պատգամավոր Ախոյանը: Նա ասում է, որ այս ամբողջ պատմությունը հետեւանքն է այն բանի, որ ինքը չի համաձայնվել «Իտարկոն» օգտագործել Կապրիելյանի մյուս ընկերությունների կողմից պետության հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումն ուռճացված ներկայացնելու նպատակով. «Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել՝ սկսած Սեւակի 9 հասցեում կառուցվող շենքից, ավարտած Ձորաղբյուրի տխրահռչակ մարզաբազայով: Ես հայտարարում եմ՝ այստեղ 4,5 մլն դոլար չի ներդրվել, ինչպես իրենք են ասում: Բայց դա արդեն վերահսկողության խնդիրն է. թող գնան, ստուգեն եւ համոզվեն»:

Արագած Ախոյանը վստահեցնում է, որ մինչ դատարան եւ տարբեր ատյաններ դիմելը Կապրիելյանին բազմիցս առաջարկել է դեմ առ դեմ հանդիպել, առկա խնդիրները մասնագետների ներկայությամբ պարզաբանել. «Բայց նա մինչ օրս՝ արդեն 7 տարի, խուսափում է ինձ հետ հանդիպել, որովհետեւ վախենում է աչքերիս նայել»:

7 տարի առաջ, կամ քրեական գործի հիմքերը

2003 թ. դեկտեմբերին «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն առքուվաճառքի պայմանագրով 204 մլն 100 հազար դրամով ձեռք է բերել «Շինտրաստ» ՓԲԸ-ն, որի բաժնետերերը 50-ական տոկոս մասնաբաժնով եղել են Արագած Ախոյանի հարազատ եղբայրը՝ Ստեփան Ախոյանը, եւ վերջինիս կինը՝ Նունե Սահակյանը:

«Չնայած նրան, որ պայմանագրում նշված է՝ գումարն ամբողջությամբ տրվել է, Արագած Ախոյանը պնդում է, որ գումարի կեսը՝ 110 մլն դրամն է փոխանցել եղբորը: Հիմա հարց. լինելով «Իտարկոյի» տնօրենը եւ ունենալով ողջ լիազորությունները՝ ո՞վ էր Ձեզ խանգարում, պարոն Արագած Ախոյան, որ գումարի մյուս մասն էլ փոխանցեիք, մանավանդ, որ դրանից 1 տարի հետո եք դուրս եկել եւ այդ ընթացքում մեծ շենք եք վաճառել: Երկրորդ՝ եթե ընդունենք, որ, իրոք, գումարի կեսը չեք տվել Ձեր եղբորը, բա ինչո՞ւ այն չձեւակերպեցիք որպես կրեդիտորական պարտք, որպեսզի երեւա, որ այդքան գումար դեռ պետք է փոխանցվի «Շինտրաստի» համար: Եվ երրորդ՝ այդ գումարի կեսը՝ 102 մլն դրամը, այդքան փո՞քր թիվ է, որ միայն 3 տարի հետո հիշեցիք դրա մասին ու դիմեցիք դատարան՝ վերադարձնելու պահանջով: Այն էլ՝ հետո հայցը հետ վերցրիք, այսինքն՝ նվիրատվությո՞ւն արեցիք»,- հարցնում է Արմեն Ավետիսյանը:

Այն, որ պայմանագրում նշված է, թե գումարն ամբողջությամբ վճարված է, պատգամավորը պայմանավորում է նրանով, որ գործընկերոջը չվստահել պարզապես չէր կարող եւ այն ժամանակ նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ կարող է հայտնվել նման իրավիճակում: Ախոյանը շեշտում է, որ նախ՝ գործարքից ոչ թե 1, այլ կես տարի հետո է աշխատանքից ազատվել, երկրորդ՝ գումարի չվճարված մասը որպես պարտք չի ձեւակերպել, քանի որ Կապրիելյանին ու նրա խոսքին հավատացել է, եւ փողի կեսն այդպես էլ եղբորը չի փոխանցել, քանի որ գումար իրականում չի եղել:

«Այդ շենքի վաճառված բնակարանների գումարներն էլ իրենք են հավաքել՝ իմ դուրս գալուց հետո»,- պարզաբանում է ԲՀԿ-ական պատգամավորը: Ինչ վերաբերում է նրան, որ գումարի կեսը վերադարձնելու պահանջով դատարան է դիմել տարիներ անց, Ախոյանը կրկին բերում է նույն փաստարկը. մինչ այդ անընդհատ փորձել է Կապրիելյանի հետ ունեցած խնդիրները կարգավորել բանակցությունների, կլոր սեղանի շուրջ եւ դատարան է մտել միայն այն բանից հետո, երբ բոլոր միջոցները համարել է սպառված:

«Իսկ հայցը մենք հետ չենք վերցրել. Արմեն Ավետիսյանը ստում է: Մինչեւ վերջ գնացել ենք. սկզբում հաղթեցինք, հետո Վճռաբեկում խայտառակ պարտվեցինք: Դատարանը միայն հաշվի առավ այն, որ պայմանագրում նշված է, թե գումարն ամբողջությամբ, կանխիկ վճարվել է,- ասում է պատգամավոր Ախոյանը,- բայց այդպիսի բան չկա: Այն ժամանակ 20 հազար դրամանոց էլ չկար, եւ 204 մլն դրամը 80-100 կգ էր՝ երկու պայուսակ: Առողջ տղամարդն այն չի կարող միայնակ գետնից վերցնել, հետո՝ ոչ բանկից են նման գումար հանել, ոչ էլ: Բա այդ ո՞ր թաքստոցից են այն վերցրել»:

Այն բանից հետո, երբ դատարանը հիմնավորված է համարել, որ «Շինտրաստի» բաժնետերերին առքուվաճառքի պայմանագրով նախատեսված ողջ գումարը տրվել է, Հրաչ Կապրիելյանը դիմել է առաջին ատյանի դատարան եւ պահանջել, որպեսզի վերադարձվի «Շինտրաստի» գործարքով Ստեփան Ախոյանին փոխանցված 110 մլն դրամը (գումարած տույժ-տուգանքը՝ մոտ 50 մլն դրամ)՝ համարելով, որ Արագած Ախոյանն այն նույն գործարքի համար կրկնակի հատկացրել է եղբորը: Կապրիելյանը դիմել է նաեւ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել ընկերությանը խոշոր չափի վնաս հասցնելու համար:

Այս ընթացքում Արագած Ախոյանի կինը՝ Նարինե Նալբանդյանը, պատճառաբանելով, որ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ն իր եւ ամուսնու համատեղ սեփականությունն էր, եւ վերջինս իրավունք չուներ առանց իր համաձայնության նվիրել որեւէ մեկին, դատարանով այն վերադարձնում է: Շուտով վերջինիս պահանջով ընկերությունում իրականացվում է աուդիտ, որի հաշվետվությունների եւ եզրակացության հիման վրա Նալբանդյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Թունյանը, դարձյալ դիմում է գլխավոր դատախազություն:

Որոշ ժամանակ անց հարուցվում է քրեական գործ հետեւյալ հիմնավորմամբ. «Հրաչ Կապրիելյանը «Շինտրաստ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի ստորագրման ընթացքում Նունե Սահակյանին եւ Ստեփան Ախոյանին խոստանալով հաջորդ օրը վճարել բաժնետոմսերի ամբողջ գումարը՝ խաբեությամբ համոզել է ստորագրել առքուվաճառքի պայմանագիրը, սակայն հաջորդ օրը վճարել է բաժնետոմսերի միայն 50%-ի արժեքը, իսկ մնացածը՝ 102 մլն 50 հազար դրամ, առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի նկատմամբ խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք»:

Արմեն Ավետիսյանի բնորոշմամբ՝ այս քրեական գործն ուղղակի անհեթեթություն է, քանզի Հրաչ Կապրիելյանը, նույնիսկ եթե ուզենար, խարդախություն անել չէր կարող:

«Կապրիելյանն ընդհանրապես չի մասնակցել գույքի ձեռքբերմանը, չի եղել լիազորված անձ, միայն եղել է «Իտարկոյի» 35%-ի սեփականատերը: Ուրեմն ինչպե՞ս կարելի է մարդուն մեղադրել խարդախությամբ գույքի ձեռքբերման մեջ, երբ նա անգամ դե յուրե դա անել չէր կարող»,- զարմանում է «Իտարկոյի» փոխտնօրենը:

«Կապրիելյանը ընկերության խոշոր բաժնետերն է, ամբողջ գումարը՝ 204 մլն դրամ, ինքը պետք է տար, իսկ որ դրա կեսը չի տրվել, արդեն ապացուցված է: Բա էլ ո՞վ է այս ամենի պատասխանատուն,- հակադարձում է Արագած Ախոյանը,- Կապրիելյանն ասում է, որ այդ գումարը կանխիկ տվել է իրենց ներկայացուցչին՝ Արմեն Շելեֆյանին, այն դեպքում, երբ Շելեֆյանի կողմից պայմանագրի ստորագրման պահին Կապրիելյանն այստեղ չէր, իսկ երբ եկավ, արդեն Շելեֆյանն էր գնացել»:

Պատգամավորը տարակուսում է նաեւ, որ այն ժամանակահատվածում, երբ Հրաչ Կապրիելյանը Հայաստանում չի լինում, միեւնույն է՝ նրա ստորագրությամբ տարբեր գործընթացներում փաստաթղթեր են շրջանառվում: Փաստաբան Կարեն Թունյանն էլ մանրամասնում է. «Հրաչ Կապրիելյանի ստորագրության դրոշմակնիքը Բուրակ Կիրկորյանի մոտ է, եւ ասում են, թե նա ունի լիազորագիր այն ցանկացած փաստաթղթի տակ դնելու: Արդյոք դա նշանակո՞ւմ է Կապրիելյանի անունից հանդես գալու լիազորություն՝ որեւէ պարզաբանում չի տրվում: Երբ պահանջում ենք համապատասխան լիազորագիրը, պատճառաբանում են, թե այն գտնվում է բանկում»:

Թունյանի խոսքերով՝ դրոշմակնիք դնելն ամենեւին չի նշանակում անձի կողմից կատարված գործողություն, եւ դրա առկայությամբ Կապրիելյանը ապագայում պատասխանատվությունից խուսափելու ռեալ հնարավորություն է ստանում: Վաղը նա կարող է հայտարարել, որ հիշյալ փաստաթղթերից առհասարակ տեղյակ չէ:

Սփյուռքահայ Կապրիելյանը դիմել է նախագահ Սարգսյանին՝ խնդրելով անձամբ վերահսկել այս հարցը: Բարձրաստիճան ղեկավարներին նամակ է գրել նաեւ պատգամավոր Ախոյանը՝ հուսալով «վերականգնել արդարությունը, ինչն էլ իր հերթին վերջ կդնի մեր պետությունում բարեգործության քողի տակ փողեր լվանալու արատավոր երեւույթին եւ լավ նախադեպ ու զգուշացում կհանդիսանա կեղծ բարերարների հետ հարաբերություններում»:

«Ցավալին այն է, որ մենք փաստերը գրում ենք դատախազություն, բայց նրանք Կապրիելյանին ուզում են մեղավոր տեսնել, իսկ Արագած Ախոյանին` անմեղ: Ձեզ ոչ մի բան չի՞ ասում, որ Արագած Ախոյանն այսօր գլխավոր դատախազության շենքում վերանորոգում է իրականացնում,- հարցնում է Արմեն Ավետիսյանը,- մեր սեփականատերը` Հրաչ Կապրիելյանը, մի օր հանդիպել է Աղվան Հովսեփյանին, եւ նա ասել է` դե, Արագածը մեր ընկերն է, եկեք բարիշեք իրար հետ, ի՞նչ եք ուզում: Այսպիսի խոսակցություն: Այսինքն` ինչ-որ ընկերական կապեր կան…»:

«Չգիտեմ՝ ինչքանո՞վ է բարոյական բարձրաձայնել ու մանրամասներ հայտնել մի խոսակցությունից, որին ներկա չես եղել»,- ասում է գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը եւ ընդգծում, որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Նա խորհուրդ է տալիս իբրեւ «պարզունակ շանտաժի ձեւ՝ չշահարկել պետական պաշտոնյայի անունը էժանագին դիվիդենտներ շահելու համար»:

Տոնոյանը նաեւ վստահեցնում է, որ Արագած Ախոյանի ղեկավարած շինարարական ընկերությունը գլխավոր դատախազության շենքում վերանորոգման աշխատանքներ ոչ իրականացնում է, ոչ էլ երբեւէ իրականացրել է: Նա կողմերին առաջարկում է տարբեր հայտարարություններ անելու փոխարեն ուղղակի սպասել նախաքննության ավարտին, երբ «ի հայտ կգան գործի բոլոր հանգամանքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter