HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղական վարկեր եւ խորտակվող ճակատագրեր

Ոտքս դեռ Բաբայանների տան շեմքին չէի դրել, երեքամյա Դավիթը շնչակտուր վրա տվեց. «Կամոն եկավ, «խալին» պատից պոկեց, տարավ...»: Կրկնեց մի քանի անգամ` հավանաբար հույս ունենալով, որ մխիթարական խոսք կլսի անծանոթ հյուրից: Վերջապես պապը` Սամվել Բաբայանը, վերծանեց թոռան խոսքը. «Մեկին փող ենք պարտք, պարտքատերը եկավ , պատից հանեց գորգը, տարավ` ասելով, որ երբ պարտքը վճարենք, ապրանքը հետ կտա»:

Բաբայանների պարտքը, սակայն, մի գորգի առգրավումով չի ավարտվում: 2008 թվականին նրանց ընտանիքը, գրավ դնելով Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող սեփական առանձնատունը, տնտեսությունն ընդլայնելու համար «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից 2 մլն դրամ գյուղատնտեսական վարկ է վերցնում: Սամվել Բաբայանի խոսքով` վերցրած գումարով Տեղ գյուղից Մելիք անունով մեկից ձեռք են բերում 220 գլուխ ոչխար: Ըստ վարկառուի` գնված ոչխարներից ստացված միակ եկամուտը 60 գառն էր, որովհետեւ մնացած անասունները մի քանի ամսվա մեջ վարակվում են բրուցելյոզ հիվանդությամբ եւ հարկադիր սպանդի ենթարկվում, որի մասին, ըստ Ս. Բաբայանի, տեղյակ են պահում նաեւ գյուղի անասնաբույժին: Եվ մինչ Բաբայանների ընտանիքը փորձում էր տարբեր միջոցներով տեղեկանալ, թե մինչեւ առուվաճառքի կազմակերպումը անասուններն արդյո՞ք վարակված էին, վարկատուի եւ վարկառուի միջեւ կնքված վարկի ստացման պայմանագով նախատեսված առաջին վճարման ժամկետն անցնում է: Բաբայանները երկար ժամանակ չեն վճարում ոչ միայն պայմանագրով նախատեսված մայր գումարի մի մասը, այլեւ տոկոսները: Իսկ 2009 թ. վարկառուի կողմից պայմանագրի պահանջները խախտելու համար վարկատուն` բանկի Գորիսի մասնաճյուղը, ձեռք է բերում գրավ դրված արժեքների վրա բռնագանձումներ տարածելու իրավունք եւ հայց ներկայացնում դատարան: Մայիսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է բռնագանձել գրավադրման առարկան` Վերիշեն գյուղում գտնվող Բաբայանների առանձնատունը: ԴԱՀԿ-ի Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարող Գագիկ Օհանյանի խոսքով` այդ վճռով Բաբայանների պարտքը կազմում է 1 մլն 752 հազար դրամ: Դատարանի վճռից հետո, ինչպես եւ մինչ այդ, շարունակվում են բանակցությունները վարկատուի եւ վարկառուի միջեւ: Սամվել Բաբայանի կնոջ` Նվարդի խոսքով` այդ ընթացքում վաճառում են տնտեսության մյուս անասունները, վարկային նոր միջոցներ ձեռք բերում այլ վարկառու կազմակերպություններից, ինչպես նաեւ անհատներից` վարկի տոկոսները մարելու համար: Տիկին Նվարդը նաեւ նշում է, որ թե «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գորիսի մասնաճյուղի վարկային գործակալները, թե ԴԱՀԿ-ի աշխատակիցները որոշակի ժամանակ են տրամադրել պարտքը մարելու համար, սակայն այն ամբողջովին մարել չեն կարողացել, եւ առանձնատունը դրվել է աճուրդի: Բաբայանները, սակայն, հույս հունեն, որ կարող են տունը «փրկել», թեպետ ընտանիքում միայն հայրն է աշխատում մասնավոր մի ֆերմայում: Թե որքանո՞վ արդյունավետ են օգտագործել Բաբայանները վարկը, թերեւս այլ խոսակցության թեմա է, մանավանդ, որ «Սննդի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի» տնօրեն Էդգար Թոխսանցը ժխտեց 220 գլուխ անասունի վարակվելու փաստը: Խնդիրն այն է, որ վարկառու կազմակերպությունը որեւէ ռիսկային գործոն հաշվի չի առնում, մասնավորապես գյուղատնտեսական վարկեր տրամադրելու ընթացքում, մանավանդ, որ գյուղատնտեսությունն ինքնին ռիսկային ոլորտ է: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գորիսի մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Պետրոսյանի խոսքով, ով մեկ ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնում, նման փաստարկների մասին վարկատուի եւ վարկառուի միջեւ կնքվող պայմանագրում չի նշվում: Նա չհերքեց, որ տարածաշրջանի որոշ գյուղական բնակավայրերում իսկապես կան ժամկետանց գյուղատնտեսական վարկեր, որոնց մարման համար մասնաճյուղի վարկային գործակալները մշտապես բանակցում են վարկառուների հետ` խուսափելու համար դատական գործընթացների մեջ նրանց ներգրավելուց: Գորիսի տարածաշրջանում Բաբայանները միակը չեն, որ հայտնվել են վարկային «սարդոստայնում»: Դեռեւս ընթացքի մեջ է «Արդշինինվեստբանկի» Գորիսի մասնաճյուղի նախկին կառավարչի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, որի արդյունքում տուժել է մի քանի տասնյակ քաղաքացի: Վարկառուների միջոցները յուրացնելու համար անցած տարի դատապարտվել է «ՍԷՖ Ինթերնեյշնլ»-ի Գորիսի տարածքային բաժնի նախկին պետը: Խոսելով «ՍԷՖ Ինթերնեյշնլ»-ի` վարկառուների 32 մլն դրամ չվճարված վարկի մասին, կազմակերպության տարածքային գործառնությունների ղեկավար Ավետ Հարությունյանը նշում է, որ թեպետ այդ գործով արդեն դատապարտված մարդ կա, այնուամենայնիվ, քննությունը շարունակվում է, քանի որ 70 վարկառուի «ճակատագիրը» դեռեւս անհայտ է: Նա նաեւ նշեց, որ վարկառուները հաճախ են պայմանագրի վճարման ժամկետները խախտում, արդյունքում ժամկետանց վարկերը կազմում են 12 տոկոս, որն, ըստ նրա, նորմայից վեց անգամ ավելի է: Ակնհայտ է, որ պոտենցիալ վարկառուների զգալի մասը վարկային միջոցները տնօրինելու մասին բավարար գիտելիքներ չունի: Այս մասին վերջերս խոսվեց նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության գործակալության կողմից «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» նախագծի շրջանակներում իրականացվող «Ֆերմերների եկամուտների վերլուծության եւ վարկային խորհրդատվության ծրագրի եւ «Գյուղատնտեսության վարկավորումը Գորիսի տարածաշրջանում» ուղեցույցի ներկայացման ժամանակ: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գորիսի տարածաշրջանի 16 համայնքում վերապատրաստել մեկական խորհրդատու, ստեղծել ֆինանսական եւ խորհրդատվական ծառայություն: «ՍԷՖ Ինթերնեյշնլ»-ի տարածքային գործառնությունների ղեկավար Ավետ Հարությունյանի կարծիքով` սա արդյունավետ տարբերակ չէ: Այնուամենայնիվ, մասնավորապես համայնքների ղեկավարները, ովքեր շատ դեպքերում նաեւ երաշխավորում են վարկառուներին` վարկ ստանալու համար, համոզված են, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի մարդիկ, առանց հաշվի առնելու իրենց եկամուտները, ֆինանսական միջոցները ներդնելու կարողությունները, խուսափեն վարկային միջոցներ ստանալ` վտանգի տակ դնելով իրենց ունեցվածքը: Ա. Հարությունյանի խոսքով` առաջիկայում իրենք նախատեսում են համայնքների բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման վարկային միջոցներ տրամադրել համայնքային իշխանություններին, սակայն համոզված են, որ մինչ այդ իրազեկման լայնածավալ աշխատանքներ պիտի իրականացվեն, քանի որ վարկային միջոցներն արդյունավետ օգտագործելու` քաղաքացիների կարողությունները դեռեւս փոքր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter