HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակների համայնքապետին հաջողվել է կրճատել սոցիալական խնդիրներով դիմողների թիվը

Սյունիքի մարզի Ակներ գյուղ տանող ճանապարհին տաքսու վարորդ Մարատը, ով պատահաբար նույն գյուղից էր, թեպետ չգիտեր, որ լրագրող եմ, սկսեց «ինտերվյու» տալ:

«Վերջին երեք տարվա ընթացքում մեր գյուղը շատ ա փոխվել, հիմնական պատճառը համայնքի ղեկավարն է: Նախկինն էլ էր խղճով, որ օգնության ալյուր-մալյուր էին տալիս, լրիվ բաժանում էր, ինքը մի մեշոկ էլ չէր իրանց տուն տանում: Ներկայիս գյուղապետը ընտրվելու օրից գյուղում ահագին փոփոխություններ ա արել, ամենակարեւորը, ով էր տեսել, որ գյուղում գիշերային լուսավորություն լիներ, հիմա գիշերը կարաս փողոցում գիրք կարդաս: Դա նրանից ա, որ քասիբ գյուղապետից օգուտ չկա, ղեկավարի ջեբը պիտի լիքը լինի, որ կարա օգնի մարդկանց, իսկ թե մարդիկ լավ ապրեն, նախագի ականջն էլ դինջ կլինի, դուռը քիչ կթակեն»,- ոգեւորված պատմում է Մարատը:

Նրա ասածը, որ «գյուղապետին դիմողներ քիչ կլինեն», չի հաստատում Ակների համայնքապետը` ասելով, որ շաբաթվա յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի համայնքի ղեկավարի ընդունելության օրեր են, եւ սովորաբար, եթե հարգելի պատճառ չի լինում, այն չի հետաձգվում:

«Սոցիալական խնդիրների համար էլ են դիմում, անգամ ընտանեկան գժտությունների դեպքում, մեկի բուժման, մյուսի ուսման վարձի համար»,- ասում է Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը եւ շարունակում, որ երբ նոր էր համայնքի ղեկավար ընտրվել, ամբողջ օրը ստիպված էր պատասխանել մարդկանց հարցերին, ոչ ընդունելության ժամ կար, ոչ կարգ: Հիմնականում դիմում էին սոցիալական խնդիրներով: Եվ առաջին քայլը, նրա խոսքով, եղավ քաղաքացիների ընդունելության կարգի սահմանումը:

«Մարդիկ իսկապես, սոցիալական դժվարին պայմաններում էին ապրում, ուստի մտածեցի, որ պիտի սկսել նրանց համար բավարար բարեկեցություն ապահովելուց»,- պատմում է համայնքի ղեկավարը: Այսօր համայնքապետը գրեթե համոզված է, որ ինքը ճիշտ է վարվել: Նրա նախաձեռնությամբ, համագործակցելով «Գրանդ Տոբակո»-ի հետ, համայնքին պատկանող 1-2 հա հողի վրա վարձակալական հիմունքներով ծխախոտ է ցանվել, որտեղ գյուղի 20 ընտանիք ապահովվել է աշխատանքով: Համայնքապետի խոսքով` չնայած մինչեւ հիմա «Գրանդ Տոբակո»-ն  աշխատողների աշխատավարձը չի վճարել, բայց խոստացել են, որ հումքը հանձնելուց հետո յուրաքանչյուր ընտանիք միջինը 600-700 հազար դրամ գումար կստանա: Բացի այդ, համայնքի ղեկավարը գարնանը կարտոֆիլի բարձրորակ տնկանյութ ձեռք բերեց, եւ 12 ընտանիք զբաղվեց կարտոֆիլի մշակությամբ:

«Տնկանյութի փողը կվճարենք, մնացածը կմնա մարդկանց եկամուտ»,- ասում է Ս. Մինասյանը: «Վճարովի հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակներում երեք անգամ մաքրվել են գյուղի առուները, որտեղ ընդգրկվել են զբաղվածություն չունեցող ակներցիներ: Համայնքապետը համոզված է, որ այս միջոցներով կարելի է մարդկանց սոցիալական խնդիրները լուծել եւ, ըստ նրա, դա է պատճառը, որ վերջին երկու տարվա տվյալներով համայնքի բյուջեի եկամուտները հավաքվում են 100%-ով, ինչն էլ համայնքային խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս: «Գյուղի համար երկու անուն գյուղտեխնիկա ենք ձեռք բերել` կոմբայն եւ տրակտոր, գումարի կեսը վճարվել է պետական բյուջեից, կեսը` համայնքի միջոցներից: Համայնքը սեփական միջոցներով շաբաթը մեկ անգամ նաեւ գյուղում աղբահանություն է կազմակերպում»:

Համայնքապետի խոսքով` այս նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր համայնքի ղեկավարին ավելի հաճախ դիմում են գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար, եւ կրճատվել է սոցիալական խնդիրներով դիմողների թիվը:

Համայնքի  անդամներն իրենց հուզող խնդիրներով դիմում են նաեւ ավագանուն` առավել հաճախ հողամասերի սահմանների շտկման հետ կապված խնդիրներով: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` քիչ չեն դեպքերը, երբ հերթական կամ արտահերթ ավագանու նիստերի օրակարգում ընդգրկվում են քաղաքացիներից ստացված դիմումները: «Մեր համայնքում ավագանին կարծես միջնորդ օղակ լինի համայնքի ղեկավարի ու բնակիչների միջեւ, վերջիններիս խոսափողը»,- ասում է Ակների համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Լեւոն Սահակյանը: Վերջինս նշեց, որ իրենց աշխատակազմը շատ է կարեւորում թափանցիկ, հրապարակային գործունեությունը եւ դրա համար բավարար պայմաններ են ապահովել:

Բացի այն, որ համայնքապետարանի շենքի մուտքի ու միջանցքների պատերը ողողված են տարբեր հայտարարություններով, տեղեկատվական նյութերով, նաեւ ցրիչ է աշխատում, ով անհրաժեշտության դեպքում մարդկանց իրազեկում է տարբեր միջոցառումների մասին: «2011 թ. համայնքի մեկ ժողով ենք գումարել, որտեղ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցը, շուտով երկրորդն էլ կհրավիրենք ու կամփոփենք կատարված աշխատանքները»,- տեղեկացնում է համայնքի ղեկավարը: Նրա խոսքով` ինքը վստահ է, որ յուրաքանչյուր ակներցի տեղյակ է, թե գյուղում իրականացվող որ ծրագիրն ինչ միջոցներով, ինչ ներդրումների շնորհիվ է կատարվում, որովհետեւ թե դոնորների պահանջով են անհրաժեշտ ցուցանակներ տեղադրում եւ թե իրենց նախաձեռնությամբ:

«Մեր նպատակը տեղական իշխանության կառավարմանը համայնքի անդամների հնարավորինս լայն մասնակցություն ապահովելն է, ինչը հնարավոր է միայն մարդկանց վստահության ձեռքբերման միջոցով»,- ասում է աշխատակազմի քարտուղարը, ով նաեւ մոտ տասը գրքերի հեղինակ է: «Գյուղ տեղ է, մարդիկ հաճախ հողային սահմանների վեճ են ունենում, այդ պատճառով գյուղի մանրամասն հատակագիծ եմ գծել, որտեղ երեւում է յուրաքանչյուր հողամասի սահմանը եւ այս միջոցով կարողանում եմ արագ եւ համոզիչ լուծել այսօրինակ խնդիրները»,- պատմում է Լ. Սահակյանը:

Նրա աշխատասենյակը նմանվում է տեղեկատվական կենտրոնի, եւ կեսլուրջ-կես կատակ ասում է, թե իր թղթապանակներն այնպես են դասավորված, որ բոլորը մշտապես տեսանելի լինեն, ձեռքի տակ` սկսած քաղաքացիներից ստացված դիմումներից մինչեւ ՀՀ օրենքների, իրավական նորմերի հրատարակություններ: Տեղեկատվության նույն «առատությունը» շարունակվում է միջանցքում, որտեղ կարելի է ծանոթանալ ավագանու նիստերի որոշումներին, ավագանու որոշմամբ հաստատված քաղաքացիների դիումների քննարկման կարգին, ստացված սերմացուի բաշխման սկզբունքներին, անգամ ջրօգտագործման համար Կառավարության տված արտոնագրին: Առանձին անկյուն է հատկացված համայնքի բնակիչների իրավունքներին:  

Մեկնաբանություններ (1)

Գոհար, զինվորի մայր
Եթե այս ամենը իրողություն է, ուրեմն շնորհավորում եմ ակնեցիներին...ենթադրում եմ, որ արտագաղթը կնվազի մեր հեռավոր գյուղերում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter