HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դավիթը զրկվել է հայրության իրավունքից` անարժանահավատ եզրակացության հիման վրա

Դավիթ Ծաղիկյանը դիմում է գրել երկրի նախագահին` տղային տեսակցելու հարցում ակնկալելով վերջինիս միջամտությունը: «Որովհետեւ չգիտեմ` էլ ում դիմեմ: Նախկին կնոջս կողմը փողով բոլորի աչքերը փակում է: Ախրանիկները ծեծ ու ջարդով թույլ չեն տալիս երեխայիս մոտենամ, դատարանն էլ զրկում է հայրության իրավունքից»,- ասում է 35-ամյա Դավիթը:

Նրա ներկայացմամբ` 2005-2008 թթ. փաստացի ամուսնական կապի մեջ է եղել Գայանե Եսոյանի հետ: 2006-ին ծնվել է իրենց որդին, սակայն «ընտանեկան անախորժությունների պատճառով» կնոջից բաժանվելուց հետո այլեւս չի կարողանում որդուն տեսակցել: «Աներոջս` Լեւ Եսոյանի գրպանում լիքը փող կա. Ղազախստանում ինչ-որ շինարարական ֆիրմա ունի: Նա թոշակի անցած գնդապետ է. նախկինում եղել է ոստիկանության Կադրերի բաժնի պետը, իսկ դրանից առաջ` Արարատի միլպետը: Նա նույնիսկ քաղմասն ա հանել իմ դեմ»,- ասում է Դավիթը եւ մանրամասնում, որ ամեն անգամ, երբ փորձել է մոտենալ երեխային, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակից, մայոր Կոստյա Սարգսյանն իրեն տարել է բաժին ու սպառնացել` «քեզ խելոք պահիր, թե չէ վերջդ լավ չի լինի»: Մի անգամ էլ Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունքի երկրորդ բաժնի պետ Մասիս Մելքոնյանը աշխատանքային հեռախոսով զանգահարել է իր բջջայինին, հայհոյել ու սպառնացել` «եթե երեխային մոտենաս, ոտքերդ կջարդեմ»:

«Դիմել եմ բոլոր ատյաններին, Ազգային անվտանգությանը եւ Գլխավոր քննչական վարչությանը: Ինչ-որ ծառայողական քննություն նշանակեցին, բայց, չգիտես ինչու, վարույթը համարեց, որ քննարկման ժամանակ ոչ թե ես պետք է ներկա գտնվեի, այլ Գայանեն: Թե խի՞ էին նախկին կնոջս կանչել, ըտենց էլ չհասկացա: Վերջը բան էլ չարեցին»,- հիշում է Դավիթը: Նրա պատմելով` երկու տարեկան որդուն անգամ մանկապարտեզ տանել-բերելիս ուղեկցել են նախկին աներոջ վարձած թիկնապահները, ովքեր իրեն ատրճանակով սպառնացել են` երեխայից հեռու մնալու պահանջով, իսկ երկրորդ անգամ 4 հոգով ծեծել են: «Վարդան Սիմոնյանն էր, Արայիկ Մուրադյանը, Արթուրը, իսկ 4-րդին չէի ճանաչում: Քիթս ու կողիս մատները կոտրել էին: Նոր Նորքի բաժնում հաղորդում տվեցի,- հիշում է Դավիթը,- երբ հիվանդանոցում էի, օպերները եկան, բա` «լսում ես, այ տղա, իզուր չբողոքես, թե չէ կդատվես»: Ուզում էին քաղմասում հաղորդում տալու մասին կտրոնի իմ օրինակը վերցնել: Բայց խաբեցի, թե իբր կորցրել եմ»: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչ Ս. Նամալյանը Դավիթի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզել է. «2008 թ. հուլիսի 18-ին Գայանեն իրենց շենքի բակում երեխայի հետ զբոսնելիս նկատել է, որ Դավիթ Ծաղիկյանը հետեւում է իրենց: Այդ մասին նա պատմել է իր հեռու ազգականին` Արայիկ Մուրադյանին: Վերջինս իր ընկերոջ` Ա. Աթանեսյանի հետ նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, պատահաբար հանդիպել է Դավիթին, ձեռքերով հարվածել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են առողջական միջին վնաս: Սակայն Դավիթը լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ Արայիկ Մուրադյանի նկատմամբ բողոք չունի»: Ելնելով վերոգրյալից` հետաքննիչը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել` դիմողի բողոքի բացակայության պատճառով:

«Երբ այդ գործը պատահաբար ընկավ ձեռքս, տեսա, որ հաղորդում տալու մասին կտրոնը փոխել են: Լրիվ ուրիշ կտրոն են դրել եւ ուրիշի ձեռագրով իմ անունից ինչ պետք ա լրացրել են: Համ 4 հոգուց մենակ Արայիկ Մուրադյանին էին թողել, համ էլ գրել են, թե իբր բողոք չունեմ: Սրա դեմ էլ սկսեցի բողոքել, բայց էլի բան չփոխվեց»,- ասում է Դավիթը:

Գայանե Եսոյանն իր հերթին այդ ընթացքում մի քանի անգամ դիմել է ոստիկանություն` գանգատվելով, թե «իր նախկին փաստացի ամուսինը` Դավիթ Ծաղիկյանը, ամեն օր անհանգստացնում է իրեն` պատճառաբանելով, որ ուզում է տեսնել երեխային»: Գայանեն իր բացատրություններում նշել է, թե «որդին Դավիթինը չէ, վերջինս հայրություն չի ճանաչել եւ երեխայի հետ ոչ մի կապ չունի»:

Դատական թնջուկ

Գայանե Եսոյանը 1999 թ. ամուսնացել է Տիգրան Ղամբարյանի հետ, 2000-ին նրանք ունեցել են դուստր, իսկ մեկ տարի անց` ամուսնալուծվել: 2006-ի դեկտեմբերին Գայանեն դիմել է Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան` տեղեկացնելով, որ ամուսնալուծվելուց ի վեր ամուսինը հեռացել է, եւ նրա գտնվելու վայրի մասին այլեւս տեղեկություններ չունի:

«2005 թվականից ես փաստական ամուսնական հարաբերությունների մեջ եմ Դավիթ Ծաղիկյանի հետ: Նրա հետ համատեղ կյանքում 2006 թ. ունեցել եմ մեկ տղա»,- դատարանին հայտնել է Գայանեն եւ խնդրել, որպեսզի իր նախկին ամուսինը` Տիգրան Ղամբարյանը, ճանաչվի անհայտ բացակայող, քանի որ «ցանկանում է փոխել դստեր հայրանունը եւ ազգանունը»: Սակայն այն բանից հետո, երբ Դավիթը դիմել է նույն դատարան` շաբաթվա երկու օրը որդուն տեսակցելու խնդրանքով, Գայանեն արդեն դատարանին հայտնել է. «Դավիթ Ծաղիկյանն ինձ հետ ապրել է ընդհատումներով... եւ ինձ հետ մի կարճ ժամանակ կապերի մեջ լինելը չի նշանակում, որ մենք փաստական ամուսնության մեջ ենք եղել, եւ որ երեխան իրենն է»:

Դավիթ Ծաղիկյանը նշում է, որ ժամանակին որդու ազգանունը գրանցել է կնոջ` «Եսոյան» ազգանունով` ընդառաջելով աներոջ խնդրանքին: Ուստի հայցադիմումով միաժամանակ պահանջել է երեխայի նկատմամբ ճանաչել իր հայրության իրավունքները: Իսկ Գայանեն հայցադիմումի պատասխանում նշել է, թե այն հանգամանքը, որ որդու ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման գրքում իբրեւ երեխայի հայր նշված են Դավիթ Ծաղիկյանի տվյալները, ամենեւին չի հիմնավորում նրա հայրությունը: Դատավարության ընթացքում Դավիթը ներկայացրել է նաեւ հենց Գայանեի 3 հարեւանների ստորագրությամբ հաստատված մի գրություն, որով վերջիններս հայտնել են. «Մենք Դավիթ Ծաղիկյանին 2005 թ.-ից ճանաչում ենք որպես Գայանե Եսոյանի ամուսին: Նրանց համատեղ կյանքի ընթացքում ծնվել է որդի, որը մեզ ներկայացվել է որպես Դավիթ Ծաղիկյանի որդի: Մենք հաստատում ենք այն փաստը, որ Դավիթ Ծաղիկյանը բարեխղճորեն կատարել է իր հայրական պարտականությունները: Լրացուցիչ հայտնում ենք նաեւ, որ Դավիթ Ծաղիկյանը հայրական պարտականություններ է իրականացրել նաեւ Գայանե Եսոյանի աղջկա նկատմամբ»: «Դրանից հետո Եսոյանները դատարան բերեցին մի փաստաթուղթ, որով իբր շենքի մի քանի բնակիչ ասում էին, որ ինձ ընդհանրապես չեն ճանաչում: Բայց էդ հարեւանների անունների դիմաց անձնագրի կեղծ տվյալներ էին նշված: Ես դատավոր Արսեն Բաբայանից պահանջեցի հարեւաններին կանչել դատարան: Բայց միջնորդությունս մերժվեց»,- պատմում է Դավիթը: Փոխարենը դատավորը բավարարել է Դավիթի մեկ այլ միջնորդություն եւ նշանակել փորձաքննություն` պարզելու համար` երեխան սերվել է նրանի՞ց, թե՞ ոչ: Դատաբժշկական գիտագործական կենտրոնի (ԴԲԳԳԿ) դատագենետիկական լաբորատորիային հանձնարարվել է հարցին պատասխանելու համար հետազոտել Դավիթի ու երեխայի մազը, թուքը եւ քրտինքը: Սակայն շուրջ երկու ամսվա ձգձգումից հետո (ինչի առթիվ Դավիթը բողոքներ է հղել տարբեր ատյաններ) լաբորատորիայի վարիչ Մարինա Բաղդասարյանը փորձաքննությունն իրականացրել է արյան նմուշի հիման վրա` որպես երրորդ կողմ ընդգրկելով նաեւ երեխայի մորը: «Դավիթ Ծաղիկյանի մոտ բացակայում են պարտադիր հայրական ալելները երկու լոկուսով, ուստի նրա հայրությունը երեխայի նկատմամբ բացառվում է»,- եզրակացրել է փորձագետ Մ. Բաղդասարյանը: «Արյան նմուշով փորձաքննություն արեցին, որ ամեն ինչ խճճեն: Իբր պարզեցին, որ 12 գենից երկուսը չի համապատասխանում, ու ես երեխուս հայրը չեմ: Աշխարհի վերջն ա»,- ասում է Դավիթը: Դատավոր Արսեն Բաբայանը, ելնելով հիշյալ եզրակացությունից, նրան զրկել է հայրության եւ երեխային տեսակցելու իրավունքից: Ոչինչ չի փոխել նաեւ վերաքննիչ դատարանը: Սակայն Վճռաբեկ դատարանը, համադրելով գործի փաստերը, գտել է, որ փորձագիտական եզրակացության անարժանահավատության վերաբերյալ Դավիթ Ծաղիկյանի կասկածները հիմնավոր են: Ուստի որոշել է գործը կրկին ուղարկել Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան` նոր քննություն կատարելու: Այս անգամ գործը քննել է դատավոր Սամվել Ուզունյանը: Նա փորձաքննության կատարումը հանձնարարել է դարձյալ նույն կենտրոնի դատագենետիկական լաբորատորիային, բայց արդեն այլ փորձագետի մոտ: «Ասացի` հարգելի դատարան, այդ լաբորատորիայի վարիչը Մարինա Բաղդասարյանն է, հետեւաբար ոչ մի փորձագետ նրա ասածին հակասող եզրակացություն չի կարող տալ: Խնդրում եմ` թույլ տվեք իմ միջոցներով փորձաքննությունը կատարել արտերկրում»,- հիշում է Դավիթը: Դատավորը նրա միջնորդությունը մերժել է: Իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից դատարանին հայտնել են, որ նման փորձաքննություն կարող են կատարել 2010 թ. առաջին կիսամյակից հետո:

«Պետք էր սպասել ընդամենը 5 ամիս: Խնդրեցի, որ դատավարությունն այդ ընթացքում դադարեցվի, մինչեւ ՊՈԱԿ-ը կիրականացներ դատագենետիկական փորձաքննություն: Բայց դատավորը սա էլ մերժեց»,- պատմում է Դավիթը: Դատավոր Ուզունյանը, ինչպես որոշել էր, փորձաքննությունը հանձնարարել է ԴԲԳԳԿ դատագենետիկական լաբորատորիային, ու քանի որ Դավիթ Ծաղիկյանը փորձաքննությանը չի ներկայացել, այս անգամ էլ Ուզունյանն է Դավիթին զրկել հայրության եւ երեխային տեսակցելու իրավունքից:

Դատվածություն

Հիշյալ քաղաքացիական դատավարություններին զուգահեռ Դավիթ Ծաղիկյանը հասցրել է երկու անգամ դատապարտվել: Երբ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, Դավիթը դատավորներին անվանել է «կաշառակերներ, վաճառականներ եւ վաշխառուներ»: Հենց սրա համար Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի: Սակայն Դավիթը, ԱԺ 2009-ի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ, տուգանքը վճարելուց ազատվել է: Երկրորդ անգամ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել նախկին կնոջը ծեծելու համար: Ըստ մեղադրանքի` «2009 թ. ապրիլի 1-ին` ժամը 19-ի սահմաններում, Երեւանի Իսահակյան փողոցի 30 շենքի դիմաց Դավիթ Ծաղիկյանը, վիճաբանության մեջ մտնելով Գայանե Եսոյանի հետ, ձեռքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթեւ վնաս»: «Ես Իսահակյան փողոցով անցնում էի, պատահաբար «Պապլավոկ» սրճարանի մոտ որդուս տեսա: Մինչեւ ավտոն կանգնեցրի, որ մոտենամ, Գայանեն ինձ նկատեց ու երեխայի հետ մեքենայով հեռացան: Չորս մետրից ավել նրանց չեմ մոտեցել,- վստահեցնում է Դավիթը:- Ապրիլի 1-ը տոն էր` խաբելու օրը: «Պապլավոկի» մոտ լիքը մարդ կար: Քննիչին հարցնում եմ` լավ, ո՞նց եղավ, որ Գայանեին 10 րոպե տեւողությամբ ծեծեցի, ու ոչ ոք չտեսավ: Մի հատ վկա գտան` Էռնա Սարգսյան, բայց ոչ հետն առերեսում արեցին, ոչ էլ: Գործը մտավ դատարան, նիստը 12 օրով հետաձգեցին, որ էդ վկային բերեն: Չեկավ: Ըտենց էլ չիմացա, թե էդ Էռնա Սարգսյանն ով ա: Մենակ Գայանեի ու իրա ծնողների ցուցմունքներով ինձ դատեցին»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Դավիթին մեղավոր է ճանաչել, սակայն որոշել է համաներման ակտի հիմքով նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել: «Անձի նկատմամբ նույն համաներումը երկու անգամ կիրառելն օրենքի կոպիտ խախտում է, ու դատավոր Գագիկ Պողոսյանն էս մասին շատ լավ գիտի: Ուղղակի էդ ամբողջ դատը բեմադրել էին, որ անձնագիրս վերցնեն,- ասում է Դավիթը եւ մանրամասնում,- դատավոր Պողոսյանը, իբր տվյալները ստուգելու համար, անձնագիրս վերցրեց ու էլ չտվեց: Ի±նչ անեի, մի բան ասեի, էլի դատարանին վիրավորելու համար պիտի դատեին: Դրանից մի քանի օր հետո Սամվել Ուզունյանը որոշեց ինձ հայրությունից զրկել: Ու մինչեւ մեկ ամիս չանցավ, էդ վճիռն օրինական ուժ չստացավ, Գագիկ Պողոսյանն անձնագիրս չտվեց: Իսկ առանց դրա վերաքննիչ բողոք չէի կարող ներկայացնել»: Գայանե Եսոյանը դատարանին տված իր բացատրություններում նաեւ հայտնել է, թե Դավիթ Ծաղիկյանը, իմանալով, որ ինքը ծնողների միակ ժառանգն է` նյութապես ապահովված, «հստակ ծրագրել է մութ նպատակներ», ինչի համար էլ վիճարկում է երեխայի հայրությունը: Գայանեի ու նրա ծնողների ցուցմունքներով` Դավիթը մեղադրվել է նաեւ Եսոյանների ընտանիքից գումարներ շորթելու մեջ: Սակայն նախաքննության արդյունքում ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Գ. Բեգոյանը որոշել է Դավիթի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Ես ընդամենը մի բան եմ ուզում` շաբաթը մի քանի ժամ տղայիս տեսնել: Ուրիշ բան ինձ պետք չի»,- ասում է Դավիթը:

Հ. Գ. Եսոյանները հրաժարվեցին թեմայի շուրջ մեզ հետ զրուցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter