HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տաքսի ծառայության ապահովագրված մեքենայի գումարը ստացել են, իսկ տուժողը դատարանում է

Աշոտ Այվազյանը դատի է տվել «Ավեո» տաքսի ծառայությանը, բայց ավելի քան 2 տարի է` չի կարողանում ստանալ կրած վնասի փոխհատուցումը: «Ինձ մոտ պարտավորություն կա, որ տաքսի ծառայության սեփականատերը պարտավորվում է, թե գումարը կվճարեմ: Հիմա էլ ասում են` մենք մեղավոր չենք. վարորդն է կարմիր լույսի տակով անցել»,- դժգոհում է Այվազյանը:

«Նման բան չի եղել, որ ես պարտավորվեմ վճարել,- զարմանում է «Ավեո» տաքսի ծառայության սեփականատեր Համլետ Պոդոսյանը եւ խոսքն ուղղելով Այվազյանի հասցեին` ավելացնում,- ասա` տվել ես դատարան, թող դատարանն ինքը հարցը լուծի: Ես եմ մեղավոր, ես կմուծեմ, դատարանը ոնց կորոշի, այնպես էլ կանեմ»:

2008 թ. հուլիսի 26-ին «Ավեո» տաքսի ծառայության կողմից շահագործվող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկ եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է Աշոտ Այվազյանի վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության փորձագիտական վարչությունը եզրակացություն է տվել, ըստ որի` տաքսու վարորդը` Ռուբեն Հովհաննիսյանը, խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները` ժամանակին չի արգելակել, որով եւ պայմանավորվել է վթարը: Հաստատվել է նաեւ, որ «Mercedes»-ի վարորդ Այվազյանին պատճառվել է 2 մլն 412 հազար դրամի նյութական վնաս:

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Անահիտ Հակոբյանի սեփականությունն է, եւ այն, իբրեւ տաքսի, վարել է հենց վերջինիս որդին` Ռուբեն Հովհաննիսյանը: Այվազյանն էլ իրեն պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով դատի է տվել մեքենայի եւ տաքսի ծառայության սեփականատերերին` Անահիտ Հոկոբյանին եւ Համլետ Պոդոսյանին: «Արդեն դիմել էի դատարան: Համլետ Պոդոսյանը մի քանի անգամ եկավ ինձ մոտ, թե` բարիշենք, ասացի` գոնե 5000 դոլար տուր` մոտ 2 մլն դրամ: Նույնիսկ համաձայնվեցի, որ գումարը քիչ-քիչ վճարի, միայն ասացի, որպեսզի չխաբվեմ, հայցս հետ չեմ վերցնի, թող գումարի վերադարձման ժամանակացույցը դատարանը սահմանի: Բայց ինքը չհամաձայնվեց, ասում էր` չէ, հայցդ հետ վերցրու»,- հիշում է Աշոտ Այվազյանը:

2008-ի հոկտեմբերին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է «Ավեո» տաքսի ծառայությունից եւ Անահիտ Հոկոբյանից հօգուտ Այվազյանի համապարտության կարգով բռնագանձել 2 մլն 412 հազար դրամ: Պատասխանողներն այս դատավարությանը չեն մասնակցել, չնայած, ինչպես դատավոր Ա. Կուբանյանն է արձանագրել` պատշաճ կարգով ծանուցվել են դրա անցկացման ժամանակի եւ վայրի մասին: Սակայն վերաքննիչ դատարանը, հանգելով հակառակ հետեւության, վճիռը բեկանել է` առանց Անահիտ Հակոբյանի եւ Համլետ Պոդոսյանի գործը լսելու համար: Այժմ գործը կրկին լսվում է Շենգավիթի դատարանում, բայց արդեն Ն. Հովսեփյանի նախագահությամբ:

«Հիմա էլ ասում են, որ իբր «Chevrolet»-ը կարմիր լույսի տակով չի անցել. արդեն կասկածի տակ են դնում լուսացույցի դեղին լույսի առկայությունը: Ստիպված սպասում ենք ոստիկանության պատասխանին, թե այդ օրը տվյալ լուսացույցի դեղին լույսի տեւողությունը քանի վայրկյան է տեւել: Չգիտեմ` մինչեւ երբ պետք է դատավարությունն այսպես ձգձգեն»,- դժգոհում է Աշոտ Այվազյանը:

«Ես կարմիրի տակ չեմ անցել. լուսացույցը կանաչ էր, նոր մտել եմ: Լուսացույցն առանց դեղինի միանգամից փոխել է կարմիր,- ասում է «Chevrolet»-ի վարորդ Ռուբեն Հովհաննիսյանը,- ուղղակի այսօրվա դրությամբ մեր պետությունն այնպիսի պետություն է, որ եթե մարդ ունես, կարաս ամեն ինչ ջարդես դիմացինի գլխին: Քանի որ Աշոտ Այվազյանի որդին պաշտոնյա է` այն ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի (այժմ արտակարգ իրավիճակների նախարարն է) խորհրդատուն, բոլոր հարցերն էլ իրենց ուզածով լուծվեցին: Ինձ թվում է, որ ոչ մի փորձագետ էլ իրա գործից ձեռք չէր քաշել, որ իմ օգտին որոշում կայացներ: Դրա համար էլ ես սխալ դարձա, ինքը` ճիշտ»:

«Տղաս Երիցյանի խորհրդականը չէ, ուղղակի նրա հետ է աշխատում: Բայց դա ընդհանրապես ոչ մի կապ չունի»,- ասում է Աշոտ Այվազյանը եւ հիշեցնում, որ դատավարության ընթացքում պատասխանողների պահանջով նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որը վերջիններիս պահանջով իրականացրել է Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը:

«Եզրակացությունը նորից նույնն է` մեղավորը «Chevrolet»-ի վարորդն է»,- ընդգծում է Այվազյանը: Նա մանրամասնում է, որ հիշյալ «Chevrolet»-ն ապահովագրված է եղել: «Ավեո» տաքսի ծառայության սեփականատեր Համլետ Պոդոսյանը մեքենայի սեփականատիրոջը` Անահիտ Հակոբյանին համոզել է, ապահովագրության գումարը վերցրել, բայց այդպես էլ իրեն չի փոխանցել: «Այդ կնոջը տանում են բանկ, ստորագրում է, փողը դնում են իրենց գրպանը, ու վերջ: Հիմա տաքսի սերվիսի տերն ասում է` թող գոնե գումարի կեսը վարորդը տա, կեսն էլ` մենք: Վարորդն էլ` Ռուբենը, ասում է` ինձ խաբել են, ապահովագրության գումարը պետք է բերեին տային քեզ, չեն տվել: Բայց ես ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ»,- հարցնում է Աշոտ Այվազյանը:

«Դա Աշոտ Այվազյանի ի՞նչ գործն է, թե մեքենան ապահովագրվա՞ծ էր, գումարն ո՞վ է ստացել: Ես էլի եմ ասում` իրա գումարը դատարանը ոնց կորոշի, այնպես էլ կլինի»,- ասում է Համլետ Պոդոսյանը: «Chevrolet»-ի վարորդն էլ նշում է, թե առայժմ սպասում է հիշյալ գործով վճռին, որից հետո միայն կորոշի իր հետագա անելիքը:

«Ուղղակի հետաքրքրվել եմ, եթե ես ինչ-որ տեղ դիմեմ, արդեն քրեական գործ է բացվում եւ ուրիշ հարցեր են դուրս գալիս ջրի երես,- ասում է Ռուբեն Հովհաննիսյանը:- Հիմա ոնց որ քո անունով բանկում փող լինի, ես գնամ ստանամ: Կարա՞մ ստանամ: Թե կոնկրետ ո՞վ է ստացել, չգիտեմ, ինձ համար մեկ է: Իսկ ապահովագրական ընկերությունը դեռ 2009-ի օգոստոսին գումարը վճարել է»:

Ռ. Հովհաննիսյանը ոչ բանկի անունն է նշում, ոչ էլ ապահովագրական ընկերության: Միայն շեշտում է, որ իր մայրը «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան «Ավեո» տաքսի ծառայությանը տվել է վարձակալության պայմանագրով, որի կետերից մեկը հստակ սահմանում է` «3-րդ անձի տուժելու դեպքում մեքենայի սեփականատերը պատասխանատվություն չի կրում»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter