HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակներում դեմ են համայնքային միավորմանը, բայց համաձայն են գյուղացիական խոշոր միավորումներ ստեղծելուն

Գորիսի տարածաշրջանի Ակներ համայնքում կռիվ է ընկել: «Չենք ուզում միավորվել մեկ տնամերձ հողամասի չափով հեռու գտնվող Վերիշեն գյուղի հետ»,- ասում են ակներցիները:

Թեպետ Կառավարության կողմից միավորվող փոքր համայնքների նախնական ցուցակում Ակներն ընդգրկված չէ, այնուամենայնիվ, մարդիկ սկսել են անհանգստանալ, քանի որ նախկինում Ակները եւ Վերիշենը մեկ համայնք էին, եւ ինչպես տեղեկացնում է համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը, միավորման շրջանի տխուր հետեւանքները մարդիկ չեն մոռացել: Բացի այն, որ համայնքային նշանակության հիմնարկները գտնվում էին կրկնակի մեծ տարածք ունեցող Վերիշենում, ներդրումներն ուղղորդվում էին տեղական իշխանության նստավայր հանդիսացող գյուղում, առկա էր նաեւ վերիշենցի եւ ակներցի տարանջատման գործոնը, ինչը տասնյակ տարիների ընթացքում այդպես էլ չհաղթահարվեց: 350-ից ավելի տնտեսություն ունեցող Ակներ գյուղում դպրոց կառուցվեց միայն բաժանումից հետո, իսկ մանկապարտեզն այսօր էլ շարունակում է սպասարկել երկու համայնքներին, եւ այնտեղ ներդրումներ կատարում են թեգ Ակների եւ թեգ Վերիշենի համայնքային իշխանությունները: «Մենք վճարում ենք մեր գյուղից մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի համար, ինչպես նաեւ մասնակի հոգում ջեռուցման խնդիրը»,-ասում է Ակների համայնքապետը: Նրա խոսքով` մարդկանց համար ամենացավալին այն է, որ միավորման ժամանակ Ակների գյուղամիջյան փողոցները երբեւէ չեն բարեկարգվել, որովհետեւ մշտապես առաջնայինը մնում էր այն ժամանակվա շրջկենտրոն համարվող Գորիսին ավելի մոտ գտնվող Վերիշենի բարեկարգումը: «2008 թ. հոկտեմբերին, երբ ընտրվեցի համայնքի ղեկավար, առաջին գործս եղավ Ակների գյուղամիջյան ճանապարհի բարեկարգումը, որովհետեւ ոչ միայն տաքսիներն էին հրաժարվում գյուղ հասնել, այլեւ` անգամ շտապ օգնության մեքենան»: Գյուղում նշում են, որ պետությունը պարտադրում է տարեկան մեկ անգամ ավտոմեքենաների տեխնիկական ստուգատես անցկացնել, բայց թե ինչպիսի անբարեկարգ ճանապարհով են երթեւեկում մեքենաները` հաշվի չի առնվում, նույն պահանջներն են ներկայացվում քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ավտոմեքենաների համար: Այլ համայնքի հետ միավորվելու մասին ակներցիները խոսք անգամ չեն ուզում լսել, բայց համայնքային գյուղատնտեսական արտադրական միավորումների խոշորացման գործընթացին դեմ չեն: 19_10-s_ohanyan«Տեղյակ ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել 2010 թվականի միջոցառումների ծրագիրը, որի մեջ ընդգրկվել է նաեւ «ՀՀ գյուղացիական տնտեսությունների խոշորացման» հայեցակարգը: Հույս ունենք, որ այդ գործընթացի տարածումը նաեւ Ակներ կհասնի, որովհետեւ մարդիկ իսկապես համատեղ տնտեսություն վարելու ցանկություն ունեն»,- ասում է Սպարտակ Մինասյանը` հավելելով, որ դրա նախնական հիմքերը կան. տեղական բյուջեի միջոցներով գնվել է հացահատիկահավաք կոմբայն, եւ այն օգտագործում են բոլորը: «Համայնքապետարանի ցանկացած նախաձեռնություն քննարկվում է ավագանիների, անհրաժեշտության դեպքում նաեւ բնակիչների հետ: Շատ խնդիրներ համատեղ ենք լուծում, եւ փորձը ցույց է տալիս, որ թափանցիկ աշխատաոճն ավելի արդյունավետ է, մարդիկ տեսնում են խնդիրը, ինչպես նաեւ դրա լուծման համար համայնքային իշխանության գործադրած ջանքերը եւ ցանկություն հայտնում մասնակից լինել դրանց իրականացման գործին»,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լեւոն Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ համայնքի ավագանու նիստի օրակարգը նախապես տեղ է գտնում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակին, համայնքի բնակիչները կարող են ծանոթանալ եւ առաջարկություններ ներկայացնել, ինչը, ըստ Լ. Սահակյանի, հազվադեպ է պատահում: «Մարդիկ սովոր չեն այսպիսի աշխատաոճի: Գուցե նախկինում նման փորձ չի եղել: Սակայն, կարծում եմ, ժամանակի հետ համայնքի բնակիչները կհավատան, որ իրենք եւս կարող են մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործում»,- ասում է աշխատակազմի քարտուղարը: Ակներում այլ խնդիրներ էլ կան, որոնց լուծման համար չնայած համայնքային իշխանության գործադրած ջանքերին` առայժմ հաջողություններ չկան: Չունենալով սեփականաշնորհված մեծ հողատարածքներ` ակներցիների ապրուստի հիմնական միջոցը մնում է անասնապահությունը: Գյուղի բնակիչներից շատերն անցած տարի գյուղատնտեսական վարկի ներդրումներով ընդլայնել են իրենց տնտեսությունները, անասուն գնել, սակայն բրուցելյոզ հիվանդության պատճառով ստիպված են եղել դրանք հարկադիր մորթի ենթարկել: «20 գլուխ կով ունեի, որոնցից յուրաքանչյուրը 250-300 հազար դրամ արժեր, բրուցելյոզով հիվանդացան, ստիպված հատը 50 հազար դրամով վաճառեցի մայրաքաղաքից եկած միս մթերողներին»,- նշում է Սմբատ Օհանյանը: Նա նույնպես վարկային միջոցներ էր ստացել Գյուղփոխօգնության բանկից: Այն, որ Գյուղփոխօգնության բանկը դրամական միջոցներ է հատկացնում գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ակներցիները ողջունում են, սակայն, ըստ նրանց, հաշվի չի առնվում ոլորտի ռիսկայնությունը: Արամայիս Քաթանյանի խոսքով` տեղումների պատճառով հոկտեմբերի կեսին խոտի մեծ մասը մնացել է դաշտում, որի պատճառով մարդիկ ստիպված կլինեն կրճատել իրենց տնտեսության անասնագլխաքանակը եւ այդ պայմաններում, նրա կարծիքով, հազիվ թե հնարավորություն ունենան վարկերը փակելու: 19_10-isanbekԻսանբեկ Առաքելյանը նշում է, որ բանկը կարող է ուսումնասիրություն կատարել եւ պարզել` տվյալ վարկառուն օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ պատճառով չի կարողացել վճարել վարկը, եւ ըստ այդմ որոշում կայացնել` երկարացնե՞լ վճարման ժամանակացույցը, թե՞ ոչ: «Ակներցի վարկառուների պարտքը հասնում է մինչեւ 30 մլն դրամ,- ասում է համայնքի ղեկավարը:- Իմ երաշխավորությամբ նամակ եմ ուղարկել բանկի ղեկավարությանը` խնդրելով երկարացնել վճարման ժամկետները, բավարարել են մասնակի` ասելով, որ դրանց մի մասը պիտի վճարվի համաձայն նախկին ժամանակացույցի, սակայն մարդիկ իսկապես դժվարին կացության մեջ են գտնվում: Նախորդ տարի բրուցելյոզ հիվանդության, այս տարի էլ տեղումների պատճառով չեն կարողացել բավարար եկամուտներ ստանալ, որպեսզի ոչ միայն ապառքները վճարեն, այլեւ անգամ իրենց ընտանիքների կենսապահովման խնդիրը լուծեն»: Այս ամենի հետ Ակներն այն եզակի համայնքներից է, որտեղ հողի եւ գույքահարկի վճարները հավաքագրվում են գրեթե 100%-ով: «Որեւէ արտակարգ քայլ այս առումով չենք ձեռնարկում, միակ միջոցն այն է, որ հավաքագրված գումարների ծախսային մասը եւս հրապարակային է կատարվում: Մարդիկ հասկանում են, որ այդ միջոցներն ընդհանուր նպատակի են ծառայում»,- ասում է Լ. Սահակյանը: Ըստ նրա` այդ միջոցներից ներդրվել են «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում եւ մաքրվել գյուղամիջով անցնող հեղեղատար 1.2 կմ երկարությամբ առուն, վերանորոգվել են ոռոգման մայր առուները` դրանով ջրովի դարձնելով մոտ 80 հա հողատարածք: Բացի այդ, Ակներն այն գյուղական համայնքն է, որտեղ առաջին անգամ աղբահանություն իրականացվեց: «Գյուղում չկան կարեւոր ու անկարեւոր խնդիրներ,- համոզված է համայնքապետը,- ես ինձ միանձնյա ղեկավար չեմ զգում, գյուղի հետ կապված որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով հետաքրքրվողների կարծիքները, այդ պատճառով մարդիկ շահագրգռված են, որ որոշումներն իրականացվեն»: Նրա խոսքով` այդ սկզբունքն է պատճառը, որ Ակներում շատերն են ցանկանում գյուղացիական խոշոր միավորում ստեղծվի: Միավորման հիմնական նպատակը անասնապահական համալիրի հիմնադրումը կարող է լինել, քանի որ մի կողմից` այսօր գյուղից կաթ մթերողները ժամանակին չեն վճարում մթերված կաթի դիմաց, մյուս կողմից` մսի իրացման համար Կապանի մսի կոմբինատում քաշքշուկներ են ստեղծվում: Բացի այդ, գյուղն ունի անասնապահական համալիր, որը համայնքային իշխանությունը կարող է վարձակալությամբ տրամադրել միավորված տնտեսությանը: Տեղացիները համոզված են, որ եթե բանկային ռեսուրսները համատեղ ներդրվեին տնտեսության մեջ, ռիսկայնությունը նվազագույնի կհասցվեր: Այն, որ Ակներում այժմ տարածաշրջանում եզակի Սրտաբանական հիվանդանոց է կառուցվում, ուրախացնում է մարդկանց, մանավանդ, որ շինարարության մեջ նաեւ տեղացիներ են աշխատում: Այնուամենայնիվ, ակներցիներն իրենց գյուղի զարգացման հեռանկարը անասնապահության խթանումն են համարում, ինչը, նրանց կարծիքով, հնարավոր է միայն գյուղացիական տնտեսությունների խոշորացման միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter