HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ունենք այստեղ մեր Հայաստանը» կամ տպավորություններ «Գերմանիայի հայ նկարիչները» ցուցահանդեսից

Գերմանական փափուկ օգոստոս, Բեռլինից  60 կմ հեռավորության վրա գտնվող Լիբենբերգ միջնադարյան դղյակ, սրագագաթ աշտարակներ, եկեղեցու զանգերի ղողանջ: Բրանդենբուրգյան վանականներն պատկանող 13–րդ դարի այս ամրոցն այժմ հայտնի պատկերասրահ է՝ http://www.gfskohvberlin.de/:

Վերջերս այստեղ իրենց արվեստը ցուցադրելու հնարավորություն ստացան 7 հայ նկարիչներ՝ Միքայել Փոլադյանը (Մյունխեն), Արարատ Հայդեյանը (Գութ Զաաթհայն), Ժիրայր Փոլադյանը (ԱՄՆ), Սեմ Գրիգորյանը (Բեռլին), Մարիետտա Արմենան (Բրեմեն), Կամո Մարգարյանը (Զոլինգեն) և Արամ Գալստյանը (Ռոստոկ): Ի սկզբանե որոշվել էր ցուցահանդեսը նվիրել Գերմանահայոց կենտրոնական խորհրդի պետական գրանցման 40-ամյակին:

ԳԿԽ նախագահ Ազատ Օրդուխանյանը պատմում է, որ Խորհուրդն ստեղծվել է 1969 թ. և միավորում է Գերմանիայի հայ համայնքներն ու բազմաթիվ անհատների: ԳԿԽ-ն (ZAD, www.zentralrat.org) աշխատանքների շեշտադրումն ավելի շատ կատարում է քաղաքական դաշտում՝ չմոռանալով, սակայն, մշակույթը և երիտասարդ սերնդին:

Մշակութային ծրագրերը ԳԿԽ-ն հիմնականում կազմակերպում է՝ սերտորեն համագործակցելով «Հայ ակադեմիականների միություն - 1860» (վարչական նստավայրը՝ Բոխում, www.aav-1860.de) ուսումնամշակութային կազմակերպության և «Երրորդ հազարամյակն առանց պատերազմի» մշակութային միության (վարչական նաստավայրը՝ Բեռլին) հետ,  որոնք անդամակցում են ԳԿԽ-ին: Ցուցահանդեսի բացմանը նկարիչների ալբոմների հետ միասին գերմանացի այցելուների ուշադրությանը ներկայացվեց շվեյցարահայկական խորհրդարանական խմբի նախաձեռնած «Ջուղայի ավերումը» գիրքը:

Ազատ Օրդուխանյան - 2010 թ. մենք ուզում էինք նշել գերմանահայերի մայր միության՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, պետական գրանցման 40-ամյակը և այդ առիթով նախատեսեցինք հայ նկարիչների մի մեծ ցուցահանդես կազմակերպել: Տարբեր պատճառների բերումով այն ձգձգվեց, և ցուցահանդեսի բացումը մենք կատարում ենք այսօր՝ վերնագրելով «Գերմանիայի հայ նկարիչները»: Ուրախ ենք, որ մի քանի հայ նկարիչներ կարողացան մասնակցել ցուցահանդեսին, իրենց արվեստով ներկայանալ գերմանական հասարակությանը, նաև՝ Գերմանիայի հայկական համայնքին: Մենք Գերմանիայում ունենք բազմաթիվ լավ հայ նկարիչներ, քանդակագործներ՝ արդեն տեղավորված, սեփական կարիերան ունեցող... Շատ քիչ է պատահում, որ համայնքներն այսպիսի հայտնի ամրոց են վերցնում և ամրոցի պատկերասրահում կազմակերպում են այսպիսի ցուցահանդես. սա աոաջին մեծ փորձն է այսքան մեծ թվով նկարիչների մեկ համատեղ ցուցահանդեսով ներկայացնելու: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսն իր հետևից կբերի նոր ձեռնարկումներ: Եթե մեծ դահլիճներ ունենանք, մենք կարող ենք մինչև հարյուր հայ նկարչի աշխատանքներ միաժամանակ ցուցադրել: Մարգարիտա Թադևոսյանը՝ գերմանահայ արվեստի լավագույն մասնագետը, մեզ համար մի հրաշք նվեր է այս գործի մեջ: Նրա՝ որպես Գերմանահայ կենտրոնական խորհրդի մշակութային հարցերի պատասխանատուի հետ համագործակցելով՝ հետագայում կկարողանանք նոր ցուցահանդեսներ ներկայացնել եվրոպական հասարակությանը:

Ցուցահանդեսի նախաձեռնող և կազմակերպիչ, պատկերասրահի արվեստաբան Մարգարիտա Թադևոսյանն արժևորում է հայ նկարիչների աշխատանքները գերմանացի արվեստասերներին ներկայացնելու այս հնարավորությունը:

Մարգարիտա Թադևոսյան - Հայերը երկրագնդի այն հնագույն ժողովուրդներից են, որոնց մշակույթը հազարավոր տարիների պատմություն ունի: Անուղղելի զգացմունքային մի ժողովուրդ, որը միևնույն ժամանակ խորն իրատեսությամբ և սուր տրամաբանությամբ է օժտված: Աշխարհով մեկ ցրված ժողովուրդ՝ անմնացորդ սիրահարված իր քարոտ, արևով ողողված հայրենիքին, իր  դրախտին: Մի ժողովուրդ, որն սկզբունքորեն երբեք չի կորցնում հումորը և ինքն իր վրա ծիծաղելու կարողություն ունի: 

Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթն արտացոլում է նրա մտածելակերպն ու կարողությունը, նրա հոգևոր արժեքները: Հայկական արվեստը ջերմություն է ճաոագում, այն արևոտ է, զգացմունքային, տրամաբանական, խորը,  իրատես ու լուսավոր:

«Հայկականն իմ մեջ ուղղում է ձեռքս, երբ ես այստեղ՝ հեռու մեր հայրենիքից, նկարում եմ»,-գրում է Արշիլ Գորկին՝ նույն ինքը՝ Ոստանիկ Ադոյանը՝ մեկը վերացական էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից Ամերիկայի Միացիալ Նահանգներում, ով ապաստան էր գտել այնտեղ՝ փրկվելով թուրքական կոտորածից:

Ես կարծում եմ, որ այս նախադասությունը վերաբերում է բոլոր, այդ թվում նաև՝ այս ցուցահանդեսին մասնակցած հայ արվեստագետներին, որոնք այսօր իրենց «հայկականը» ցուցադրում են գերմանացի հասարակությանը…

Պատկերասրահի տնօրեն Հաննա Քյոփփելը կարծում է, որ ցուցադրության խնդիրը՝ տարբեր աշխարհայացք ու ոճեր ունեցող նկարիչների ստեղծագործությունը որպես մեկ ամբողջական մշակութային արժեք ներկայացնելը, հաջողվել է: Այս հարցում մեծ է Մարգարիտայի դերը.

Հաննա Քյոփփել - Մարգարիտա Թադևոսյանի հետ ինձ միավորում է տարիների աշխատանքը և ընկերությունը, և ինձ միշտ հետաքրքրում են նրա նախագծերը: Ինձ համար մեծ բավականություն է այս բոլոր գործերը մեկ ցուցահանդեսով ներկայացնելը: Հայ նկարիչների գույները էկզոտիկա, ջերմություն և մերձություն են բերում:

Գերմանիայում ապրող ու ստեղծագործող հայ արվեստագետների ինքնության պահպանման մասին են խոսում նաև մասնակից նկարիչները՝ միաժամանակ գնահատելով նաև ցուցահանդեսի դերը:

Սեմ Գրիգորյան - Այս ցուցահանդեսն առանձնահատուկ է: Ցանկացած միջոցառում, որի ընթացքում խոսվում է հայկական արվեստի մասին, ներկայացվում են հայ արվեստագետները, ուրախալի է: Արվեստն է, որ խոսում է պետության, ազգի մշակույթի մասին:

Ուրախ եմ, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն զբաղվում են այս գործով՝ հայերին համախմբում են, ցուցադրում... Լավ կլիներ, որ ավանդույթ դառնար, և ամեն տարի, ասենք՝ օգոստոսին, հայերը ցուցահանդես կազմակերպեին:

Ես շատ բան  եմ ստացել ու ստանում այստեղ. Գերմանիան շատ բարձր արվեստ ունի, և եթե ցանկություն ունես, կարող ես շատ բան սովորել: Ինձ համար արվեստն ընդհանրապես ազգություն չունի…

Մարիետտա Արմենա - Օտարության մեջ ավելի ենք կապված մեր ակունքներին: Իհարկե, արևմտյան արվեստը շատ մեծ ազդեցություն ունի, բայց եթե մենք մեր արմատներից կտրվենք, ապա մեր ինքնությունը կկորցնենք և որևէ բանի չենք հասնի: Օտարության մեջ գտնվելու հանգամանքը, մենակությունն ու նկարչությունը ինձ օգնեցին ինձ գտնել, իմ ով լինելն ու որտեղից գալը՝ հայկականն իմ մեջ գիտակցորեն և շոշափելի զգալ. դա շատ հետաքրքիր զգացողություն էր:
Մենք ավելի անմիջական ենք, և իմ աշխատանքը՝ «Օջախ» (ռելյեֆ, թուղթ) հրավերք է օջախի շուրջը հավաքվելու:

Գերմանահայ համայնքի աոանձնահահատկություններից մեկն այն է, որ կան հազարավոր իսլամացած հայեր: Իրենց արմատներին վերադարձնելու, ինքնությունը վերագտնելու հարցերում արվեստի ունեցած դերի մասին խոսելիս Ազատ Օրդուխանյանն օգտագործում է «հայակերտ» ածականը.

Ազատ Օրդուխանյան - Մշակույթը հայակերտ դեր ունի. եթե քրդացած հայը կամ թուրքացած հայը գնում է քրդական կամ թուրքական ծրագրերի և միաժամանակ հաճախում է մեր մշակութային ծրագրերին՝ ցուցահանդեսներին, համերգներին, որակական տարբերությունն անհամեմատելի է, և ինքն աստիճանաբար այդ ճանապարհով  գալիս է դեպի մայր մշակույթ: «Հայ ակադեմիականների միությունը» տարիների իր մշակութային հարուստ փորձով վաղուց արդեն համոզվել է դրանում:

Ցուցահանդեսի բացմանը հնչեց նաև հայկական երգը: Օպերային ճանաչված երգիչ Գոո Արսենյանի կատարումները հիացրեցին ներկաներին: Հարյուրավոր կիլոմետրեր կտրելով՝ նա ժամանել էր Թրիերիից, որպեսզի անակնկալ մատուցի իր հայրենակիցներին և հայկական մշակույթով հետաքրքրված գերմանացիներին: Օբերհավել մարզի կենտրոնական օրաթերթ «GRANSEE Zeitung»-ն իր 23.08.2011-ի համարում  անդրադաոնալով Լիբենբերգի ցուցահանդեսին՝ հայ արվեստագետներին անվանել է «հայկական մշակութային ինքնության դեսպաններ»՝ www.zentralrat.org.   

Ցուցահանդեսի այցելուներից էր Գրայսվալդի համալսարանի դասախոս, սլավոնագիտության դոկտոր Ուտե Շոլցը:

Ուտե Շոլց – Ուսանողական տարիներից (ես սովորել եմ Լենինգրադում) ինձ հետաքրքրել է հայկական մշակույթը: Նույնիսկ հայերեն էի ուզում սովորել, դասագիրքը մինչ այսօր դեռ պահում եմ: Շատ հաճելի էր ցուցահանդեսի միջոցով ճանաչել հայրենիքից հեոու ապրող այս հրաշալի  տաղանդավոր մարդկանց,  ովքեր իրենց ստեղծագործությամբ կամրջում են իրարից այնքան տարբեր երկրների մշակույթները:  

Ցուցահանդեսը հաջողվեց: Կազմակերպիչների տքնաջան աշխատանքի, նվիրումի և հաստատակամության արդյունքում հայ նկարիչների ցուցադրությունը դարձավ գերմանական մշակութային հարուստ կյանքի մի էջը: Հարցիս, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայրենիքից, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահը պատասխանում է.

Ազատ Օրդուխանյան - Հայրենիքից միշտ էլ ակնկալիքներ կան. ինչ տարիքի էլ լինի, զավակը միշտ էլ մորից սպասումներ ունի: Բայց ես կարծում եմ, որ մենք հիմա պիտի առավելագույնս կենտրոնանանք մեր ուժերի վրա: Մենք ունենք այստեղ մեր Հայաստանը՝ 65-70 հազարանոց մեր Հայաստանը՝ իր բոլոր խնդիրներով, հոգսերով, երազներով, իղձերով, ծրագրերով, իր բացթողումներով, հաջողություններով ու ձախորդություններով, և մեր ուժերը պիտի կենտրոնացնենք այստեղ: Ըստ իս՝ երբ որ մենք ունենանք բավականին կազմակերպված, լրջորեն աշխատող համայնք իր համայնքային մեխանիզմներով, այն ժամանակ մեր սպասումներն ավելի շուտ հագեցում կունենան Հայաստանից, քան սփյուռքում տիրող այս վիճակում: Կարծում եմ՝ սփյուռքը դեռ շատ բան ունի անելու, կազմակերպվելու, որպեսզի հետո կարողանա հավասարը հավասարի մակարդակով խոսել հայաստանյան կառույցների՝ նախարարությունների, հասարակական կազմակերպությունների հետ:

Ըստ Ազատի՝ համայնքի ինքնակազմակերպման պայմանները թեև շատ դժվար են՝ «մեր ոտքի տակի հողն ավազ է, այն պիտի դեռ ամրանա», բայց  Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահը վստահ է, որ դա հնարավոր է՝ «դրա համար մենք պիտի ինքներս շատ աշխատենք»:

Սփյուռքի, Արտաքին գործոց և Մշակույթի նախարարություններից ունեցած ակնկալիքների վերաբերյալ հարցիս պատասխանում է, որ ցանկացած դրական իմպուլս գերմանահայերի համար մեծ առաջընթաց է՝ ուժ է տալիս, միտք է հաղորդում, գաղափարներ են ծնվում, բայց, ցավոք սրտի, իրենց սպասումներին չհամապատասխանող վիճակ է: Հույս է հայտնում, թե միգուցե առաջիկայում ինչ-որ բաներ կփոխվեն, բայց վերստին ընդգծում է, որ ինքը՝ սփյուռքը, դեռ շատ բան ունի անելու իր մեջ, և հենց դա է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ընտրած ուղին:

Ազատ Օրդուխանյան - Սփյուռքում կան լուրջ խորքային ուժեր՝ լուրջ արվեստագետներ, լուրջ  գիտնականներ, լուրջ քաղաքական գործիչներ, լուրջ մտածողներ, որոնք վառվում են Հայաստանի ներկայով և ապագայով: Ցավոք սրտի, նրանց ներուժի օգտակարության ներդրումը Հայաստանում անհամապատասխան է այդ ուժին: Ես կուզենայի, որ հայաստանյան կառույցներն ավելի լուրջ աչքով նայեն սփյուռքին, նկատեին ոչ միայն ֆինանսական աղբյուր կամ հանդիպումների կողմ, այլ նաև ավելի խորքային ծրագրեր մշակվեին, որպեսզի մենք էլ կարողանանք մեր ներուժը ծառայեցնել մեր հայրենիքին:

Գրի առավ Ա. Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter