HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Շուշիի սարահարթում 2000 չպեղված դամբարան կա. քաղաքի միակ թանգարանի տնօրենն ուզում է փոխել թանգարանի ենթակայությունը

Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանն ու ցուցանմուշների պահապան Ռոմելա Հակոբյանն աշխատում են այն նույն վայրում, որտեղ ծնվել են: Խորհրդային տարիներին թանգարանի շենքում եղել է ծննդատուն: Հետո` մինչ Շուշիի ազատագրումը, շենքում եղել է Արևելյան գորգերի թանգարան:

Պատմաերկրագիտական թանգարանը բացվել է Շուշիի ազատագրումից օրեր անց` 92-ի մայիսի 28-ին` ունենալով մոտ 500 ցուցանմուշ: Թանգարանը հիմնադրել է Վեհանուշ Այվազյանը, ով թեև բանակային բուժքույր է եղել, բայց թանգարանի շենքում ցուցանմուշներ է հավաքել և մեկ տարի աշխատել:

Թանգարան այցելում են և հայեր, և օտարերկրացիներ: Միայն մի քանի օր առաջ միանգամից 29 մարդ է այցելել Երևանից: Աշոտ Հարությունյանն ասում է, որ թանգարանի հպարտությունը Շուշիի ռազմագործողության մակետն է: 

Ներկայում Շուշիի միակ թանգարանն ունի մոտ 5000 ցուցանմուշ, որից այս պահին ցուցադրված է 413-ը: Թանգարանը տեղի խնդիր ունի: Տնօրենը համարում է, որ ընդհանրապես թանգարանը տեղադրված է թանգարանի համար ոչ տիպային շենքում: 

Թանգարանը պահակատուն չունի: Տեղադրված չեն տեսախցիկներ: Թանգարանում սարքին մեկ համակարգիչ կա, որը տնօրենի անձնականն է: Մեկ համակարգիչ էլ Աշոտ Հարությունյանին ժամանակավոր տրամադրել է «Նարեկացի» արվեստի միությունը: 

Երկու ամիս է, թանգարանի դիմացի աղբյուրից ջուր չի հոսում: Աշոտ Հարությունյանի խոսքերով` իր բողոքներից հետո ջրի խողովակները փոխում են, և խոստացել են, որ դրանից հետո ջուր կգա աղբյուրից: «Ու իրենց էլ խնդրել եմ, որ եթե ջուրը նորմալ գա, նաև մի հատ ջրագիծ մտցնեն թանգարանի տարածք, որովհետև հրդեհի վտանգավորություն կա թանգարանում»,- ասում է նա` հավելելով, որ թանգարանի` 19-րդ դարում կառուցված շենքը մեծ մասամբ փայտից է:

2005-2008թթ. «Թուֆենկյան» հիմնադրամը ջեռուցման համակարգ է տեղադրել թանգարանում, փոխել տանիքը, վերանորոգել պատշգամբը: Թանգարանում ամենաբարձր աշխատավարձը տնօրենինն է` 80 հազար դրամ: 

Մինչ այսօր թանգարանն իր ցուցանմուշները ձեռք է բերել Շուշիի տարածքից, նաև Երևանից: 1996-98թթ. թանգարանը քարոզչական աշխատանքներ է կատարել Շուշիի բնակչության շրջանում, ինչի արդյունքում շուշեցիները պարզապես թանգարանին են հանձնել իրենց ունեցած ցուցանմուշները:

«Հիմա արդեն, երբ շուկայական հարաբերությունների ոլորտը ներխուժել է նաև Շուշի, բնակչությունը սկսել է թաքցնել այն ամենը, ինչ ունի, և առաջարկում է վաճառքի տեսքով: Մեզ հատկացված ֆինանսական միջոցները բավարար չեն դրանք ձեռք բերելու համար»,- ասում է Աշոտ Հարությունյանը: 

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը վերջին 2 տարում տարեկան 200 հազար դրամ է հատկացնում թանգարանին «այլ ծախսերի» համար: Թանգարանի տնօրենի խոսքերով` բնակիչները թանգարանին բերում են այնպիսի նյութեր, որոնք արդեն 200 հազար դրամ արժեն, իսկ էժան ցուցանմուշներից շատերը թանգարանն արդեն ունի: Բնակիչն իր ցուցանմուշը թանգարանում թողնում է ամենաշատը 10-15 օր, և եթե այդ ընթացքում զբոսաշրջության վարչությունը չի հաստատում, որ թանգարանը կարող է գնել այն, ապա բնակիչը հետ է վերցնում ցուցանմուշը: 

«Օրինակ` երեք հատ նյութ Քարինտակից գտել ենք, և մարդը բերել է, էստեղ է հանձնում: Մի 10 օր էստեղ ենք պահել, համարյա 3 ամիս է, վարչությունում է դրած: Մեր ընկերներով էդ նյութի փողը արդեն տվել ենք իր տիրոջը` տեսնելով, որ էնտեղ ձգձգվում է, որովհետև անընդհատ տերը գնում-գալիս է: Հիմա ես պիտի գնամ էդ վարչություն, ասեմ` իմ ապրանքը տվեք, տանեմ դնեմ թանգարանը: Կամ էլ կարող է ես արդեն մտածեմ, որ դա ոչ թե պիտի թանգարանում դնեմ, այլ պիտի տանեմ-դնեմ մեր տանը»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

Նա համոզված է, որ այսօր ցուցանմուշներ ձեռք բերելու հիմնական ճանապարհը պետք է լինեն պեղումները: Տնօրենի կարծիքով` Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը նախ և առաջ պետք է ստանա գիտահետազոտական թանգարան-ինստիտուտի կարգավիճակ և անցնի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության տակ, որի մասնագետները Երևանից կգնան Շուշի ու թանգարանի աշխատողներին կուղղորդեն, թե ինչպես պետք է կատարել պեղումները: Թանգարանի 9 աշխատողից 3-ը պատմության մասնագետ է, և տնօրենի կարծիքով` պարզապես վերապատրաստման կարիք ունի: 

2005թ. ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, մեկ ամիս պեղումներ է իրականացրել Շուշիում: Այն ժամանակ Համլետ Պետրոսյանը ստեղծել է Շուշի արշավախումբը, որի կազմում պեղումներին մասնակցել է նաև Աշոտ Հարությունյանը: 

«Հենց այդ փորձը ինձ բերել է այն համոզման, որ անիմաստ են մեր թանգարանի անընդհատ տեղափոխությունները»,- ասում է թանգարանի տնօրենը: Արդեն 2 տարի է, Շուշիի թանգարանը ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության ենթակայության տակ է: «Դա աբսուրդ է, որովհետև զբոսաշրջությունը գիտության հետ բոլորովին կապ չունի: Շուշիի թանգարանը չի կարելի մտցնել զբոսաշրջության ոլորտը, ենթակա հիմնարկ դարձնել»,- հավելում է Աշոտ Հարությունյանը: 

Մինչ այդ պատմաերկրագիտական թանգարանը Արցախի մշակույթի նախարարության ենթակայության տակ էր: Թանգարանի ցուցանակը 2 տարի է, չի փոխվել, և դրա վրա դեռ գրված է, թե թանգարանը նախարարության ենթակայության տակ է: Աշոտ Հարությունյանը ոչ պաշտոնական աղբյուրներից լսել է, թե թանգարանը նորից անցնելու է նախարարության ենթակայության տակ: Տնօրենը սա համարում է ավելորդ թղթաբանություն, կանոնադրության, կնիքի փոփոխում և դրանով պայմանավորված ծախսեր, բայց հավատում է այս խոսակցություններին, քանի որ այն, ինչ «մարդիկ զրուցում են», ճիշտ է ստացվում: 

«Մեկ է` մշակույթի նախարարության տեղափոխելով էլ խնդիրը չի լուծվելու»,- ասում է Աշոտ Հարությունյանը: Նա պատրաստվում է առաջիկայում դիմում գրել ՀՀ ԳԱԱ նախագահին և խնդրել, որ Շուշիի թանգարանն անցնի ԳԱԱ-ի ենթակայության տակ: 

«Ես նամակի մեջ կհիմնավորեմ, որ քանի որ մեր թանգարանը պետք է իր ցուցանմուշների մեծ մասը ձեռք բերի արդեն հնագիտական պեղումների միջոցով, մենք միայն կարող ենք այդ կատարել ԳԱԱ-ի միջոցով: Իսկ եթե ԳԱԱ-ն է այդ բանը արդեն կազմակերպում, անիմաստ է դառնում քո ենթակայությունը թե մշակույթի նախարարությունը, թե, ասենք, զբոսաշրջության վարչությանը»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքերով` Շուշիի սարահարթում մոտ 2000 դամբարան կա, որի 90 %-ը կողոպտվել է նախախորհրդային շրջանում: 2005թ. Շուշիի արշավախումբը քարտեզագրել է այդ դամբարանները: Մեկ ամիս տևած պեղումների ընթացքում արշավախումբը պեղել է մ.թ.ա. 10-8-րդ դարերին վերագրվող, Կուր-արաքսյան մշակութային գոտուն պատկանող 2 դամբարան, որտեղ հայտնաբերվել են նետասլաքի ծայրակալ, օբսիդիանից շեղբ, զարդեր: Այս ցուցանմուշներն այժմ ցուցադված են Շուշիի թանգարանում և ամենահինն են: 

«Իմ ունեցած տվյալների համաձայն, 1974-75 թթ. Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան Շուշիի մոտակա քարանձավներից մեկում պեղումներ է կատարել, և իրենց գտած նյութերի մեջ կան նյութեր, որոնք ավելի հին են, քան իմ ասած ժամանակաշրջանը, բայց դրանք բոլորը Բաքվում ներկայացած են որպես ալբանական մշակույթ: Այսինքն` Շուշիից «ալբանական մշակույթ» են գտել»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

Suro
Հիմա ինչ աշխատանքի համար փող եք ստանում,դա նախ լավ կատարեք: Ձեր չգիտեմ ինչ վարչությանը ասեք` ձեր համար զուգարան սարքի: Շատ մեծ-մեծ էլ մի բրդեք, ձեզ ճանաչողներ էլ կան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter