HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հաջողված գրոհ. մանկապարտեզի տարածքն այլևս երեխաներինը չէ

 Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: Երեք օր առաջ,

ինչպես պատմում են հարակից շենքերի բնակիչները, Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ, մանկապարտեզ են այցելել ոստիկաններն ու ապահովել «մակապարտեզի վրա կատարվող գրոհի» հաջողությունը: Արդյունքում մանկապարտեզի ցանկապատը մի քանի մետրով «նահանջել» է` իր հետևում թողնելով երեխաների համար նախատեսված լողավազանը, սպորտհրապարակը և գեղեցիկ այգին` շուրջ 40 տարեկան հաստաբուն ծառերով:

Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը վստահեցնում է, որ տեղահանված տաղավարներն ու սպորտհրապարակի պարագաները հողատարածքի նոր տերերը խոստացել են նորից տեղադրել, բայց արդեն ցանկապատից այս կողմ: Իսկ այս կողմում, ըստ էության, մեծ մասն ասֆալտ է, ու մանկապարտեզի աշխատակիցները հեգնում են, թե մի օր էլ երեխաներից ասֆալտը կխլեն` մանկապարտեզի շենքով հանդերձ: «Մենք հանձնարարական ենք ստացել, որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները»,- կատարվածը ներկայացնելիս ասում է քաղաքապետը: Երբ հարցրինք, թե «ո՞ւմ իրավունքների մասին է խոսքը, ումի՞ց էին այն պաշտպանում և ո՞վ էր նման հանձնարարական տվել», քաղաքապետ Նազարյանը պատասխանեց. «Խնդրում եմ` ինձ մի ստիպեք, որ անուններ ասեմ: Վերևից, ղեկավարությունն է (հանձնարարական) տվել, որ պաշտպանենք մարդու իրավունքները»:

«Երբ մանկապարտեզը կառուցեցին, այստեղ ամայի տարածություն էր, ավելի ճիշտ` ճահիճ: Տեսնեիք, թե ինչ ղամիշներ կային: Դրանք ձեռքով պոկել ենք, ծառ տնկել, դույլերով ջուր բերել ու ջրել: Նույնիսկ վատ տարիներին, երբ բոլորը մրսում էին, մանկապարտեզի այգուց ոչ մի ծառ չի հատվել: Իսկ հիմա բոլորը կտրելու են, որպեսզի ինչ-որ մարդիկ շինարարություն անեն,- ասում է մանկապարտեզի դաստիարակ Գեղեցիկ Գրիգորյանը: - Ես 35 տարի է` այստեղ եմ աշխատում: Տարիներ շարունակ մտածել ենք, որ դա մերն է` մանկապարտեզինը: Բայց բանից պարզվում է` սխալ ենք մտածել. մերը չէ: Հիմա մեզ բացատրում են, որ ամեն ինչ պետականորեն է արված. էլ ոչ մի բան չենք կարող փոխել»: Քաղաքապետ Դմիտրի Նազարյանը նշում է, որ խնդրով անձամբ է հետաքրքրվել, «գնացել է նույնիսկ արխիվ, նախարարություններ» ու պարզել հետևյալը. ԽՍՀՄ տարիներին Լուսավորության մինիստրությանը հատկացվել է 2,5 հա տարածք` Մասիսում թիվ 1 մանկապարտեզն ու 2-րդ դպրոցը կառուցելու նպատակով: Դրանք կառուցվել են միաժամանակ և գտնվում են իրարից 200 մ հեռավորության վրա: 2000 թ. կատարված նոր քարտեզագրման ժամանակ մանկապարտեզի տարածքը փոքրացել է` 8340 քմ-ից դառնալով 6178 քմ: Այդ 2162 քմ-ն, որն արդեն մանկապարտեզինը չէ, 2008 թ. Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը, որպես համայնքի սեփականություն, դրել է աճուրդի և վաճառել 5 քաղաքացու: Մանկապարտեզի աշխատակիցներն ու հարակից շենքի բնակիչներն ասում են, թե դրանից ոչ ոք տեղյակ չի եղել, իսկ տարածքը վաճառվել է «ջրի գնով»: Մինչ Դմիտրի Նազարյանի հետ հանդիպելը, քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավորապես Կրթության բաժնի գլխավոր մասնագետ Պավել Աթանյանը վստահեցնում էր, որ գնորդները «չունեվոր, անտուն մարդիկ են, հող են գնել, որպեսզի տուն կառուցեն ու ապրելու տեղ ունենան»: «Սոցիալապես անապահով մարդը տուն չի կառուցում: Գալիս մեզանից տուն է ուզում, որը մենք չունենք»,- հակադարձում է քաղաքապետ Դ. Նազարյանը և նշում, որ հիշյալ տարածքը վաճառվել է բավական թանկ` մեկ քառակուսի մետրը 1500 դրամով, որն այն ժամանակվա կադաստրային արժեքի 50 տոկոսն է կազմում: Մինչդեռ բնակիչներն ասում են, որ գնորդներից Արտակ Փահլեվանյանն արդեն հասցրել է «թանկ» գնած իր հողաբաժինը վերավաճառել մի քանի անգամ ավելի բարձր գնով` 15 հազար ԱՄՆ դոլարով (նոր գնորդը Կարեն Վարդանյանն է): Քաղաքապետը նաև վստահեցնում է, որ գնորդները «սովորական, հասարակ մարդիկ են», նրանցից միայն մեկն է պաշտոնյա, այն էլ հարկայինի շարքային աշխատակից: Սակայն տարածքի բնակիչներն պնդում են հակառակը և թվարկում հարկայինում աշխատող Մարգարիտա Մխիթարյանից բացի, մյուս «հասարակ գնորդներին»` Մասիսում Քսերոքսի Վալեր անունով հայտնի Վալերիկ Ալեքսանյան, քաղաքի հիվանդանոցի բժիշկ Մեսրոպյանի որդին` Տիգրան Մեսրոպյան, Մասիսի կադաստրում աշխատող Ալեքսանդր Մանուկյան:

«Փոխարենը ինչ էլ կառուցեն, գերադասելին մանկապարտեզն էր: Նախկին քաղաքապետը պետք է այնքան գլուխ ունենար, որ այդպիսի բան չաներ. սա ուղղակի վնասարարություն է: Իհարկե, վերևից է եղել ամեն ինչ. քաղաքապետ-մարզպետ իրար հետ են արել այս ամենը: Թե ինչո՞ւ, դուք էլ գիտեք»,- ասում է բնակիչներից Գրետա Հարությունյան: Իսկ 76-ամյա Արմեն Հարությունյանը հավելում է. «Ամեն ինչ վաճառում ու գնում են: Ուղղակի մեր մանուկների, իրենց երեխաների ապագան են վաճառում»:

Քաղաքապետ Նազարյանն ասում է, թե ինքը չգիտի` նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը (ներկայիս ոստիկանապետ) ժամանակին այս պատմությունից տեղյա՞կ էր, թե՞ ոչ: Սակայն վստահեցնում է, որ ինքը, որպես մարդ, իրեն երբեք թույլ չէր տա մանկապարտեզի տարածքը վաճառել: «Բայց հիմա իրանք օրինական տվել են, ու եթե որոշումն օրինական է, այն պետք է իրականացվի»,- ասում է նա: Այնինչ, տարածքի բնակիչները մատնացույց են անում ներկայիս քաղաքապետ Նազարյանի «կառուցած դղյակը» ու շեշտում, որ այն գտնվում է թիվ 2 դպրոցի անմիջական հարևանությամբ ու զբաղեցնում է հենց դպրոցի տարածքը:

«Տունը տղաս է կառուցում, նա «Հայփոստում» վարչության պետ է ու ստանում է բարձր աշխատավարձ` ամսական 700 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Ես էլ ինչ-որ չափով օգնում եմ, ինչքան կարողանում եմ»,- ասում է Դմիտրի Նազարյանը և պարզաբանում, որ տարածքը, որտեղ կառուցվել է տունը, նախկինում եղել է դպրոցի փորձարարական դաշտը, այնուհետև անցել է համայնքի հաշվեկշռին, և իր որդին այն գնել է համայնքից: Դմիտրի Նազարյանն առաջ Հանրապետական կուսակցությունից էր: 2008 թ. նա անդամագրվել է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նույն թվականին Մասիսի քաղաքապետի ընտրություններում հաղթել իր նախկին կուսակցին` գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանին, ինչի պատճառով, ըստ նրա, վերջինս իրեն նույնիսկ չի էլ բարևում: Սակայն մինչև 1999 թ. Դ. Նազարյանը դարձյալ Մասիսի քաղաքապետն էր, իսկ դրանից հետո, մինչև 2008 թ., աշխատանքի էր անցել նախագահի վերահսկողական ծառայությունում` սկզբում իբրև բաժնի պետ, այնուհետև որպես ծառայության ղեկավարի խորհրդական:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter