HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հրավիրված ուսուցիչները 14 տարվա ընթացքում բնակարանով չեն ապահովվել

«Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Ա.Հարությունյանին, Հարգարժան պարոն վարչապետ, ի պատասխան Ձեր 02.04.2009 թ. թիվ 5-5/313 հանձնարարականի` հայտնվում է, որ Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի բնակիչներ` ամուսիններ Ղեւոնդ Խերանյանի եւ Սիրվարդ Սարգսյանի կողմից ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին ուղղված դիմումում ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը:

Վերջիններիս բնակարանային պայմանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը մեր կողմից 18.10.2008 թ. ուղարկվել են ԼՂՀ Սոցապնախարարություն»: Այս գրությունը ստորագրած Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Կամո Մարտիրոսյանը հերթական անգամ «լուծեց» իր առջեւ ծառացած խնդիրը, որը վերաբերում է երկու ուսուցիչների: Ղեւոնդ Խերանյանը եւ Սիրվարդ Սարգսյանը մանկավարժներ են, ովքեր 1996 թ. Երեւանում հեռուստատեսությամբ լսելով, որ Քաշաթաղում ուսուցիչների կարիք կա, որոշել են գալ ու աշխատել այնտեղ: Նրանք 2000 թ.-ից աշխատում են Սուս գյուղի դպրոցում: «Ես ավարտել եմ Պոլիտեխնիկը, երաժշտական կրթություն էլ ունեմ: Եկա այստեղ, երկու տարի աշխատեցի երաժշտական դպրոցի տնօրեն, հետո ջութակի դասատու էի: Ապրում էի Բերձորի հանրակացարանում: Հետո գնացի Տիգրանավան գյուղ՝ էնտեղ ուսմասվար էի եւ մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչ: Հետո ամուսնացանք, տեղափոխվեցինք Քաշաթաղի հյուսիսի Սպիտակաջուր գյուղ՝ նոր դպրոց էր բացվել: Մեկ տարի աշխատեցինք, ցուրտ էր, կինս բնակլիմայական պայմաններին չդիմացավ: Տեղափոխվեցինք Սուս` մի կիսաքանդ տուն տվեցին, ասացին` շուտով կլուծենք տան հարցերը: 2000 թ.-ից մինչեւ այսօր էնտեղ ենք ապրում` այդ ավերակ տանը»,- պատմում է Ղեւոնդ Խերանյանը: 09_11-lachin-1«Ձմռանը տեղափոխվում ենք` բակում ջրավազանի մեջ ենք ապրում: Վերանորոգել ենք, իսկ ամռանը, երբ տաքանում է, գնում ենք տուն»,- շարունակում է կինը` Սիրվարդ Սարգսյանը: Ջրավազանը 9 քմ է: Վերջին չորս տարիներին նրանք ստիպված են տեղափոխվում այնտեղ, որովհետեւ տունը տանիք չունի: «2000 թ.-ից սկսած` ամեն տարի խոստացել են տուն տալ: Մի անգամ ասացին` ձեր անունը կա, հետո կորավ, հետո նորից հայտնվեց, նորից կորավ, հետո ղեկավարները սկսեցին փոխվել: Վարչակազմի ամեն մի նոր ղեկավարի հետ` մի նոր որոշում: Հիմա էլ նոր ղեկավարին մոտենում ենք, ասում է` ձեր նման էնքա~ն մարդիկ կան: Իսկ Ստեփանակերտում էլ մի պաշտոնյա ասաց` Ձեզ ով բնակարան է խոստացել, դուք նրանից պահանջեք: Մեզ հրավիրել են, գոնե նվազագույն պայմաններ ստեղծեն: Դիմել ենք` խնդրելով գոնե շինանյութով ապահովել: Դա էլ ասում են` էսօր, վաղը: Հիմա էլ նորից դիմացը ձմեռ է, մենք էլ նորից խուճապի մեջ ենք, չգիտենք` ինչ անենք»,- ասում է Սիրվարդը: Նամակներ են գրել տարբեր պաշտոնյաների, ընդունելության գնացել նրանց մոտ, բայց ոչինչ չի փոխվում նրանց կյանքում: Տարիներն անցնում են, ու ամուսինները ձեռք են բերում նոր հիվանդություններ: «Ստեփանակերտում Սոցապնախարարությունում Կարեն Շահրամանյանը ասաց` եթե Ձեր վարչակազմի ղեկավարը ցուցակների մեջ ընդգրկի եւ ուղարկի, մենք շինանյութով կապահովենք: Մեզ էլ այստեղ ասում են, թե ֆոնդը վերջացել է, չենք հասկանում: Տասնչորս տարի այսպես ապրում ենք»,- շարունակում է Սիրվարդը: Հանձնաժողով է եկել եւ ուսուցիչների տունը ընդգրկել առավել վտանգավոր 26 տների ցուցակում: Այն համարվում է 4-րդ կարգի վթարային, որտեղ ապրելը վտանգավոր է: Սակայն այս հանգամանքն էլ որեւէ բան չի փոխել: Ղեւոնդը եւ Սիրվարդը նամակ էին գրել նաեւ ԼՂՀ նախագահին: «Ղարաբաղի նախագահի քարտուղարության պետը խորհուրդ տվեց երկրորդ անգամ նամակ գրել Բակո Սահակյանի անունով, մենք էլ գրեցինք, բայց էլի ոչինչ չփոխվեց: Դիմեցինք այստեղի կառավարություն, ասացին` դուք Ղարաբաղի քաղաքացի եք, դիմեք այնտեղ»,- իրենց պատմությունը շարունակում է ներկայացնել Սիրվարդը: Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը վերջին ընդունելության ժամանակ ուսուցիչներին ասել է. «էդ ինչու՞ եք դիմել Երեւան»: Այսինքն` ինչու՞ եք բողոքել, ինչու՞ եք իր հանգիստը խանգարել: «Թող ասեն, որ ոչինչ չենք անելու, որ իմանանք մեր անելիքը, ծաղրում են մեզ»,- ասում է կինը: «Կամոյի մոտ անիմաստ է նորից գնալը»,- ավելացնում է ամուսինը: Ստորեւ ներկայացնում ենք վարչակազմի ղեկավար Կամո Մարտիրոսյանի գրությունը` ուղղված Սուս գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Բադալյանին: «Քաշաթաղի «ՀՀՇԿ» ՊՈԱԿ-ի կողմից ստացվել է գրություն առ այն, որ իրենց են դիմել Սոս գյուղի բնակիչներ Ղեւոնդ Խերանյանը եւ Սիրվարդ Սարգսյանը` բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով: Քաշաթաղի «ՀՀՇԿ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ստուգայցի արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ բնակիչներին հատկացված բնակարանի առաստաղը վարակված է փայտոջիլով, որը պատճառ է դարձել Սիրվարդ Սարգսյանի աչքի հիվանդության: Նշյալ բնակարան հանդիսացող կիսաքանդ շինությունը չի համապատասխանում մինիմալ ապրելակերպի չափանիշներին: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը բնակչին` Ձեր կողմից հնարավոր միջոցներով նորոգելու նշյալ բնակարանը»: Ահա այսպես է Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Կամո Մարտիրոսյանը լուծում շրջանի բոլոր հարցերը` գրություններ գրելով: Քաշաթաղցիները պատմում են, որ վարչակազմի ղեկավարն ամբողջ օրը նման անհեթեթ գրություններ է գրում եւ անիմաստ է նրա մոտ որեւէ հարցով ընդունելության գնալ: «Վարչակազմի ղեկավարների առումով քաշաթաղցիների բախտն իսկապես չի բերում, նախորդ երկուսի վրա քրեական գործեր կան: Այս մեկն էլ վախից ոչինչ չի անում: Ասում է` մի բան անեմ, որ հետո վրես գործ սարքե՞ն»,- պատմում է Բերձորի մի բնակիչ, որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով:

Կամո Մարտիրոսյանը դաշնակցական է, երբ նրան նշանակեցին այդ պաշտոնում, դաշնակցական ղեկավարները տարբեր հանդիպումների ժամանակ ասում էին, թե իրենց հետ չեն համաձայնեցրել այդ թեկնածուին, իրենք ուրիշ թեկնածու ունեին այդ պաշտոնի համար: Այսօր թե Ղարաբաղի, թե Հայաստանի դաշնակցականները խիստ դժգոհ են Կամո Մարտիրոսյանի աշխատանքից: Սակայն այդ դժգոհություններն արտահայտում են միայն նեղ շրջանակներում: Ղարաբաղի դաշնակցականներից մեկն ասաց, որ ինքը երկու ճանապարհ է տեսնում` «կամ պետք է հեռացնենք կուսակցության շարքերից, կամ պահանջենք նրա հրաժարականը»:

Վերջերս հայտնի է դարձել նաեւ մի ուշագրավ փաստ. Քաշաթաղի հյուսիսում կառուցվելիք ՀԷԿ-ի տարածքը վարչակազմի նախկին ղեկավար Համլետ Խաչատրյանը 99 տարով վարձակալության է տվել իր կնոջը, եւ այդ տարածքը նրանից ետ վերցնելու համար հիմա պետք է վճարեն տասնհինգ հազար դոլար: Պատկերացնու՞մ եք, պետությունը մարդկանց համոզում, խնդրում է ՀԷԿ կառուցելու համար ներդրումներ անել, որպեսզի դրա մի մասը վճարի Համլետ Խաչատրյանին, որին գործած բազմաթիվ ապօրինությունների, չարաշահումների համար վաղուց պետք է դատած լինեին: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, բայց այժմ պարզվում է` նրանից ազատվելու համար դեռ պետք է վճարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter