HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե պետությունն ավելի մեծ ուշադրություն դարձներ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը

Երբ խոսում են մարզերի համաչափ զարգացման հնարավորությունների և այն մասին, որ  վաղուց արդեն Երևանը դարձել է քաղաք-պետություն, չես կարող չհամաձայնել: Հակառակ փաստարկների մեջ, թերևս, որոշ առումով կարելի է նշել, օրինակ, մարզային մշակութային կյանքում, եթե ոչ տեղական նախաձեռնությունների, ապա առանձին մարդկանց կողմից տեղական մշակութային ավանդույթները պահպանելու համար ներդրված ջանքերը:

Այս տարվա գարնանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորման կողմից կազմակերպված «Թատրոն –X» 4-րդ հանրապետական փառատոնի աշխատանքներն ամփոփելիս (որին մասնակցում էին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից 31 թատրոն և թատերախումբ) թատերագետ  Լևոն Մութաֆյանը կարծիք հայտնեց, որ «թատրոններում գլխավորապես էքսպերիմենտների, թատերական փորձարարության, նորարարության դիմում են այն բեմադրիչները, ովքեր 50-ից բարձր տարիքի են, մինչդեռ երիտասարդությունը պետք է հանդես բերի խիզախություն, համարձակություն, մղում դեպի նոր ձևեր»:

Եվ, ըստ նրա, այսօր հաճախ կարելի է պրոֆեսիոնալ խաղացանկային թատրոններում աշխատող մարդկանց դերասանական հնացած շտամպային որակներ տեսնել, իսկ, խոսելով թատերական ինստիտուտի մասին, նա նշում է, որ ներկայացված աշխատանքների   գերակշիռ մասը տառապում է ռեժիսորական անգրագիտությամբ:

Ներկայացված կարծիքը կարող է քննարկման հետաքրքիր թեմա լինել, սակայն գնահատելուց առաջ, թերևս, պիտի հաշվի առնել այն պայմանները, հնարավորությունները, որոնք ստեղծված են  տարբեր թատրոնների համար:

Այս առումով Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պատկերը կարելի է հուսադրող համարել և խոստումնալից, եթե...

Խոսքն, իհարկե, չի վերաբերում  լեփ-լեցուն դահլիճներին, որը  քննարկման լայն թեմա է այն առումով, որ նոր տեխնոլոգիաների զարգացումն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում օնլայն դիտումների համար: Խնդիրն ավելի տեղային է, քանի որ վերջին տարիներին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում մեկ տասնյակից ավելի ռեժիսոր է փոխվել. առանձին ռեժիսորներ ի սկզբանե ճամպրուկային տրամադրությամբ մեկ-երկու բեմադրություն են ներկայացնում և իրենց  առաքելությունն ավարտված համարելով` մեկնում:

«Խոսքը նրանց արհեստավարժ լինելուն չի վերաբերում, այլ այն հանգամանքին, որ ի սկզբանե նրանք Գորիս են գալիս կամ տվյալ ժամանակահատվածում այլ թատրոններում զբաղվածություն չգտնելու կամ, որ ավելի բացասական ազդեցություն է ունենում` կայացման, ինքնահաստատման որոնումների պատճառով»,- ասում է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Համլետ Հարությունյանը

Նրա խոսքով, անցյալ տարիներին եղել են ռեժիսորներ, ովքեր, պայմանագրային հիմունքներով աշխատելով մարզային թատրոնում, կարողացել են հաջողությամբ գոնե մեկ բեմադրություն պատրաստել, որոնք, նրանց մեկնելուց հետո էլ, ստեղծագործական կոլեկտիվը հյուրախաղերով ներկայացրել է հանդիսատեսին, սակայն, ըստ նրա, դրանով խնդիրը չի լուծվում:

Համլետ Հարությունյանը թարոնի վաղվա օրվա համար մեծ հույսեր է կապում Երևանի կինոյի և թատրոնի Գորիսի մասնաճյուղի հետ, որի շրջանավարտները, ինչպես նաև ուսանողները,  համալրում են թատրոնի ստեղծագործական, հիմնականում դերասանական կազմը:

«Եթե ինստիտուտի մասնաճյուղը չլիներ, հիմա մեր թատրոնը վաղուց փակվել էր: Թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո ամենահրատապ խնդիրը դերասանական կազմը համալրելն էր, ստիպված էինք պիեսների ընտրություն անել ոչ թե ելնեով թեմայի հրատապությունից կամ հանդիսատեսի հետաքրքրությունից, այլ հաշվի առնել, որ փոքր թվով  դերասաններ մասնակցեն և երիտասարդներ ընդգրկելու անհրաժեշտություն չլիներ»,- ասում է թատրոնի տնօրենը և շարունակում` նշելով, որ շնորհիվ մասնաճյուղի, թատրոնը ստեղծագործական բավարար ներուժ ունի և, եթե համապետական թատրոնների ճանաչված ռեժիսորները նախաձեռնեին երիտասարդ շրջանավարտներին «ստաժիրովկայի» վերցնեին, ապա մոտ ապագայում հնարավոր կլիներ լուծել մարզային թատրոնի այսօրվա թիվ առաջին խնդիրը:

«Թատրոնը պատրաստ է հոգալ երիտասարդ մասնագետի` Երևանում բնակվելու հետ կապված բոլոր ծախսերը, միայն թե կարողանան վարպետության դասեր ստանալ»,- ասում է  Հ.Հարությունյանը:

Իրենք` երիտասարդ դերասանները, ևս կարևորում են մասնագիտական կատարելագործման անհրաժեշտությունը: Նրանց  կարծիքով, ի սկզբանե անվստահության կարծիք կա մարզային դերասանների նկատմամբ և անգամ սերիալներում նկարահանվելու համար:

«Եթե շատ են հավանում խաղդ, հենց իմանում են մարզից ես, ասում են` կզանգենք ու գիտենք, որ էլ չեն զանգի»,- ասում է Էրիկ Գրիգորյանը, ով Երևանի կինոյի և թատրոնի Գորիսի մասնաճյուղն ավարտելուց հետո շարունակում է աշխատել թատրոնում:

Մասնաճյուղի տնօրեն Շանթ Հարությունյանը դեմ է, որ ուսանողները ընդգրկվեն սերիալներում, բայց ինքը ևս կարևորում է, որ երիտասարդ դերասանները մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար հնարավորութուն ունենան աշխատել մայրաքաղաքյան թատրոններում: Մասնաճյուղի հիմնադրումից մինչև այսօր արդեն 18 շրջանավարտ են ունեցել, որոնցից վեցն աշխատում է թատրոնում, վեցը ծառայում է Ազգային բանակում: Իսկ ամուսնացող աղջիկները, ցավոք, այլևս թատրոն չեն վերադառնում:

Մասնաճյուղի ուսանողուհի Աննա Հովակիմյանը պատմում է, որ մտերիմները դժվարությամբ են ընդունել դերասանուհի դառնալու իր որոշումը. «Բայց հիմա, երբ տեսնում են, որ միաժամանակ խաղում եմ Գորիսի թատրոնում, դիտում են իմ խաղը, նրանք էլ են ոգևորվում իմ հաջողություններով: Ափսոսում եմ, որ դրսևորվելու հնարավորություններ  գրեթե չկան»:

Դերասանի մասնագիտության ընտրության հարցում Միքայել Մաշուրյանը չի էլ երկմտել, բայց երբեմն հիասթափվում է, երբ հանդիսատեսը առանձնակի հետաքրքրություն հանդես չի բերում թատրոնի նկատմամբ. «Հիմնական պատճառը երիտասարդների հետաքրքրությունների շրջանակն է, բայց կարևոր դեր է խաղում նաև այն, որ ժամանակակից թեմաներով պիեսներ չկան»:

Երևանի կինոյի և թատրոնի Գորիսի մասնաճյուղի դասախոս Սեյրան Մկրտչյանի խոսքով, այսօրվա երիտասարդներն ուզում են միանգամից հաջողությունների հասնել, ճանաչում ձեռք բերել, սակայն մասնագիտական զարգացման համար, ըստ նրա, իսկապես պայմաններ չկան, ինչը կարող էր նպաստել երիտասարդների ցանկությունների իրականացմանը, որպեսզի երիտասարդները մնան թատրոնում, և այլևս կարծիքներ չհնչեն, թե «պրոֆեսիոնալ խաղացանկային թատրոններում դերասանական հնացած շտամպային որակներն են գերիշխում»:

Երիտասարդ դերասանների համար մարզային մշակութային կյանքի աշխուժացումը ակտիվ դերակատարություն կարող է ունենալ նաև արտագաղթի կանխման  գործում: Այդ կարծիքին է թատրոնի երիտասարդ նկարիչ Արամ Մաշուրյանը, ով մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի քաղաք և, նրա խոսքով, իր մասնագիտական կարողությունների զարգացման միակ խոչընդոտը  շփման հնարավորությունների  պակասն է, ինչը լրացնելու համար ակնկալում է, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter