HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կալանավորվել է ամերիկահայ գործարարին սպանողներից մեկը. ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է

«Ես պաշտոնապես հայտարարում եմ` սպանությունը Նազարեթ Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել»,- «Հետք»-ին ասաց Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանն ապրիլի 25-ի երեկոյան իր բնակարանից դուրս էր եկել, եւ դրանից հետո նրա մասին որեւէ լուր չկար:

«Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանի «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Բերբերյանի անհետացման փաստով մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն», իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին: Հեղեղատարի մեջ փոս փորելով` հանցագործները դիակը ծածկել էին քարերով եւ հողով: Ն. Բերբերյանի դին դեռեւս Երեւանում է: Նրա ծանոթներից երկուսը, դիակի ինքնության հավաստիությունը կասկածի տակ դնելով, ԴՆԹ հավելյալ փորձաքննության համար դիմել են Միացյալ Նահանգների օգնությանը: «Այն, որ նրանք դիմել են ԱՄՆ-ին ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով, իհարկե, տուժողի իրավահաջորդի ցանկությունը եւ իրավունքն է: Բայց դիակի պարզման խնդիր չկա, այսինքն` դա միանշանակ Բերբերյանի դին է, որը հաստատվել է տարբեր փորձաքննություններով: Հետո՝ մենք դիակը հայտնաբերել ենք սպանությունը բացահայտելիս. հանցագործն է մատնանշել դրա տեղը»,- ասում է Աշոտ Կարապետյանը: Հանցագործություն կատարողը մատնանշել է դիակի թաղման վայրը, որտեղ կատարվել է արտաշիրիմում: Կողքին հայտնաբերվել են իրեղեն ապացույցները (Բերբերյանի տան սրբիչը): Աշոտ Կարապետյանը, «Հետքի» հարցերին պատասխանելով, նշել է. «Սա շահադիտական դրդումներով նախօրոք պլանավորված սպանություն էր: Բերբերյանի մտերիմներից մեկն է հանցագործությունը պլանավորել` դեռ սպանությունից մոտ 15 օր առաջ: Նա մանրամասն պլանավորել է, թե ոնց պետք է սպանությունն իրականացնի, ինչպես պետք է դիակը դուրս բերի շքամուտքից, որ մեքենայով տեղափոխի, ուր տանի եւ հետո ինչ գործողություններ կատարի, որպեսզի հերքի իր իսկ այլուրեքությունը: Սպանությունը կատարել է խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով, այնուհետեւ հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել է այն վայրը, որտեղ հայտնաբերել ենք դին: Դրանից հետո ավտոմեքենան տարել է օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր, որովհետեւ այն եղել է լիովին սարքին վիճակում, չթալանված, գործի է դրված եղել նույնիսկ անվտանգության ձայնաազդանշային համակարգը: Տանից գումար եւ ոսկյա իրեր հափշտակելուց բացի, հանցագործը վերցրել է նաեւ Բերբերյանի ճանապարհորդական ճամպրուկը, հագուստը՝ բաճկոնը, վերնաշապիկը, անդրավարտիքը, «Նոութբուք» տեսակի աշխատանքային համակարգիչը, իբր թե Բերբերյանը դուրս է եկել Հայաստանից, ու ինքն էլ ասում էր` ես գիտեմ, ոնց որ Բերբերյանն ունի նաեւ այլ անձնագիր: Այսինքն` դրանով իսկ նա կարողանում էր ինչ-որ տեղ իրավապահներին ապակողմնորոշել, որը, իհարկե, շատ կարճ տեւեց` 3-4 օր, որովհետեւ Բերբերյանի կորելուց 3-4 օր հետո արդեն քրեական գործ ենք հարուցել «Սպանություն» հոդվածի հատկանիշներով»: Նազարեթ Բերբերյանի սպանության համար ոստիկանությունը կալանավորել է նրա ընկերոջը՝ 1974 թ. ծնված Պետրոս Թեմիրյանին: Վերջինս ոչ մի տեղ չէր աշխատում:

Հինգ տարի առաջ նա դատապարտվել էր անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն իրականացնելու համար: Բերբերյանի անհետացման մասին ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է տրվել ապրիլի 28-ին: Հաղորդում տվողի հետ եղել է նաեւ հանցագործը` Պետրոս Թեմիրյանը, որը զուգահեռ ուղղորդել է հաղորդում տվողին, թե` կարիք չկա անհանգստանալու, ես Բերբերյանի հետ խոսել եմ շաբաթ օրը (անհետացման օրը), ինքն ասաց, որ «հյուրեր ունի, իրանցով եմ զբաղված, վերջացնեմ հյուրերիս հետ կապված աշխատանքային զրույցը, կկապվեմ ձեզ հետ, բայց չկապվեց: Դե, հիմա մարդ ա, կարող ա գնացել ա Լոռու մարզ կամ մեկ այլ վայր, որովհետեւ ինքը սեր ուներ աղջիկների հետ ժամանակ անցկացնելու...»,- Կենտրոնի ոստիկանապետի փոխանցմամբ` ասել է հանցագործը: Պետրոս Թեմիրյանը միաժամանակ Բերբերյանի ընկերական շրջապատում լուրեր է տարածել, թե իբր նա Բելգիայում ունի առանձնատներ եւ չի բացառվում, որ մեկնել է հենց Բելգիա:

«Սա էլ էր մտածված քայլ, ուղիղ չէր ասում ոստիկանությանը, որպեսզի իրեն ավելորդ հարցեր չտրվեին,- ասում է Ա. Կարապետյանը: - Մինչեւ Պետրոս Թեմիրյանին ձերբակալելն արդեն գիտեինք, որ հանցագործությունը կատարել է Բերբերյանի մտերիմը, եւ վերջինիս շրջապատում աշխատանքներ իրականացնելիս հասկացանք, որ, ամենայն հավանականությամբ, դա հենց Պետրոսն է արել»: Կարապետյանի խոսքերով` հանցագործը մեծ դժվարությամբ է պատմել հանցագործության բուն մեխանիզմը, քանի որ «ավելի շատ մտահոգված էր ոչ թե նրանով, որ կարող է դատապարտվել առանձնապես ծանր հոդվածով, անգամ ցմահ ազատազրկման, այլ նրա մոտ ավելի շատ խոսում էր ամաչկոտությունը, որ ես այս ինչ կեղտոտ քայլ եմ արել»: «Սպանությունը ուղիղ կապված է եղել բնակարանում առկա թանկարժեք իրերին եւ գումարին տիրանալու հետ: Ես պաշտոնապես հայտարարում եմ` սպանությունը Բերբերյանի բիզնեսի հետ կապ չի ունեցել: Գողոնի ընդհանուր չափը համարժեք է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին»,- «Հետքին» ասել է Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Դժվար է պատկերացնել, որ Պետրոս Թեմիրյանը հանցագործությունը կատարել է միայնակ: Մ

եզ հաջողվել է պարզել նաեւ, որ Նազարեթ Բերբերյանի անհետանալուց հետո օգտագործվել են նրա կրեդիտ քարտերը:

Հանցագործը կամ հանցագործները առեւտուր են արել «ՍԱՍ» եւ եւս մի քանի այլ խանութներում: Խանութներից մեկում Թեմիրյանը ծախսել է խոշոր գումարներ, իսկ այնուհետեւ փորձել են գնած ապրանքներն ավելի էժան գնով իրացնել: Նա, ըստ երեւույթին, այդպես փորձել է ձեռք բերել կանխիկ գումար:

Նազարեթ Բերբերյանի ԱՄՆ-ում ապրող քույրը` Նուրիցան, այնքան էլ չի հավատում, որ եղբորը սպանել են կողոպտելու համար: Մեր հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց. «Դու հետեւիր, թե ով ինչ կանի հյուրանոցը ձեռք բերելու համար, կապերն էլ կտանեն այնտեղ»: Հիշեցնենք, որ Նազարեթ Բերբերյանը Երեւանի կենտրոնում կառուցում էր հյուրանոց: Մասնագետները դրա արժեքը գնահատում են 20 մլն դոլար: Ն. Բերբերյանը տարածքի հետ կապված խնդիրներ ուներ: Տարածքը, որի վրա կառուցվում է հյուրանոցը, դեռեւս ամբողջությամբ նրանը չէր:

Ամերիկահայ գործարարի ընկերությունն այդ տարածքի միայն 50 տոկոսի մասով էր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter