HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Հին Էրիվան»-«Յունիբանկ» հակամարտությունը շարունակվում է. ո՞վ է ենթարկվելու քրեական պատասխանատվության

«Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև սկիզբ առած վեճը դուրս է եկել քաղաքացիաիրավական հարթությունից և տեղափոխվել քրեական ոլորտ: Մի կողմից «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանը, մյուս կողմից՝ «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել են իրավապահներին՝ ամեն մեկն իր հերթին միջնորդելով քրեական պատասխանատվության ենթարկել մյուսին:

«Հետքը» զրուցել է թե Տեր-Առաքելյանի, թե Աթայանի հետ: Սակայն վերջինս նշում է, թե ինքը, ի տարբերություն Մանվել Տեր-Առաքելյանի, չի ուզում խնդիրն անձնավորել. «Բանկն արդեն հաղորդագրություն է տարածել, և ես ավելացնելու որևէ բան չունեմ,- ասում է Վարդան Աթայանը և եզրափակում,- քննություն է գնում, թող իրավապահները պարզեն՝ իրականում ինչ է եղել»:

Իսկ «Հին Էրիվանի» ղեկավարն ասում է, որ ինքը ողջ պատմությունը դարձնելու է հանրության սեփականությունը, քանի որ պաշտպանում է ոչ միայն իր, այլև բանկի ներկա և ապագա վարկառուների շահերը:

«Որպեսզի նույն ճանապարհով, այս քաշքշուկի մեջ մյուս վարկառուներն էլ չընկնեն: Որ նա (Վարդան Աթայանը - հեղ.) կարգավորի իր գործելաոճը և մարդկանց՝ բանկային գաղտնիք հանդիսացող նյութերը աջ ու ձախ չտրամադրի: Ու մարդկանց հետ վախեցնելու տեսքով, տոնով ու լեքսիկոնով չխոսի: Որպեսզի մյուսներին չկանչեն 6-րդ վարչություն ու ասեն՝ պետք է այս բացատրությունը գրես, այն անես, որ 4 թերթանոց բացատրությունը 8 ժամում չվերցնեն... »,- ասում է Մանվել Տեր-Առաքելյանը:

Նա միաժամանակ ընդգծում է, որ «Յունիբանկն» ինչ-որ մեկի սեփականությունն է, վերջինիս ջանքերի արդյունքում է «այդ բանկը դարձել բանկ», բայց Վարդան Աթայանը, օգտագործելով բանկի ռեսուրսները, չի հարգում սեփականատիրոջ աշխատանքը և խաղում է հենց «Յունիբանկի» հեղինակության հետ, մինչդեռ վաղը կարող է ազատվել տնօրենի պաշտոնից:

2009թ. մայիսի 25-ին «Յունիբանկի» և «Հին Էրիվանի» միջև կնքվել է վարկային պայմանագիր, ըստ որի՝ տրամադրված մայր գումարն ու բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի անց: Ըստ «Հին Էրիվանի» սեփականատիրոջ՝ բանկն իրեն էլեկտրոնային տարբերակով ուղարկել է գումարի մարման ժամանակացույցի երկու տարբերակ, որոնցից մեկով պարտքը պետք է մարվեր համեմատաբար կարճաժամկետ հատվածում (ամսական մոտ 44 մլն դրամ), երկրորդով՝ ավելի երկարաժամկետ տևողությամբ (ամսական մոտ 32 մլն դրամ): Ինքն ընտրել է երկրորդ՝ երկարաժամկետ մարման տարբերակը:

Նույն օրը բանկի ներկայացուցիչները համաձայնագրի օրինակը բերել են, ինքը ստորագրել է այն, սակայն հետո տեսել է, որ սխալմամբ բերել են առաջին տարբերակը: Հետո բանկն ինքն է համոզվել, որ հաճախորդի նախընտրած տարբերակը չի ուղարկել, կրկին ներկայացուցիչներին ուղարկել է Մանվել Տեր-Առաքելյանի մոտ՝ այս անգամ համաձայնագրի երկրորդ օրինակով, ինչն էլ Տեր-Առաքելյանը կնքել ու ստորագրել է:

«Փաստորեն, նույն խնդրո առարկայի շուրջ կնքվել է երկու համաձայնագիր, բայց դրանցից ուժ ունի միայն այն, որը վերջինն է կնքվել, այսինքն՝ երկրորդը: Բացի դրանից՝ այս տարվա մայիսի 25-ին, երբ սկսվում էր պարտքի մարման ժամանակացույցը, բանկն իմ հաշվից քաշել է 32 մլն դրամ, ինչպես պահանջում է երկրորդ համաձայնագիրը: Ավելին, բանկից զանգել են մեր հաշվապահին և ասել, որ կարող եք էլ չգալ, գումարն արդեն քաշել ենք, ամեն ինչ նորմալ է: Այսինքն՝ իրենք էլ շատ լավ գիտեն, որ առաջին համաձայնագիրն առոչինչ է»,- ասում է Մ. Տեր-Առաքելյանը:

Նրա խոսքերով՝ այնուհետև մեկ այլ բանկից ինքն ավելի շահավետ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկ է ստացել և որոշել է մարել «Յունիբանկի» ամբողջ պարտքը:

Սկզբում «Յունիբանկը» որևէ կերպ չի առարկել ու տվել է համաձայնություն: Բայց մեկ ամիս չանցած՝ այս տարվա հունիսի 17-ին, «Յունիբանկը» «Հին Էրիվան» ընկերությանը բռնագանձման թուղթ է ուղարկել, ըստ որի՝ ընկերությունը ժամանակին իր պարտավորությունները չի կատարել՝ մայիսի 25-ին պահանջվող գումարը՝ մոտ 44 մլն դրամը, չի վճարել, ուստի սկսել է գործել տույժ-տուգանքի մեխանիզմը:

«Ստացվում է, որ գործում է համաձայնագրի առաջին տարբերակը, որի համաձայն էլ պետք է վճարեի 44 մլն: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ է բանկն իմ հաշվեհամարից ճիշտ այնքան գումար քաշել, ինքան նախատեսված է երկրորդ համաձայնագրով: Ավելին, հաշվեհամարիս մնացորդ է մնացել 305 հազար դրամ: Բա եթե ձեր («Յունիբանկի» - հեղ.) ասածով է՝ 44 մլն պետք է մուծվեր՝ մնացորդ չպետք է մնար, ամբողջ գումարը քաշեիք ու ասեիք՝ «դեռ մի բան էլ պարտք ես, հաշվեհամարիդ գումարը չի հերիքել», ոչ թե բռնագանձման թուղթ ուղարկեիք»,- ասում է «Հին Էրիվանի» ղեկավար Տեր-Առաքելյանը:

Ըստ նրա՝ «Յունիբանկի» տնօրենը՝ Վարդան Աթայանը, հիմք ընդունելով առաջին համաձայնագիրը, դիմել է ոստիկանության 6-րդ վարչություն և հայտարարել, թե Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է բանկի կնիքն ու իր ստորագրությունը՝ նպատակ ունենալով խարդախությամբ տիրանալ «Յունիբանկի» փողերին:

«Նա (Վարդան Աթայանը – հեղ.) կասկածի տակ է դնում երկրորդ համաձայնագրում դրված իր ստորագրությունը և բանկի կնիքը: Եվ այդ սուտ մատնության համար ինքը դեռ պատասխան է տալու, որովհետև այդ կապակցությամբ մենք հաղորդագրություն ենք ներկայացրել դատախազություն»,- ասում է Տեր-Առաքելյանը:

Մինչ այդ նա դիմել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Այստեղ պարզել են, որ հիշյալ համաձայնագրում ոչ կնիքն է կեղծված, ոչ էլ ստորագրությունը:

«Վերաֆինանսավորող բանկն ինձնից տեղեկանք պահանջեց, թե ինչի հիման վրա պետք է փոխանցում կատարի: Ես փաստաբանի հետ գնացի Վարդան Աթայանի մոտ և խնդրեցի ներկայացնել համապատասխան տեղեկանք, քանի որ ուզում էինք իմանալ՝ մեր տված գումարները հարկվե՞լ են: Ինքը (Վ. Աթայանը - հեղ.) պայթեց, թե՝ ձեր ինչ գործն է, դուք ով եք, որ ինձնից նման բան եք պահանջում, դուք իմ համար մի կաթիլ ջուր եք, կճզմեմ, կտամ 6-րդ վարչություն... Մենք էլ թողեցինք դուրս եկանք ու նույն պահանջով «Յունիբանկին» նամակ գրեցինք: Մոտ 15 օր հետո պատասխանեցին, թե նայեք հարկային մարմնին տված մեր տարեկան բալանսները: Բայց ես այդ ընդհանուր գումարից ո՞նց եմ հասկանալու՝ իմ տված գումարները հարկվե՞լ են, թե՞ ոչ»,- զարմանում է «Հին Էրիվանի» ղեկավարը:

Տեր-Առաքելյանը նշում է, որ եթե ինքը սխալ լիներ, հենց երկրորդ օրը կգնար Վարդան Աթայանի մոտ և ներողություն կխնդրեր: Բայց հիմա, ելնելով տարբեր խոսակցություններից և համադրելով որոշ իրողություններ, համոզվել է՝ Աթայանն «աչք ունի իր սեփականության վրա, նույնիսկ սրան-նրան խոստացել է «Հին Էրիվանը» տալ, անգամ գին է նշվել»: Ուստի ինքը հանդես է գալու միայն պահանջատիրական դիրքերից: «Աթայանն ինձ, իմ բիզնես հեղինակությունը վարկաբեկելու, սուտ մատնության տալու համար պետք է նաև հրապարակային ներողություն խնդրի»,- ասում է Մանվել Տեր-Առաքելյանը:

Լուսանկարում Մանվել Տեր-Առաքելյանը (ձախից) եւ Վարդան Աթայանն (աջից) են

Մեկնաբանություններ (6)

Հայ մարդ
Շատ ծիծաղելի կռիվ է: Ոչ ոքի մտքով չի անցնում, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկն է ուզում Մանվելի ձեռքից շենքը վերցնի ու ինքն է հրահրում Յունիբանկին: Յունիբանկը երբեք չի հաշտվելու ու Մանվելի գույքն էլ հայտնվելու է Սաշիկի հավաքածուի մեջ:
KAREN
ES KCANKANAY KAP HASTATEL MANVELI HET VONC HASKACA UNIBANKY DATARAN E DIMEL IR BARI HAMBAVY VERAKANGNELU HAMAR ES PATRAST EM U TEYEV HAYASTANIC DURS EM PATRAST EM CANKACAC PAHI GAL HAYASTAN EV HANDES GAL DATARANUM VKANERI HET MIASIN TE VONC EN BESPRIDELSKI U MENTOFSKI DZEVEROV STANUM IRENC VARKERY SA IM E-MAILNE [email protected]
Karen
IM HAT KATARVACNEM NERKAYACNUM UNIBANKIC ES APARIK KARGOV GNECI AFTOMEQENA UNIBANKI KOXMIC TRAMADRVAC VARKOV ANUN U AFTOMEQENA CHEM NSHUM VOR HARK EXAV KNSHEM U KMIANAM HIN EREVAN YNKERUTYANY. VONCVOR BOLORI HET E PATAHUM ES 10 OR USHACRECI VARKI MARUMY FINANSAKAN XNDIRNERI PATJAROV YST PAYMANAGRI ES PITI TUGNAQ MUCEM VORY MUCECI BAYC AMENA AMENA ABSURDY NA ER VOR HENC TAS ERORD ORY INDZ ZANGECIN UNIBANKIC EV ASACIN VOR MER MOT STUGUMNERA GNUM AFTOMEQENANERY VONC EN PAHPANVEL XNDRUM ENQ GAQ GLXAMAS 5 ROPE NKARENQ GNACEQ ES GNACI GLXAMAS AYNTEX MIANQAMIC HARCAKVECIN INDZ VRA KARCES TE MARD EY SPANEL AFTOMEQENAI BANALINERY VERCRECIN INDZ BARCACRIN ATAYANI MOT VOR KARCES IR ERAZNQIN ER HASEL U SKSEC MENAVARI PAHEL IREN I PATASXAN STACAV AVELI MEC U HSTAK PATASXANER VORIC HETO BESPRIDELI NMAN AFTOMEQENAN PAHECIN IRENC MOT ERB TESAN VOR ES BANAVOR DIMECI KENTRONAKAN BANK QANI VOR GRAVOR BOXOQYS CHEYN VERCNUM PATJARABANELOV TE SXALVEL EN INDZ ZANGAHAREC VOMN DAVIT UNIBANKIC EV 40 ROPE XNDREC VOR GAM AFTOMEQENAN VERCNEM UNIBANKY PITI UXAKI PETAKANOREN PAKEN KAM POXEN ATAYANIN VORPISI VERANA MENTAKAN GORCERY AYNTEX BANKY INCHI HAMAR E VOR VARK TA EV GUMAR ASHXATI INJQAN KUZEM KUSHACNEM PAYMANAGRI SHRJANAKNERUM DA IRENC AVELI EKAMTABERA CHE VOR TUGANQ ENQ HETO VJARUM
Կարո
Ոնց էլ դեմքերից զգացվում ա ով ով ա
Հովնան
Arsen, Յունիբանկից էլ սպասեք, այլ բանկերից էլ: Ազգային նկարագրով միակ ռեստորանից ինչ են ուզում: Որևէ մեկը չի էլ կասկածում, որ Մանվել Տեր-Առաքելյանը ճիշտ է ասում, իսկ ահա Աթայանի վարքագիծը խիստ կասկածելի է, եթե չասեմ բացահայտ լկտի: Գնացեք ձեր մակարդակի ռեստորաններին կթեք, իրար մեջ առուտուր արեք, տվեք սրան-նրան, Իսկ Հին Էրիվանից կեղտոտ ձեռքներդ հեռու պահեք: Որպեսզի կասկածներ չառաջանան Հին Էրիվանի հետ իմ հարաբերությունների մասին, ասեմ` վերջին անգամ այնտեղ եղել եմ երեք տարի առաջ: Նախկինում, ավելի հաճախ էի լինում, հյուրեր տանում ու չէի ամաչում, որովհետև այստեղ հայերեն են խոսում, եփում, երգում ու նվագում, ի տարբերություն զանազան փարվանաների և նմանատիպ այլ գոմերի, որտեղ հնչող երաժշտությունը կամ ամենացածր մակարդակի վրա է կամ` մտավոր հետամնաց թաթուլների, սպիտակցի հայկոների, արտաշների, արմենչիկների (էսքանին հիշեցի) մակարդակի կիսաանասնական ոռնոցներ, կարծես Հ2 ալիքը ընկած լինես: Հետաքրքիր է, որ իշխանություններն արդեն անցնում են ռեստորանային բիզնեսի բոստանը, ինչպես գայլերն են իջնում գյուղերը` սարերում կերի պակասի պատճառով: Եվ բնականաբար սկսում են ազգային նկարագրի տեր ռեստորանից և ազգային նկարագրի տեր գործարարից: Լավ էլի, մի քիչ մարդ եղեք:
Arsen
Es Yunibankic nman ban chei spasum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter