HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայկին դատել են առավելագույն պատժաչափով

Բայց ո՞վ է իրական մարդասպանը

Սկիզբը՝ Ինչո՞ւ չեն գտնում «կորածի» դիակը 2004 թ. հոկտեմբերի 5-ին 29-ամյա Էդիկ Նիկողոսյանը դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Պատճառը հորեղբորորդիներ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների ընտանիքների միջեւ ծագած թշնամանքն է, որը փոխանցվել է նրանց որդիներին:

Հակառակ ճամբարներում են հայտնվել մի կողմից «Բոլերո» հյուրանոցային համալիրի սեփականատեր Գագիկ Վարդանյանի որդին` Ստեփանը, մյուս կողմից` «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի երկու տղաները` Արտավազդը եւ Արթուրը: Էդիկի հայրը՝ Գագիկ Նիկողոսյանը, պատմում է, որ այս երկու ընտանիքների միջեւ սկիզբ առած վեճ ու կռիվների ժամանակ իր որդին միշտ «կանգնել է ընկերոջ` Ստեփանի թիկունքին»: Արդյունքում Էդիկն անհետացել է, իսկ Ստեփանը պարզել է, որ ընկերոջ անհետացումը Աշոտ Վարդանյանի ու նրա որդիների ձեռքի գործն է: Սակայն Էդիկի անհետացման գործը քննող Հայկ Էյրամջյանը տարիներ շարունակ ոչինչ չարեց, ավելին՝ որոշ բաներ թաքցրեց, ինչի հետեւանքով վրեժխնդրության հողի վրա հնչեցին բազմաթիվ կրակոցներ, որոնցից միայն մեկի դեպքում արձանագրվեց հրազենային վնասվածք. Աշոտ Վարդանյանի փոքր որդին՝ Արթուրը, կրակել էր Էդիկի եւ Ստեփանի ընկերոջ՝ Արմեն Հակոբյանի ոտքին: Մյուս կրակոցները մահացու էին. 2006-ի մարտին սպանվեց Աշոտ Վարդանյանը, իսկ մոտ մեկ տարի անց` Ստեփան Վարդանյանը: Չանցած մեկ ամիս՝ սպանվեց նաեւ Աշոտ Վարդանյանի ավագ որդին՝ Արտավազդը՝ իր երկու ուղեկիցների հետ: Միայն այս սպանություններից հետո հիշյալ դրվագներով հարուցված 5 քրեական գործերը միացվեցին մեկ վարույթում, իսկ նախաքննության իրականացումը հանձնարարվեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությանը: Այժմ գործը քննում է այս վարչության Անձի դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանը: Այս ընթացքում հիշյալ սպանությունների մի մասը բացահայտվել է: Բացահայտված չէ Արտավազդի եւ նրա ուղեկիցների՝ վերջինիս աներորդու եւ վարորդի սպանության գործը: Հիշեցնենք՝ Արտավազդը սպանվել էր հոր՝ Աշոտ Վարդանյանի գերեզմանի մոտ եւ նույնիսկ չէր հասցրել իր հետ գերեզման տարած խունկը ծխեցնել եւ ծաղիկները դնել տապանաքարին: Իսկ մարդասպանը դեպքի վայրում թողել էր ռետինե արյունոտ ձեռնոցներ: Քննիչ Այվազյանի կարծիքով՝ այս դեպքում հավանաբար «գործել է» վարձու մարդասպանը: Արսեն Այվազյանը միաժամանակ նշում է, որ եթե նշյալ 5 գործերը միացվել են, նշանակում է, որ դրանք ուղղակի կապված են միմյանց հետ: Հենց այս տրամաբանությամբ էլ իրավապահները սկզբից եւեթ սկսել են փնտրել հանցագործներին: Ստեփան Վարդանյանի սպանության համար հետախուզում է հայտարարվել Հայկ Բենիկյանի նկատմամբ, որն իրար հետ թշնամացած Վարդանյանների հետ ժամանակին ապրել է նույն թաղամասում եւ եղել կողմերից մեկի՝ Աշոտ Վարդանյանի որդիների շրջապատից: Իսկ Ահա Աշոտ Վարդանյանի սպանության համար մեղադրվել, այժմ արդեն դատապարտվել է Հայկ Կարապետյանը, որը, ըստ իրավապահների, մյուս կողմի՝ Ստեփան Վարդանյանի եւ անհետացած Էդիկի մտերիմ ընկերն է: Սակայն բացառված չէ, որ Ստեփանին սպանելու համար հետախուզվող Հ. Բենիկյանն իրեն մեղսագրվող արարքի հետ կապ չունի, եւ իրավապահների` «ընկերոջ վրեժը լուծելու» վարկածն իրականում անհիմն է: Համենայնդեպս, նման հետեւության տեղիք են տալիս Հայկ Կարապետյանի դատավարության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները: Վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը նշում է, որ դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքներով միանշանակ հերքվել է, որ Հայկը եղել է Էդիկի եւ Ստեփանի ընկերը: Նա պարզապես ճանաչել է Ստեփանին, հետն ունեցել որոշակի հարաբերություններ, բայց ոչ մտերմիկ ընկերական: Գագիկ Նիկողոսյանը նույնպես հերքում է, որ Հայկը եղել է իր որդու՝ Էդիկի ընկերը: Մյուս կողմից` նա հատուկ շեշտում է, որ որդու ընկերներից որեւէ մեկը չէր կարող Աշոտ Վարդանյանի սպանությունը պատվիրել՝ թեկուզ ելնելով ֆինանսական դրությունից: Ըստ դատավճռի՝ Հայկ Կարապետյանը, շրջանառվող լուրերից տեղեկանալով, որ իր ընկերոջը` անհետ կորած Էդիկ Նիկողոսյանին սպանել է Աշոտ Վարդանյանը, վրեժխնդրությունից դրդված` ապօրինաբար ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակ, որով էլ 2006 թ. մարտի 4-ին, ժամը 13-ի սահմաններում, Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Մոդեռն» խանութի մոտ սպանել է Աշոտ Վարդանյանին ու դիմել փախուստի: «Ըստ էության, գործում կա երկու ապացույց, որոնք ինչ-որ առնչություն ունեն Հայկ Կարապետյանի հետ: Մնացած ապացույցներն ընդհանրական բնույթի են: Ասենք՝ մարդիկ պատմում են, որ լսեցին կրակոցներ, ձայնի վրա դուրս եկան եւ իմացան, որ մարդ է սպանվել: Բայց նշում են, որ սպանողին չեն տեսել: Սրանք ուղղակի հիմնավորում են, որ տեղի է ունեցել սպանություն, ճիշտ այնպես, ինչպես դատաբժշկական եզրակացությունը»,- ասում է փաստաբան Լ. Սահակյանը: Նրա մատնանշած երկու ապացույցները, որոնք դրվել են Հայկի մեղադրանքի հիմքում, երկու վկաների՝ Արման Հակոբյանի եւ Կարեն Սահակյանի ցուցմունքներն են: Արման Հակոբյանը նախաքննության ընթացքում ասել է, թե մտերիմ է «Մոդեռն» խանութի տնօրենի եւ աշխատողների հետ, ուստի դեպքի օրը, ինչպես հաճախ, որոշել է նրանց տեսակցել: Բայց խանութի մոտ տեսել է սեւ գլխարկով մի երիտասարդ տղայի եւ երբ խանութ մտնելուց րոպեներ անց լսել է կրակոցներ ու հետաքրքրությունից դուրս եկել, տեսել է, որ դեպի Չարենցի փողոց է վազում ինչ-որ տղա, որի հագուստները եղել են նույնը, ինչ մինչ այդ տեսել էր խանութի մոտ կանգնած տղայի հագին: Իսկ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արմանն իրեն ճանաչման ներկայացված լուսանկարներում պատկերված անձանցից ճանաչել է Հայկ Կարապետյանին՝ նշելով, որ վերջինս «խանութի մոտի» տղան է, եւ կարծում է, որ դա նույն անձն է, ով կրակոցներից հետո փախչում էր Չարենցի փողոցի ուղղությամբ: Արմանը միաժամանակ նշել է, թե փախչողին որոշակի տարածություն ինչ-որ մեկը հետեւել է, սակայն անցնելով որոշակի տարածություն՝ նա այլեւս փախչողին չի հետապնդել: Ըստ գործի նյութերի՝ փախչողին հետապնդողը եղել է Աշոտ Թորոսյանը: Իր հերթին վերջինս հայտնել է, թե կրակոցներից անմիջապես հետո վազել է սպանողի ետեւից ու գոռացել, որ վերջինս կանգնի: Չհասած Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ՝ մարդասպանը կանգնել, շրջվել է դեպի իր կողմը եւ մոտ 25-30 մ հեռավորությունից ատրճանակը պահել իր ուղղությամբ: Դրանից ինքը վախեցել է եւ այլեւս չի հետապնդել նրան: Սակայն այսքանով հանդերձ` վկա Թորոսյանը նշել է, թե մարդասպանի դեմքը չի տեսել: «Աշոտ Թորոսյանը չէր կարող չտեսնել իրական հանցագործի դեմքը, եւ հետաքրքիրն այն է, որ հենց նրա նկարագրության հիման վրա է ժամանակին կազմվել ֆոտոռոբոտը, որը Հայկին բացարձակ նման չէ: Դրա համար էլ որպես ապացույց այդ ֆոտոռոբոտը գործից ուղղակի «սղացրին»»,- ասում է Լուսինե Սահակյանը եւ շեշտում, որ վկաների ցուցմունքները հակասական են ոչ միայն փախչողի կրած հագուստի մասով. փախչողի արտաքինի նկարագրություններն ընդհանրապես չեն համապատասխանում Հայկի տվյալների հետ: «Ամբողջ նախաքննությունն անցել է գազանաբար: Դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող գեղեցկության սրահի բանվորը դատարանում պատմեց, որ երբ ասել է, թե սպանողին չի տեսել, ոստիկանները նրան դաժանաբար ծեծել են՝ ասելով՝ դու տեսել ես այդ մարդուն եւ պետք է ասես այդ մասին: Նա անգրագետ, ընդհանրապես տառաճանաչ չէր, նույնիսկ չէր կարողանում ստորագրել ու դրա փոխարեն միայն խաչ էր դնում: Բայց գործում կա նրա անունից գրված մի գեղեցիկ ցուցմունք՝ հաստատված ստորագրությամբ,- պատմում է փաստաբանը:- Ընդ որում` դաժանաբար են վարվել նաեւ Հայկի հարազատների՝ մոր եւ քրոջ հետ: Քրոջը ժամեր շարունակ պահել են Կենտրոնի ոստիկանությունում ու նվաստացրել: Նա դատարանում պատմում էր, որ դեպքից հետո թաղի տղաներին հերթով տարել են բաժին ու ծեծել: Հայկն էլ դրանից խուսափելու համար որոշել է մի քանի օրով հեռանալ, մինչեւ կգտնեն մարդասպանին: Բայց, իհարկե, հարազատների ցուցմունքներում եւս Հայկի դեմ ինչ-որ բաներ էին «սղացրել», թե իբր դեպքի ժամանակ նա տանը չի եղել»: Փաստաբան Սահակյանի խոսքերով՝ իրականում Հայկը սպանության պահին եղել է տանը, այդ մասին վկայել են նրա հարազատները եւ այդ օրն ընտանիքում հյուրընկալված մտերիմները: Սակայն վերջիններիս ցուցմունքներն արժանահավատ չեն համարվել: «Բա ո՞ւմ ցուցմունքն է արժանահավատ, եթե տանը եղել են այդ մարդու հարազատները: Դատարանն անտեսեց նաեւ Եվրադատարանի նախադեպերը. մենք նշել էինք Պապովի նախադեպը, որը մեկին մեկ համընկնում էր Հայկի գործի հետ: Բայց, միեւնույն է, դատավոր Արմեն Խաչատրյանը հաշվի չառավ ալիբին եւ խայտառակ ձեւով դատաքննությունն ավարտեց՝ առանց ապացույցների, երկու հոգու ցուցմունքով կայացնելով մեղադրական դատավճիռ»,- ասում է Լուսինե Սահակյանը: Հայկի հետ ուղիղ առնչություն ունեցող երկրորդ ցուցմունքը Կարեն Սահակյանինն է: Վերջինս հայտնել է, որ դեպքի օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, տաքսիով Չարենցի փողոցով անցնելիս մայթին տեսել է իրենց նախկին թաղամասի բնակիչներ Հայկ Կարապետյանին եւ Վահան Տոնոյանին (վերջինս հետախուզման մեջ է): Նրանք արագ քայլերով, գրեթե վազելով գնալիս են եղել ԵՊՀ-ի կողմը, որի ընթացքում, իր տպավորությամբ, Հայկը եղել է խառնված, խոսելով եւ ձեռքերի շարժումներով ինչ-որ բան է բացատրել Վահանին: Այն, որ ասվածը ծայրից ծայր սուտ է, ըստ պաշտպանի, հիմնավորվել է հետագայում: Իսկ մինչ այդ՝ դեռ առաջին ատյանի դատարանում, ապացուցվել է վկա Արման Հակոբյանի ցուցմունքի անարժանահավատությունը: Վերջինս դատաքննությանը չի մասնակցել՝ Ռուսաստանում լինելու պատճառով, եւ նրա ասածները դատարանին փոխանցել է եղբայրը՝ Արայիկ Հակոբյանը: «Դատարանում ցուցմունք տալիս Արայիկի ձեռքին մի թուղթ կար, որը, ինչպես հետո պարզեցինք, նրա եղբայրն էր գրել, ստորագրել ու ուղարկել դատարանին: Դրանով Արմանը հայտնում էր, որ իրականում իրեն ցույց տված լուսանկարներում Հայկ Կարապետյանին չի ճանաչել, սակայն ոստիկաններն ասել են, թե լուսանկարով ճանաչումն էական չէ, դու ասա, որ ճանաչում ես, հետո, երբ Հայկին քեզ ճանաչման կներկայացնենք, այն ժամանակ կասես՝ խանութի մոտի տղան նա՞ էր, թե՞ ոչ,- պատմում է փաստաբանը,- դատարանն այս փաստաթղթին ոչ մի ուշադրություն չդարձրեց: Խնդրեցինք, որ այն կցվի ապացույցներին, բայց միջնորդությունը մերժվեց»: Փաստաբան Սահակյանի խոսքերով՝ հետեւել է այն, որ Արայիկ Հակոբյանին «սկսել են նեղել», նրան արդեն պատահաբար հանդիպել են դատախազությունում եւ կռահել, թե ինչ է սպասվում հաջորդ նիստին: «Հանկարծ դատարանը ստացավ մի նոր գրություն, որում ասվում էր, թե իրենք՝ եղբայրներով (Արմանը եւ Արայիկը), վախեցել են իրականությունը գրել՝ մտածելով, որ պետք չէ խառնվել այս պատմությանը: Դրա համար էլ գրել են, որ Հայկին լուսանկարով չեն ճանաչել, եւ նա խանութի մոտի տղան չէր: Ինչքան պահանջեցինք եղբայրներին հրավիրել դատարան, որպեսզի հարցեր տանք եւ պարզենք իրականությունը, ոչ Ռուսաստանում գտնվող Արմանին կանչեցին, ոչ էլ Երեւանում ապրող Արայիկին,- հիշում է Լուսինե Սահակյանը եւ հավելում,- եթե մենք խիղճներս կորցնեինք, Հայկը սուտ ցուցմունք կտար եւ կասեր, որ մարտի 4-ին ոչ թե տանն է եղել, այլ դեպքի վայրում: Բայց հենց տեսել է Աշոտ Վարդանյանին, որոշել է գլուխ չդնել եւ հեռացել է Չարենցի փողոցի ուղղությամբ: Այդ ժամանակ Արամի` սպանությունից առաջ նրան խանութի մոտ տեսնելու, եւ Կարենի` Չարենցի փողոցով ԵՊՀ-ի ուղղությամբ գնալու ցուցմունքները ճիշտ դուրս կգային: Սակայն, միեւնույն է, դա չէր ապացուցի, որ մարդասպանն ինքն է»: Հետախուզման մեջ գտնվող Հայկ Կարապետյանը 2009 թ. մարտին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին՝ պնդելով, որ Աշոտ Վարդանյանի սպանության հետ ինքը կապ չունի: Կարճ ժամանակ անց նրա գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին դատավոր Արմեն Խաչատրյանը Հայկին դատապարտել է առաջադրված հոդվածի առավելագույն պատժաչափով՝ 14,5 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանում, Արմանի ցուցմունքներից զատ, պաշտպանական կողմը բացահայտել է նաեւ ապացուցողական նշանակությամբ գործի հիմքում դրված մյուս անձի՝ Կարեն Սահակյանի ցուցմունքների էությունը: Վերջինս ասել էր, թե Չարենցի փողոցում Հայկին եւ Վահանին տեսել է 1:20-ի սահմաններում (սպանությունից րոպեներ անց): Կարենը հիմնավորել է, թե կոնկրետ ժամը հիշում է, քանի որ այդ օրը մահացել է իր կնոջ հայրը, եւ ինքը դիահերձարանից գնալիս է եղել Նար-Դոսի փողոց՝ դագաղ գնելու: «Մենք պարզեցինք, որ նրա աներն իրականում մահացել էր դեպքից 2 օր հետո, հետեւաբար, այդ մարդու ասածներն ուղղակի սուտ էին: Այսինքն՝ Հայկի հետ առնչվող եւ մեղադրանքի հիմքում դրված երկու ցուցմունքներն էլ ապացուցողական նշանակություն չունեին, ու եթե սրան գումարենք նաեւ Հայկի ալիբին, դատարանը պարզապես չէր կարող նրան դատապարտել»,- ասում է փաստաբանը: Սակայն Վերաքննիչ դատարանը, Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, ոչինչ չի փոխել՝ բացառությամբ պատժաչափի: Նա Հայկի համար վերջնական պատիժ է սահմանել 12 տարվա ազատազրկումը: Լուսինե Սահակյանը, իբրեւ պաշտպան, ներգրավվել է նաեւ այս պատմության այլ դրվագներում: Ելնելով դրանից՝ նա նշում է. «Ակնհայտ էր, որ կոնկրետ Աշոտ Վարդանյանի կողմի նկատմամբ հատուկ դրական վերաբերմունք կար: Իսկ այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում էին իբրեւ հակառակորդ կողմի ներկայացուցիչներ, օրինակ` Հայկը, նրանց նկատմամբ վերաբերմունքը հատուկ բացասական է»: Նույնն ասում էր նաեւ անհետացած Էդիկ Նիկողոսյանի հայրը՝ իրավապահներին մեղադրելով որդու գործն ամեն կերպ կոծկելու եւ միակողմանի քննություն վարելու մեջ: Իսկ գործը քննող Արսեն Այվազյանը վստահեցնում է, որ քննությունը տարվում է բազմակողմանի եւ օբյեկտիվ: Սակայն գործի ուսումնասիրությունն այլ բան է ասում եւ ի հայտ բերում բավականին ուշագրավ փաստեր: շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter