HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պետությունը կվճարի Սիլվա Ասատրյանին` անձեռնմխելիության իրավունքից զրկելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի քաղաքացի Սիլվա Ասատրյանի բողոքի հիման վրա փետրվարի 9-ին կայացրած վճռով արձանագրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (անձին անձնական անձեռնմխելիության իրավունքից զրկելը):

Վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը եռամսյա ժամկետում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիլվա Ասատրյանին պետք է վճարի 2500 եվրո: Սիլվա Ասատրյանը Եվրոպական դատարան բողոք էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` 2005 թ. 19 ժամ առանց դատարանի որոշման իրեն կալանքի տակ պահելու համար:

Նրա դատապաշտպան Կարեն Մեժլումյանը 2005 թ. նոյեմբերի 23-ին քրեական վերաքննիչ դատարանում վիճարկում էր ԱԺ նախկին պատգամավոր, այժմ հանգուցյալ Մելիք Գասպարյանի ավտոմեքենայի պայթյունը կազմակերպելու մեջ մեղադրվող Սիլվա Ասատրյանի նախնական կալանքի որոշումը:

Այդ օրը ժամը 6-ին լրանում էր նրա երկամսյա կալանքի ժամկետը, իսկ դատարանը նրա կալանքը երկարաձգելու որոշում չէր կայացրել: Դատարանը միայն հաջորդ օրը որոշում կայացրեց` երկարաձգելով կալանքի ժամկետը, որի արդյունքում մեղադրյալը 19 ժամ կալանքի տակ մնաց առանց դատարանի որոշման: Ժամանակին մամուլը գրեց, թե ինչպես նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ու ԱԱԾ-ի աշխատակիցները դատավորների հրահանգով վերաքննիչ քրեական դատարանից առեւանգեցին Սիլվա Ասատրյանին, որն այդ ժամանակ դատարանից պետք է ազատ արձակվեր, քանի որ որեւէ խափանման միջոց նրա նկատմամբ չի եղել:

Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ ու իրավապաշտպաններ Սիլվա Ասատրյանին առեւանգելու փաստով հանցագործության մասին գրավոր հաղորդում ներկայացրին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը մնաց անհետեւանք: Երկու տարի անց Սիլվա Ասատրյանը Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թ. հոկտեմբերի 12-ի դատավճռով դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նա իրեն մեղավոր չճանաչեց եւ իր խախտված իրավունքների վերաբերյալ կրկին բողոքով դիմեց Եվրադատարան:

Նրա դատապաշտպան Կարեն Մեժլումյանի պնդմամբ Ս. Ասատրյանին դատապարտել են` դատավճռի հիմքում դնելով դատաքննության ժամանակ չհետազոտված ապացույցներ եւ չհարցաքննված վկաների ցուցմունքներ, նրա վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ է տրվել եւ կիրառվել: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրա բողոքը հակասահմանադրական նորմի կիրառմամբ, Սահմանադրական դատարանի որոշումից հետո անգամ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել (առկա է սահմանադրական դատարանի որոշումը, որով բավարարվել է Սիլվա Ասատրյանի դիմումը): Նրա նկատմամբ կիրառված օրենքների խախտումները չեն սահմանափակվում նշվածով:

Մոտ չորս տարի մեկուսացվածության մեջ գտնվող Սիլվա Ասատրյանի դրական բնութագիրը նկատի ունենալով` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը 2009 թ. հոկտեմբերի 2-ին նրան կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկից տեղափոխեց բաց տեսակի ուղղիչ հիմնարկ: Սակայն 20 օր անց` հոկտեմբերի 22-ին, Ս. Ասատրյանին հապճեպ, իր կամքին հակառակ տեղափոխել են կիսաբաց ուղղիչ հիմնարկ` մեկուսացվածության ավելի բարձր աստիճան ունեցող կիսաբաց ռեժիմի:

Կարեն Մեժլումյանը նշում է, որ համաձայն օրենքի` նրա պատիժը կարող էր խստացվել միայն երկու դեպքում` ռեժիմը խախտելու կամ իր իսկ դիմումի հիման վրա, որոնցից երկուսի հիմքն էլ բացակայել է: Պարզվել է, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Զ. Ստեփանյանը որոշում է կայացրել` պահանջելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը ճանաչել օրենսդրությանը հակասող եւ կասեցնել այն:

Հանձնաժողովը վերանայել է իր որոշումը, քանի Ս. Ասատրյանը հրաժարվել է կալանավայրերի վարչության հրահանգով դիմում գրել` իբրեւ սեփական կամքով է ընտրում ավելի խիստ ռեժիմը, քանի որ գաղութում իրեն ավելի լավ է զգում, քան իր տանը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` դատախազի այս որոշման համար հիմք է հանդիսացել գլխավոր տուժողի` ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի զոհվելը ավտովթարից, որը տեղի ունեցավ 2009 թ. հոկտեմբերի 8-ին, Երեւան-Չարենցավան ճանապարհին:

Փաստաբան Կ. Մեժլումյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 22.10.2009 թ. թիվ 910 որոշումը անվավեր ճանաչելու համար, սակայն դատարանը չի շտապում քննության առնել այն: «Նշված որոշումը հակասում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի` պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը սահմանող 102 հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն. «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը»։

Մինչդեռ, ինչպես նշում է նրա դատապաշտպանը, Սիլվա Ասատրյանը բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելիս բացասական վարքագիծ չի դրսեւորել: Ընդհակառակը, նա ստեղծագործում է` զբաղվում է նկարչությամբ եւ խեցեգործությամբ, ունի միայն խրախուսանքներ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում բարեգործական, որոնցից վերջինը 2009 թ. սեպտեմբեր ամսին` Մարիոթ Արմենիա հյուրանոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter