HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակայնությունը հասել է Աղիտու

Սիսիանի տարածաշրջանի Աղիտու գյուղի մասին շատերը գիտեն համայնքի տարածքում գտնվող զինվորական հիվանդանոցով: Համայնքի ղեկավար Հրաչիկ Խաչատրյանը եւս կարեւորում է «հոսպիտալի» դերը իրենց գյուղի համար` ասելով, որ այն ոչ միայն աշխատատեղեր է ապահովում (գյուղից 20 մարդ այստեղ է աշխատում), այլեւ հիվանդանոցի կառուցումից հետո անհամեմատ աշխուժացել է երթեւեկությունը, այնտեղ բուժօգնություն են ստանում նաեւ տեղի բնակիչները:

Միակ խնդիրը, որ մատնանշում է համայնքապետը, կապված է գյուղի տարածքում գտնվող հիվանդանոցի 2 հա եւ զինավարժարանի 150 հա տարածքի հողի հարկի փոխհատուցման հետ: «Համայնքի բյուջեի եկամտային մասում հողի հարկը կազմում է 610 հազար դրամ: Մի քանի անգամ դիմել եմ հանրապետական իշխանություններին: Հանրապետության նախագահի հետ էլ եմ հանդիպել: Առաջարկել եմ հիվանդանոցի տարածքի համար ակնկալվող հողի հարկի չափով ավելի դոտացիա տրամադրել գյուղին, բայց դեռ արձագանք չունեմ: Որպես պատասխան` ինձ հանդիմանում են, թե ես դեմ եմ Ազգային բանակին: Երկու որդիներս մասնակցել են Արցախյան պատերազմին, պաշտպանել հայրենի հողը, բայց որպես համայնքի ղեկավար` պարտավոր եմ հանրային շահը պաշտպանել, որպեսզի աղիտուեցի Ազգային բանակի վաղվա զինվորը բարեկեցիկ կյանքով ապրի»,- ասում է համայնքի ղեկավարը: 29_06-akhituՀրաչիկ Խաչատրյանը նաեւ նշում է, որ համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովման միակ ճանապարհը մարդկանց հետ աշխատելն է, յուրաքանչյուրին ըստ իր հնարավորությունների գնահատելը: «Մարդիկ կան, ովքեր հողը չեն մշակում, նրանց համոզել եմ, իրենց հողատարածքները վարձակալությամբ տվել են Սիսիան քաղաքի մի քանի բնակիչների, վերջիններս մշակում են, հարկն էլ վճարում, դեռ մի բան էլ տալիս են հողի սեփականատիրոջը»: Հ. Խաչատրյանի խոսքով` հողի հարկի վճարման տարբեր սակագներ են գործում համայնքաբնակների եւ այլ համայնքների բնակիչների համար: Սա եւս նպաստում է, որ տեղացիները շահագրգռված լինեն հողերը մշակել, որպեսզի նաեւ իրենց սոցիալական վիճակը բարելավվի: Համայնքապետի` կարծիքով հողի հարկի ապառքների լուծման միակ ճանապարհը դատարանն է, սակայն դրա համար ե՛ւ կադաստրին, ե՛ւ դատարանին պիտի վճարես: «Այս դեպքում չգիտեմ` օգո՞ւտը մեծ կլինի, թե` վնասը»,- ասում է համայնքի ղեկավարը: Այնուամենայնիվ, նա որոշել է հողի հարկի ապառքի համար 3 հոգու դատարան կանչել, որովհետեւ հողի հարկի նրանց պարտքն ավելին է, քան Աղիտուին տրվող մեկ տարվա դոտացիան: Խոսելով համայնքի ավագանու մասին` համայնքապետը նշում է, որ թեպետ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են կազմակերպվում, այնուամենայնիվ, իրեն դուր չի գալիս, որ բոլորը միաձայն են քվեարկում, այլ առաջարկություններ չեն լինում: Դրա պատճառն, ըստ համայնքապետի, կապված է ոչ թե նրանց իմացության, այլ այն հանգամանքի հետ, որ ավագանու աշխատանքը հասարակական է, թեպետ ինքն առաջարկել է համայնքի ավագանու անդամներին` աջակցել բյուջեի եկամտային մասի հավաքագրման աշխատանքներին` փոխհատուցում վճարելու պայմանով: Այն, որ Աղիտու համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը հաջող է իրականացվում, ըստ տեղացիների` պայմանավորված է նաեւ նրանով, որ անցած տարի ՀՀ կառավարությունը «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում 503 հեկտարի համար 17 մլն 30 հազար դրամ սուբսիդիա է տվել հողօգտագործողներին: Գյուղում նաեւ ափսոսանք են հայտնում, որ այս տարի Աղիտուն չի ընդգրկվել պետական աջակցության այդ ծրագրով ընտրված համայնքների ցանկում: Համայնքապետի կարծիքով` համայնքային խնդիրները լուծելու համար հույսը չպետք է ո՛չ բյուջեի պետական դոտացիայի, ո՛չ էլ սեփական եկամուտների վրա դնել. «Ամսվա մեջ մի քանի անգամ մարզկենտրոն եմ գնում, մի քանի անգամ էլ` մայրաքաղաք, միջազգային կառույցների «շնչին նստում»: Դրա շնորհիվ է, որ կարողացել ենք համայնքում մի շարք խնդիրներ լուծել` ջրատար կառուցել, նորոգում ենք մշակույթի տունը, բարեկարգվել է համայնքային իշխանության նստավայրը»: Գյուղում նաեւ դպրոց է կառուցվել, որտեղ 54 աշակերտ է սովորում: Դպրոցի տնօրեն Սուրեն Բլբուլյանը պատմում է, որ տարիներ առաջ համայնքապետը բազմիցս դիմել է Կրթության նախարարությանը, որպեսզի դպրոցը միջնակարգ դարձնեն, սակայն սկսվել են կրթական բարեփոխումները, եւ արդյունքում այժմ գյուղի 21 աշակերտ միջնակարգ կրթությունը ստանում է Սիսիան քաղաքում: Դպրոցի նկատմամբ համայնքային իշխանության ուշադրությունը բարձր են գնահատում ծնողները: Ամեն տարի շրջանավարտներից մեկին, ով ավելի կարիքավոր է, եթե բուհի վճարովի համակարգ է ընդունվում, առաջին ուսումնական տարվա ուսման վարձը համայնքապետարանն է վճարում: Արդեն 5 ուսանողի ուսման վարձ է տրվել: Համայնքն աջակցում է դպրոցի աշակերտներին. արդեն չորրորդ տարին է` դասագրքերի վարձակալության գումարը համայնքն է վճարում: Համայնքապետի նախաձեռնությամբ գյուղում արհեստագործական դպրոց է բացվել, որտեղ դպրոցի բարձր դասարանցիները զբաղվում են բրուտագործությամբ: Հրաչիկ Խաչատրյանն ափսոսանքով է նշում, որ գյուղի գրադարանում հայերեն գրքեր չկան, բայց եթե հիմա գրադարանավարի հաստիքը կրճատի` կասեն գրադարանը փակեց: 29_06-akhitu-1«Ինձ համար համայնքի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն առաջնային խնդիր է: Եթե ասում եմ, որ համայնքի բյուջեով հնարավոր չէ լայնածավալ աշխատանքներ իրականացնել, դա չի նշանակում, որ ոչ մի խնդիր չենք լուծում: Համայնքի սուղ բյուջեի պայմաններում մանկապարտեզ ենք բացել: Այս գործում մեզ աջակցել է նաեւ «Վորլդ Վիժն» Հայաստանի Սիսիանի տարածքային գրասենյակը, առայժմ 11 երեխա է հաճախում, սակայն ցանկացողներ շատ կան, հավանաբար, այլ տարածք պիտի տեղափոխենք այսօրվա մանկապարտեզը»,- ասում է համայնքապետը: Վերջինիս խոսքով` շուտով կսկսվի Աղիտուի գազաֆիկացումը, եւ դրանով համայնքի առաջնային խնդիրները հիմնականում կլուծվեն: գյուղում մարդիկ պատմում են նաեւ սեյսմիկ վտանգ ունեցող բնակելի տների մասին` ասելով, որ գյուղը երիզող ժայռերից հաճախ քարաբեկորներ են թափվում գյուղի վրա, եւ սեփական տներում մարդիկ վախով են ապրում: Համայնքների խոշորացման, համայնքային միավորումներ ստեղծելու ՀՀ կառավարության ծրագրերի մասին նաեւ Աղիտու գյուղում են լսել: Գյուղացիների կարծիքով` դա լավագույն տարբերակը չէ: 1972 թ. մինչեւ 1992 թ. Աղիտուն եւ 3 կմ հեռավորության վրա գտնվող Նորավան գյուղերը մեկ իշխանություն ունեին, որի նստավայրը Աղիտուն էր (նախկինում գյուղը կոչվում էր Աղուդի): Հողի սեփականաշնորհումից հետո, ժամանակի իշխանությունների թեթեւ ձեռքով, գյուղերն առանձնացվեցին. «Լեռնաշեն գյուղի կնիքի մի օրինակը տվեցին այն ժամանակ Հայոց համազգային շարժման մասնակից մի երիտասարդի, եւ ձեւավորվեց Աղիտուի տնտեսությունը»,- պատմում է դպրոցի տնօրեն Ս. Բլբուլյանը: Դրանից հետո Ադրբեջանից գաղթած 150-ից ավելի ընտանիք տեղավորվեց գյուղում: Ժամանակի հետ նրանց մեծ մասը հեռացավ գյուղից, սակայն տարեցտարի, ըստ համայնքապետի, փախստականները հարմարվեցին: Աղիտուն այն եզակի համայնքներից է, որտեղ համայնքապետարանի շենքի պատից կախված ցուցատախտակին տեղ են գտել ավագանու վերջին նիստի որոշումները, համայնքի նպաստառուների, ակումբ-գրադարանի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքներին մասնակցող «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրում ընդգրկված քաղաքացիների ցուցակները: «Չգիտեի էլ, որ օրենքն է պարտադրում դրանք հրապարակել, ուղղակի չեմ սիրում թաքուն գործել, ամեն ինչի մասին, եթե հնարավոր է, տեղեկություններ ենք կախում գրասենյակի պատին, ով ուզում է, թող կարդա, թե չէ` հաճախ նաեւ չգիտեն էլ, թե էս իշխանությունը որեւէ գործով զբաղվու՞մ է, թե` չէ»,- ասում է համայնքի ղեկավար Հրաչիկ Խաչատրյանը: Նա պատմեց, որ երբ անցած տարի հողի համար սուբսիդիաներ տրվեցին, գյուղացիներից մեկի անունը կրկնակի էր տպվել, եւ ցուցակները փակցնելու շնորհիվ թյուրիմացությունը կանխվեց, 240 հազար դրամ վերադարձվեց պետությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter