HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ազատվեք ձեզ խանգարող անուն-ազգանուններից

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ճամբարակի տարածքային բաժինը 2005 թ. հունիսի 6-ին գրանցել է Այգուտ գյուղից Կարինե Մելիքի Խաչատրյանի ծնունդը: 2008 թ. մայիսին ՔԿԱԳ Ճամբարակի տարածքային բաժնի պետ Լուսինե Մխիթարյանը, ով այդ պաշտոնում աշխատում է արդեն 8 տարի, նրանց է տրամադրել ծննդյան վկայականի կրկնօրինակը, որտեղ, սակայն, քաղաքացին նոր ազգանուն է ստացել' Կարինե Մելիքի Մակարյան:
«Դուք տվել եք ծննդյան վկայականի կրկնօրինակ, որտեղ քաղաքացու ազգանունը փոխված է եղել, ինչո՞վ կարելի է դա բացատարել»,- հարցնում ենք նրան: Լուսինե Մխիթարյանը փորձում է անվրդով երեւալ ու, մի կողմ հրելով ներկայացված փաստաթուղթը, հարցին հարցով է պատասխանում. «Որտեղի՞ց է ձեզ մոտ հայտնվել դա»: Ծննդյան վկայականի «կրկնօրինակում» այլ «վրիպակներ» էլ կային: Այնտեղ փոխված է նաեւ Կարինեի հոր ազգանունը' Մելիք Գուրգենի Խաչատրյանը նույնպես դարձել է Մակարյան: «Կրկնօրինակը» մեկ այլ տարբերություն էլ ունի ծննդյան վկայականի բնօրինակից' այստեղ մոր հայրանունը նշված չէ: «Կրկնօրինակը վկայականի փաստացի պատճենը պետք է լինի, ինչպե՞ս է պատահում, որ տվյալները փոխվում են» մեր մյուս հարցին բաժնի պետը պատասխան չտվեց:

ՔԿԱԳ Ճամբարակի տարածքային բաժնի պետին ցույց տվեցինք նաեւ իր վավերացմամբ 2007 թ. կատարված անվանափոխման օրինակներ, որոնցից մեկում Աշոտ Ռոբերտի Ասատրյանը դարձել է Ռուբեն Ռոբերտի Ասատրյան: «Դա պարզապես սխալ է, սխալվել եմ, ինչքան էլ ուշադիր լինեմ, մարդ ես' նաեւ սխալվում ես»,- փորձում է պարզաբանել նա: Երբ Լ. Մխիթարյանին առաջարկեցինք ծանոթանալ «սխալվելու» մեկ այլ օրինակի, որում Աղասի Խաչիկի Մարտիրոսյանը դարձել է Արթուր Խաչիկի Մարտիրոսյան, նա հայտնեց. «Գործերն ուղարկել եմ արդարադատության նախարարություն, այնտեղ անվանափոխությունը հաստատվել է, որից հետո վկայականը տվել եմ»:

ՔԿԱԳ Ճամբարակի տարածքային բաժնի պետի ասելով' քաղաքացիները տարվա ընթացքում իրենց ավելի շատ դիմում են գրանցման ակտերում' ծննդյան, ամուսնության, մահվան վկայականներում, ուղղումներ կատարելու համար: Նրա մեկնաբանությամբ' 80-ական թվականներին, երբ գյուղապետարաններում են կատարվել գրանցումները, սխալներ շատ են թույլ տրվել: Նոտարական վավերացումների ժամանակ անհրաժեշտ է լինում ուղղել սխալները, որի համար էլ դիմում են իրենց:

Ո՞ր դեպքում է, որ անվանափոխությունը թույլատրելի է: Կառավարության 2005 թ. հունիսի 23-ի N 941-Ն «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման համաձայն' 16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման մի շարք դեպքեր են թվարկվում, որոնցից մեր ներկայացրած դեպքերի համար կիրառելի կարող են լինել երկուսը: «Գրանցում կատարել թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում'
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության,
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտաuանության դժվարության:
Մյուu դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով' յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաuտաթղթերը»:

Մեր ներկայացրած դեպքերի համար նշված երկու պատճառները բացառվում են' Աշոտ եւ Աղասի անունները անբարեհունչ չեն, արտաuանելիս դժվարություն չեն առաջացնում: Իրազեկ անձինք անուն-ազգանվան փոփոխություններ կատարելու հիմնական պատճառ են համարում Ռուսաստանից այդ քաղաքացիներին արտաքսելը: Կրկին այդ երկիր մուտք ունենալու համար քաղաքացիները հարմար ճանապարհ են ընտրում անձը հաստատող փաստաթղթերը կեղծելը կամ դրանցում փոփոխություններ կատարելը, որը, որոշ աղբյուրների համաձայն, 300-500 դոլար արժե: Դյուրին տարբերակ է համարվում ՔԿԱԳ բաժինների միջոցով փաստաթղթեր փոփոխելը, եթե դա իրենց չի հաջողվել իրականացնել ոստիկանության անձնագրային բաժիններում: Երբ անվանափոխությունը վավերացվել է ՔԿԱԳ մարմիններում, անձնագրային բաժիններում պարտավոր են նոր ծննդյան վկայականի հիման վրա նոր անձնագիր տրամադրել: «Բարեհունչ» անուն-ազգանուն ձեռք բերած քաղաքացին մեկ անգամ էլ է իր բախտը փորձում օդակայանի մաքսատանը:

Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Համլետ Նավասարդյանը նույնպես հավաստում է, որ գործակալության կատարած տարեկան գրանցումների գերակշիռ մասը բաժին է ընկնում սխալների ուղղմանը, անվանափոխումներին եւ ծնունդների վերականգնումներին: Պրն Նավասարդյանի կարծիքով' ցանկացած անվանափոխում պետք է առանձին քննարկման հարց դառնա, եւ այդ հարցում առաջին կարեւոր նախապայմանը պետք է լինի ոստիկանության տրամադրած եզրակացությունը: «Եթե անձը խնդիր չունի ոստիկանության հետ, քրեական անցյալ չունի, կարող ենք կատարել փոփոխությունը: Ունենք նաեւ մերժման դեպքեր, որոնք դատարանով հաստատել են եւ գրանցել տվել»,- հայտնեց նա:

Գործակալության պետը տեղեկացրեց, որ նախարարությունում օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստում, որոնք միտված են հեշտացնելու քաղաքացիների հետ աշխատանքը: Նախագիծը, որը կոչվում է «ՔԿԱԳ ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեության համակարգման եւ վերահսկողության մասին» օրենք, ուղղված կլինի բնակչության սպասարկման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն: «Այսուհետ ՔԿԱԳ տարածքային բաժիններում պետք է լուծվեն անձի գրանցման փաստաթղթերում եղած անճշտությունների ուղղումները: Օրենքի ընդունումից հետո փոփոխություններ կկատարվեն նաեւ բոլոր հրահանգչական ցուցումներում եւ այնտեղ հստակ ժամկետներ կսահմանվեն' հնարավորինս սեղմ ժամկետներ նախատեսելով քաղաքացիների պահանջները բավարարելու համար»:

Մեր հարցին, թե անվանափոխումների հետ կապված ի՞նչ փոփոխություններ կարող է մտցնել նոր օրենքը, գործակալության պետը հայտնեց, որ օրենսդրորեն սահմանափակված չէ, թե մարդը իր կյանքի ընթացքում քանի անգամ կարող է փոխել անուն-ազգանունը: «Մենք կարծում ենք, որ չգրանցելը քաղաքացու իրավունքների սահմանափակում կարող է լինել»,- հայտնեց նա' միաժամանակ շեշտելով, որ ազգանունների հարցում փոփոխություններ կատարելն ավելի դժվար գործընթաց է, քան անուններ փոխելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter