HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քաշաթաղի պատմության նո՞ր էջ

Մարտի 28-30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կենտրոնում` Բերձորում, կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովը նախաձեռնել էր «Թուֆենկյան» հիմնադրամը ԼՂՀ կառավարության հետ համատեղ:

Նպատակն էր հայության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել այս տարածքում առկա խնդիրներին եւ միջոցներ հավաքագրել զանազան ծրագրեր իրականացնելու համար: 

Խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանից եւ սփյուռքից եկած տասնյակ կազմակերպությունների, կուսակցությունների, ինչպես նաեւ` Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ եւ անհատներ: Մարտի 28-ին խորհրդաժողովի բացմանը ներկա էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Խորհրդաժողովի բացման խոսքում «Թուֆենկյան» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանը նշեց.

«Այս խորհրդաժողովն ունի երկու հիմնական նպատակ. առաջինը` արթնացնել մեր ժողովուրդը եւ՛ Հայաստանի մեջ, եւ՛ Ղարաբաղի մեջ, որ գիտակցի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի գերկարեւորությունը, եւ որ իմանա` այս շրջանը ոչ միայն կապող շրջան է Հայաստանի եւ Ղարաբաղի, այլ այն շրջանն է, որ հիմնաքարերից է մեր ազգային անվտանգության: Իսկ երկրորդ նպատակն այն է, որ կուզենք մեր ժողովրդին ծանոթացնել շրջանին, իր ներկա իրավիճակին, ժողովրդի ապրելակերպին, հաջողություններին եւ իր տառապանքներին, որպեսզի մարդիկ, գիտակցելով դժվար պայմանները, կարենան զանազան ծրագրեր հանձն առնեն, որպեսզի այս շրջանը շարժվի դեպի առաջ` դեպի զարգացում, դեպի վերաբնակեցում եւ դեպի բարգավաճում»:

Այնուհետեւ մասնակիցներին ողջունեց «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թուֆենկյանը.

«Բարի գալուստ Քաշաթաղի մայրաքաղաք Բերձոր: Երբ ես գալիս եմ Քաշաթաղ, ես ինձ վատ եմ զգում` ունենալով քաղաքային հագուստ: Դա բնական չի ինձ համար: Ես ուզում եմ կովբոյի կոշիկներ հագնել, կովբոյի գլխարկ դնել եւ կովբոյի պես ինձ պահել: Ինչ-որ մարդկանց Քաշաթաղը ներկայացնում է Ամերիկայի վայրի արեւմուտքը: Ամերիկայում դա ռոմանտիկ կոնցեպցիա է: Դա մի տարածք է, որտեղ մարդիկ գալիս են երազանքներուվ եւ իրականացնում իրենց երազանքըգ

Ինչու՞ ենք մենք անում այս աշխատանքը: Եկեք ասենք, որ այս հաստ գիրքն (նա ցույց է տալիս ձեռքի գիրքը) իր մեջ պարունակում է Ղարաբաղի պատերազմի պատմությունը: Սա հազարավոր հայերի պատմությունն է, որոնք մասնակցել են պատերազմին: Սա պատմությունն է իրենց ընտանիքների, ընկերների, բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս պատերազմին: Եւ այդ պատմությունը չի կարող տեղավորվել միայն մեկ գրքի մեջ: Եւ այս դեպքում ես գիտեմ, որ ձեզանից շատերը հիշատակված են: Ոմանք հիշատակված են մեկ նախադասությամբ, ոմանք` մեկ պարբերությամբ, իսկ որոշներն ունեն մի ամբողջ էջ կամ գլուխ: Ես պետք է ասեմ, որ իմ անունն այստեղ չկա գրած: Ամենամեծ բանը, որ եղել է այս կոնֆլիկտի արդյունքում, Քաշաթաղի ազատագրումն է: Իսկ իմ դեպքում ես ունեմ դատարկ էջ: Եւ որոշ չափով այս դատարկ էջն այս 15 տարիներին Քաշաթաղը զարգացնելն էր:

Իսկ հիմա ինչու՞ է դա հնարավոր: Երբ Բակո Սահակյանը դարձավ նախագահ, ասաց, որ Քաշաթաղի զարգացումն իր առաջնահերթություններից մեկն է: Եվ ահա մենք այստեղ ենք, որպեսզի կառավարության, կազմակերպությունների, անհատների հետ խոսենք դրա մասին եւ որպեսզի ինչքան հնարավոր է շուտ անցնենք գործի, մշակենք ծրագիր եւ կատարենք: Թույլ տվեք ասել, թե դա ինչու է կարեւոր, որ մենք բոլորս այստեղ ենք: Եւ կարեւոր է նշել, թե ո՞վ է այստեղ եւ ո՞վ այստեղ չէ: Սկսենք նրանից, թե ով այստեղ չէ: ԵԱՀԿ-ն այստեղ չէ, ԱՄՆ կառավարությունն այստեղ չէ, ՄԱԿ-ն այստեղ չէ, բացի Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարություններից` այլ կառավարությունների ներկայացուցիչներ այստեղ չկան: Սրանք այն մարդիկ են, ովքեր հոգ չեն տանում Ղարաբաղի եւ նրա անվտանգության մասին: Իսկ ովքե՞ր են այստեղ: Հայեր են եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ղարաբաղի կառավարությունն է այստեղ: Ես երեւի կավելացնեմ` եթե Քաշաթաղը պիտի զարգանա, պիտի զարգանա Ձեր շնորհիվ:

Ասեմ, թե ինչու եմ ես այստեղ, եւ ինչու է «Թուֆենկյան» հիմնադրամը կատարում այս աշխատանքը: Ես դա միայն մեկ բառով կարող եմ ասել` երախտագիտություն: Ես երախտապարտ եմ այն զրկանքների եւ դժվարությունների համար, որ հայ ժողովուրդը կրել է այս տարածքը ազատագրելու համար: Ես չեմ մասնակցել պատերազմին: Ես իմ հարմարավետ կյանքն եմ վայելում Նյու-Յորքում` շրջապատված խաղաղությամբ եւ բարեկեցությամբ: Ես մտածում էի պատերազմի մասին, ես աղոթել եմ պատերազմի համար: Ես արել եմ ինչ-որ փոքր բաներ: Շնորհակալ եմ մարդկանց, ովքեր տարել են այդ զրկանքները: Սակայն, այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, «շնորհակալություն» ասելով չի ավարտվում: Ես, ցավոք, չեմ կարող հետ գնալ եւ պատերազմին մասնակցել: Ես կարող եմ միայն իմ մասնակցությունը բերել, որպեսզի Քաշաթաղը զարգանա»,- նշեց Ջեյմս Թուֆենկյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով «Թուֆենկյան» հիմնադրամին` նշեց, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: «Քաշաթաղի շրջանն ամբողջ հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունեցող միավոր է: Եւ պատահական չէ, որ մեր հակառակորդը մոտ 70 տարիների ընթացքում այս տարածքը դարձրել է սեպ Հայաստանի եւ Արցախի միջեւ: 1992 թ. մայիսից կտրականապես փոխվել է շրջանի դերը, եւ այն դարձել է իրոք կյանքի ճանապարհ արցախցիների համար: Այսօր Քաշաթաղը, Շահումյանի շրջանի հետ մեկտեղ, հանդիսանում է Արցախը Մայր Հայաստանին կապող հիմնական օղակը: Գիտակցելով Քաշաթաղի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կարերությունը` մենք բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին:

Ամենացավոտ հարցը, որ առկա է այստեղ, ժողովրդագրական հարցն է: Սա հետեւանք է տարբեր հիմնախնդիրների, որ ունենք մենք այստեղ: Դրանք ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ: Պատերազմի հետեւանքները, սոցիալական եւ տնտեսական խնդիրները, կառավարման ոլորտում տեղ գտած բացասական երեւույթները, վերաբնակեցման քաղաքականության ոչ ճիշտ իրականացումը խոչընդոտում էին շրջանի վերականգնման գործին: Այդ կապակցությամբ կառավարության կողմից արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկել»,- իր ելույթում ասաց ԼՂՀ նախագահը:
Այնուհետեւ նախագահը նշեց, թե տնտեսության զարգացման ինչ հեռանկարներ կան շրջանում` ներդրումների համար:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Ամերիկայի հայկական համագումարը, Հայ օգնության ֆոնդը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, Համազգային կրթամշակութային միությունը, Կիլիկիո Առաջնորդարանը, Հայ ավետարանչական ընկերակցությունը, Պրովանս Արմենի, Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Կանադայի հայ համայնքների ներկայացուցիչներ, «Հայաստան», «Ագապե», «Ararat-Heritage Trust» (Միացյալ թագավորություն) եւ Հայ կրթական հիմնադրամները, Հայկական տեխնոլոգիական խումբը, «Armenia Tree Project»-ը, «Հայրենիք» միությունը, «Ձեռք-ձեռքի» կազմակերպությունը, Իզմիրլյան հիմնադրամը, «Նաջարյան» հիմնադրամը: Ներկա էին նաեւ «Վարդանանց Ասպետներ», «Թուրփանջյան», «Գուրգեն Մելիքյան», «Շեն» հիմնադրամների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովին մասնակցում էին նաեւ ՀՅԴ, «Ժառանգություն», ԱԺՄ, «Ազգային միաբանություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներ:

Թե ինչպիսի՞ արձագանքներ կունենա այս խորհրդաժողովը, առայժմ դժվար է ասել: Սակայն, շրջելով Բերձորի քանդված փողոցներով, տեսնելով վթարված ջրագծերը, զրուցելով բերձորցիների հետ` դժվար է ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում էական փոփոխություններ են եղել այստեղ:

Ես ուզում եմ մեջբերել օտարերկրյա մի դիվանագետի խոսքերը, որոնք հնչել են մեր ոչ հրապարակային զրույցի ժամանակ. «Աշխարհը պետք է զգա, որ հայերն այդ հողերի կարիքն ունեն, որ այդ հողերը հայերի համար կենսական նշանակություն ունեն: Շրջելով այդ տարածքներում` միանգամայն հակառակ տպավորությունն ես ստանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter