HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պետությունը արդարության պահպանումը վստահել է դրամական օգնության պահանջ ներկայացնող քաղաքացուն

Նպաստների համակարգում կոռուպցիոն ռիսկը բարձր է

Համաձայն ՀՀ Կառավարության 2000 թ. հուլիսի 3-ի «ՀՀ աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգի մասին» թիվ 350 որոշմամբ հաստատված հավելվածի` մի շարք նախարարություններ ու գերատեսչություններ, այդ թվում նաեւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է տեղեկատվություն տրամադրեին քաղաքացիների անշարժ գույք ձեռքբերելու վերաբերյալ, սակայն մինչ օրս այդ տեղեկատվությունը չի տրամադրվում:

Ըստ էության, երբ Կառավարության սահմանած ստուգման այս մեխանիզմը չի գործել, տարիներ շարունակ սոցիալական նպաստների համակարգը գործել է` ապավինելով քաղաքացիների ազնվությանն ու սոցիալական ծառայությունների աշխատակիցների բարեխղճությանը: 12_10-s_beglaryan«Ընտրել եմ համայնքապետին` գնամ թուղթ բերեմ, որ ես կոկորդիլոս եմ` կտա: Միայնակ մայրերը մեզ «կերել» են: Տեղեկանք է բերում եւ ամուսնուն գրում է բացակա, իսկ նա Երեւանում աշխատում է: Գնում ես տուն, ասում ես` բա սա ո՞վ է: Ասում է` սիրեկանս է: Մեկի եկամուտները Երեւանում մուտք են անում` 300 հազար դրամ է կազմում, բայց այստեղից նպաստ է ստանում: Այստեղ մարդկանց ճանաչելով զտում ենք, բայց եթե նման դադարեցումների դեպքում դատարան դիմողներ լինեն` կարող են նաեւ արդյունքի հասնել»,- ասում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը: 12_10-h_gishyan

Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Գիշյանը, ով 1996 թ.-ից աշխատում է այս համակարգում, ասում է, որ յուրաքանչյուր տեսուչ իր սպասարկման տարածքներն արդեն ճանաչում է: «Տարիներ շարունակ այդ ընտանիքներին ճանաչելով` բավականին տեղեկացված ենք: Բացի այդ, արդեն համայնքների տեսանելի վայրերում ցուցակները փակցնում ենք, եւ եթե ամեն ամսվա փակցնելու արդյունքում նպաստի համակարգում ընդգրկվածների վերաբերյալ բողոքներ չեն լինում, մտածում ենք, որ հասցեականությունը բավականաչափ բարձր է»,- ասում է նա: Նոյեմբերյանի տարածաշրջանում նպաստառուների համակարգում գերակշռում են զոհվածների ընտանիքները: «Զոհվածի ընտանիք գիտեմ, որ 2 տաքսի ծառայություն ունի, ռեստորան եւ այլն, բայց իր ներկայացրած տվյալներով միավորները բավարարում են 10 հազար դրամ ստանալու համար եւ ասում է` ինձ հասնում է, պետք է ստանամ: Դա հիվանդություն է»,- մարդկանց հոգեբանությունն ու մտածելակերպը եւ այդ իրավիճակում իրենց` սոցիալական ծառայության աշխատողների համար ստեղծված դժվարին կացությունն է նկարագրում սոցծառայության պետը: Ս. Բեգլարյանի կարծիքով` համակարգը խոցելի է: Նրա համոզմամբ` քանի դեռ համայնքապետերն ընտրովի են եւ կախյալ իրենց համայնքների բնակիչներից, հավանականությունը մեծ չէ, որ կարող է ազնիվ լինել: Տեղեկանքներ տրամադրելիս համայնքապետը թաքցնում է նրա ունեցած անասնագլխաքանակը, այլ ունեցվածքը: Տեսուչը մուտքագրում է քաղաքացու ներկայացրած տվյալները, հետո տնային այց է կատարում, տեսնում է` գրված է 2 կով, բայց գոմում 4-ն է կապված, ասում է` ուրիշի է: Ներկայացնում են աշխատավարձի չափ, որի նվազագույնը 30.000 դրամն է, բայց համոզված են, որ տվյալ աշխատանքի դիմաց նա կրկնակի է վարձատրվում: «Սա դեռ լավ է, որ այդքանն է ներկայացնում, իսկ ֆայլաբազարի հետ ի՞նչ անենք, որ գաջ ու մանրահատակ են անում եւ նման հազար ու մի թանկ վճարվող աշխատանք, որը ոչ մի տեղ չի վերահսկվում: Մարդ էլ կա, որ ազնվորեն ասում է` 20 օր մանրահատակ եմ խփել, բայց ինձ ասեք, թե ինչպես պետք է օրինականացնեմ: Այսինքն` հարկային տեսչությունը պետք է աշխատի, կա Կառավարության որոշում, որ եթե 3 օր աշխատում են` պետք է պայմանագիր կնքվի: Ս. Բեգլարյանի ասելով` նպաստառուների հարցում կողմնորոշվելու համար նաեւ ոչ շատ հաճելի, բայց իրենց համար օգտակար բազայից են օգտվում: «Շրջապատը մեզ հուշում է: Նպաստառուների ցուցակները փակցված մնում են մեկ ամիս: Մեր հետ կապված դիմում-բողոքները գնում են նախարարություն եւ արդյունքում չի եղել այնպես, որ մենք մեղավոր լինենք»,- շեշտում է Ս. Բեգլարյանը:

 

«Տեսուչի սուբյեկտիվիզմը մեծ է» 19_10-v_baghdasaryan

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողության սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վ. Բաղդասարյանը հակված չէ «սրբացնելու» տեսուչներին, նա այլ բացատրություն է տալիս. «Մենք քաղաքացուն վստահում ենք, նա դիմում-հայտարարագիր է լրացնում եւ գրում է, որ ինքը պատասխանատվություն է կրում դրա համար: Տեսուչի մակարդակով խախտումներ հայտնաբերելը շատ դժվար է, նա տնային այց է կատարում, ինչ-որ բան նկատում է, աչք է փակում ու ընդգրկում նպաստառուների ցանկում»: Նպաստների համակարգում ընդգրկելու մեխանիզը հետեւյալն է` քաղաքացու հայտարարագրելուց հետո տեսուչը պետք է տնային այցելություններ կատարի, քանի որ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը երբեմն կարող են չհամապատասխանել իրականությանը: «Մեր պաշտոնյա անձնագրով պարտավոր ենք ստուգել, բայց ինչպե՞ս, ե՞րբ: Մի տուն այցելելու համար 50 կմ ճանապարհ պետք է գնալ, տրանսպորտ չկա, գործուղումը մինչեւ 30 կմ տարածքի վրա չի փոխհատուցվում: Այս հիմնարկությունը չունի ավտոմենքենա, տեսուչն իր անձնական մեքենայով է գնում գյուղերը, մեքենայի ծախսերն էլ չեն տալիս: Հիմա հանձնարարված է կրկնակի այցելություններ կատարել: Տանը չեն, ստիպված նորից պետք է գնա, ինչպե՞ս գ »,- հարցնում է Ս. Բեգլարյանը: Վ. Բաղդասարյանը նույնպես այն կարծիքին է, որ սոցիալական ծառայությունների աշխատողների աշխատանքային ոչ բավարար պայմանները կոռուպցիոն մեծ ռիսկ են պարունակում: Վերջինիս կարծիքով` տեսուչների սուբյեկտիվիզմը մեծ է եւ դրան նպաստում են նաեւ նրանց աշխատանքային անբավարար պայմաններն ու ցածր աշխատավարձը: «Նրանք քաղծառայողներ են եւ վարձատրվում են որպես քաղծառայողներ, զուգահեռներն ինքներդ տարեք: Աշխատանքային պայմաններն անբավարար են, իրենց տրանսպորտային միջոցներով են աշխատում եւ, բնականաբար, այստեղ կոռուպցիան շատ ավելի հմտացած տարբերակներով է գործում` քողարկված, օրենքի տառը պահպանելով: Օրենքից դուրս դա չեն անում»,- ասում է նա: Պրն Բաղդասարյանը միաժամանակ նշում է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներին պետության եւ իրավապահ մարմինների ուշադրությունը սեւեռելը հանգեցրեց նրան, որ եթե նախկինում խախտումների 70%-ը քաղաքացին էր կատարում, իսկ 30%-ը` տեսուչները, ապա ներկայումս 99,99%-ի դեպքում մեղավորը քաղաքացին է: «Տեսուչն արդեն այնքան է հմտացել, որ սխալներ թույլ չի տալիս: Սա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է, պարզապես տեխնոլոգիաներն են փոխվել: Եթե տեսուչն առաջ կարող էր սխալ տվյալ մուտքագրել համակարգիչ, որը պետք է անապահովության միավորը որոշեր, ապա հիմա մուտքագրում է այն, ինչ ներկայացվում է, սակայն նա կարող է քաղաքացուն շատ հանգիստ դրդել եւ ասել` բեր ինձ այս տեղեկանքը` լավ իմանալով, որ այդ տեղեկանքները կեղծ են: Եթե խախտում հայտնաբերվի, իսկ տեղեկատվական բազաների միջոցով հազարավոր խախտումներ են հայտնաբերվում, ապա քաղաքացին վերականգնում է այդ գումարը»,- ասում է վարչության պետը: Զտման մի տարբերակն էլ, վարչության պետի ասելով, սոցիալական քարտերն են, մյուսը` տեղեկատվական բազաների համադրումը: Կառավարության 2000 թ. հուլիսի 3-ի որոշումով Սոցապնախարարությանը տեղեկատվություն պետք է տրամադրվեր քաղաքացիների մահերի, ծնունդների, ամուսնությունների, ամուսնալուծությունների, անշարժ գույք, ավտոմեքենա ձեռք բերողների անունները, էլեկտրաէներգիայի ու գազի անհատ բաժանորդների սպառման ամսական չափը, կենսաթոշակների մասին տվյալները, ՀՀ պետական եկամուտների նախարարությունից` մաքսային մուծումները, տրանսպորտի եւ կապի նախարարությունից` միջքաղաքային խոսակցությունները, Կադաստրից` անշարժ գույքի գործարք իրականացնողների տվյալները, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պետռեգիստրից` գրանցված կազմակերպության անվանումը եւ այլն: Ներկայացված տվյալների համադրումը պետք է որ բացառեր անարդարությունը նպաստների համակարգում, բայց...: Այդպես էլ տվյալների համադրման համապետական ցանց չի ստեղծվել, որը սոցիալական ծառայության աշխատակցին թույլ կտար նպաստ ստանալու համար հաշվառվող քաղաքացու անձնական տվյալները ստուգել տեղում եւ որոշել` հաշվառե՞լ նրան համակարգում, թե` ոչ: Չնայած վերահսկողության վարչության պետը հավաստիացնում է, թե նպաստ ստանում է ոչ թե բարվոք վիճակում գտնվող ընտանիքը, այլ անապահովության շեմից ցածր գտնվողը, սակայն բացահայտված բազմաթիվ դեպքերը վկայում են, որ սոցիալական անապահովության նպաստը հասանելի է նաեւ «բարվոք վիճակում գտնվող ընտանիքին», ինչպես ստորեւ ներկայացվող օրինակներում` - Սեւանի ՍՏԾԳ-ում հայտնաբերվել է, որ նպաստառու Վիգեն Հարությունյանը 2007 թ. մայիսին ձեռք է բերել եւ պետավտոտեսչությունում գրանցել է «ՋԻՓ» ավտոմեքենա, սակայն այդ մասին գործակալությանը չի հայտնել: Սոցիալական ծառայությանը այդ մասին հայտնի է դարձել միայն երկու ամիս հետո, եւ ետ է գանձվել միայն երկու ամսվա գումարը: - Գյումրի քաղաքի բնակիչ Ժան Մովսիսյանը 2006 թ. ձեռք է բերել ԿԱՎԶ-685 մակնիշի ավտոբուս եւ այդ ընթացքում` 286 հազար դրամ նպաստ, դեպքը բացահայտվել է 2008 թ., իսկ մինչ այդ նա երկու տարի նպաստ է ստացել: Վ. Բաղդասարյանին հիշեցրինք, որ տվյալ որոշումը Կառավարությունն ընդունել է 2000 թ., սակայն դա չի խանգարել, որ, օրինակ, Մուշեղ Ջանվելյանի դեպքում նա մինչեւ 2007 թ. նպաստ ստանա եւ համակարգում տեղեկացված չլինեն նրա անունով այդ տարիներին Կադաստրում մի քանի անշարժ գույք գրանցվելու մասին: Վերջինիս ասելով` հիմա խիստ կանոնակարգված է համադրում կատարելը. օրերի ընթացքում նախարարությունները եւ գերատեսչությունները պետք է տեղեկություններ ներկայացնեն, ուշացումներ լինում են, բայց` քիչ: «Այս ոլորտը հիմա խիստ հսկողության տակ է, եւ տասնյակ կազմակերություններ, իրավապահներ մշտական հոսկողության տակ են պահում: Նախարարությունը բավականին լուրջ աշխատանք կատարեց այդ ուղղությամբ «Նորք» տեղեկատվական կենտրոնի միջոցով: Արդարության էլեմենտը բավականին հաջող է պահպանվում»,- շեշտեց նա: Վ. Բաղդասարյանի ասելով` «բաց տեղը մնում են ՏԻՄ-երը»: «Գյուղերում անասնագլխաքանակն է խաղարկվում, հավի գլխաքանակը չեն հաշվում ծառայությունում եւ այլն, բայց հեռախոսային վճարները, հոսանքի, գազի գումարը եւ այլն, ստուգվում են»,- ասաց նա: Ինչպես տեղեկացանք Սոցապնախարարությունից, առ այսօր «Բիլայն»-ը եւ «Վիվասել»-ը հեռախոսավճարի տվյալները չեն տրամադրում: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ քաղաքացին իր անունով չի գրանցում անշարժ գույքը եւ իրավական առումով պաշտպանված է պետությանը դրամական օգնության պահանջ ներկայացնելիս: «Մենք փորձում ենք այդ օղակներն անընդհատ սեղմել: Տեղեկատվական բազան համալիր է` կենսաթոշակային, կադաստր, ռեգիստր, աշխատանքի տեսչություն եւ այլն, այս բոլորից հո՞ չի կարող միշտ խուսափել, ինչ-որ տեղից կծագի այդ հարցը»,- պատասխանեց վարչության պետը` միաժամանակ խոստովանելով, որ միշտ էլ կարելի է շրջանցելու տարբերակներ գտնել: Վարչության պետը վստահեցնում է, որ զանգվածային ստուգումներն արդյունք տվեցին: «Այս գործընթացի արդյունքում համայնքապետերը ձգվեցին, մեր ահազանգից հետո փաստաթղթերը կարգի են բերում, հիմա ծխամատյաններ են պահում»: Սոցիալական ծառայության որոշ աշխատակիցներ` ծառայության պետեր, տեսուչներ, ազատվել են աշխատանքից: Ոմանք քրեական պատասխանատվության ենթարկվեցին, ինչպես, օրինակ, Բերդի, Գյումրիի, Արմավիրի սոցիալական ծառայության պետերը, բազմաթիվ քաղաքացիներ դատական պատասխանատվության ենթարկվեցին խարդախության եւ խաբեությամբ զգալի չափի գումար հափշտակելու մեղադրանքով: Վարչության պետի ասելով` երբ շատ քաղաքացիների գործերը հանձնվեցին դատախազություն եւ նրանց հրավիրեցին զրույցի, դա արդեն բավարար էր, որ քաղաքացիները կամովին գումարները վերականգնեն: Մարզերի աջակցության խորհուրդները շատերի գումարը զրոյացրին, մի մասն էլ դատական կարգով վերականգնվեց կամ անվճարունակ ճանաչվեցին: Այդ ստուգումների արդյունքում հարյուրավոր միլիոններ վերադարձվեց պետբյուջե: «Հիմա չեք գտնի տեսուչ, որը խախտում կատարի»,- վստահեցնում է վարչության պետը: Այդուհանդերձ, նշված բոլոր միջոցառումները ժամանակավոր բնույթ կկրեն այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունում չեն ստեղծվել այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խրախուսի քաղաքացուն իր ձեռք բերած անշարժ գույքը ուրիշի անունով գրանցելը, ինչպես նաեւ չի ստեղծվի տվյալների համադրման համապետական ցանց, որը հնարավորություն չի տա սոցիալական ծառայության աշխատակցին սեփական չափորոշիչներով որոշելու մարդու սոցիալապես անպահով լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter