HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մասնագետները` տուրիզմի մասին

Ինչո՞ւ նույնիսկ հայաստանցիներից շատերը Հայաստանում չեն հանգստանում

Հայաստանը ձեռք է բերում (եթե մինչ այժմ ձեռք չի բերել) թանկ երկրի համբավ, ու նաեւ թանկությունն է պատճառը, որ հայաստանցիներից շատերը նախընտրում են հանգստանալ դրսում, մասնավորապես հարեւան Վրաստանում եւ Թուրքիայում: Տարիներ շարունակ խոսվում է այս մասին, բայց ոչինչ չի փոխվում: Ասենք, հյուրանոցն իր 10 համարներից միայն մեկն է տալիս վարձակալության, բայց այնպիսի գնով, որ մյուս համարների դատարկությունն իրեն զգացնել չի տալիս:

Սա այն դեպքում, երբ նշվում է, թե մեր երկրում հյուրանոցային ոլորտում առկա է սուր մրցակցություն: Ուրեմն ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Հարցն այսօր «Հայելի» ակումբում լրագրողներն ուղղեցին ոլորտի մասնագետներին` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանին, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանին եւ Հյուրանոցիայի ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հակոբյանին:

«Այո, հյուրանոցային ոլորտում մեզ մոտ, փառք Աստծո, մոնոպոլիզիացիա չկա: Դա նշանակում է, որ գնագոյացումը ստացվում է շուկայական որոշ կանոններից ելնելով: Եթե հարցին հարցով պատասխանեմ` կարո՞ղ եք ասել` ինչո՞ւ նույն Քոբուլեթիում ձմերուկի 1 կգ արժեր 80 դրամ, իսկ Հայաստանում նույն օրերին` 180 դրամ.,- ասում է Հակոբ Հակոբյանը եւ նկատում, որ հայաստանյան թանկ համարում ունեցող հյուրանոցների հետ կարող են համեմատվել նույն Քոբուլեթիի նորակառույց հյուրանոցները: Սակայն դրանց միայն 50-60 տոկոսն են ապահովում մեր հյուրանոցների սպասարկման մակարդակը, իսկ գնի առումով ամենեւին մատչելի չեն` օրական 60-80 ԱՄՆ դոլար` 1 սենյակի համար:

Բեկոր Փափազյանն էլ նշում է, թե Հայաստանում հյուրանոցների առաջարկած ծառայությունների գները բարձր են ցածր պահանջարկի հետեւանքով. «Այսինքն, եթե զբոսաշրջիկների քանակը կտրուկ աճի, եւ հյուրանոցների թիվը կավելանա, եւ մրցակցությունն ավելի ուժեղ կլինի, ինչի արդյունքում հյուրանոցի տերերը կսկսեն աշխատել «խոշոր մաշտաբի» վրա: Իսկ հիմա շատերը վարում են գնային թանկ քաղաքականություն, որպեսզի կարողանան նույն շահույթն ապահովել»: Լրագրողները նկատեցին, որ մեզ մոտ տարվա ընթացքում ինչ-որ միջոցառումների շրջանակում հյուրանոցների պահանջարկը կտրուկ ավելանում է, սակայն իրականում տեղի է ունենում հակառակ գործընթացը` գները բարձրանում են: «Տարբերությունը պահանջարկի կարճաժամկետ եւ երկարաժամկետի լինելու մեջ է»,- ասում է Հյուրանոցիայի ասոցիացիայի փոխնախագահ Հակոբյանը եւ նշում, որ գնագոյացության հարցում շատ կարեւոր է նաեւ հարկային վարչարարությունը: Ըստ նրա` նույն Վրաստանում եւ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, հարկային դաշտն ավելի բարենպաստ է, իսկ Հայաստանում այսօր հյուրանոցային ծառայության ինքնարժեքի առնվազն 35 տոկոսը կազմում են պետական հարկերը` տարբեր տեսակների: Մյուս կողմից, բանախոսի խոսքերով, կարելի է համեմատել միմյանց նման ապրանքները: Այլ կերպ ասած, եթե մարդը որոշել է հանգստանալ ծովում, նա Սեւան կամ Ծաղկաձոր չի գնա: Իսկ Թիբիլիսիում, ի տարբերություն Քոբուլեթիի կամ Բաթումիի, հյուրանոցները, Հակոբյանի հավաստմամբ, 30 տոկոսով թանկ են, քան Երեւանում:

Այնուամենայնիվ, Հայաստանում հյուրանոցների առաջարկած գները «վերցված է օդից»: Սա արդեն երրորդ բանախոսի` Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի կարծիքն է. «Նույն մահճակալը, եթե արժեր այսքան, հիմա փոխվել ու թանկացել է: Ինչի՞ց ելնելով: Ինչ որ ոսկո՞ւց են սարքել, շոլկի՞ց են սարքել, ի՞նչ են սարքել: Դրա համար էլ, տարեկան կտրվածքով, մեզ մոտ հյուրանոցները 25-30 տոկոսով են ծանրաբեռնված»: Մինասյանի խոսքերով` մեզ մոտ ոլորտում գրագետ, կրթված մասնագետների պակաս կա, ինչը հանգեցրել է նրան, որ քնելու համար սահմանվել են նման բարձր գներ, այնինչ անհրաժեշտ է ավելացնել ծառայությունների քանակը, որոնց դիմաց մարդիկ պատրաստ կլինեն վճարել: «Երկրորդ` ինչո՞ւ են մարդիկ մեկնում Վրաստան: Հարցը նրանում է, որ վրացիները մեզանից ավելի խելոք գտնվեցին եւ մեծ գովազդային աշխատանք կատարեցին: Բայց ասել, որ այնտեղ պայմանները լավ են, սպասարկումը լավ է, ոչ»,- հավելում է Տուրիզմի ինստիտուտի ռեկտորը: Բեկոր Փափազյանն էլ ավելացնում է, թե միայն գովազդով հնարավոր չէ ավելացնել զբոսաշրջիկների քանակը: Պետք է ներկայացվեն թիրախային շուկաներին հետաքրքրող նոր առաջարկներ, օրինակ` էկոտուրիզմ, քարանձավային եւ խոհանոցային տուրիզմ: «Դրանից հետո գալիս են ենթակառուցվածքները: Շատերին Հայաստանը դուր չի գալիս հենց ենթակառուցվածքների պատճառով: Բայց մյուս կողմից վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան այցելած տուրիստների մեծամասնությունը գոհ է»,- ասում է նա: Հակոբ Հակոբյանը տեղակացմամբ` այս տարի, թեեւ սեզոնը չի ավարտվել, նախորդ տարվա համեմատ հյուրանոցից օգտվողների թիվն ավելացել է, ինչի չի կարելի ասել 2009-2008 թթ դեպքում, երբ ճգնաժամի պատճառով հաճախորդները նվազել են: «Ինձ թվում է, որ այցելուները գալիս էին, բայց ձեւ էին գտնում բարեկամների մոտ մնալ: Այսինքն` ճգնաժամի տարվա ընթացքում միգուցե ծախսերը քիչ են եղել, բայց, համենայնդեպս, այցելուների թիվն աճել է, եւ դա բավականին ստույգ թիվ է»,- մեկնաբանում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Ըստ պաշտոնական վիճակագրության` անցյալ տարի Հայաստանն ունեցել է մոտ 600 հազար այցելու, սակայն թե նրանց որ մասն է զբոսաշրջիկ, տվյալներ չկան, քանի որ տարանջատում չկա, ինչը նույնպես ոլորտի բացերից է: «Բայց տարեց տարի այցելուների մոտ 10 տոկոս աճ ենք տեսնում. 2009թ., նախորդ տարվա համեմատ, այցելուների թվաքանակն աճել է 9 տոկոսով: Իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` 2009-ի համեմատությամբ աճը կազմել է մոտ 12 տոկոս»,- ներկայացնում է Փափազյանը: Հարեւան Վրաստանում այցելուների թիվն անցյալ տարի եղել է շուրջ 1,5 միլիոն: Բանախոսները նկատում են, որ այս ցուցանիշը Հայաստանն ի զորու է ապահովել: Բեկոր Փափազյանի տեղեկացմամբ` Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, շարունակելու է մասնակցել մի քանի խոշոր ցուցահանդեսների: «Մենք այս տարի փորձում ենք ավելացնել Հայաստան եկող լրագրողների թիվը: Օգտվում ենք այն հանգամանքից, որ աշնանը կատարվելու է Տաթեւի ճոպանուղու բացումը, եւ «Եվրանյուզին» ու 20-30 արտասահմանցի լրագրողներ ենք հրավիրում Հայաստան: «Եվրանյուզով» երկու շաբաթվա ընթացքում ամեն օր մի քանի անգամ տարբեր տեսահոլովակներ են հեռարձակվելու Հայաստանի տուրիզմի մասին»,- ասում է նա: Փափազյանը նաեւ նշում է, որ փորձում են Կառավարության հետ համագործակցությամբ ավելացնել Հայաստանում տուրիզի խթանման բյուջեն, քանզի պետության կողմից 50-100 մլն դրամի սահմաններում հատկացվող գումարը շատ քիչ է: «Իհարկե, մենք ավելացնում ենք այդ գումարը մասնավոր համագործակցության, մասնավորապես տուրօպերատորների հաշվին: Բայց, ի վերջո, շատ փոքր թիվ է ստացվում` համեմատած այլ երկրների ծախսած գումարների,- շեշտում է Բեկոր Փափազյանը,- դա անթույլատրելի է, որովհետեւ ավելի մեծ ռեսուրսների ծախսման անմիջական արդյունքն ակնհայտորեն երեւում է: Այսինքն` դա լավ բիզնես է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter