HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Աղմկահարույց դատավարությունը շարունակվում է. փաստաբանը խոստանում է անակնկալներ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործի քննությունը: Մեղադրանք է առաջադրվել 10 հոգու, որոնցից երկուսը` Արա Կարապետյանը եւ Արմեն Նիկողոսյանը, ըստ նախաքննության, հանցագործության կազմակերպիչներն են:

«Գործը հասել է դատարան, մեղադրյալները սկսել են նախկին ցուցմունքներից հրաժարվել: Բայց ես խոստանում եմ` ով անկեղծորեն կզղջա, դատարանին կմիջնորդեմ նրա նկատմամբ մեղմ պատիժ սահմանել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց մեղադրող-դատախազ Հովսեփ Սարգսյանը: Ըստ նրա` ոչ ինքը, որ հաստատել է մեղադրական եզրակացությունը, ոչ էլ նախաքննական մարմինը` ԱԱԾ քննիչները, հոգեկան հիվանդներ չեն, որ անմեղ մարդկանց «օդից մեղադրեն ծանր հանցագործության մեջ»: Առավել եւս, որ ամբաստանյալները «տնտեսական կամ քաղաքական դաշտի խաղացողներ չեն»: Հիշեցնենք, որ հանցագործության կազմակերպիչ համարվող Արա Կարապետյանը «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի սեփականատերն է, Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից մեկը եւ դատավարության ժամանակ հայտարարել է, որ եթե իր բիզնեսները որեւէ մեկին խանգարում էին, կարելի էր ավելի տղամարդ գտնվել եւ անկեղծ ասել դրա մասին, ոչ թե քրեական գործ սարքել իր դեմ: Իսկ մյուս կազմակերպիչը` Արմեն Նիկողոսյանը, նախկինում Նոր-Նորքի ոստիկանության պետի տեղակալն էր եւ մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված` արդեն դատապարտվել է: «Արմեն Նիկողոսյանը մարտի 1-ի գիշերն Ազատության հրապարակում գտնվող ընկերոջն զանգել զգուշացրել էր, որ ոստիկանները գալիս են: Թե չէ նա ոչ ընդդիմադիր է, ոչ էլ քաղաքական գործիչ»,- ասում է դատախազ Հ. Սարգսյանը: Ինչ վերաբերում է Արա Կարապետյանին, դատախազի խոսքերով, միամտություն է կարծել, թե վերջինիս քրեորեն հետապնդում են տնտեսական շարժառիթներով, որովհետեւ նա «իշխանությունների հետ խնդիրներ չուներ եւ իր տնտեսական գործունեությունը ծավալում էր իշխանական դաշտում»: «Դու անընդհատ ասում ես` ֆիզիկապես պատրաստված եմ, պարապած եմ, ի՞նչ է, քեզ ինչ թելադրում են, գրո՞ւմ ես»,- դատարանում ամբաստանյալներից Բագրատ Սողոմոնյանի հարցաքննության ժամանակ հարցրեց Արա Կարապետյանը:

«Ընգեր ջան, թող ոչ ոք գլուխ չգովա. էս դահլիճում ցանկացած մարդ, եթե իմ տեղը լիներ, ինչ ասեին` կգրեր,- ի պատասխան Ա. Կարապետյանի հարցադրմանը` ասաց Բ. Սողոմոնյանն ու հավելեց,- հարցը ծեծը չէ. կարող են 10 հոգով ծեծել: Բայց երբ դիպչում են մարդու ընտանիքին, դա լրիվ ուրիշ բան է: Ընտանիքը սրբություն է, ու ոչ ոք իրավունք չունի մարդուն ընտանիքով սպառնալ»: Նախաքննության ժամանակ Բագրատը ոչ միայն ինքնախոստովանական, այլեւ մեղադրող ցուցմունքներ է տվել մյուս ամբաստանյալների, այդ թվում նաեւ Արա Կարապետյանի դեմ: Սակայն դատարանում նա նշեց, որ Կարապետյանին չի էլ ճանաչում եւ, ընդհանրապես, 10 ամբաստանյալներից ճանաչում է միայն 3 հոգու. Արսեն Սողոմոնյանին, ով իր հայրն է, Հայկ Մելքոնյանին` ընկերոջը, եւ իրենց ընտանիքի մտերիմ Արմեն Նիկողոսյանին: Բագրատ Սողոմոնյանն արեւելյան մարզաձևերի սպորտի վարպետ է, ժամանակին եղել է կարատեի մարզիչ, աշխատել է նաեւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում: 2003թ., սեփական դիմումի համաձայն, նա աշխատանքից ազատվել է ու մեկնել Իսպանիա: Սակայն ավելի ուշ, ըստ մեղադրանքի, Բագրատին զանգահարել է ընկերը` Հայկ Մելքոնյանը, եւ Հայաստանում առաջարկել «եկամտաբեր գործ», այլ կերպ ասած` զբաղվել թալանով: Բագրատը դատարանում հայտարարեց, թե այդ ամենը հերյուրանք է. «Ցուցմունքում մի տեղ գրած է, թե Հայաստան գալու համար ինձ 5000 դոլար են տվել, մի ուրիշ տեղ` 5500: Քննիչն ինչ թելադրել է, գրել եմ, նույնիսկ չի հիշել, թե նախորդ անգամ ինչ է ասել, դրա համար էլ այդքան հակասություններ կան»,- ասաց Բագրատը` իր նախաքննական ցուցմունքները որակելով իբրեւ «քննչական կիքսեր»: Բագրատի խոսքերով` ինքը Հայաստան է վերադարձել սեփական նախաձեռնությամբ` առողջական խնդիրների պատճառով եւ ամուսնանալու նպատակով: Վերադառնալու համար իրեն ոչ ոք գումար չի տվել եւ ինքն իրեն վերագրվող արարքների հետ ընդհանրապես կապ չունի:  Նրան ձերբակալել են անցյալ տարվա փետրվարին` Արմեն Նիկողոսյանի տան մոտ: «Քանի որ մոտենում էր մարտի 1-ը, իսկ Արմենին քաղաքական հարցերով դատապարտել էին, ես մտածեցի, որ երեւի ինձ Արմենի հետ տեսել են, ու դրա հետ ա կապված: Ձերբակալելու ժամանակ բարձրաձայն ասել եմ` ես քաղաքական հարցերում չկամ»,- ասում է Բագրատը եւ մանրամասնում, որ միայն ԱԱԾ-ի քննչական վարչությունում է իմացել, որ ձերբակալվել է ավազակային հարձակումների մեղադրանքով: «Առաջին ցուցմունքում գրել էի, որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ: Բայց քննիչ Վահե Պապոյանը ցուցմունքս պատռեց ու գցեց աղբարկղը: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով»,- դատարանում ասում էր Բագրատ Սողոմոնյանը` նշելով, որ դրանից հետո իր տված ցուցմունքներով պարզապես «կոմպրոմիսի է գնացել քննիչների հետ»` շատ լավ գիտակցելով, որ «այդ հեքիաթները դեռ դատարանում պետք է ապացուցվեն»: Բագրատից հետո նույն մեղադրանքով ձերբակալվել են նաեւ նրա հայրն ու եղբայրը` Արսեն եւ Արտակ Սողոմոնյանները: Որոշ ժամանակ անց եղբոր` Արտակի մեղադրանքը վերաորակվել է` հանցագործության պարտակում, եւ 5 ամիս հետո նա համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: «Ես չեմ ուզում մանրանամ ու պատմեմ ծեծի, էլեկտրաշոկով վառելու մասին: Գեղարվեստական ոչ մի գրքում էդպիսի գազանություն չեք գտնի: Բայց շատ դժվար է իրենց ուզածը չանել, երբ գիտես, որ կողքի սենյակում հայրդ է: Ասում էին` գրիր, որ հայրդ գնա տուն: Կամ ասում էին, եթե չգրես, եղբորդ կպահենք: Ու ասում էին, որ հարազատներիցս մեկին կկալանավորեն»,- պատմում է Բագրատը եւ ավելացնում, թե չի ուզում մանրամասնել` հարազատներից կոնկրետ ո՞ւմ են սպառնացել կալանավորել: «Լավ, եթե նախաքննության ժամանակ քննիչը ցուցմունք է պատռել, իրենց ծեծել են, խոշտանգել, ինչո՞ւ այդ մասին որեւէ մեկը չի բարձրաձայնել: 10 ամբաստանյալներով 8 փաստաբան ունեն, թող մեկը կատարվածի վերաբերյալ մի հատ միջնորդություն ներկայացներ, դատաբժիշկ պահանջեր»,- դատարանում հայտարարեց գործի նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազը` Հովսեփ Սարգսյանը: Նրա խոսքերով` նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը միայն մեկ միջնորդություն է ներկայացրել` իրեղեն ապացույց ճանաչված «Նիվա» ավտոմեքենան վերադարձնելու կապակցությամբ: Մեղադրանքի համաձայն` դա այն մեքենան է, որը 2008-ի հոկտեմբերի 26-ի գիշերը կանգնեցրել են Արմեն Ավետիսյանի առանձնատան մոտ, ամբաստանյալներից 5-ը կանգնել են «Նիվայի» տանիքին ու ցատկել պարսպից ներս: «Էս երկրում չկա մի ատյան, որ բողոքես ու բողոքդ տեղ հասնի: Եթե այդ հասարակ մեքենայի մասով, որն առանց հիմքի պահում են, բողոքում ենք, ոչինչ չեն անում, Դուք հավատո՞ւմ եք, որ պաշտոնյայի դեմ գրված բողոքին ընթացք կտան,- ի պատասխան դատախազի հայտարարության` հարցրեց Բագրատ Սողոմոնյանը,- դատարանում 3-4 հոգի պատմել են Հրանտ Եպիսկոպոսյանի խոշտանգումների մասին: Ի՞նչ արեցիք: Խնդրեմ, կանչեք դատարան, նրա ներկայությամբ ամեն ինչ կպատմենք: Ծառայողական քննություն նշանակեք: Եթե ուզում եք, իմ այս ցուցմունքներն ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում»: Մատնացույց անելով դատարանի առջեւ կանգնած իր սեւ գույնի մեքենան` դատախազ Հովսեփ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց. «Եթե ես ասեմ` Օթելլոն է, կհավատա՞ս: Ուզում եմ ասել, որ ամեն սեւ բան Օթելլոն չէ, եւ ամեն ասածի չէ, որ պետք է հավատալ: Իրենք շատ բան կարող են ասել, բայց գործով ձեռք բերված ապացույցներն այլ բան են ասում»: Վերջին երկու նիստերը հետաձգվում են այս կամ այն փաստաբանի բացակայության պատճառով: Նախատեսվում է, որ դատարանը կհարցաքննի ամբաստանյալ Հայկ Մելքոնյանին` Բագրատի ընկերոջը: Վերջինիս պաշտպան Անահիտ Ավետիսյանն ասում է, որ «Հայկի պատմածները գործը շրջելու են»: Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 16-ին:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter