HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչու սփյուռքահայ Կապրիելյանը Հայաստան չի վերադառնում

«Արցախբանկի» խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանի «գործունեությունը» հայտնվել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում անցյալ տարեվերջին հարուցվել է քրեական գործ` «Առանձնապես խոշոր չափերի խարդախության» հատկանիշներով: Սակայն որեւէ մեկին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ` թերեւս այն պատճառով, որ Հրաչ Կապրիելյանը Հայաստանում չէ:

Թե Հայաստանում, թե Արցախում սփյուռքահայ Կապրիելյանը խոստացել եւ պարտավորվել է կատարել խոշոր ներդրումներ, բայց տարիներ շարունակ ոչինչ  չի արել: Իբրեւ ցցուն օրինակ` կարելի է մատնանշել հենց «Արարատ» ակումբի Ձորաղբյուրի մարզաբազան, որտեղ, ըստ պարտավորությունների, պետք է ներդրվեր մի քանի միլիոն դոլար, եւ որը դեռ տարիներ առաջ պետք է որ միջազգային չափանիշներին համապատասխանող հիանալի մարզական կառույց լիներ:

«Հետքի» տեղեկություններով` ՀՀ իրավապահները Կապրիելյանի գործունեությամբ սկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ նրա ընկերություններից մեկում` «Իտարկո Քոնսթրաքշն»-ում, հայտնի են դարձել աուդիտի արդյունքները:

Սփյուռքահայ Կապրիելյանի գործունեության ոլորտը բավական ընդգրկուն է. նա բաժնետոմսեր ունի մի շարք ընկերություններում` սկսած ոսկերչականից, վերջացրած շինարարականով: Հիշյալ աուդիտի արդյունքում պարզվել է, որ Կապրիելյանին պատկանող ընկերություններում գումարները շրջանառվելով բոլորովին այլ տեսք ու անվանում են ստանում. պետությանը ներկայացվում են իբրեւ ներդրում, սակայն իրականում «պարտքով փողի» ֆունկցիա են կատարում:

Ասենք` ոսկերչական ընկերությունը, շինարարական աշխատանքներ պատվիրելով «Իտարկո Քոնսթրաքշն»-ին, փոխանցում է 1 մլն ԱՄՆ դոլար, որը, սակայն, այստեղ ձեւակերպվում է որպես Կապրիելյանի անունից կատարված ներդրում: Հետո այդ ներդրումը, այլ կերպ ասած` պարտքը, փոխառությունը, վերադարձվում են նույն ոսկերչականին` պատվիրված շինարարության համար: Արդյունքում ձեռնունայն ու խաբված է մնում պետությունը:

Այս ամենը բացահայտող աուդիտը «Իտարկո Քոնստրաքշն» ՓԲԸ-ում սկսվել է բաժնետերերից մեկի` Նարինե Նալբանդյանի պահանջով: Վերջինիս ամուսինը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է, որը մինչեւ 2004 թ. հուլիսը եղել է «Իտարկո Քոնսթրաքշն»-ի գլխավոր տնօրենը: Դրանից մեկ տարի անց Արագած Ախոյանը շատ տարօրինակ կերպով ընկերությունում ունեցած իր 20 տոկոս բաժնետոմսերը նվիրել է Հրաչ-Ներսես Կապրիելյանին:

Ախոյանի կինն էլ, հետագայում պատճառաբանելով, որ այդ 20 տոկոսն իրենց համատեղ սեփականությունն էր, եւ ամուսինն իրավունք չուներ, առանց իր համաձայնության, նվիրել որեւէ մեկին, դատարանով վերադարձրել է այն:

Տարիներ շարունակ կողմերի` իրար դեմ ներկայացվող հայցերով մեր եռաստիճան դատական համակարգում ընթացել են դատավարություններ: Դրանցում ներգրավվել են նաեւ պատգամավոր Ախոյանի հարազատ եղբայրն ու վերջինիս կինը: Գործի այս դրվագը եւս տարբեր փուլեր անցնելուց հետո հանգրվանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բայց անցյալ տարվա դեկտեմբերին դատավոր Սարիբեկ Արամյանը գործի վարույթը կասեցրել է` «մինչեւ Հրաչ Կապրիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործին վերջնական լուծում տալը»:

շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter