HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքները պակասել են 64.359 հատով

Վերջին չորս տարում ՀՀ թանգարաններում պահվող գեղանկարչական աշխատանքները զգալիորեն պակասել են: Ազգային վիճակագրական ծառայության 2009 թ. թանգարաների գործունեության վիճակագրական տեղեկատվության համաձայն' մեկ տարվա ընթացքում ՀՀ թանգարաններում գեղանկարչական աշխատանքների թիվը նվազել է 64.359 հատով, իսկ գծանկարներինը' 1.439 հատով:

Այս վիճակագրությունը հրապարակվել է 2010 թ. ապրիլի 10-ին: Անցել է գրեթե կես տարի, սակայն պաշտոնատար անձանցից ոչ մեկը ոչ հայտարարել է, որ հրապարակված տեղեկատվությունը սխալ է, ոչ էլ պաշտոնական պարզաբանում է տվել, թե մեկ տարվա ընթացքում թանկարժեք այսքան աշխատանքներ ինչպես են պակասել:

Գեղանկարչական աշխատանքների թվաքանակը պակասել է նաեւ վերջին 4 տարիներին, այսպես' ՀՀ թանգարաններում 2005 թ. առկա է եղել 178.7 հազար գեղանկարչական աշխատանք, 2006-ին' 191.4 հազար, 2007-ին' 110.6 հազար, 2008-ին' 108.379, իսկ 2009-ին' 44.020:

Ինչո՞ւ են պակասել թանգարանների գեղանկարչական աշխատանքները, եթե նշված տարիներին թանգարանների թվաքանակը մնացել է նույնը (միայն 2009-ին է, որ 96-ի փոխարեն նշվում է 95 գործող թանգարան):

Թանգարանները հաշվետվություններ են ներկայացնում «Պետական վիճակագրության մասին» գործող օրենքի, «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» եւ «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» հաստատված կարգերի համաձայն:

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2002թ. օգոստոսի 19-ի թիվ 184-Ն որոշմամբ հաստատված «Ձեւ N 1- թանգարան- տարեկան» ձեւաթղթում նշված է, որ պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում եւ աղավաղումներ ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն' ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի համաձայն' պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաեւ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն' օրենքով սահմանված կարգով:

Իսկ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին կետի համաձայն' պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով' կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է տուգանքով, ուղղիչ աշխատանքներով' 1-ից 2 տարի ժամկետով, կամ կալանքով' 1-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը 2 տարի ժամկետով, ընդ որում, եթե նույն արարքը կատարվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից' պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը 5 տարի ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը 3 տարի ժամկետով:

Թանգարանների գործունեության մասին պետական վիճակագրական հաշվետվությունը մինչեւ փետրվարի 15-ը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին, որն էլ ամփոփ հաշվետվությունը մինչեւ փետրվարի 25-ը ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն: Վերջինն էլ իր հերթին ամփոփ հաշվետվությունը ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայություն մինչեւ մարտի 1-ը:

«Թանգարանների գործունեության մասին» Ձեւ Ն1-թանգարան պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգում մանրամասն սահմանված է լրացման կարգը:

Վիճակագրական ծառայությունը, օրենքի համաձայն, թանգարանների գործունեության վիճակագրական տեղեկությունները հրապարակում է 6 բաժնով' թանգարանի ֆոնդեր (բաժին 1), ցուցադրական աշխատանք (բաժին 2), զանգվածային աշխատանքներ (բաժին 3), թանգարանային շենքեր եւ շինություններ (բաժին 4), թանգարանի աշխատողների թվաքանակ (բաժին 5), ֆինանսական միջոցների ստացում եւ օգտագործում (բաժին 6):

Թանգարանի ֆոնդերը բաժնում ներկայացվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված աշխատանքների ընդհանուր քանակը (սյունակ 1, տող 101), այդ թվում' տող 102-110-ում ներկայացվում են թանգարանային առարկաների տեսակները (գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, նումիզմատիկայի (դրամագիտական) առարկաներ, հնագիտական առարկաներ, կենցաղի եւ ազգագրական առարկաներ, լուսանկարներ, փաստաթղթեր եւ այլ առարկաներ), ընդ որում թանգարանային առարկան հաշվառվում է այդ տեսակներից միայն մեկում:

Թանգարանի ֆոնդերի բաժնում սյունակներով ներկայացվում են նաեւ հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը, տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակը, հիմնական ֆոնդի' գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն' ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների, վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը եւ հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը թանգարանների գործունեության վիճակագրությունը վերջին անգամ հրապարակել է 2010 թ. ապրիլի 30-ին «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվար-մարտին» վերտառությամբ հրապարակման «5.21. Թանգարանային գործունեությունը 2009 թվականին» բաժնում: 2009, 2008 եւ 2007 թվականների հաշվետվությունները եւս հրապարակվել են հաջորդ տարվա ապրիլի 30-ին, իսկ 2006 թվականինը' ապրիլի 28-ին:

2005 թվականի հաշվետվությունը հրապարակել է 2005 թ. նոյեմբերի 18-ին «ՀՀ սոցիալական վիճակը 2004 թվականին» հրապարակման մեջ, նույն ձեւով նաեւ 2004 եւ 2003 թվականներին (համապատասխանաբար' 2003 եւ 2002 թվականներինը):

«ՀՀ սոցիալական վիճակը 2002 թվականին» հրապարակման մեջ թանգարանային գործունեության մասին վիճակագրություն է հրապարակել նաեւ հավելված 17-ով' 1998-2002 թթ. կտրվածքով:

Ազգային վիճակագրական ծառայության կայքէջում 2001 թվականի թանգարանային գործունեության բաժինը հնարավոր չեղավ ուսումնասիրել, քանի որ կցված PDF ֆայլը չէր բացվում, սակայն 2000 թվականի վիճակագրությունից տեղեկանում ենք, որ տարվա վիճակագրությունը պատրաստվել է համաձայն ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոնի ամփոփ տվյալների:

1.312 թանգարանային նմուշ էլ անհետ կորել է Մշակույթի նախարարության հաշվետվությունների արանքում

ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հաշվետվության մեջ նշված է, որ թանգարանային ֆոնդը 1.738.678 է, իսկ դրան նախորդող հաշվետվության մեջ նշված է, որ 2008 թ. թանգարանների հավաքածուները համալրվել են 7.543 թանգարանային առարկայով, եւ հավաքածուներում ընդգրկված միավորների թիվը կազմել է 1.728.033:

Ըստ 2009 թ. հաշվետվության' թանգարանների ֆոնդերը ավելացել են 9.333 թանգարանային ցուցանմուշով (2008 թ. համեմատությամբ ավելի է 1.790 միավորով): Համալրումը իրականացվել է հիմնականում նվիրատվությունների միջոցով:

«Հետքի» հաշվարկի համաձայն' 1.738.678-1.728.033=10.645, այսպիսով նախարարությունը իր հաշվետվության մեջ խաբել է' 10.645-ի փոխարեն հայտարարելով, որ թանգարանային ֆոնդերը ավելացել են 9.333-ով' 1.312 թանգարանային նմուշի ճակատագիրը թողնելով օդից կախված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter