HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողի սեփականատերերն անտեղյակ են, թե պետությունն ինչ արտոնություններ է սահմանում հողի հարկի համար

24_08-syunikՍյունիքի մարզում հողի եւ գույքահարկի հաշվառման գործընթացն իրականացնում են Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքների միություն հասարակական կազմակերպությունները, որոնց հիմնադիրներն, ըստ տարածաշրջանի, համայնքներն են: Համայնքների միությունները մատուցված ծառայության դիմաց գանձում են հաշվարկված հողի հարկի 5-10 %-ի չափով գումար: Մեղրիում, որտեղ կատարվում է միայն գույքահարկի հաշվառում, այդ ծառայության համար հիմնադիրները՝ տարածաշրջանի 15 համայնքները, ըստ «Մեղրի համայնքների միության» նախագահ Սեդրակ Համբարձումյանի, միայն անդամավճար են մուծում:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Աշոտ Մարդյանի տեղեկացմամբ` Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում հողի հաշվարկային հարկը մեկ տարվա համար կազմում է 170-180 մլն դրամ, սակայն համայնքների միությունները որեւէ առնչություն չունեն գանձումների հետ եւ ընդամենը կենտրոնացված կարգով իրականացնում են հաշվառումը: Համայնքները հողի հարկի գանձումները կատարում են, ամսվա վերջում թվերը ներկայացվում են համայնքների միությանը եւ, ինքնըստինքյան, բազան փոխվում է: Ծրագիրը հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ցանկացած բնակիչ որքան պարտք ունի: Ըստ Աշոտ Մարդյանի` այս գործառույթները հասարակական կազմակերպություններին է վերապահվել` հաշվի առնելով, որ համայնքները տարեկան կարող են խնայել մինչեւ 1-1,5 մլն դրամ, քանի որ հողի հարկի գանձման գործընթացը հարկային կազմակերպություններից համայնքներին անցնելուց հետո վերջիններս հաշվառման համար պետք է ձեռք բերեին բարձրորակ համակարգիչներ, գործառույթն իրականացնող մասնագետներ, ինչպես նաեւ աշխատավարձ եւ այլ միջոցներ` սպասարկվող ծրագրի վճարման համար: «Նախնական հաշվարկ է կատարվել, ըստ որի հողի ու գույքահարկի հաշվառման դիմաց յուրաքանչյուր համայնք տարեկան պետք է ծախսի մոտ 1 մլն 300 հազար դրամ, այն դեպքում, երբ որոշ համայնքներում հողի տարեկան հարկը կազմում է ընդամենը 7 մլն դրամ»,- ասում է Աշոտ Մարդյանը: Նրա խոսքով` այժմ միջոցներ են ձեռնարկվում փոքր համայնքների հողի, գույքահարկի հաշվառումը եւս համայնքների միություններին հանձնելու համար: Այդ նպատակով մարզպետարանը ֆոնդահայթայթման աշխատանքներ է իրականացնում: Այն, որ հողի հարկի հաշվառման գործը հանձնվել է համայնքների միություններին, միանշանակ չի ընդունվում բոլոր համայնքների ղեկավարների կողմից: Ոմանց կարծիքով` խառնաշփոթություն է ստեղծվել. համայնքների գրանցամատյանների ու սպասարկող կազմակերպության հաշվառման բազան երբեմն չեն համապատասխանում միմյանց: Ըստ «Գորիսի համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Հարությունյանի` այդօրինակ տարբերություններ, իսկապես, լինում են, սակայն, նրա կարծիքով, դա պայմանավորված է, թե ինչ վիճակով է բազան հանձնվել համայնքների միությանը, որովհետեւ ոչ բոլոր համայնքային իշխանություններն են նախկինում հետեւողականորեն իրականացրել ոչ միայն հաշվառումը, այլեւ գանձումների, ապառքների գրանցումը: Սակայն, Գ. Հարությունյանի խոսքով, ընդամենը մեկ համակարգչով ստացած տեղեկատվական բազան ժամանակի հետ ճշգրտվում է, եւ այդ խնդրով հետաքրքրված են նաեւ համայնքների ղեկավարները: Կարծիք կա նաեւ, որ որպես ընտրվող մարմին` համայնքային իշխանությունները նախկինում առանձնապես հետեւողական չեն եղել հողի հարկի գանձումների առումով, փորձելով հատկապես տեղական ընտրությունների ընթացքում ««սիրաշահել» ընտրողներին»: Երբեմն էլ, ըստ որոշ աղբյուրների, հողի հարկը մասնակի զեղչելը ընտրաձայների խնդիր է լուծել: Հանդիպող անճշտությունների հիմնական պատճառներից մեկը, Աշոտ Մարդյանի կարծիքով, այն է, որ հողի սեփականաշնորհումից հետո բավական ժամանակ է անցել, եւ հավանականությունը մեծ է, որ տարիների ընթացքում հողերի մի մասի նշանակությունը փոխվել է, ուստի տարբերություն է առաջացել նաեւ սահմանված նվազագույն չափի առումով: Բացի այդ, հողի սեփականատերերի մի մասը, տարբեր պատճառներով չկարողանալով հողի սեփականաշնորհման վկայական ձեռք բերել, նաեւ կադաստրային գրանցում չունի: Եվ քանի որ համայնքների միություն հ/կ-ները հողի հարկի հաշվառումն իրականացնում են հաշվի առնելով նաեւ Անշարժ գույքի տարածքային կադաստրների տեղեկությունները, ուստի, որոշ դեպքերում համայնքների ներկայացրած ցուցանիշերը չեն համապատասխանում կենտրոնացված հաշվառում իրականացնողների տվյալների հետ: Բացի այդ, կան համայնքներ, ինչպես օրինակ, մարզի ամենամեծ գյուղը՝ Շինուհայրը, որոնք ժամանակին հրաժարվել են բազան տրամադրել, այսպիսով այդ համայնքի հաշվառումը դուրս է մնացել ընդհանուր կարգից: Համայնքների ղեկավարների կարծիքով` հողի հարկի ճիշտ հաշվառման գործում նաեւ հողերի քարտեզագրման հետ կապված խնդիրներ կան: Խնդիրն ավելի նկատելի է գույքահարկի հաշվառման գործում, քանի որ տարիների ընթացքում շատ մեքենաներ դուրս են մնացել պիտանելիության ժամկետներից, սակայն շարունակում են հաշվառված մնալ համայնքներում` կուտակելով մեծ թվով ապառքներ: Կառավարության որոշմամբ` խոտանվելու դեպքում քաղաքացին ազատվում է գույքահարկի պարտքից, սակայն օգտվելով այդ արտոնությունից` շատերն են հայտարարություն տալիս, որ մեքենան ժամկետանց է, չի գործում, հին համարներ ունի, սակայն իրականում այն աշխատում է միայն տվյալ համայնքի տարածքում: Բացի այդ, նախկին ադրբեջանաբնակ գյուղերում կան ադրբեջանցիներին պատկանող մեքենաներ, որոնց գույքահարկը շարունակում է մնալ որպես ապառք: Հողի հարկի, գույքահարկի հաշվառում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների խոսքերով` իրենց կողմից մատուցված ծառայության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ հատկացնել նոր աշխատակիցներ ներգրավելու համար: Այս դեպքում, ըստ նրանց, հնարավոր է հաշվառմանը զուգահեռ նաեւ գանձումներ իրականացնել: Նրանց կարծիքով` բնակչության մեծ մասն անտեղյակ է, թե պետությունը հողի հարկի գանձման համար ինչպիսի արտոնություններ է սահմանել, եւ համայնքների միությունները կարող են իրականացնել նաեւ հողի սեփականատերերի իրազեկման գործը: Համայնքների միությունների նախաձեռնությամբ մի քանի անգամ նաեւ ծանուցագրեր են ուղարկվել հողի սեփականատերերին` հիշեցնելով հողի հարկի պարտքի չափի մասին: Ըստ «Գորիսի համայնքների միություն» հ/կ նախագահ Գ. Հարությունյանի` այս միջոցը դրական ազդեցություն է ունենում, որովհետեւ դրան հաջորդում են ինտենսիվ մարումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter