HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանք զրկված են լիարժեք մանկությունից եւ կրթության հնարավորությունից

01_06-child-11Յոթամյա կույր աղջնակը նստած էր հնամաշ մահճակալին, որը նաեւ որպես բազմոց էր ծառայում, եւ ձեռքի մեջ շուռումուռ էր տալիս ունեցած միակ խաղալիքը` պահածոյի դատարկ տուփը: Նրան եւ երեք կրտսեր քույրերին խնամում է տասնմեկ տարեկան Աննան: Ծնողները` Վահրամ եւ Սվետա Գրիգորյանները, մինչեւ ուշ երեկո աշխատում են Գորիսի մասնավոր մի ֆերմայում: Նրանց հետ է նաեւ տասներեքամյա եղբայրը` Վահեն:

Թեպետ տղան բարձր առաջադիմություն ուներ, բայց թողել է դպրոցը, որովհետեւ պիտի օգնի ծնողներին, նաեւ` քույրերի մասին հոգա, երբ Սվետան եւ Աննան գիշերօթիկում են: Ձմռանը Վահեն է ամբողջ օրը ռետինի կտորներ, խանութներից դատարկ արկղեր հայթայթում` տունը տաքացնելու համար: Տուն ասվածը 25 քառ. մ տարածք եւ առանց կենցաղային տարրական պայմանների տնակ է, որտեղ ապրում են ութ հոգով: Ձմռանը վառարանը մի կերպ տեղավորում են մահճակալին փոխարինող թախտի տեղում, քանի որ երկու երեխաները գիշերօթիկում են մնում, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին Վահեն մնում է ֆերմայում, որովհետեւ քնելու տեղ չկա: Խարխուլ տնակին հակառակ` աչք է շոյում խնամքով մշակված տնամերձ բանջարանոցը: «Աննայի ձեռքի շնորհքն է,-տեղեկացնում է հարեւանուհին, միայն տեսնեք, թե ինչպես է փոքրիկ ձեռքերով քաղհան կատարում»: Ամբողջ օրը ծանրաբեռնված աշխատում են Լարիսա եւ Աննա քույրերը: Նրանց միակ օգնողը մուտքի մոտ կապած գամփռն է, որը հսկում է ամենափոքրերին, երբ ավագ աղջիկները ջուր են բերում մի քանի հարյուր մետր հեռու գտնվող բազմաբնակարան շենքերից: Թեպետ բոլորն էլ ջրաչափ ունեն տեղադրված ջրի ծորակների վրա, միեւնույն է, չեն մերժում ծանր պայմաններում ապրող երեխաներին: Ու արդեն ավելորդ են դառնում նրանց դպրոցական կյանքի մասին իմ պատրաստած հարցերը: Առանց այն էլ պարզ է, թե ինչ պայմաններում են ապրում եւ որ կարող են թողնել ուսումը, մանավանդ, որ խոսակցություններ են պտտվում, թե Գորիս քաղաքի տեսողական խնդիրներ եւ ծնողական խնամքից զրկված, սոցիալապես անապահով երեխաների գիշերօթիկ դպրոցը, որտեղ նրանք են սովորում, եկող ուսումնական տարվանից կդառնա խնամքի կենտրոն` հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար: Դպրոցի տնօրեն Վալերիկ Շալունցը հաստատում է տարածված լուրերը եւ նշում, որ այսօր դպրոցում սովորող 240 աշակերտներից 130-ը սոցիալական խնդիրներ ունեն եւ դեռեւս տեղյակ չէ, թե վերակազմավորումից հետո ինչ ուղղություն է ունենալու դպրոցը: Նրա կարծիքով` Գորիս քաղաքում դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը փոքր է, ինչը չի կարելի ասել գյուղական համայնքների մասին, որտեղ հատկապես անասնապահության ոլորտում գյուղաբնակ տղա երեխաների աշխատուժը մեծ պահանջարկ ունի: Երեխաների աշխատուժն օգտագործվում է նաեւ քաղաքում: Տասնչորս տարեկան Գեւորգ Հարությունյանը մի քանի տարի է աշխատում է. սկզբում` մանրահատակի, այժմ` հացաթխման արտադրամասում: Քույրը` Իսկուհին, դպրոց է գնում ընդմիջումներով, քանի որ պատահում է, որ միակ հագուստը չի հասցնում չորանալ: Գորիս քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցի ութերորդ դասարան այս տարի նա հաճախում էր առանց դասագրքերի, որովհետեւ ինը երեխա ունեցող ընտանիքը չի կարողանում վճարել դասագրքերի համար պահանջվող վարձը: Դպրոցական բազմաթիվ պարագաներ, մասնավորապես տարբեր առարկաների համար դպրոցում վաճառվող աշխատանքային տետրեր գնելու հնարավորություն չունենալու պատճառով հաճախ է բացակայում նաեւ նրա կրտսեր եղբայրը` Գոռը: Ի տարբերություն Իսկուհու, տասներեքամյա Սոնա Զեյնալյանն ապահովված է գրքերով, բայց ուսումնական տարվա ընթացքում 270 ժամ բացակայություն է ունեցել: Դասղեկ Արմինե Սերգեյանը մի քանի անգամ այցելել է Սոնայի ծնողներին, փորձել պարզել պատճառը: Մոր` Արմինե Հովակիմյանի մեկնաբանությամբ` աղջիկը խուսափում է դասընկերների ծաղրուծանակից, որի պատճառն իրենց ընտանիքի ծանր պայմաններն են: Դասղեկի կարծիքով` Սոնայի մայրն աշխատում է 150 կմ հեռու` Մեղրիում, եւ շաբաթներով տանը չի լինում, ուստի իրենից կրտսեր երեխաների հոգսը մնում է աղջնակի ուսերին: Ծանրաբեռնվածությա՞ն, թե սոցիալական պայմանների պատճառով վերջերս աղջիկը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, սրտի անբավարար սնուցում ախտորոշելուց հետո բժիշկները նրա համար անկողնային ռեժիմ են սահմանել: Եվ թեպետ Սոնան դպրոց չէր հաճախում այդ ընթացքում, այնուամենայնիվ, ստիպված էր խնամել եղբորն ու քրոջը: Իզուր եմ փորձում Սոնային զրույցի մեջ գրավել: Չի պատասխանում եւ ոչ մի հարցի. լուռ նայում է մոր կողմը, ասես վախենում է ավելորդ բառ ասել: Սյունիքի մարզի կրթության աշխատողների Գորիսի տարածաշրջանի արհեստակցական միության նախագահ Արարատ Լալաբակյանը հերքում է, թե մարզում կան երեխաներ, ովքեր սոցիալական խնդիրների պատճառով կրթություն չեն ստանում: Ըստ նրա` մարզի տարբեր տարածաշրջաններում բավարար հնարավորություններ կան, որտեղ սովորում են սոցիալական խնդիրներ ունեցող երեխաները: Նա, մասնավորապես, նկատի ունի Կապանի Խնամքից դուրս գտնվող, սոցիալապես անապահով երեխաների կենտրոնը, Գորիսի Սոցիալապես անապահով եւ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների գիշերօթիկը, ինչպես նաեւ Սիսիանի Մտավոր հետամնաց կարողություններով աշակերտների կրթօջախը, որտեղ սովորում են ոչ միայն Սիսիան քաղաքի, այլեւ գյուղական տարբեր համայնքների երեխաներ: Թե որքանո՞վ են նշված հաստատություններում բավարար պայմաններ ապահովված դպրոցականների համար, այլ քննարկման խնդիր է: Փաստն այն է, որ քիչ չեն այն երեխաները, ովքեր տարբեր պատճառներով գիտելիքներ չեն ստանում, զրկված են լիարժեք մանկություն ապրելու իրավունքից, որքան էլ որ պետական այրերը դա հերքեն: Պաշտոնյաները, հնարավոր է, համոզված են, թե կրթության ոլորտում հասարակության տարբեր խմբերի համար հավասար պայմաններն ապահովված են ու նույնիսկ ժամանակն է կրթության եվրոպական չափանիշերին անցնելու: Փաստացի օրինակներն այլ պատկեր են ստեղծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter