HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Մանկական ստեղծագործության թանգարանում 64.000 թանգարանային առարկա է փչացել

Նախորդ հոդվածում տպագրվել էր «Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքները պակասել են 64.359 հատով» վերնագրված մի հոդված, որում ներկայացվում էր, թե ինչպես է տարեցտարի պակասում ՀՀ թանգարաններում պահվող գեղանկարչական աշխատանքների թվաքանակը:

«Հետքն» այս տարօրինակ տեղեկատվությունը քաղել էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից:

Երեկ Վիճակագրական ծառայությունից այս հրապարակման վերաբերյալ ստացանք պաշտոնական պարզաբանում, որի համաձայն' վիճծառայության 2009 թ. հաշվետվության մեջ գեղանկարչական աշխատանքների թվի նվազումը մոտ 64.000 հատով կապված է «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ:

Պաշտոնական պարզաբանում է տալիս վիճծառայությունը

Վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց. «Խնդիրը հետեւյալն է. նրանք ժամանակ առ ժամանակ իրականացնում են իրենց մոտ եղած բոլոր գեղանկարչական նկարների վերագնահատում: Իրենք ինձ արդեն գրավոր ներկայացրել են, որ իրենց մոտ անցկացրել են եղած նկարների պասպորտիզացիա, որի արդյունքում դրանք համարել են ցածրարժեք եւ դուրսգրման ենթակա նկարներ, եւ իրենք դրանք ֆոնդից հանել են: Իրենք հիմնավորել են, որ դրանք ցածրարժեք նկարներ էին, արժեք չէին: Դրանք մանկական նկարներ էին, դրանք գծանկարներ էին, որ կուտակվել էին տարիների արդյունքում, եւ իրենք դուրս են գրել այդ ամբողջը»:

Յուրի Պողոսյանը ասաց, որ իրավունք չունի մեզ տրամադրել Գեղագիտության ազգային կենտրոնի գրություն-նամակը, որը ուղարկել էր կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, սակայն ավելացրեց. «Ես կարդում եմ նամակը: Գեղագիտական ազգային կենտրոն ՓԲ ընկերության ֆոնդերի կազմում գեղանկարչական առարկաների քանակի կրճատումը այսքանով (թիվը չկարդաց – խմբ.) հետեւյալն է. մանկական նկարների հավաքագրումը իրականացվել է տասնյակ տարիների ընթացքում, որոնք հաշվեկշռային արժեք չեն, այդ իսկ պատճառով իրենք հանել են: Ստեղծված օրվանից կուտակված նկարները խոնավացել են, ժամկետանց լինելով' պահպանման ենթակա չեն, այդ իսկ պատճառով հաշվառումից հանվել են»:

Մանկական պատկերասրահից դեպի թանգարան

Գեղագիտության ազգային կենտրոնը, որը ենթարկվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, իր ենթակայության ներքո ունի Մանկական ստեղծագործության թանգարան:

Այս թանգարանը ստեղծել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը 1968 թ.-ին. այն համարվում է աշխարհում առաջին մանկական ստեղծագործության թանգարանը:

Գեղագիտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, արտասահմանյան կապի գծով եւ մանկական թանգարանի համադրող Արմենուհի Հարությունյան-Իգիթյանը պատմում է, որ մինչեւ 80-ականները իրենց թանգարանը եղել է Մանկական պատկերասրահ, որտեղ նկարները ցուցադրվում էին, որից հետո էլ լավագույնները ընտրվում էին ու պահվում մշտական ցուցադրությունում:

Երկար տարիներ է, որ Մանկական պատկերասրահը վերածվել է թանգարանի. այն այսօր բաղկացած է հայկական եւ միջազգային բաժիններից, ինչպես նաեւ ցուցասրահից: Թե որտեղ է ավարտվում պատկերասրահի պատմությունը ու սկսվում թանգարանինը, այնքան էլ հստակ չէ:

Թանգարանում այսօր պահվում է 8000-ից ավելի աշխատանք, ավելի ստույգ` 8797 հատ, որից մշտական ցուցադրությունում է ընդամենը 883 աշխատանք:

Հարությունյան-Իգիթյանի խոսքերով' այս թիվը անփոփոխ է մնացել 2000 թ. ի վեր: Ստորեւ բերվում է Արմենուհի Հարությունյան-Իգիթյանի հետ զրույցից մի հատված:

Ըստ թանգարանի համադրողի` 2000 թ. ի վեր կորուստ չկա

Մշտական էքսպոզիցիայում շա՞տ գործեր կան:

Մեր հիմնական ֆոնդերը 8000-ից ավելի են (ավելի ստույգ' 8797 հատ – խմբ), մշտական ցուցադրությունում' 883, ժամանակավոր ցուցադրությունում' 50-80:

Սա ո՞ր տարվա հաշվառումն է:

Այս տարվանը:

Անցած տարիների համեմատ ֆոնդերն ավելացե՞լ են:

Չէ, ընդհակառակը, անցած տարիներին մենք ավելի շատ ունեինք. 90-ականների այն տարիներին, երբ չջեռուցվեց մեր թանգարանը, շատ նկարներ փչացան' խոնավությանը չդիմանալով:

Քանի՞սը այդպես փչացան:

Թվով ասել չեմ կարող, ահագին փչացան:

Իսկ 2000 թ. ի վեր գործերը պակասե՞լ են:

Չէ, չէ, ո՞ւր պակասեն: Վերանորոգում եղավ «Լինսի» հիմնադրամի հատկացրած գումարներով: 2002-ից սկսած' մենք ուզում ենք, որ ավելանան, ո՞ւր պակասեն:

Հստակ չէ՞, թե որքան է փչացել:

Տարել էին մեր ստուդիաները, եւ ասացին, որ այդ նկարները մաշվել էին: Մենք չունենք, հո ամեն նկարը, ամեն թուղթը...

Բայց եթե թանգարան է, հաշվառվել է, չէ՞:

Այն ժամանակ մենք հարյուր հազարից ավելի նկարներ ունեինք, բայց մենք ուղարկեցինք մեր մասնաճյուղեր, մենք ուղարկեցինք ցուցադրության, մենք ուղարկեցինք նվիրատվության, տարբեր երկրներ մրցույթների, որտեղից ետ չեն վերադառնում ընդհանրապես (հավանաբար համադրողը նկատի ունի Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքները – խմբ.):

Վերջին տարիներին ձեր աշխատանքների նվիրատվություններ էլի արե՞լ եք:

Մենք շատ նվիրատվություն չենք անում, միայն քաղցկեղով հիվանդ երեխաներին երբեմն...

Այսինքն' թիվը փոխվո՞ւմ է:

Ավելանում է, որովհետեւ մեր ստուդիաներում աշխատանքն ընթանում է, նկարները պահպանվում են:

Նախորդ տարիներին այս նույն թի՞վն է եղել:

2000 թ.-ից սա է' 8790, 8800 մի խոսքով: Լինում է, որ եթե բարեգործական նպատակներով որեւէ ակցիա է տեղի ունենում, 1-2 նկար ուղարկում ենք:
Բայց թանգարանից նկար դուրս գալը հեշտ պրոցես չէ: Դա գրանցվում է, հո հենց այնպես չես վերցնում այդ թանգարանի նկարն ու տալիս: Երեխայի նկարչությունը այն արժեքը չունի, երեխայի նկարները մենք չենք վաճառում, որ տանենք մի տեղ, դնենք վաճառենք:

Բայց նկարները գնում են մրցույթի ու հետ չե՞ն գալիս:

Դե, այդպես է, իրենք նման պայման են դնում: Բայց դա թանգարանից դուրս չի գալիս. ստուդիաներից է գնում: Ո՞վ կթողնի, որ թանգարանից գնա: Մեր երեխաները ստուդիաներում նկարչություն են սովորում. այնտեղից է գնում: Եթե մրցույթ է հայտարարվում, ամեն երեխա իրավունք ունի իր գործն ուղարկել: Դա թանգարանի ֆոնդերի հետ կապ չունի: Հետո, եթե մենք ցուցադրության էլ ենք տանում, էլի ստուդիաներից ենք տանում, մենք հո ֆոնդերից չե՞նք վերցնում, որ տանենք ցուցադրության:

Իսկ երբ ֆոնդերից գնում է, հե՞տ է գալիս:

Անպայման, մենք ֆոնդերից ոչ մի բան որեւէ տեղ չենք տալիս: Ֆոնդերը որեւէ ձեւով այս կողմ, այն կողմ չեն գնում. ո՞վ կթողնի, բացառվում է դա: Մենք եթե ուղարկում ենք որեւէ տեղ ցուցահանդեսի, մեր ստուդիաների միջոցով ենք ուղարկում: Ստուդիաներն այս մրցույթին մասնակցում են, իրենց գործերը ուղարկում են:

Ըստ Իգիթյանի' գործերի կորուստը չի վերաբերում 2009 թ.-ին

Գեղանկարչական հավաքածուի աշխատանքների թվաքանակի կրճատման վերաբերյալ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պարզեցինք, որ վերջին տարվա ընթացքում ընդամենը մի քանի գործ է փչացել:

Այն հարցադրմանը, թե մեր ունեցած տեղեկության համաձայն' թանգարանի ֆոնդից 64.000 գործ է պակասել վերջին տարվա հաշվետվության մեջ, Լեւոն Իգիթյանը պատասխանեց, որ 64.000-ից ավելի գործի կորուստը վերաբերում է ոչ թե 2009 թ.-ին, այլ կենտրոնի գոյության 40 տարվան:

«Հնարավոր է, որ իրենք վերջին մի քանի տարի կատարեն այդ հաշվառումը, բայց հաշվետվությունը չներկայացնեն: Փոփոխությունը տեղի է ունեցել 2009-ին 2008-ի համեմատ: Ես դա եմ ընդունում հիմք»,- ասում է Վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը:

Այն հարցով, թե ինչու է թվաքանակի մասին տեղեկությունը հրապարակվել միայն 2009 թ. հաշվետվության մեջ, Լեւոն Իգիթյանը խորհուրդ տվեց դիմել Մանվել Խաչատրյանին, ով զբաղեցրել է գլխավոր տնօրենի' Հենրիկ Իգիթյանի տեղակալի պաշտոնը: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց կապ հաստատել Խաչատրյանի հետ:

Պարզաբանման ակնկալիքով

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքների թիվը եւս նվազել է, մասնավորապես 2006 եւ 2007 թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում մոտ 81 հազ. նկար պակասել է: Այս տվյալների վերաբերյալ պարզաբանում «Հետքը» չստացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, թանգարաններից' հրապարակման համաձայնության բացակայության պատճառով:

«Պետական վիճակագրության մասին» օրենքով ցանկացած հրապարակում, որը վերաբերում է անվանական տեղեկատվության, վիճվարչությունն իրավունք ունի հրապարակելու միայն այն դեպքում, եթե լինի գրավոր համաձայնություն տեղեկատվություն տրամադրողից:

Մշակույթի նախարարությունը կպատասխանի շաբաթվա վերջում

Նախորդ հոդվածի մեջ «Հետքը» ներկայացրել էր, որ 1312 թանգարանային նմուշ էլ «անհետ» կորել է մշակույթի նախարարության հաշվետվությունների արանքում: Այս տեղեկատվության վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարությունից խոստացել են տրամադրել պարզաբանում այս շաբաթվա վերջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter