HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ի՞նչ նպատակով են ստուգում բազմաթիվ ստուգողները

Տեղական ինքնակառավարման մարմիններում ֆինանսական ու վարչական ստուգումներ է իրականացնում ավելի քան 6 կազմակերպություն` մարզպետարանը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱԺ Վերահսկիչ պալատը, պետական եկամուտների նախարարությունը, անհրաժեշտության դեպքում նաեւ` Կառավարության վերահսկողական ծառայությունը, Տարածքային կառավարման նախարարությունը եւ այլք:

Յուրաքանչյուր համայնք տարեկան առնվազն «հյուրընկալում է» այդպիսի երկու կազմակերպության, սակայն դրանից ՏԻՄ-երում ֆինանսական ու վարչական խախտումները չեն նվազում: ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից մեզ հավաստիացնում են, որ «ստուգումից-ստուգում ընկած ժամանակահատվածում արձանագրված խախտումների վերացումը տեսանելի է, քանի որ հսկողության արդյունքների տարեկան վերլուծությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ համակարգային բնույթ կրող խախտումները վերանում են եւ դրանք սկսում են կրել մասնավոր բնույթ»:

Հայտնում են նաեւ, որ «ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքների նկատմամբ Վարչությունն իրականաց֊նում է մշտական վերահսկողություն` մինչեւ այդ խախտումների, դրանց հետեւանքների լրիվ վերացումը կամ համապատասխան գումարների` համայնքի կամ պետական բյուջե վերականգ֊նումը»:

Միայն մի դիտարկում այս կապակցությամբ` համայնքների առնվազն 95 %-ը չի կատարում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 30.12.2002 թ. թիվ 934-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգի» պահանջները` աուդիտի հաստիք չեն նախատեսում եւ բյուջեի հաշվետվությունը հաստատում են առանց աուդիտի որոշման:

Այս մասին դիտողություններ կան նաեւ Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվություններում եւ Ֆիննախի ստուգման ակտերում: Համայնքների ղեկավարները 2009 թ. արված մեր հարցմանն ի պատասխան` հայտնում են, որ բյուջեի աուդիտ չեն իրականացրել եւ նման հաստիք չունեն:

Սա, իհարկե, համակարգային խախտում է, որը 2002 թ.-ից մինչ օրս լուծում չի ստանում: Մարզպետարաններից ստացված գրության համաձայն` նույն խնդիրն են հետապնդում նաեւ մարզպետարանի ձեւավորած հանձնաժողովները համայնքներում ուսումնասիրություններ իրականացնելիս: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նախկին քաղաքապետը համայնքային գույքի վաճառքը սկսել էր 2002 թ.-ից` վաճառել էր քաղաքի մանկապարտեզը, որն օրենքով արգելված էր:

Նախկին քաղաքապետը մինչեւ 2008 թ.-ը իրար ետեւից վաճառել էր նաեւ քաղաքի մշակույթի տունը, պոլիկլինիկան, երաժշտական դպրոցի երկու սենյակները, համայնքային սեփականության ավտոմեքենան նվիրատվությամբ հանձնել էր ինչ-որ մեկին եւ այլն:

Վերը նշված կազմակերպություններից մի քանիսն, անշուշտ, այդ ժամանակամիջոցում ստուգումներ իրականացրել են Սիսիանում, սակայն քաղաքապետի ապօրինի գործողությունները նրանցից ոչ մեկը չի կանխել: Նրանց ստուգման ակտերին չկարողացանք ծանոթանալ, որովհետեւ ներկայիս քաղաքապետի ասելով` իր նախորդը գնալուց առաջ ոչնչացրել է բոլոր փաստաթղթերը:

Համայնքային ունեցվածքի առքուվաճառքի մասին հանրությունն իրազեկվեց միայն այն ժամանակ, երբ ԱԺ ՎՊ-ն 2008 թ. մայիսին ստուգումներ իրականացրեց նաեւ Սիսիան քաղաքում ու հրապարակեց արդյունքները: Հետաքրքիր է, որ Վերահսկիչ պալատից հետո, 2008 թ. դեկտեմբերի 22-ին, Սիսիանի քաղաքապետարանում ստուգումներ է իրականացրել նաեւ Ֆինանսների նախարարությունը ու արձանագրել է նույն խախտումները:

Թե որքանո՞վ էր նպատակահարմար ՎՊ-ի հաշվետվության հրապարակումից հետո նույն համայնքում ստուգում իրականացնելը, հատկապես, երբ ո՛չ ՎՊ-ն, ո՛չ էլ Ֆիննախը այդ համայնքում հայտնաբերված խոշոր չափերի չարաշահումների հետ կապված չեն դիմել դատախազություն, անհասկանալի է:

Մեր հարցմանն ի պատասխան` շատ համայնքներ ներկայացրել են Ֆիննախի ստուգման ակտերի օրինակներ, որոնցում ստուգման արդյունքներն այն մանրամասնությամբ, ինչպիսին տեղ են գտել Սիսիանում կատարված ստուգման ակտերում, չեն արտացոլվել:

Պատճառը, կարծում ենք, այն է, որ այդ ակտերը հասու են միայն տվյալ վարչությանը ու համայնքապետին, լավագույն դեպքում` մարզպետին, եւ ստուգողները որոշ խախտումներ արձանագրել են միայն իրենց ապահովագրելու նպատակով: Այլ նպատակ ոչ Ֆիննախը, ոչ մարզպետարանը եւ ոչ էլ մինչեւ վերջին երկու տարիները ԱԺ ՎՊ-ն չեն հետապնդել: ՀՀ Վերահսկիչ պալատն արձանագրել էր. «Սիսիանի քաղաքապետարանը 2006-2007 թթ. օտարել է թվով 9 (շենքեր, շինություններ), որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 2847.5 քմ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 28,194.4 հազ. դրամ: 8 գույքային միավոր կադաստրային արժեքից պակաս է օտարվել 5,598.0 հազ. դրամով: Վերլուծելով վերոգրյալը` պարզվել է, որ համայնքային սեփականությունը, ի տարբերություն շուկայական գների, 2006 թ.-ին վաճառվել է 3.7, իսկ 2007 թ.-ին` 5.4 անգամ ցածր գնով: Սիսիանի քաղաքապետարանի կողմից օտարվել է քաղաքային համայնքի սեփականություն Գետափի մշակույթի տան շենքը 1696.8 քմ` 17,610.0 հազ. դրամով:

Քաղաքապետարանի հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ 2008 թ. մայիսի 6-ի դրությամբ գնորդի պարտքը քաղաքապետարանին կազմել է 5,000.0 հազ. դրամ, որը ստուգման ընթացքում վերականգնվել է համայնքի բյուջե»: Ընդգծենք` ՎՊ-ի ստուգումից հետո վերականգնվել է առքուվաճառքի պայմանագրով գնորդի` միայն քաղաքապետարանին ունեցած 5 մլն դրամի պարտքը, իսկ այն, որ նախկին քաղաքապետը 36 մլն դրամ գնահատված մշակույթի տունը մոտ 15 մլն դրամով պակաս է վաճառել, ուշադրության չի արժանացել: Ֆիննախի ստուգման ակտում քաղաքի ավագանու որոշումից արված մեջբերումից տեղեկանում ենք, որ մշակույթի տան աճուրդով օտարման համար մասնակցության հայտեր չեն ներկայացրել, եւ «հաշվի առնելով Սիսիան քաղաքի բնակիչ Աշոտ Օրդուխանյանի դիմումը, ավագանին որոշում է կայացրել համաձայնվել քաղաքապետի առաջարկին` ... ուղղակի վաճառքի ձեւով օտարել Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Օրդուխանյանին` գույքի վաճառքի գինը սահմանելով 17610.0 հազ. դրամ»:

Սիսիանի նոր քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն, ըստ էության, ցանկություն չունի համակերպվելու կորուստների հետ: Նա խնդիր է դրել վերադարձնելու երաժշտական դպրոցի վաճառված երկու սենյակները: Սակայն, ինչպես օտարելու ժամանակ քաղաքի ավագանու համար առաջնայինը համայնքային շահը չի եղել, այնպես էլ հիմա ավագանիները չեն կարողանում ըմբռնել, որ իրենց խնդիրն այդ խորհրդում հանրային շահը պաշտպանելն է: «Երկու անգամ հարցը ներկայացրել եմ ավագանու նիստին, որպեսզի ավագանու որոշումով դիմենք դատարան, մերժվել է: Հիմա, իբրեւ համայնքի ղեկավար, իմ նախաձեռնությամբ դիմել եմ դատարան, որպեսզի անվավեր ճանաչեմ առքուվաճառքի պայմանագիրը: Ժողովրդին պատճառված վնասը պետք է վերականգնվի»,- ասաց Ա. Հակոբջանյանը: Նա նշեց, որ երաժշտական դպրոց հաճախողների թիվն օր-օրի ավելանում է, հատկապես, երբ Կառավարությունը գումարներ է հատկացրել ազգային նվագարանների ուսուցման համար, եւ այդ երկու սենյակը պետք է ծառայեցնել իր նպատակին:

Քաղաքապետի ասելով` այդ ստուգումների արդյունքում արձանագրված ֆինանսական չարաշահումներից նախկին քաղաքապետը համայնքային բյուջե է վերադարձրել 22 մլն դրամ, եւ հարցը դրանով փակվել է: Այս, ինչպես նաեւ Սյունիքի մարզում հայտնաբերված այլ չարաշահումների փաստով ՎՊ-ն դատախազություն չի դիմել, այն դեպքում, երբ այս մարզում հայտնաբերված յուրացումներն ավելի մեծ թիվ են կազմել, քան, օրինակ, Գեղարքունիքի մարզում:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանից տեղեկացանք, որ անցնող երկու տարիների ընթացքում Վերահսկիչ պալատից ստացել են 9 նյութ, որից պետական շահերի պաշտպանության վարչությունն ընթացք է տվել 8-ին, եւ վերջնարդյունքում հարուցել է 4 քրեական գործ: Քրեական գործերը հարուցել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, մեղադրանքներով: ՎՊ-ն անցնող տարում մարզերում կատարած ուսումնասիրություններից դատախազություն է ուղարկել Գեղարքունիքի մարզում կատարած ստուգման նյութերը, որոնց հիման վրա երկու քրեական գործ է հարուցվել` Սեւան համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ինքնակամ շինություն իրականացնողներին վարչական պատասխանատվության չենթարկելու, համայնքի ղեկավարի կողմից դիտավորությամբ օրենքով նախատեսված միջոցներ չկիրառելու, ինչպես նաեւ` քաղաքի մսուր-մանկապարտեզն օտարելու փաստերով, որոնց նախաքննությունը դեռեւս չի ավարտվել: ՎՊ-ն Վարդենիս քաղաքում արձանագրել էր 43 մլն 918 հազար դրամի չարաշահում: Պրն Նիկողոսյանը տեղեկացրեց, որ Վարդենիս քաղաքի հետ կապված` քրեական գործ հարուցելու հատկանիշներ չեն տեսել, բայց համայնքի ղեկավարին առաջարկել են միջոցառումներ ձեռնարկել ՎՊ-ի արձանագրած մի շարք խախտումներ վերացնելու եւ այդ գումարները համայնքային բյուջե վերականգնելու համար: «Այսինքն` քաղաքապետարանը պետք է քաղհայցեր ներկայացներ գումարային վատնումները վերականգնելու համար, իսկ եթե քաղաքացին չարամտորեն չի կատարում օրենքի պահանջը, օրինակ` ապօրինի հողազավթումը կամ շինարարությունը շարունակում է, դիմեր դատախազություն` պատասխանատվության ենթարկելու համար»,- մեկնաբանեց Ա. Նիկողոսյանը: Գեղարքունիքի մարզի դատախազը մի քանի օր առաջ գրությամբ վարչության պետին տեղյակ էր պահել, որ Վարդենիսի քաղաքապետը բավարար միջոցներ չի ձեռնարկում նշված խախտումները վերացնելու եւ արձանագրված գումարները համայնքի բյուջե վերադարձնելու համար: «Հիմա ոստիկանության մարզային բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր` պարզելու համար` նա դիտավորությա՞մբ միջոցներ չի ձեռնարկում, ձեռնարկել է, բայց նպատակին չի՞ հասել, թե՞..: Պարզելուց հետո մենք նրա արարքին կտանք քրեաիրավական գնահատական»,- ասում է պետական շահերի պաշտպանության վարչության պետը: Վերջինիս ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքին, որ ՎՊ-ն ավելի մեծ չափերի չարաշահումների փաստեր է հրապարակել, որոնց ընթացք չի տրվել: Պատճառը, Ա. Նիկողոսյանի ասելով, այն է, որ տվյալ դեպքի համար ՎՊ-ն նյութեր չի ներկայացրել դատախազություն, եթե խնդիրը վերաբերեր պետական շահին, վարչությունն անպայման ընթացք կտար, բայց տվյալ դեպքում համայնքային շահի մասին է խոսքը, որի համար շահագրգիռը պետք է համայնքի ավագանին եւ համայնքի բնակիչները լինեն: «Ո՛չ դատախազությունը, ո՛չ ՎՊ-ն, ո՛չ էլ մի այլ մարմին այսօր չի կարող անվավեր ճանաչել ավագանու` օրենքի խախտումներով կայացված որոշումը, շահագրգիռ կողմը կարող է դիմել դատարան կամ դատախազություն»,- ասում է Ա. Նիկողոսյանը: Տվյալ դեպքում շահգրգիռ կողմ է դիտվում համայնքի բնակիչը, իսկ եթե այդ բոլոր անօրինականությունների հետ միասին համայնքի ղեկավարը խախտում է նաեւ օրենքի մյուս պահանջները եւ չի հրապարակում ավագանու կայացրած որոշումները, որոնցով վավերացրել է կեղծիքները, բնակիչներն ինչպե՞ս տեղեկանան իրենց ոտնահարված շահի մասին եւ հետամուտ լինեն դրա վերականգնմանը: Պետական շահերի պաշտպանության վարչության պետն ասում է, որ ՎՊ-ի կայքից միշտ ծանոթանում են նրանց հաշվետվություններին, վարչության դատախազները պարբերաբար զեկուցագրեր են ներկայացնում, որից ակնհայտ է, որ պետական եւ համայնքային մարմիններում կատարված ուսումնասիրություններով նրանց կազմած արձանագրություններում կան ավելի լուրջ խախտումներ, քան Վարդենիս եւ Սեւան քաղաքներում կատարվածն է, բայց այդ նյութերը չեն կարողանում ստանալ: «Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով է մի նյութը ուղարկվում դատախազություն, մյուս դեպքում բավարարվում են հաշվետվության վերջում գրելով` հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել յուրացված գումարները վերականգնելու համար: Ո՞վ եւ ումի՞ց պետք է վերականգնի: Ընդունենք, նախարարության ինչ-որ ՊՈԱԿ-ում չարաշահումներ են կատարվել: ՊՈԱԿ-ը պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն է, նա հո պետբյուջեից գումար չի՞ ստանալու ու նորից տա պետբյուջե, յուրացումները պետք է հատուցի այն անձը, ով մեղավոր է յուրացման համար, եւ այդ անձին պետք է գումարը վերականգնելու պահանջ ներկայացվի»,- ասում է նա: Վարչության պետի հետ մեր զրույցի նախօրեին ՎՊ-ն հրապարակել էր իր հերթական հաշվետվությունը` այս անգամ խոշոր չափերի չարաշահումներ ներկայացնելով Մշակույթի նախարարության կառույցներում` միայն մի ոլորտում արձանագրելով պետբյուջին պատճառված 57 մլն դրամի կորուստ: Այս փաստի հետ կապված` ՎՊ նախագահը հայտարարեց, որ չեն դիմելու դատախազություն, որովհետեւ Մշակույթի նախարարությունից ասել են, թե գումարները կվերականգնեն: «Գումարների վերականգնումն ընդամենը կարող է հիմք հանդիսանալ դատարանի կողմից ավելի մեղմ պատիժ կիրառելու հարցում, բայց դա անձին չի ազատում քրեական պատասխանատվությունից: Բնական է, որ մենք գործ ունենք պետական պաշտոնատար անձանց անփութության, պաշտոնական դիրքի չարաշահման կամ էլ նախնական համաձայնությամբ գումարների հափշտակման փաստերի հետ»,- հակադարձեց պրն Նիկողոսյանը: Վերջինս միաժամանակ նշեց, որ ՎՊ-ի մասին օրենքի 6-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի` «կարող է նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն», թերի օրենսդրական կարգավորում է: Օրինակ` ո՞ր դեպքում պետք է ուղարկի եւ ո՞ր դեպքում` չուղարկի: «Հիմա ուսումնասիրում ենք, թե կարո՞ղ ենք ՎՊ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաշվետվությունը, որը հրապարակվում է նաեւ առանձին տեղեկագրով, համարել մամուլի հրապարակում եւ ընթացք տալ»,- հայտնեց վարչության պետը: Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է պետական շահերի պաշտպանության վարչություն-Ֆիննախ համագործակցությունը, նա հայտնեց, որ Ֆիննախի վերահսկողական վարչության վրա օրենքով դրված չէ ստուգման ակտերը դատախազություն ներկայացնելու գործառույթ: Այն, հիմնականում, կատարվում է աշխատանքային ընթացակարգով, եւ եթե որեւէ մարմնի հետ կապված խնդիր կա, պահանջում են նրանց ստուգման ակտերը: Նույն հարցադրմանը Ֆիննախից մեզ պատասխանել են, որ վարչության իրականացրած ստուգումների արդյունքներով արձանագրված խախ֊տում֊ներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով դրանք ներկայացվում են իրավապահ մարմիններին: «Մասնավորապես, 2007-2008 թվականների ստուգումների արդյունքներով 5 դեպքերով համայնքների վերաբերյալ ստուգումներով արձա֊նագրված խախտումների եւ բյուջետային միջոցների չարաշահումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է իրավապահ մարմիններին: Վարչությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ` տնտեսական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, եւ բազմաթիվ ստուգումներ, այդ թվում նաեւ համայնքներում, իրականացվում են իրավապահ մարմինների պահանջով եւ նրանց հետ համատեղ: 2007-2008 թթ. ընթացքում համապատասխան քրեական գործերի շրջանակներում իրավապահ մարմինների պահանջով թվով 12 համայնքներում վարչության կողմից իրականացվել են ստուգումներ: Նշված բոլոր դեպքերով ստուգումներից հետո համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, որոնք ապահովել են դրանց հետագա ընթացքը» (ո՞վ իմացավ այդ մասին-Ս. Պ.): Վերահսկիչ պալատն, օրինակ, Սյունիքում արձանագրել էր, որ մարզի համայնքներում «Սյունիքի մարզպետարանի ստորաբաժանումների իրականացրած վարչական եւ ֆինանսական հսկողությունը կրել է ձեւական բնույթ, ոչ մի խախտում չի արձանագրվել»: Սա իրականություն է, քանի որ Սիսիան քաղաքում բացահայտված չարաշահումները ոչ մեկ, ոչ էլ երկու տարվա պատմություն են: Մարզպետարանները չեն կարող անտեղյակ ձեւանալ այս հարցում, քանի որ ոչ միայն իրենց կատարած ստուգումներով, այլեւ ավագանու որոշումներից, որոնք ուղարկվում են մարզպետարան, ժամանակին տեղյակ են եղել կատարված ապօրինություններին եւ կարող էին կանխել` թեկուզ իրավապահներին ահազանգելով: Ի վերջո, համայնքային գույքի օտարման վերաբերյալ ավագանու կայացրած որոշումները նորմատիվ իրավական ակտեր են, որոնց օրինականությունը պետք է ստուգեր Արդարադատության նախարարությունը, եւ միայն նրա վավերացումից հետո հրապարակվեր ու օրինական ուժ ստանար: Սակայն օրենսդրական այս լուծումը չի կիրառվում, եւ տեղական իշխանությունները շարունակում են համայնքային շահը ոտնահարող որոշումներ կայացնել ու չհրապարակել, եւ, փաստացի, օրինական ուժ չստացած որոշումները կատարվում են, քանի որ ոչ մի օղակում այն չի կանխվում: Մեր գործադրած ջանքերին` պարտավորեցնել մարզպետարաններին իրենց կայքէջերում հրապարակել համայնքներում կատարած ուսումնասիրությունների եզրակացությունները ու մամուլի ասուլիսներով հանրությանը ներկայացնել դրանք, դեռես արդյունք չեն տվել: Այս հանգամանքը մեզ հետեւություններ անելու իրավունք է տալիս. այդ ստուգումների արդյունքները մարզպետի համար համայնքապետի հետ հարաբերություններ ճշտելու փաստարկ են: Չեն հրապարակվում նաեւ Ֆիննախի ստուգման ակտերը, որին ի պատասխան` նախարարությունից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգումն իրականաց֊նող անձը (անձինք) պարտավոր է (են) առանց տնտեuվարող uուբյեկտի (համայնքի ղեկավարը տնտեսվարող սյուբեկտ չէ- Ս. Պ.) պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել գործառնությունների մասին տեղեկությունները»: Չարժե պարզել, թե ով է խախտում օրենքը` ՎՊ-ն, որ հրապարակում է ստուգման արդյունքները, թե՞ մարզպետարանը կամ Ֆիննախը, որ այսպիսի բացատրություն է տալիս իր ոչ հրապարակային գործելաոճին: Այս ամենից հետո արժե՞ այդքան մեծ թվով կազմակերպությունների համայնքներում ստուգումներ իրականացնելու իրավունք ընձեռել, երբ դրանից շահում են միայն ստուգողները եւ համայնքի ղեկավարը` ի հաշիվ համայնքային փոքրիկ բյուջեի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter