HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնձորեսկում բնակչության թվի զգալի աճ է գրանցվել

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղն այն եզակիներից է, որտեղ վերջին տարիներին բնակչության զգալի աճ է գրանցվել` մոտ 300 մարդ: Համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանի ասելով` իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում գյուղից գրեթե ոչ ոք չի մեկնել, ավելին` նախկինում հեռացածները վերադարձել ու բնակություն են հաստատել Խնձորեսկում:

Ս. Հայրապետյանի կարծիքով` վերադարձողներն ավելի շատ կլինեին, եթե համայնքային իշխանությունը նրանց հողատարածքներով ապահովելու հնարավորություն ունենար: «Ժամանակին Խնձորեսկը հանրապետությունում ամենամեծ հողատարածք ունեցող տնտեսությունն էր: Հողերն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով անգամ նոր գյուղ հիմնադրվեց` Ներքին Խնձորեսկը: Սակայն հողի սեփականաշնորհումից տարիներ անց նախկին հողաշատ գյուղն այլեւս չի կարողանում ապահովել մարդկանց պահանջարկը: 28_12-s_hayrapetyan

«Նորաստեղծ ընտանիքները, այլ բնակավայրերից գյուղում բնակություն հաստատածները դիմում են համայնքային իշխանությանը, սակայն չենք կարողանում նրանց հողատարածքով ապահովել: Հիմնական պատճառն այն է, որ համայնքի 900 հա պահուստային հողերի վաճառքն իրականացվում է միայն աճուրդով` առանց հաշվի առնելու, թե հողի ապագա սեփականատերերից ով է ավելի կարիքավոր: Հողը վաճառում ենք նրան, ով շատ է վճարում. սա է օրենքի պահանջը, որը միշտ չէ, որ արդարացված է»,- ասում է համայնքի ղեկավար Ս. Հայրապետյանը:

Որ Խնձորեսկում հողի գինը գիտեն ու կարողանում են այն արդյունավետ օգտագործելով առավելագույն բերք ստանալ` վկայում է նաեւ այն, որ համայնքային իշխանությանը հաջողվել է այս տարի տեղական բյուջեի եկամուտները, մասնավորապես հողի հարկը հավաքագրել 100%-ով: Մինչեւ տարեվերջ կհավաքագրվեն նաեւ ապառքները: Խոսելով հողի հարկի վճարումների մասին` Ս. Հայրապետյանը նշում է, որ տարեցտարի հողերի կարգը փոխվում Է, սակայն հարկի չափը մնում է նույնը. «Մեր համայնքում հողի հարկի ապառքները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ հողի սեփականատերերի մի մասն այլեւս նույն չափով եկամուտ չի ստանում հողից, որքան նախորդ տարիներին, սակայն պարտավոր է նույնչափ հարկ վճարել»: Նրա համոզմամբ` խնձորեսկցիները պատասխանատվություն ունեն, իսկ համայնքային իշխանությանը հաջողվում է ճիշտ կազմակերպել հողի հարկի հավաքագրման գործընթացը:

«Մեր գյուղում չեն սիրում փողը բարձի տակ պահել, կարկատանով ման գալ ու հարկերից խուսափել»,- հումորով ասում է Սերյոժան: Եթե տեղական եկամուտները ժամանակին չհավաքագրվեն, չեն կարող տարեկան մոտ 10մլն դրամ տրամադրել գյուղի մանկապարտեզին, որտեղ 60-70 երեխա է հաճախում: Համայնքային այլ խնդիրներ նրանց հաջողվում է լուծել միջազգային կազմակերպությունների ներդրումների շնորհիվ: Մասնավորապես, ԻՖԱԴ-ի աջակցությամբ ասֆալտապատվել է գյուղամիջյան կենտրոնական ճանապարհը, նախատեսվում է եկող տարվա ընթացքում Ասիական բանկի ֆինանսավորմամբ բարեկարգել գյուղը Արցախ տանող մայրուղու հետ կապող ճանապարհը: Ֆոնդահայթայթման աշխատանքներ են իրականացվում դպրոցի սպորտդահլիճի, մանկապարտեզի մասնաշենքերից մեկի նորոգման համար: Խնձորեսկի համար հրատապ խնդիր է խմելու ջրի ներքին ցանցի նորոգումը, որը հնարավորություն կտա 24-ժամյա ջրամատակարարում ապահովել: Ակնկալվում է նաեւ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով նորոգել գյուղի մշակույթի տունը, որը Արցախյան պատերազմի տարիներին ժամանակավոր օթեւան էր ծառայում թե ռուսական զորքի եւ թե Ադրբեջանի տարբեր բնակավայրերը լքած փախստականների համար: Առհասարակ, պատերազմի մասին Խնձորեսկում երբեք անցյալով չեն խոսում. հայրենիքի համար նահատակված 20 խնձորեսկցիների հիշատակը հավերժացնելու նպատակով գյուղում հուշարձան է կառուցվում: Համայնքային իշխանությունը մշտապես հոգ է տանում զոհվածների հարազատների մասին, ինչպես նաեւ աջակցում է մարտական գործողություններում հաշմանդամ դարձածներին, սակայն, ըստ համայնքի ղեկավարի, պետությունն անտեսում է այն մարդկանց, ովքեր մասնակցելով ինքնապաշտպանական գործողություններին` չեն վիրավորվել, բայց արդեն առողջական խնդիրներ ունեն ու ուշադրության չեն արժանանում:

«Մեծ Հայրենականից հետո, այսպես կոչված, «պատերազմի մասնակից» հասկացությունը շրջանառության մեջ մտավ, որոնց համար խորհրդային պետությունը արտոնություններ սահմանեց, պարգեւավճարներ: Այս առումով Արցախյան պատերազմի մասնակիցներին ոչ ոք չի հիշում»,- ասում է համայնքի ղեկավարը, ով եւս վնասվածք է ստացել պատերազմում: Սերյոժա Հայրապետյանի խոսքով` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը որոշ առումով սահմանափակում է համայնքի ղեկավարի լիազորությունները, օրինակ` սոցապահովության նպաստի տրամադրումը:

«Կան մարդիկ, որոնց սեփականաշնորհված հողը երրորդ, չորրորդ կարգի է, չեն մշակում, ապրում են սոցիալական ծանր պայմաններում, բայց նրանց նպաստ չի տրվում: Մեկ ուրիշը, ով անհամեմատ բարեկեցիկ է ապրում, արտերկրում բնակվող հարազատներից մշտապես օգնություն է ստանում, սեփականաշնորհված հող չունի, նաեւ` նպաստ է ստանում: Համայնքային իշխանությունն ավելի լավ է ճանաչում համայնքի բնակիչներին, ուստի այդ խնդիրը ցանկալի է, որ լուծվի նրա երաշխավորությամբ»,- ասում է համայնքապետը:

Մյուս կողմից, նրա խոսքով, երբեմն համայնքի ղեկավարը օրենքով չպատվիրակված գործառույթներ է իրականացնում: Օրինակ` երբ խոսքը վերաբերում է համայնքի որեւէ բնակչի եւ մարզային կամ հանրապետական այլ կազմակերպության միջեւ առաջացած խնդիրներին, որոնցից ամենահրատապը, նրա կարծիքով, այն է, որ ժամանակին մարդիկ տնտեսություններում ներդրումներ կատարելու նպատակով վարկեր են ստացել, սակայն թե անբարենպաստ եղանակների եւ թե դոլարի կուրսի փոփոխման պատճառով հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, թեպետ մարդիկ ամեն կերպ փորձում են մարել վարկերը` գրավադրված անշարժ գույքը չկորցնելու համար, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է հրատապ մնալ: Դրա լուծման միակ միջոցը, ըստ համայնքապետի, այն է, որ վարկառու կազմակերպությունները երկարաձգեն պայմանագրերի ժամկետները, ինչը չի հաջողվում անգամ համայնքային իշխանության միջամտության դեպքում: Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` Սերյոժա Հայրապետյանը վկայակոչում է այն երկրների փորձը, որտեղ եղել է աշխատանքային այցով` Անգլիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա:

«Զարմանալին այն է, որ, օրինակ, Չեխիայում 100 հազար բնակիչ ունեցող համայնքային իշխանության աշխատակազմում ընդգրկված է ընդամենը 15 մարդ, որովհետեւ ինչպես համայնքային ենթակայության կազմակերպություններից յուրաքանչյուրն է գրեթե անթերի իրականացնում իրեն պատվիրակված լիազորությունները, այնպես էլ մարդկանց իրավական գիտելիքների մակարդակն է այնքան բարձր, որ խնդիրներ չեն ստեղծում իշխանությունների համար: Ինձ համար զարմանալի էր, որ եղնիկներն անվտանգ քայլում էին փողոցներով, վստահ եմ` ոչ ոք չէր մտածում որսագողության մասին»:

Այս ամենն, ըստ համայնքապետի, պայմանավորված է նաեւ այն բազմաթիվ սոցիալական խնդիրներով, որ ունի հայ գյուղացին եւ որոնց լուծման համար Խնձորեսկում օգտագործում են նաեւ արտերկրում ապրող համերկրացիների հնարավորությունները:

«Անկասկած, այլ համայնքներում նույնպես կան նվիրյալներ, ովքեր բնակվում են գյուղից դուրս, սակայն ես հպարտությամբ եմ նշում, որ Խնձորեսկում բազմաթիվ խնդիրներ լուծվում են նաեւ նրա այն զավակների ներդրումներով, ովքեր այժմ գյուղում չեն բնակվում»,- երախտագիտությամբ նշում է Ս. Հայրապետյանը: Նա դժվարանում է թվարկել բոլորին, բայց նշում է Ռազմիկ Ղալդունցի, Սենիկ Ջուլհակյանի անունները, որոնց ջանքերով համայնքում մի շարք խնդիրներ են լուծվել:

«Այլ ճանապարհ այսօր չունենք, բացի հնարավոր բոլոր միջոցները ներգրավելուց, որպեսզի կարողանանք գոնե նվազագույն չափով կատարել նախընտրական այն բոլոր խոստումները, որոնք տրվում են ընտրություններից առաջ, որ գոնե գյուղամիջում գլխիկոր չքայլենք, ու համայնքի բնակիչը հավատա, որ տեղական իշխանություն կա, որը մտահոգ է իր շահերի պաշտպանությամբ»,- ասում է Խնձորեսկի համայնքապետը:

Սուսաննա Շահնազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter