HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞վ է ստացել Արմեն Ավետիսյանի տան գողոնը

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար մեղադրվող 10 հոգուց միայն Սուրեն Մելքոնյանն է, որ կալանքի տակ չէ. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը:

Հենց Սուրենի միջոցով է Արմեն Ավետիսյանը ետ ստացել 2008-ի հոկտեմբերի 27-ի կեսգիշերին իր տնից գողացված կարեւոր փաստաթղթերն ու թանկարժեք զարդերը: Սուրենի խոսքերով` 2009 թ. հունվարին ինքը հեռախոսով Արմեն Ավետիսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկի` Կարենի հետ պայմանավորվել է հանդիպել «Գալաքսի» սուպերմարկետի մոտ, որտեղ էլ պայուսակով վերջինիս է փոխանցել Ավետիսյանի տան գողոնը: «Ես քննիչին պատմել եմ, թե պայուսակն ինձ ով է տվել եւ ում եմ փոխանցել: Ասացին` ի՞նչ կարեւոր է, դու գրիր էն, ինչ ասում ենք»,- հիշում է Սուրենը: Քրեական գործում Կարենի փոխարեն հայտնվել է ոմն Հարություն Ալեքսանյան: Սուրենը, նայելով լուսանկարին, պնդում է, որ նրան առհասարակ չի ճանաչում: Իսկ դատարանն այդպես էլ չի կարողանում Հարությունին հարցաքննել: Ոստիկանությունից մեկ հայտնել են, թե Հարությունի գտնվելու վայրն անհայտ է, մեկ էլ  թե` վերջինս գտնվում է Թուրքիայում:

 

«Ինձ ԱԱԾ-ում ասում էին` մենք քեզ կօգնենք, Հայաստանից կհեռանաս: Բայց, փաստորեն, էսօր ես այստեղ եմ` մեղադրյալի կարգավիճակում, իսկ Հարությունը Հայաստանում չէ»,- դատարանում նախորդ նիստին հայտարարեց Սուրեն Մելքոնյանը: Ըստ նրա` ամենակարեւորն այն է, որ պայուսակի «ընդունում-հանձնումը» Կարենի համաձայնությամբ տեսանկարահանվել է: Սուրենի պաշտպան Մարինե Թովմասյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց, որ այն անպայման  ներկայացնելու են դատարանին: Սուրենի պատմելով` Կարենի հեռախոսահամարը եւ պայուսակն իրեն տվել է Արա Կարապետյանը` խնդրելով այն Կարենի միջոցով փոխանցել մաքսայինի նախկին ղեկավարին: Արա Կարապետյանը նախաքննության ընթացքում Արմեն Նիկողոսյանի հետ (Նոր Նորքի նախկին փոխոստիկանապետ, ով մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված` արդեն դատապարտվել է) այս գործով մեղադրվել է իբրեւ կազմակերպիչ: Սակայն մոտ 9 ամիս անց նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, ըստ որի` նա ոչ թե կազմակերպել է Ավետիսյանի տան վրա կատարված հարձակումը, այլ Արմեն Նիկողոսյանի հետ ստեղծել է հանցավոր խումբ, որն իրականացրել է նշյալ եւ այլ հանցագործություններ: Արա Կարապետյանը «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի սեփականատերն է, Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից մեկը: Դատարանում հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ Արոլդ անունով մի վրացահայ եղել է իր խանութների հաճախորդը: 2008-ի դեկտեմբերին վերջինս Կարապետյանին խնդրել է 1-2 օրով նրա մոտ թողնել մի պայուսակ: Սակայն դրա ետեւից Արոլդն այդպես էլ չի գնացել, իսկ Կարապետյանը տեղեկացել է, որ վերջինս Մերձբալթիկայում ձերբակալվել է: Տեսնելով պայուսակի պարունակությունը` հասկացել է, որ դա Արմեն Ավետիսյանի տան գողոնն է, ու որոշել է պայուսակն ուղարկել տիրոջը: Այն, որ հանցագործության կազմակերպիչն իրականում Արոլդն է եղել, դատարանում մինչ օրս հարցաքննված ամբաստանյալներն ուղղակի կամ անուղղակի հայտարարել են: Նրանցից Արշակ Գրիգորյանը նույնիսկ նշեց, թե իրեն զանգահարել է Արոլդի եղբայրը` Ալիկոն, ու ասել, թե գնա հանձնվիր ԱԱԾ եւ ամեն ինչ բարդիր Արա Կարապետյանի վրա: «Ասաց` Արան է ձեզ ծախել, ինքն է պայուսակը ետ ուղարկել, եթե չաներ, ոչինչ էլ չէր պարզվի»,- պատմում էր Արշակը: Արա Կարապետյանին եւ Արմեն Նիկողոսյանին մեղադրող ցուցմունքներ է տվել նաեւ Սուրեն Մելքոնյանը, ով Կարապետյանի ազգականն է եւ վերջինիս խանութում աշխատել է իբրեւ մանրածախ առեւտրի մենեջեր: «Սուրեն, նորմալ քնո՞ւմ ես»,- վերջինիս հարցաքննության ժամանակ հարցրեց Կարապետյանը: «Երդվում եմ Աստծո անունով` 1,5 տարի է` չեմ կարողանում»,- ասաց Սուրենը: «Ստորությա՞ն պատճառով»,- հակադարձեց Արա Կարապետյանը: Սուրեն Մելքոնյանը սկզբում գործում ներգրավվել է իբրեւ վկա: Չնայած այն հանգամանքին, որ նա հենց առաջին ցուցմունքում տվել է նաեւ ինքնամեղադրող ցուցմունքներ, ըստ որի` Արայի կազմակերպմամբ այս կամ այն չափով մասնակցել է տարբեր հանցագործությունների, այդ թվում` ոսկու շուկայի թալանին եւ Ավետիսյանի տան վրա կատարված հարձակմանը, նրան, չգիտես ինչու, մեղադրանք է առաջադրվել միայն 7 ամիս անց: «Սկզբում ինձ ԱԱԾ-ում ասում էին` քեզ պաշտպան պետք չի, մենք քեզ կպաշտպանենք: Հետո, որ խոստումը դրժեցին ու ինձ վկայից դարձրին մեղադրյալ, մի հատ պաշտպան տվեցին, որն իրենց նախկին քննիչներից է: Նա ասաց` արխային, մեկ ա` խոստացել են, որ քեզ չեն կալանավորի, ուրեմն չեն կալանավորի»,- հիշում է Սուրենը եւ մանրամասնում, որ իրենից ցուցմունքներ պարզապես կորզել են: Ըստ նրա` ֆիզիկական ճնշում իր նկատմամբ չի կիրառվել, «բայց ավելի լավ է ծեծեին, քան ասեին` 15 տարեկան տղեդ կհայտնվի մալալետկեքի գաղությում»: Սուրենի բնորոշմամբ` հոգեբանական ճնշումները շարունակվել են շատ երկար: Այս տարվա փետրվարի 5-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման գործն ուղարկվել է դատարան: Հաջորդ օրը թերթերը, հղում անելով նշյալ հաղորդագրությանը, հայտնեցին, որ կալանավորվել է 10 անձ, այդ թվում` Սուրեն Մելքոնյանը: «Փետրվարի 10-ին ԱԱԾ-ից ինձ զանգեցին (չեմ ուզում ասել, թե ով) ու ասացին` լսիր, այ տղա, որ ասում ենք` ինչ ուզենք, կանենք, ուրեմն կանենք: Տես` քեզ չենք կալանավորել, բայց թերթերին ասել ենք գրեն, որ քեզ կալանավորել ենք»,- հիշում է Սուրենը: Նա դատարանին հանձնեց A4 ֆորմատի թղթերի տրցակ, որում նշված էին հեռախոսահամարներ ու հեռախոսազանգերի տեւողությունների մասին տվյալներ: Վերջինիս հավաստմամբ` ԱԱԾ-ում իրեն տվել են հատուկ բջջային հեռախոսաքարտ, որին միայն իրենք` ԱԱԾ-ականներն են զանգահարել: «Տեսեք, թե էդ համարին ինչքան են զագել: Կան զանգեր, որ 600 վայրկյանից ավել են տեւել: Պատկերացրեք` ինչ է կատարվել»,- ասաց Ս. Մելքոնյանը: Նա պատմում է, որ ԱԱԾ-ում իրեն թելադրել են, թե ինչ պետք է գրի եւ անընդհատ նույն բանը կրկնել են տվել. «Ասում էին` ով ուզենք, քո դեմ ցուցմունք կտա: Ասում էին, եթե մեր ուզածով անես, վկայի կարգավիճակ կտանք, եթե ոչ` ընտանիքդ անտեր կմնա, բոմժ կդառնան»: Սուրեն Մելքոնյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների առնչությամբ հաջորդ նիստին` սեպտեմբերի 6-ին, հարցեր կտա մեղադրող-դատախազ Հովսեփ Սարգսյանը:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter