HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ամբաստանյալի ցուցմունքները գործում բեկում չմտցրին

Այնինչ նման կանխատեսում էր արել նրա փաստաբանը

«Բագրատ Սողոմոնյանն ասաց` մտնելու ենք մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տուն: Նա հիմա չի աշխատում եւ վատ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Այսինքն, եթե համազգեստով մտնենք` որպես իրավապահ, դիմադրություն ցույց չեն տա, որովհետեւ անակնկալի չեն գա»:

Սա հատված էր 1986 թ. ծնված Հայկ Մելքոնյանի նախաքննական ցուցմունքից: Նա այսօր Բագրատի ու եւս 8 անձի հետ Կենտրոնի դատարանում ամբաստանյալի կարգավիճակում է: Մեղադրանքը բազմադրվագ է` սկսած ոսկու շուկայի թալանից, ավարտած Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմամբ: Բագրատի պաշտպանը` Անահիտ Ավետիսյանը, «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ դատարանում «Հայկի պատմածները գործը շրջելու են»: Հայկը ցուցմունք տվեց, բայց այն իրականում ոչինչ էլ չշրջեց: Վերջինս շարունակեց պնդել իր նախաքննական որոշ ցուցմունքներ, որոնք փաստաբան Անահիտ Ավետիսյանի պաշտպանյալների, մասնավորապես Բագրատի հոր` Արսեն Սողոմոնյանի մասով մեղադրական բնույթի էին: Հայկը Բագրատի մոտ մարզվել է կարատեով: Այնուհետեւ Բագրատը մեկնել է Իսպանիա, եւ նրաց ընկերությունը շարունակվել է «օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում: Ինչպես դատարանում Հայկը պատմեց, մի օր Բագրատը գրել է, թե չի կարողանում կապվել հոր հետ, ու ընկերոջ խնդրանքով Հայկն Արսենին ասել է, որ զանգի որդուն: Որոշ ժամանակ անց` 2007-ի հոկտեմբեր-նոյեմբերին, Արսենը զանգել է Հայկին եւ առաջարկել հանդիպել: «Այդ ժամանակ ֆինանսական խնդիրներ կային: Առաջարկեց հեշտ գումար աշխատել»,- հիշում է Հայկը: Հեշտ գումարը «վաստակելու» թիրախ սկզբում դարձել է ոսկու շուկայի` Վաղարշակ Վարդեւանյանին վարձակալմամբ տրամադրված տաղավարներից մեկը: «Արսենը մեզ բերել է ոսկու շուկայի մոտ, հետո շրջակայքում ես նրան չեմ տեսել: Երեք հոգով ենք մտել, մեզնից մեկը համազգեստով էր: Հետո` նախաքննության ժամանակ եմ իմացել, որ 4-րդ մարդն էլ է եղել` դռան մոտ կանգնած»,- պատմում է Հայկը եւ նշում, որ քննիչները ոսկու շուկայում կատարվածը սխալ են որակել. ավազակային հարձակում չի եղել. «Վարդեւանյանին ոչ մի խփել, կապել, ծեծել, համենայնդեպս, իմ կողմից չի եղել: Չեմ ասում` այդպիսի բան չի եղել, այլ ասում եմ, որ ես կապ չունեմ: Ուղղակի փորձել ենք վստահությունը շահել ու մոլորեցնել»: Այս «գործի» համար, ըստ Հայկի, հաջորդ օրն Արսեն Սողոմոնյանն իրեն տվել է 30 հազար ԱՄՆ դոլար, որը ծախսել է սեփական կարիքների համար:

«2008-ի հոկտեմբերին Արսենը նորից զանգեց, ասաց` մի հատ աշխատանք կա, պետք է անենք: Այդ ժամանակ չգիտեի, որ խոսքն Ավետիսյանի տան մասին է: Գաջի գործարանի մոտ ռեստորան կա, հաջորդ օրն այնտեղ հանդիպեցինք: Արսենը բերել էր ձեռքով գծած գծագիր` երկհարկանի տան դասավորության մասին»,- Հայկը ներկայացնում է արդեն հաջորդ «գործի» մանրամասները: Վերջինիս խոսքերով` ինքն այդ ընթացքում Արսեն Սողոմոնյանից 55 հազար դրամ էր պարտքով վերցրել: Որոշ ժամանակ անց մտափոխվել է ու որոշել նոր «գործին» չմասնակցել: «Ասել եմ` Արսեն ջան, չեմ ուզում մասնակցել: Ասաց` Հայկ ջան, ֆինանսական խնդիրներ կան: Ասացի` լավ: Էլ բան չեմ ասել, որոշել եմ ինքս կրճատել իմ մասնակցությունը: Հիմա դուք որոշեք` դա Արսենի կողմից առաջա՞րկ էր, թե՞ պահանջ: Ես ոչինչ չեմ ասում»,- դատարանում հայտարարեց Հայկը: Ըստ նրա` հանցագործությանն իր մասնակցությունը կրճատել է նրանով, որ երբ «սպեցնազի» հագուստներ հագած 5 հոգով պատրաստվել են Արմեն Ավետիսյանի առանձնատան պարսպից ներս ցատկել, դիտավորյալ ընկել է` իբր սայթաքելու պատճառով, մոտ 5-6 րոպե ուշ է մտել տուն, ու երբ հասել է առաջին-երկրորդ հարկերի աստիճանահարթակին, հնչել է «դուրս ենք գալիս» հրամանը: «Ու ես բոլորի հետ դուրս եմ եկել: Ոչ մի բանի` գողության, փաստաթղթերի հափշտակման, չեմ մասնակցել: Մարտական զենք չեմ կրել, հանցավոր համակցության երբեւէ չեմ անդամակցել: Միայն նախապատրաստական որոշակի աշխատանքների եմ մասնակցել: Այդքանը»,- ասում է Հայկ Մելքոնյանը եւ շեշտում, որ մեղավոր է միայն նրանում, որ հանդես է եկել իրավապահի անվան տակ: Նա նշում է, որ Ավետիսյանի տան գործով եղել են 5 հոգով, ու ամբաստանյալների մեջ կան մարդիկ, ովքեր մասնակցել են թե այս, թե նախորդ «գործի» իրականացմանը: Սակայն Հայկը հրաժարվեց ասել, թե բացի Արսեն Սողոմոնյանից, մյուս մասնակիցներն ովքեր են: Նա խնդրեց հիմք ընդունել իր դատաքննական ցուցմունքները, իսկ նախաքննականի մասով ասաց, որ դեռ այն ժամանակ «փորձել է ցուցմունքների հակասությունները շտկել», բայց քննիչն ասել է, թե այդ առումով արված յուրաքանչյուր միջնորդություն կջարդվի: Նախաքննության ընթացքում Հայկը ոչ միայն Արսենի որդու` «Կապիտան» մականունով Բագրատ Սողոմոնյանի հանցագործության մեջ ունեցած դերի մասին էր պատմել, այլեւ նշել էր պատվիրատուների անունները` Արմեն Նիկողոսյան եւ Արա Կարապետյան: Սակայն դատարանում նա հայտարարեց, թե Արային առաջին անգամ տեսել է դատարանում, իսկ Արմենի մասով իմացել է միայն այն, որ վերջինս Արսենի եւ Բագրատի քավորն է: «Արմեն Նիկողոսյանի հետ անձամբ երբեւէ շփում չեմ ունեցել եւ չգիտեմ` նա այս գործի հետ ինչ կապ ունի»,- ասաց Հայկը եւ պատմեց, որ Արսենը մի անգամ իրեն տարել է Բանգլադեշի եկեղեցու մոտ` հանդիպելու հանցագործության պատվիրատուին` «Կոշիկի Արոյին»: Սակայն Հայկը վստահեցնում է, որ նա «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի սեփականատեր, այս գործում մեծամասամբ «Կոշիկի Արո» անունով հիշատակվող Արա Կարապետյանը չէ: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը Հայկից հետաքրքրվեց, թե արդյոք նախաքննության ժամանակ նրան ցուցմունքներ տալիս ուղղորդել են: «Չեմ ուզում պատասխանել, քանի որ դրանով պետք է ասեմ, թե ինչու են հակասություններ մտել ցուցմունքներիս մեջ»,- պատասխանեց Հայկ Մելքոնյանը` ընդգծելով, որ, այնուամենայնիվ, ծեծուջարդ չի եղել:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter