HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի դատավորը լրագրողին արգելեց ներկա լինել դռնբաց դատական նիստին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում օգոստոսի 17-ին քննության էր նշանակված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի վարկառու Տիգրանուհի Գյուլխասյանի եւ նրա 10 վստահորդների դեմ գումարի բռնագանձման պահանջ ներկայացրած բանկի հայցի կապակցությամբ: 

Վերիշեն գյուղի բնակչուհին դատական նիստին ներկայացել էր ուշացումով. Տիգրանուհու խոսքով ինքը եւ ամուսինը ուշացումով են ներկայացել, քանի որ տեղեկացված չեն եղել, որ դատարանը նորակառույց շենք է տեղափոխվել: 

Նա դեռեւս չէր հավատում, որ դատարանն արդեն իր դեմ վճիռ է կայացրել. հօգուտ բանկի իրենից պետք է բռնագանձեն 40.909 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որից 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես վարկի գումար, իսկ 2909 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` որպես տոկոսագումար, տույժ եւ տուգանք: 

Մեզ նույնպես զարմացրեց նույն օրը «datalex.am» կայքէջում տեղադրված վճիռը, քանի որ սույն գործով նշանակված երրորդ դատական նիստը, մեր տպավորությամբ, վճիռը հրապարակելու համար չէր նախատեսված: Հակառակ դեպքում անհասկանալի էր հայցվորի ներկայացուցիչ Վահրամ Սահակյանի միջնորդությունը դատարանին. «Քանի որ բանկի համար վարկային ամբողջ փաթեթը համարվում է գաղտնիք, նկատի ունենալով այս հանգամանքը, խնդրում եմ, որ նիստը դռնփակ լինի»: 

Առավել անհասկանալի էր դատավոր Մուրադ Հովակիմյանի հրահանգը լրագրողիս` «հաշվի առնելով, որ հայցվոր կողմը միջնորդել է սույն քաղաքացիական գործը քննել դռնփակ դատական նիստում, խնդրում եմ Ձեզ դատարանի դահլիճից դուրս գալ»: 

Բանկային գաղտիքի մասին ակնարկող բանկի ներկայացուցիչն իր միջնորդությունն օրենքի որեւէ հոդվածով չհիմնավորեց, բայց առավել զարմանալին դատավորի մոտեցումն էր: Նա ներկայացված միջնորդությունը քննարկելու համար հարկ չհամարեց ոչ խորհրդակցական սենյակ մտնել, ոչ էլ անգամ տեղում որոշում կայացնել դատական նիստն իրենից ու հայցվորի ներկայացուցչից բացի դահլիճում ներկա գտնվող միակ անձի` լրագրողիս համար դռնփակ հայտարարելու մասին: Միայն հրահանգեց ինձ ազատել դահլիճը: Նույն օրը «datalex.am» կայքէջում տեղադրվեց դատարանի կայացրած վճիռը, որում նշված էր. « …Դռնբաց դատական նիստում 2011թ. օգոստոսի 17-ին քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրկոլ բանկ»-ի ընդդեմ… »: 

Օրենքով սահմանված կարգի համաձայն՝ դռնփակ քննված գործով կայացված դատական ակտը հրապարակվում է դռնբաց դատական նիստում: Պարզապես զարմացած ենք, որ լրագրողի ներկայությունը դատարանի դահլիճում կարող էր նման իրարանցում առաջացնել: 

Տիգրանուհին դատարանին հայտնել էր, որ երկարաժամկետ գյուղատնտեսական վարկը վերցրել են 2010թ. հուլիսի 13-ին եւ որպես վարկի վերադարձելիության ապահովման միջոց՝ գրավադրել են երաշխավոր 10 անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասեր, շարժական եւ անշարժ գույք: Թեպետ ինքը չի առարկում բանկի ներկայացրած հայցապահանջի դեմ, սակայն անարդարացի է համարում, որ հաշվի չի առնվում վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունը չկատարելու պատճառը` այդ գումարով խոզեր են գնել, իսկ հետո ժանտախտ հիվանդության պատճառով անասունները սատկել են` պատճառելով նյութական մեծ վնաս: Անասունների կորստի պատճառով վարկի գումարի մարումը հետաձգելու նպատակով վարկառուն դիմել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Գիշյանին, սակայն որեւէ պատասխան չի ստացել: Արդյունքում ոչ միայն իրենք են կանգնած սեփական ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, այլեւ 10 երաշխավորները: 

Այն, որ վերոնշյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում արդար դատաքննության սկզբունքները լիարժեք կպաշտպանվեին, եթե պատասխանող կողմը հնարավորություն ունենար գործում փաստաբան ընդգրկելու, միանշանակ է, սակայն զարմանալի է, որ 2011թ. օգոստոսի 17-ին կայացած նիստում, որի ընթացքում էլ կայացվել է վճիռը, խախտվեց նաեւ դատավարության հրապարակայնության ապահովման սկզբունքը: 

Արդեն որերորդ անգամ ականատես եմ լինում, թե ինչպես է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Մուրադ Հովակիմյանը դատական նիստը սկսում առանց դատարանի կազմը հրապարակելու եւ կազմի դեմ բացարկի հարցը քննարկելու: Այնուհետեւ, առանց կողմերին տեղեկացնելու իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, գրեթե արագացված դատավարություն է իրականացնում: Թերեւս դա է պատճառը, որ ըստ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգի՝ դատական նիստերը սովորաբար նշանակվում են միմյանցից 30 րոպեից մինչեւ 1 ժամ ընդմիջումներով: 

Հետաքրքրականն այն է, որ անցած չորս ամիսներին, մասնակցելով դատավոր Հովակիմյանի վարույթում քննվող մեկ տասնյակից ավելի դատական նիստերի, այդպես էլ հնարավորություն չունեցա երկու կողմերի մասնակցությամբ կես ժամից ավելի տեւող դատավարության ականատես լինել: 

Ինչ վերաբերում է պատասխանողների պատշաճ  ծանուցմանը, նշեմ, որ թեպետ սույն գործով մյուս պատասխանողների մասին դատարանում հայտարարվեց, թե բոլորը ծանուցվել են, այնուամենայնիվ, նրանցից Սեւակ Ղահրամանյանի կինը նշեց, որ իրենց ընտանիքից 3-ը, ովքեր պատասխանողներ են ճանաչված, դատական նիստի մասին չեն տեղեկացվել: 

Այն, որ մի կողմից հասարակությունը, հանձինս դատարանի, չի տեսնում արդար դատավարության երաշխավորի, ակնհայտ է: Մյուս կողմից, մասնավորապես ժամկետանց վարկառուների համար, «բանկն իր գումարները վերադարձնելու հնարավորություն ստանում է նախ` դատարանների, ապա նաեւ հարկադիր կատարման ծառայության «աջակցությամբ»: 

Տիգրանուհի Գյուլխասյանի կարծիքով՝ վճռի բողոքարկման համար սահմանված մեկամսյա ժամկետով իրենց հնարավորություն է ընձեռվում ոչ թե վերադաս դատական ատյաններում պաշտպանել իրենց շահերը, այլ` դրանով երկարացվում է վարկի վճարման վերջնաժամկետը: Եվ հենց այդ պատճառով Տիգրանուհին իր դժգոհությունն է հայտնում՝ ասելով, թե «մեկ ամսվա փոխարեն գոնե մեկ տարի պիտի սահմանեին, որ կարողանայինք մաս-մաս վճարել»: 

2011թ. 1-ին կիսամյակում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնում ՀՀ բանկերի օգտին հարուցված 101 կատարողական վարույթի արդյունքում հօգուտ բանկերի Սյունիքի մարզի բնակիչներից բռնագանձվել է 56,4 մլն դրամ, որից՝ 21,6 մլն դրամը հօգուտ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի: 

Ի դեպ, 2011թ. 1-ին կիսամյակի ընթացքում, ըստ ԴԱՀԿ-ից տրմադրված տեղեկատվության, ծառայության Սյունիքի մարզային բաժնում ՀՀ բանկերի օգտին հարուցված վարույթները 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 63 %-ով, ինչը, ըստ երեւույթին, ոչ թե բնակչության վճարունակության բարձրացման ցուցանիշի, այլ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար 5 տոկոս հավելյալ գումար վճարելու պարտադրանքից խուսափելու արդյունք է: 

Այս շղթայի ամենաթույլ օղակը, թերեւս, շարունակում են մնալ վարկերի մեջ խճճված անպաշտպան պատասխանողները, որոնցից մեկը հումորով նկատեց, թե վարկ ստանալով՝ իրենք փղի ձագ են որդեգրում, պահում են տանը, մեծացնում, բայց տնից հանելու համար ստիպված են լինում տան պատերը քանդել, որովհետեւ էդ փղի կողքին իրենք մրջյունի ուժ էլ չունեն:

Մեկնաբանություններ (4)

Անանուն
Եթե հարցնեք ցանկացած դատավորի, նա Ձեզ կհվաստիացնի որ բանկը իրավունք ունի պահանջել որպեսզի դատավարությունը ընթանա փակ դռների ներքո, և Ձեզ` լրագնողներիդ համար հասանելի լինի միայն դատական վճիռը, որը իդեպ կարող եք կարդալ նաև համացանցում
ՀԱՅ
Անաչառ աշխատողներն էլ են երբեմն հայտնվում կեղարար լրագրողների ժանիքում
Սուսաննա
Արդյոք խոսքը խոսքը պարտքով վերցրած փողը հետ չտալու մասին է: Ցավում եմ, որ հոդվածը չեք հասկացել:
Անանուն
հարգելի Սուսաննա Շահնազարյան եթե դուք ինչ որ մեկի պարտքով գումար տաիք, որ նա աշխատեր ու ետ վերադարձներ Ձեզ Ձեր իսկ գումարը, (որը դուք էլ եք պարտքով մեկ ուրիշից վերցրել), իսկ վերադարձնելու ժամանակ ետ չտար գումարը, ինչ կանեիք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter