HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կոմանդոսի աղոթքը պատերազմում

Արցախյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր: Ի թիվս այլ հարցերի` գեներալ-մայորին խնդրեցին անդրադառնալ բանակ-եկեղեցի հոգեւոր կապին, ինչքանո՞վ է այն առկա եւ ինչ դեր է խաղացել պատերազմի ժամանակ:

Կոմանդոսն ուղղակի պատասխան չտվեց, պարզապես պատերազմի տարիներից հիշեց 1-2 դրվագ:

«Գիտեք ինչ` Գանձասարն Արցախի Վանք գյուղում է, որի հովիվը` Տեր Գրիգորը, պատերազմի ժամանակ ինձ մոտ էր` շտաբում: Նա մեզ մի բան էր սովորեցրել: Երբ նստում էինք հաց ուտելու, խաչակնքում էր եւ աղոթում: Մի անգամ շատ դժվար պահ էր, եւ ես Տեր Գրիգորին խնդրեցի գնալ ժողովրդի հետ խոսելու: Նա առավոտյան շուտ գնաց, ամբողջ օրը դիրքերում ման եկավ եւ գիշերվա 4-ին վերադարձավ: Պառկում է քնում, իսկ մենք առավոտյան` 8-ին, նախաճաշում ենք` թեյ էինք խմում, մի երկու բան ուտում… Տղերքը նստել են ու հաց չեն ուտում: Ասում եմ` ինչո՞ւ չեք ուտում, ասում են` սպասում ենք, որ Տեր Գրիգորը գա եւ հացն օրհնի: Նստել ենք, նստել ենք, չկա, գնում ձայն են տալիս, չի արթնանում, չի գալիս: Ասացի` լավ, ես ինքս կգնամ… Ասացի` Տեր Գրիգոր, հելիր, տղերքը սպասում են: Ասում է` հոգնել եմ, չեմ կարողանում: Ասացի` դե, քո խոսքերն ասա, գնամ ես ասեմ, որ տղերքը հաց ուտեն: Ինքն ասաց, ես եկա կրկնեցի, նոր տղերքը սկսեցին հաց ուտել»:

Ա. Տեր-Թադեւոսյանը հիշում է նաեւ, թե ինչպես մի անգամ Մոսկվայից ժամանած պատգամավոր Սմիրնովը Տեր Հովհաննեսի կապակցությամբ իրեն հարցրել է, թե այդ ո՞վ է ձեր հոգեւոր հովիվը, որ, զենքը մեջքին, մոտոցիկլետով է շրջում:

«Եվ առաջին իմ զոհերից մեկը` 91թ. հոկտեմբերի 12-13-ին, եղել է Ցորում: Ինքը «գրանատամյոտչիկ» էր: Այդ «գրանատամյոտն» Արցախում մի հատ էր: Զենքը ձեռքին, խաչը ձեռքին` պաշտպանում էր ու ղեկավարում իր հոտը»,- ասում է գեներալ-մայորը եւ նաեւ պատմում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ իր առաջին հանդիպման մասին:

«Հանդիպումը սկսվեց նրանով, որ ինչ-որ մեկն ինձ հարցրեց` դու ինչո՞ւ ես Ղարաբաղ եկել: Ի՞նչ ասեմ: Ասացի` եկել եմ Ղարսն ազատեմ, իմ պապը ղարսեցի է, հիմա եկել եմ Ղարսն ազատեմ: Սրբազանը փաթաթվեց ինձ: Միայն նա հասկացավ ինձ»,- հիշում է Արկադի Տեր-Թադեւոսյանը` արցախյան գոյամարտի Կոմանդոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter