ՈՒրբաթ, 24 մայիսի

Արցախի շինանյութերը Հայաստանի շուկայում

Քնար Բաբայան


16:21, 19 սեպտեմբերի, 2011

Մարտունեցի 29-ամյա ծրագրավորող Միքայել Սարգսյանին նոր խնդիրներ լուծելու ցանկությունն է ստիպել ռիսկի դիմել եւ վարկ վերցնել` սեփական արտադրություն հիմնելու համար:

Միքայելը պատմում է, որ մտածել էր համատեղելով արտասահմանյան նորագույն տեխնոլոգիաները եւ տեղական հումքը` ստեղծել այնպիսի ապրանքատեսակ, որը հնարավոր կլիներ սպառել տեղի շուկայում: «Իմպուլս» ՍՊԸ-ն Մարտունի քաղաքում գրանցվեց ու սկսեց գործել 2009 թ:

Հիմնադրման համար անհրաժեշտ գումարը վարկի տեսքով երիտասարդ գործարարին տրամադրել է Արցախի ներդրումային հիմնադրամը:

«Այսօրվա դրությամբ մոտ 30 տեսակի շինանյութ ենք արտադրում` մայթի, հատակի, երեսպատման սալիկներ, քիվեր, բազրիքներ, պատուհանագոգեր եւ այլն: Իսկ գույների առումով մեր տեսականին կգոհացնի անգամ ամենաբծախնդիր հաճախորդին»,- ասում է նա:

Արտադրության համար անհրաժեշտ կաղապարներն ու նյութերը բերելուց հետո արտադրության տեխնոլոգիան Միքայելն անձամբ սովորեցրեց իր աշխատողներին: Մինչ արտադրություն հիմնելը, ինքը արտասահմանյան մի քանի նմանատիպ արտադրամասերում ծանոթացել է արտադրության գործընթացին: Միքայելը պատմում է, որ աշխատել սկսել են ընդամենը 3 հոգով: Այժմ ունեն 11 աշխատող, իսկ միջին աշխատավարձը 80 հազար դրամ է: Նա ասում է, որ պատվերների ավելացման դեպքում կավելանան նաեւ աշխատատեղերը:

«Արտադրանքը միանգամից շուկա չենք հանել: Չնայած պատկերացնում էի, թե ինչպես պետք է ամեն ինչ լինի, այնուամենայնիվ, փորձի պակասը զգացվում էր: Շուկա ենք հանել միայն այն ժամանակ, երբ համոզվել ենք, որ արտադրանքը համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին»,- ասում է երիտասարդ գործարարը:

Հայաստանյան եւ արցախյան շուկայում Մարտունիում արտադրվող շինանյութերի մոտ 15 տեսակի մենաշնորհը «Իմպուլս»-ինն է:

Միքայելն ասում է, որ աշխատում են պատվերներով, իսկ արտադրության հիմնական մասը սպառվում է տեղի շուկայում, կան նաեւ Հայաստանից պատվիրատուներ:

«Երբ սկզբում ասում էինք, որ շինանյութ ենք արտադրում, որը համապատասխանում է բոլոր ստանդարտներին, ծիծաղում էին: Ասում էին՝ ի՞նչ պիտի արտադրվի Արցախում, այն էլ՝ Մարտունիում, որ որակը նորմալ լինի: Դրա համար էլ սկզբից թերահավատորեն էին վերաբերվում: Անցած տարի մի քանի կազմակերպություններ հավատացին մեզ եւ գնեցին մեզանից շինանյութ: Այս տարի պատվերները շատացել են»,- ասում է Միքայելը:

«Իմպուլս» ՍՊԸ-ն իր 3-ամյա գործունեության ընթացքում արդեն հասցրել է 3 անգամ մասնակցել Երեւանում կայացած «Արմէքսպո» միջազգային ցուցահանդեսին:  «Նոր եմ վերադարձել հերթական «Արմէքսպո»-ից, որ կայացել էր սեպտեմբերի 9-11-ը Երեւանում: Ամեն ինչ լավ է անցել, հուսով եմ՝ պատվերները իրենց սպասեցնել չեն տա»,- ասում է նա:

24-ամյա Վիլենը «Իմպուլս» ՍՊԸ-ի առաջին աշխատողներից է: Մինչ այդ նա տաքսի ծառայությունում էր աշխատում: Նա խոստովանում է, որ նման արտադրամասում աշխատելու փորձ չուներ, ամեն ինչ տեղում է սովորել:

«Դժվար բան չկա, արդեն հունի մեջ ենք ընկել: Պատվերներն էլ արդեն շատացել են, ազատ ժամանակ չենք ունենում»,- ասում է Վիլենը՝ ավելացնելով, որ արցախցիներն իրենց անհրաժեշտ  շինանյութերը ստիպված չեն լինի ներկրել դրսից:

43-ամյա Լորիկն ընդամենը 4 ամիս է, ինչ արտադրամասում է աշխատում: Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է,  ինչպես ինքն է ասում՝ հասցրել է մեկ տասնյակի չափ մասնագիտություն փոխել, անգամ Ռուսաստանի Դաշնություն էր գնացել աշխատանքի փնտրտուքով: Ներկայիս աշխատանքից գոհ է եւ ասում է, որ նման արտադրամասի առկայությունը Մարտունիում շատ ողջունելի է: Մարդիկ իր նման ստիպված չեն լինի հեռանալ քաղաքից: Նա խոստովանում է, որ ցանկալի է աշխատավարձը ավելի բարձր լիներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»