HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասում են` ես մարդկությունում չկամ»

30_11-vahanՎահան Յոլյանը ոչ տուն ունի, ոչ էլ բնակության հասցե: Մինչեւ վերջերս ապրում էր «Լաստի խութ» սարի փեշին գտնվող մի քարանձավում: Արդեն մի քանի ամիս է, ծանոթներից մեկը փայտաշեն մի կացարան է տվել, ուր անգամ մահճակալի տեղ չկա. չնայած Վահանը ոչ անկողնային պարագաներ ունի, ոչ էլ հագուստ: Նեղանում է, երբ հարցնում ես, թե որքան ժամանակ է թափառաշրջիկի կյանքով ապրում:

«Ինչու՞ եմ թափառաշրջիկ, ուրիշից փող չեմ ուզում, ամեն օր մեկի տանն աշխատում եմ. փայտ եմ ջարդում, հողամասը փորում, կերակրում են: Աշխատավարձ չեմ վերցնում, միայն մի քիչ կուշտ լինեմ: Առաջ, եթե աշակերտները կամ ուսանողները դիմում էին, խնդիրներ էլ էի լուծում, լոգարիթմներից լավ տեղեկություն ունեմ»,- ասում է Վահանը: Մայրը հղի է եղել, երբ ամուսինը լքել է նրան, հետո, երբ ծնվել է երեխան, թողել է փողոցում ու այդ օրվանից այլեւս չի տեսել որդուն: Մի քանի ամիս նորածինին հարեւաններն են պահել, մինչեւ պապի գութը շարժվել է, եւ երեխային սկսել են խնամել հայրական պապն ու տատը: «Հայրս, ով հայտնի մանկավարժ էր Գորիսում, դպրոցի ուսմասվար, այդպես էլ չմոռացավ մորս նկատմամբ ունեցած քենը եւ ինձ էլ չներեց: Ծեծում էր երբ պատահի ու հարվածում, ինչով կարող էր»: Չնայած դրան, Վահանը գերազանց առաջադիմությամբ էր սովորում դպրոցում: Փայլուն գիտելիքներ ուներ, հատկապես մաթեմատիկայից: Նրա դասընկերները հիմա էլ հիշում են, որ նոր թեմա բացատրելուց հետո Վահանն առաջինն ինքն էր հանպատրաստից բանավոր խնդիրներ լուծում: Չէր մեծամտանում, բայց համեմատաբար ակտիվ աշակերտի անուն ուներ: «Մի օր ֆիզկուլտուրայի ուսուցիչը բարկացավ, ուզում էր դասամատյանով հարվածել, ես կողք քաշվեցի, մատյանն ընկավ կողքից հոսող գետի մեջ: Երեխաների գիտելիքների գրավոր վկայություններն ամփոփող մատյանը փրկել չհաջողվեց: Տեսնեիք, թե անբավարար ունեցող աշակերտներն ինչպես էին ուրախացել»,- ծիծաղելով պատմում է Վահանը: Դպրոցում չներեցին այս արարքը: Վահանին հեռացրին դպրոցից, եւ անգամ մաթեմատիկայի ուսուցիչը փորձ չարեց պաշտպանել: Հայրը, ով ուրիշ դպրոցում էր աշխատում, չմիջատեց: Մի քանի ամիս հետո քեռին, ով Երեւանում էր բնակվում ու գիտեր տղայի մաթեմատիկական ունակությունների մասին, առաջարկեց ուսումը շարունակել Երեւանի Հ.Պարոնյանի անվան դպրոցում: «Գյուղից քաղաք գնացած տղայի տպավորություն էի թողնում, եւ մայրաքաղաքի դասընկերներս էլ չկարողացան ներել, որ իրենցից լավ եմ սովորում ու թշնամացան ինձ հետ»,- տխուր հիշողություններն է մեզ ներկայացնում Վահանը: Ասում է, թե որոշել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունվել, բայց չգիտեր, թե որտեղ պիտի ապրի: «Այդ ժամանակ, քանի որ ապրում էի մորեղբորս տանը, հայրս այլեւս դադարեց ինձ հետ կապ պահպանել: Մնացի բախտի հույսին»,- պատմում է Վահանը: Չմոռանալով բարձրագույն կրթություն ստանալու երազանքի մասին, նա սկսում է աշխատել ավտովերանորոգման գործարանում, սակայն ազգականներից մեկի կանչով մեկնում է Միջին Ասիա եւ երբ տարիներ անց կրկին վերադառնում է Գորիս, արդեն երկու անգամ... ազատազրկվել էր: «Այստեղ էլ սպասող չունեի, բայց գոնե իմ ծննդավայրն էր, հայրական տունս»,- ասում է Վահանը: Մի քանի տարի հայրական տանը բնակվելուց հետո, երբ եղբայրը վաճառում է այն, Վահանը մնում է անօթեւան: Եվ քանի որ Միջին Ասիայում կորցրել էր բոլոր փաստաթղթերը, չի կարողանում հաստատել իր ինքնությունը: «Որոշ ժամանակ բնակվում էի հարազատներիս մոտ, իմացա, որ մայրս Կապանում է ապրում, բայց երբեք չեմ փորձի գտնել նրան: Որ ի՞նչ, ի՞նչ պիտի ասի...»: Նրա դառնացած, սակայն գեղեցիկ հայերենով, մակդիրներով համեմված խոսքը հիացնում, միաժամանակ նաեւ զարմացնում է լսողներին: Իզուր փորձեցի ճշտել. Վահանի անունն անգամ ընտրացուցակներում չկա: Նրա մասին տեղեկություններ չունեին նաեւ Գորիսի քաղաքապետարանում: «Ասում են` ես մարդկությունում չկամ»,- շարունակում է Վահանը: Նրա կարծիքով ավելորդ է դիմել անգամ նպաստ ստանալու համար, որովհետեւ անձնագիր ստանալու, իր խոսքով, անգամ լուսանկարվելու փող չունի: Չի կարող նաեւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը դիմել, որի աջակցությամբ օրական մեկ անգամ անվճար սնունդ են ստանում սոցիալապես անապահով մարդիկ: Ճաշարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ ինքն «անխնամ դեմքով ու քրքրված շորերով երբեք քաղաքամեջ դուրս չի գա»: Մաթեմատիկոս դառնալուց բացի Վահանի մյուս երազանքը հեռուստացույց ունենալն է: Պատմում է, որ երբ մեկի տանն աշխատելուց հետո կերակրում են, եթե հեռուստացույցը միացրած է լինում, դիտմամբ դանդաղ է ծամում, որ մի քանի րոպե աչքի պոչով հեռուստացույց դիտի: «Խմում էլ ե՞ս»,- հարցնում եմ: «Որ լինի` կխմեմ, բայց ավելի շատ սոված եմ մնում, պատահել է, որ շաբաթներով ոչ մեկն աշխատանք չի առաջարկել, ստիպված անգամ կենդանիների որսի եմ գնում: Ավելի լավ է շան միս ուտեմ, բայց ձրի հաց չեմ ուտի, ուրիշին էլ չեմ խնդրի»,- ասում է Վահանը` այլեւս հույս չունենալով, որ մի օր իր անուն-ազգանունն էլ կգրվի որեւէ թղթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter