HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչո՞ւ է Սևակ Արծրունին անհանգստանում Մաշտոցի 33Ա հասցեում գտնվող բարձրահարկ շենքի համար

Երեւանի Մաշտոցի 33Ա (իրականում` Մաշտոցի  33/1) հասցեում գտնվող բարձրահարկ  շենքում բնակելի տարածք ձեռք բերելու համար Նարեկ եւ Սարո Հարությունյանները 1 մլն 260 հազար դոլար են տվել իրենց ներկայացուցիչ Սեւակ Արծրունուն (Արզարունուն): Այդ տարածքը Սեւակ Արծրունին ձեռք չի բերել եւ առ այսօր եղբայրներ Հարությունյանները չեն կարողանում պարզել իրենց փողի կամ տարածքի ճակատագիրը: Այս գործով դատական գործընթացներ են ընթանում: 

Սեւակ Արզարունին արդեն երկրորդ անգամ է նամակ գրում «Հետք»-ին եւ մեղադրում կողմնակալության, փաստերը խեղաթյուրելու մեջ:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննություն է ընթանում` մենք զերծ կմնանք որոշ փաստերի հրապարակումից, որպեսզի Արզարունին կողմնակալության եւ հանրության մեջ սխալ կարծիք ձեւավորելու մեջ նորից չմեղադրի «Հետք»-ին: Մենք չենք անդրադառնա նրա էլիտար շինարարությանը, տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ զանազան ծրագրերի իրականացման ընթացքում ծագած վեճերին եւ դրանց հանգուցալուծմանը, ղարաբաղյան պատմություններին, այնտեղի քրեական գործերին եւ այլն:

Սեւակ Արզարունուն տեղեկացնեմ, որ Էդմոնդ Խուդյանին ծանոթ չեմ, մի քանի անգամ շփվել եմ հեռախոսով եւ իմ հարցերին պատասխանել է էլ. փոստով: Է. Խուդյանի հետ կապ հաստատելու առիթը նրա բաց նամակն է եղել` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակին ծանոթանալուց հետո, բնականաբար, պետք է ստուգել փաստերը, նամակ գրողի մասին իմանալ հնարավորինս շատ տեղեկություններ: Միացյալ Նահագների իմ գործընկերներին (նրանցից մեկը ճանաչված լրագրող է ԱՄՆ-ում) խնդրեցի տեղեկություններ հայթայթել` Էդմոնդ Խուդյան գործարարի, հարկատուի մասին, պարզել, թե արդյոք նա խնդիրներ ունեցե՞լ է հարկային մարմինների հետ, դատվածություն ունի՞, սկանդալային պատմությունների մեջ երբեւէ հայտնվե՞լ է, թե՞ ոչ: Որոշ ժամանակ անց գործընկերներս տեղեկացրին, որ նա մաքուր է, հենց այդպես էլ գրել են: Դրանից հետո «Հետք»-ը սկսեց զբաղվել այս գործով: Էդմոնդ Խուդյանի նամակում Սեւակ Արզարունու մասին որեւէ բան գրված չէր, նամակի հերոսը Վլադիսլավ Մանգասարյանն էր: Սա ի գիտություն` Սեւակ Արզարունուն: 

Այս գործով ուսումնասիրության ընթացքում, պարզվեց որ Սեւակ Արզարունին տարբեր դրվագներով անմիջական մասնակցություն ունի Մաշտոցի 33/ա և 33/1 հասցեների 5 և 13-հարկանի շենքերի հետ: Բնականաբար, սկսեցի ուսումնասիրել նաեւ «Երկիր» միության նախագահ, հասարակական գործիչ Սեւակ Արզարունու գործունեությունը: Ես մինչ այդ չգիտեի, որ նա գործարար է, շրջում է թիկնապահներով:

Պարզվեց, որ նա վաղուց հասարակական գործունեության ոլորտից տեղափոխվել է բիզնես ոլորտ եւ Երեւանի առնվազն երկու տարբեր հատվածներում էլիտար շենքերի շինարարություն է իրականացնում: Ես արդեն մեկ անգամ գրել եմ, որ Էդմոնդ Խուդյանը գրեթե շանս չունի Հայաստանի դատարաններում ինչ-որ բանի հասնել, քանի որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ զանազան թելերով կապված են Մաշտոցի  33/ա և 33/1 հասցեների 5 և 13 հարկանի շենքերի, Վլադիսլավ Մանգասարյանի եւ  Սեւակ Արծրունու հետ:

««Հետքի» շարունակական հրապարակումները նպատակ են հետապնդում հայ հանրության մոտ կարծիք ձևավորել առ այն, որ Է. Խուդյանը մի պարկեշտ ամերիկահայ ներդրող է, որը գալով Հայաստան, մեծ գումարներ է ներդրել հայկական տնտեսության մեջ, իսկ Հայաստանում մի խումբ անպարկեշտ անձնավորություններ նրան ծուղակն են գցել և յուրացրել այդ ներդրումները»,- գրում է Սեւակ Արզարունին` «Հետք»-ին ուղղված նամակում:

«Հետք»-ի բոլոր հրապարակումների համար հիմք են հանդիսացել դատական հայցերը, վճիռները, հարցազրույցները, անընդհատ հետաձգվող դատական նիստերը, Էդմոնդ Խուդյանի տրամադրած փաստաթղթերը: Սեւակ Արզարունին եւ Վլադիսլավ Մանգասարյանը այդպես էլ որեւէ փաստաթուղթ չեն ցանկանում տրամադրել, միայն նամակներ են գրում կամ արձագանքում հրապարակումներին (դրանք խմբագրություն են բերում փաստաբանները, կամ նրանց պատկանող ընկերությունների աշխատողները):

Սեւակ Արզարունին իր նամակի մեջ նշում է ինչ-որ աղյուսակի մասին, ներկայացնում թվեր` դրանով ապացուցելով, որ ինքը ուղղակի կապ ունի Մաշտոցի 33/ա և 33/1 հասցեների 5 և 13 հարկանի շենքերի շինարարության եւ գործարքների հետ:

«Է. Խուդյանի միակ ներդրումը եղել է ընդամենը Մաշտոց 33-ի հողամասի ձեռքբերման ժամանակ տրամադրված մոտ 500,000 ԱՄՆ դոլարը»,- գրում է Սեւակ Արզարունին:  

Միանշանակ է, որ այս տեղեկությունները նրան հայտնել է իր գործընկեր Վլադիսլավ Մանգասարյանը: Բայց մեր տրամադրության տակ են Էդմոնդ Խուդյանի կողմից 4,500,000 մլն դոլարի բանկային փոխանցումների անդորրագրերը:

Ես չեմ կարող հավատալ Սեւակ Արզարունու անհիմն հայտարություններին, երբ իմ տրամադրության տակ են այդ փաստաթղթերը: Եթե Սեւակ Արզարունին հակառակն ապացուցող փաստաթղթեր ունենար, պիտի որ տրամադրեր, որպեսզի դրանք ուսումնասիրենք եւ ներկայացնենք:  

«Հետք»-ին ուղղված նամակը Սեւակ Արզարունին ավարտում է այսպես. «Իսկ թե այս պղտոր ջրերում, ով ինչ ձուկ է ուզում բռնել... դա արդեն թողնում եմ ընթերցողների եզրակացությանը»:

Իսկապես պարզ չէ, թե պղտորելով ջուրը եւ այնտեղ նետելով Սեւակ Արզարունուն ի՞նչ ձուկ են ուզում բռնել նրա հովանավոր-գործընկերները: 

Մեկնաբանություններ (1)

Garo
Անտուն -անտեղ, tegin er, yev shat dipouk. Amen depqum Astdzou patizh@ chi meghmanalou.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter