HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ չեն գտնում «կորածի» դիակը - 2

Սկիզբը՝ Հայկին դատել են առավելագույն պատժաչափով, Ինչո՞ւ չեն գտնում «կորածի» դիակը Ֆրանսիայում նախորդ տարի ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Կարեն Գեւորգյանը, որի նկատմամբ 2004 թ. Հայաստանում մեղադրանք է առաջադրվել «Սպանության հանցակից» հոդվածով:

Սակայն Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է Կ. Գեւորգյանին հանձնել ՀՀ իրավապահներին, եւ կարճ ժամանակ անց վերջինս ազատ է արձակվել: Ֆրանսիացիները, ըստ երեւույթին, առաջնորդվել են անվտանգության նկատառումներով, քանի որ քրեական գործը, որի շրջանակներում հետախուզվում էր Կարենը, ՀՀ իրավապահների «հսկողությամբ» վերածվեց ընտանեկան վենդետայի, երբ ինքնադատաստանի արդյունքում սպանվեցին 6 անձ, իսկ 7-րդ զոհը ՀՀ ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանն է, որին հարցաքննում էին հիշյալ սպանություններից մեկի դրվագով: Ուստի, միանգամայն տրամաբանական են ֆրանսիացիների կասկածները, որ նույնիսկ ՀՀ իրավապահների ձեռքում հայտնվելուց հետո ինքնադատաստանի հաջորդ թիրախը կարող է լինել Կարեն Գեւորգյանը: Ֆրանսիացիները բավարարվել են միայն նրանով, որ Կարենին հարցաքննել են ու նրա բացատրություններն ուղարկել Հայաստան:

«Այդ բացատրությունները մեզ չեն բավարարում, որովհետեւ մեկ այլ բան է, երբ Ֆրանսիայում՝ ինչ-որ սենյակում նստած, պատմում ես կատարվածի մասին, մեկ այլ բան, երբ մեղադրյալն այստեղ՝ մեկուսարանում, կպատմեր, թե իրականում ինչ է կատարվել»,- ասում է քննիչ Արսեն Այվազյանը: Երեք տարի առաջ հիշյալ վենդետայի հետեւանքով հարուցված քրեական գործերը միավորվեցին մեկ վարույթում, եւ նախաքննության իրականացումը հանձնարարվեց ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը՝ քննիչ Արսեն Այվազյանին: Հորեղբորորդիներ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանները 1980-ականների վերջին հիմնադրել են համատեղ բիզնես, որը հետագա տարիներին հաջողությամբ զարգացել է: Սակայն 1997 թ. համատեղ բիզնեսը կիսելուց հետո վերջիններիս մոտ առաջացել է թշնամանք, որը փոխանցվել է նաեւ նրանց որդիներին: Հակառակ ճամբարներում են հայտնվել մի կողմից «Բոլերո» հյուրանոցային համալիրի սեփականատեր Գագիկ Վարդանյանի որդին՝ Ստեփանը, մյուս կողմից՝ «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի երկու տղաները՝ Արտավազդը եւ Արթուրը: Երիտասարդների վեճ ու կռիվների ժամանակ Ստեփանին ակտիվորեն միշտ պաշտպանել է ընկերը՝ Էդիկ Նիկողոսյանը: Եվ ահա, 2004 թ. հոկտեմբերի 5-ի գիշերը վերջինիս զանգել է իր մի քանի օրվա ծանոթ Կարեն Գեւորգյանը, ու նրանք քաղաքի կենտրոնից տաքսիով գնացել են 15-րդ թաղամաս: 29-ամյա Էդիկին այլեւս ոչ ոք չի տեսել, իսկ Կարենը հաջորդ օրը երեկոյան Երեւան-Մոսկվա չվերթով լքել է Հայաստանը: «Ես Կարենի` Ֆրանսիայից ուղարկած բացատրությունը կարդացել եմ: Նա պատմում է, թե ինչպես են իրեն Հայաստանից փախցրել, ով է լուծել տոմսի ու անձնագրի հարցերը: Ամեն ինչ բարդում է Աշոտ Վարդանյանի ու նրա մեծ տղայի՝ Արտավազդի վրա, որոնք երկուսն էլ մահացել են,- ասում է անհետացած Էդիկի հայրը՝ Գագիկ Նիկողոսյանը,- նույնիսկ գրել է, թե իբր գիշերը տղայիս տարել է Աշոտի ու Արտավազդի մոտ: Բայց իրականում նա տղայիս տարել է Արտավազդի, նրա եղբոր՝ Արթուրի եւ վարորդ Հմայակի մոտ»:

Էդիկ Նիկողոսյանը Կենտրոն համայնքի բնակիչ էր, ուստի նրա անհետանալուց հետո քրեական գործ հարուցվեց հենց Կենտրոնի բաժնում: Շուտով բերման ենթարկվեցին Արթուր եւ Արտավազդ եղբայրները եւ վերջինիս վարորդ Հմայակ Սահակյանը: Բայց Կենտրոնի ոստիկանները հարցաքննության ժամանակ դիմել էին բիրտ միջոցների, ինչի պատճառով էլ այն ժամանակվա օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, ինչպես նաեւ որոշ բարձրաստիճան իրավապահների միջամտությամբ (այս մասին մամուլը ժամանակին գրել է) կասկածյալներն ազատ արձակվեցին, իսկ գործի քննությունը տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի (Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքներ) բաժին: Հենց այստեղ էլ ավագ քննիչ Հայկ Էյրամջյանի «ջանքերով» գործը մտավ փակուղի:

Կենտրոնի ոստիկանները Վարդանյան եղբայներին ու նրանց վարորդին իբրեւ կասկածյալ ձերբակալել էին նաեւ բջջային հեռախոսազանգերի վերծանումների արդյունքում: Գագիկ Նիկողոսյանի խոսքերով՝ քննիչ Էյրամջյանի օրոք, սակայն, այդ վերծանումները գործից անհետացել են: Նախորդ հրապարակումներում մենք նաեւ պատմել էինք, թե ինչպես է քննիչ Էյրամջյանը մոտ երկու տարի խաբել որդեկորույս հորը՝ հետախուզման մեջ գտնվող Կարեն Գեւորգյանի մասով, կամ ինչպես են նրա աշխատասենյակից անհետացել վերջին օրերին Էդիկի կրած հագուստը, հողաթափերն ու կոշիկները: Հենց քննիչ Էյրամջյանի անգործության, ավելի շուտ գործունեության հետեւանքով էր նաեւ, որ գործի դրվեց ինքնադատաստանի միջոցը: Էդիկի անհետանալուց շուրջ 1,5 տարի հետո Երեւանի կենտրոնում սպանվեց Աշոտ Վարդանյանը, իսկ մոտ մեկ տարի անց` մյուս ճամբարից՝ Ստեփան Վարդանյանը (անհետացած էդիկ Նիկողոսյանի մտերիմ ընկերը): Չանցած մեկ ամիս՝ սպանվեցին եւս 3 հոգի՝ արդեն Աշոտ Վարդանյանի ավագ որդին՝ Արտավազդը, վերջինիս աներորդին եւ վարորդը: Միայն այս սպանություններից հետո հիշյալ դրվագներով հարուցված 5 քրեական գործերը միացվեցին մեկ վարույթում, եւ նախաքննությունն այլեւս քննիչ Հայկ Էյրամջյանը չէր իրականացնում: Պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նա արժանացել է նոր գնահատանքի` պաշտոնի բարձրացման` քննիչից դառնալով դատախազ:

Ինչո՞ւ հենց Աջափնյակում, կամ «համաներման» ֆենոմենը

Իրականում միամտություն է կարծել, որ ժամանակին քննիչ Էյրամջյանն ինքնագլուխ որոշել էր չբացահայտել Էդիկի անհետացման գործը՝ առիթ տալով վրեժխնդրության հողի վրա տեղի ունեցած սպանությունների: Էյրամջյանը, հավանաբար, բարձրաստիճան այրերից նման կերպ վարվելու հանձնարարական էր ստացել:

Դա է ապացուցում նաեւ դեպքերի հետագա ընթացքը. նախաքննության իրականացումը քննչական գլխավոր վարչություն տեղափոխելը, ըստ էության, որեւէ բան չի փոխել: Այս ընթացքում իրավապահները բացահայտել են գործի որոշ դրվագներ, թեեւ «բացահայտում» բառը կարելի է կիրառել խիստ վերապահումով: Ստեփան Վարդանյանի սպանության համար հետախուզում է հայտարարվել Հայկ Բենիկյանի նկատմամբ, որն իրար հետ թշնամացած Վարդանյանների հետ ժամանակին ապրել է նույն թաղամասում եւ եղել է կողմերից մեկի՝ Աշոտ Վարդանյանի որդիների շրջապատից:

Իսկ ահա Աշոտ Վարդանյանի սպանության համար արդեն դատապարտվել է Հայկ Կարապետյանը, ով, ըստ իրավապահների, մյուս կողմի՝ Ստեփան Վարդանյանի եւ անհետացած Էդիկի մտերիմ ընկերն է: «Գործը հենց այդ հիմքով էլ կապել են, որ Էդիկը, Ստեփանը եւ Հայկ Կարապետյանը եղել են մտերիմ ընկերներ, եւ Հայկը, սպանելով Աշոտ Վարդանյանին, վրեժ է լուծել Էդիկի համար: Բայց իրականության մեջ ապացուցվեց, որ նրանք մտերիմ ընկերներ երբեք չեն եղել,- ասում է 12 տարի ազատազրկման դատապարտված Հայկ Կարապետյանի պաշտպան Լուսինե Սահակյանը եւ հավելում, թե վստահ է, որ Աշոտ Վարդանյանին սպանողը Հայկ Կարապետյանը չէ:- Պարզապես նրանք (իրավապահները) պետք է փորձեին ցույց տալ, որ հանցագործությունը բացահայտել են, որովհետեւ չէին կարող, առավել եւս` այս գործով, այդքան չբացահայտված դրվագներ ունենալ» (Հայկ Կարապետյանի գործին «Հետքն» անդրադարձել է 24-րդ (հունիսի 24-30) համարում):

Փաստաբան Լուսինե Սահակյանը իբրեւ պաշտպան ներգրավվել է նաեւ այս պատմության այլ դրվագներում: Ելնելով դրանից՝ նա նշում է, որ միմյանց հետ թշնամացած Վարդանյանների գերդաստանից մեկի՝ կոնկրետ Աշոտ Վարդանյանի կողմի հանդեպ կա հատուկ դրական վերաբերմունք, իսկ այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում էին իբրեւ հակառակորդ կողմի ներկայացուցիչներ, վերաբերմունքը շեշտված բացասական է:

Գործի ուսումնասիրությունից հետո այս կարծիքը չկիսել ուղղակի հնարավոր չէ, թեեւ քննիչ Արսեն Այվազյանը վստահեցնում է, որ այդպես չէ, ու քննությունը տարվում է բազմակողմանի եւ օբյեկտիվ. «Մեզ համար բացարձակ նշանակություն չունի, թե մեղադրյալը որ կողմից է»: Սակայն ասվածը հերքվում է Աշոտ Վարդանյանի փոքր որդու՝ Արթուրի գործի պատմությամբ: Առհասարակ, միանշանակ է, որ կողմերից ոչ ոք իրավապահներին «շնորհակալ» լինելու առիթ չունի, քանի որ հանցագործության յուրաքանչյուր դրվագի ժամանակին բացահայտումը կկանխեր հաջորդ սպանություն(ներ)ը: Իսկ սպանվածներ երկու կողմից էլ կան, եւ դժվար է ասել, թե ինչ կլինի վաղը, եթե իրավապահները շարունակեն վարվել այնպես, ինչպես գործել են մինչ օրս: Բարձրաստիճան ոստիկաններից մեկը, ով ժամանակին զբաղվել է այս գործով (հասկանալի պատճառներով նրա անունը չենք հրապարակում), բոլորովին վերջերս մեզ հետ զրույցում նշեց, թե իրենց համար ուղղակի պատվի հարց է գտնել Էդիկ Նիկողոսյանի դիակը, «որպեսզի նրա ծնողները գոնե լացելու տեղ ունենան» (ոչ միայն Էդիկի ծնողները, այլեւ իրավապահները տարակույս չունեն, որ վերջինս սպանվել է):

«Ո՞րն է լավատեսության հիմքը, երբ շուրջ 6 տարի է` Էդիկի գործով առաջընթաց չի գրանցվել»,- հարցին ի պատասխան` ոստիկանն ասաց, թե, միեւնույն է, մի օր Աշոտ Վարդանյանի տղային` հետախուզման մեջ գտնվող Արթուրին կգտնեն, եւ ամեն ինչ կփոխվի: Բարձրաստիճան ոստիկանը տեղյակ չէր, որ մեկ տարի առաջ Արթուր Վարդանյանը շատ կարճ ժամանակով ազատազրկվել է եւ տարօրինակ պայմաններում ազատ արձակվել: Թերեւս, տարօրինակ ոչինչ չկա, պարզապես քննիչ Արսեն Այվազյանը «խաղացել է» Քրեական օրենսգրքի հետ: Արթուր Վարդանյանն անցյալ տարվա մայիսին կամովին ներկայացել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Նա հետախուզվում էր 2006 թ. հունիսից` զենքի գործադրմամբ խուլիգանության (պատժվում է ազատազրկմամբ` 4-7 տարի ժամկետով) եւ ապօրինի կերպով զենք կրելու (առավելագույն պատիժը` մինչեւ 3 տարվա ազատազրկում) մեղադրանքով: Ըստ հարուցված քրեական գործի նյութերի` անհետացած Էդիկի մտերիմ ընկերներից «Բոյով» մականունով Արմեն Հակոբյանը 2006 թ. հունիսի 11-ին «Բոլերո» հյուրանոցային համալիրի մոտ կանգնեցրել է Արթուր Վարդանյանին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան եւ, աջ մասից մոտենալով, բաց պատուհանից դիմել է հետեւի նստատեղին նստած Արթուր Վարդանյանին, հայհոյել ու պահանջել ավտոմեքենայից դուրս գալ: Այս գործով վկաներ Արտակ Ավագյանը եւ Արմեն Խալաթյանը ոստիկաններ են: Հետագայում նրանք դատարանին պատմել են, որ 2006-ի մարտից պայմանագրային հիմունքներով իրականացրել են Արթուր Վարդանյանի անվտանգության պահպանումը: Դեպքի օրը նրանք եղել են միասին` նույն «Նիվա» ավտոմեքենայում, եւ երբ Արմենը հայհոյել է, Արթուրն իր հերթին պատասխանել է հայհոյանքներով ու փորձել մեքենայից դուրս գալ: Փոխադարձ հայհոյանքները բազմաթիվ մարդկանց ներկայությամբ շարունակվել են մոտ 5 րոպե: Իսկ երբ Արմենն իրենից քիչ հեռու կանգնած երիտասարդներին ասել է` «զենքս բերեք, որ սաղին խփեմ», Արթուրն ավտոմեքենայից կրակել է Արմենի ոտքին, եւ վերջինս կաղալով փախել է: Այս ամենը 2008 թ. արձանագրել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը ու Արմեն Հակոբյանին այս եւ մեկ այլ խուլիգանության համար տուգանել 100 հազար դրամով եւ դատապարտել 8 ամսվա ազատազրկման: Ուշագրավն այն է, որ ոստիկաններ Ավագյանն ու Խալաթյանը կրակոցից հետո Արթուրին ոստիկանության բաժին տեղափոխելու փոխարեն տարել են տուն: Սրա համար, բնականաբար, նրանք պատասխանատվության չեն ենթարկվել: Երբ Արթուր Վարդանյանը 2009-ի մայիսին ներկայացել է ոստիկանություն, 2 օր անց քննիչ Արսեն Այվազյանը «խուլիգանության» համար առաջադրված մեղադրանքը փոխարինել է մեկ այլ հոդվածով` «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» (ՔՕ 113-րդ հոդված):

Սա այն դեպքում, երբ Արմենի գործով արդեն կար դատավճիռ, որով հաստատվել էր, որ խուլիգանությունը կատարվել է երկուստեք: Ինչ վերաբերում է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, ապա քննիչ Այվազյանն ուղղակի կարող էր ավելացնել մեղադրանքի ծավալը, քանի որ «խուլիգանություն» հոդվածը սահմանում է նաեւ դրա կատարումը` առողջությանը միջին վնաս պատճառելու զուգորդմամբ: Բայց Արսեն Այվազյանն ընտրել է ՔՕ 113-րդ հոդվածը, քանի որ դրանով անձին կարելի է մեղադրել մասնավոր գանգատի, այսինքն` տուժողի բողոքի առկայությամբ: Տուժողը` Արմեն Հակոբյանը, դեռ իր դատավարության ժամանակ հայտարարել է, թե ինքն անմեղ է, իսկ Արթուր Վարդանյանին չի էլ ճանաչում: Հետեւաբար, սպասել, որ նա կբողոքեր, միանգամայն անտրամաբանական է: Հենց այդ հիմքով էլ` տուժողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ, նույն օրը, երբ քննիչ Այվազյանը Արթուրին մեղադրանք է առաջադրել ՔՕ 113-րդ հոդվածով, որոշել է դրանով քրեական հետապնդում չիրականացնել: Հաշված օրեր անց միայն ապօրինի զենք կրելու մեղադրանքով գործն ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, ինչը եւս բավական ուշագրավ է: Հանցագործությունը կատարվել է Շենգավիթ համայնքում, Արմենի գործը լսվել է հենց այդ համայնքի դատարանում, բայց հանկարծ Արթուրի մասով այն ուղարկվում է մեկ այլ դատարան: «Տարօրինակ ոչինչ չկա. Արթուր Վարդանյանին առաջադրված մեղադրանքով` ՔՕ 235 հոդվածով, հանցագործությունը կատարվել է Աջափնյակի վարչական շրջանում: Այդ տարածքից է նա ապօրինաբար զենք ձեռք բերել, որը հանցագործություն է: Հետեւաբար, գործն ուղարկվել է ըստ ընդդատության, այսինքն` Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան»,- պարզաբանում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Սակայն նույն Աջափնյակի դատարանը Արթուրի մասով կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ կրել հրազեն հանդիսացող ատրճանակ` գործով չպարզված հանգամանքներում:

Արթուր Վարդանյանն իր գործով դատավարությանը չի էլ մասնակցել: Ազատազրկվելուց մեկ ամիս անց նա դատարանին հայտնել է, թե վատառողջության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստի եւ խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներում: Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այդպես էլ վարվել է: Կիրառելով «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ 2009 թ. որոշումը` դատավոր Վազգեն Ռշտունին կարճել է գործի վարույթը եւ Արթուրի նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը: Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, գործն ուղարկվել Աջափնյակի դատարան:

Հարցին գուցե հնարավոր է պատասխանել` վերհիշելով Էդիկի անհետացման գործով հետախուզվող Կարեն Գեւորգյանին: Շուրջ 2 տարի քննիչ Հայկ Էյրամջյանը Էդիկի հորը վստահեցրել է, թե Կարենի հարազատները հսկողության տակ են, ու հենց նա փորձի կապ հաստատել ընտանիքի հետ, անմիջապես կգտնեն: Այնինչ դրանից շատ առաջ` Կարենի փախչելուց 4 ամիս անց, վերջինիս կինն ու երկու անչափահաս երեխաները մեկնել էին Մոսկվա, այնուհետեւ ամուսնու հետ տեղափոխվել Ֆրանսիա: Հայաստանը լքելու գործում նրանց օժանդակել են ամուսիններ Արա Կբեյանը եւ Ալլա Գրիգորյանը: Դարձյալ Աջափնյակի դատարանը, բայց արդեն Դավիթ Բալայանի նախագահությամբ, անձնագրեր կեղծելու համար ամուսնուն դատապարտել է 6 ամսվա ազատազրկման, իսկ կնոջ համար նշանակել 400 հազար դրամ տուգանք:

Սակայն երկու դեպքում էլ դատարանի որոշմամբ ամբաստանյալներն ազատվել են պատժի կրումից, այս անգամ` ԱԺ 2007 թ. համաներման մասին որոշման կիրառմամբ: «Ես մի բան գիտեմ` քանի Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է, սպանությունների իրական մեղավորները, իմ տղայի գործը չեն բացահայտվելու»,- ասում է անհետացած Էդիկի հայրը` Գագիկ Նիկողոսյանը եւ մանրամասնում, որ Աշոտ Վարդանյանը ծագումով Ապարանից էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter