HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թրաֆիքի՞նգ, թե՞ մարմնավաճառություն

«Հասմիկն ինձ մինչեւ ապրիլ ամիսը, Աննային էլ` ընդմիշտ, վաճառել էր Գոհարին»,- ասում է Ելենան եւ մանրամասնում, որ Հասմիկն իրեն Թուրքիա է ուղարկել «աման լվալու», մինչդեռ այնտեղ` «Անի» հյուրանոցում, ինքը հարկադրաբար շուրջ 7 ամիս զբաղվել է մարմնավաճառությամբ:

Ելենան Արցախից է` Քարվաճառից: 2008 թ. օգոստոսին նա եկել է Երեւան` աշխատանք գտնելու, բայց չգտնելով` մեկնել է Արտաշատ ու գիշերել իր նախկին հարեւանուհու բարեկամի տանը: Այստեղ ծանոթացել է տանտիրուհու ընկերուհու` Հասմիկ Քարամյանի հետ: Վերջինս պատմել է, որ ժամանակին Թուրքիայում մատուցողի աշխատանքով բավական գումար է վաստակել ու Ելենային ասել է, թե ցանկության դեպքում կարող է նրան ուղարկել Թուրքիա` Գոհար Կիրակոսյանի սրճարանում նույն մասնագիտությամբ աշխատելու:

«Ասաց` ամսական 1000-1200 դոլար աշխատավարձ կստանաս, գումարը Գոհարը կներդնի բանկում` քո անունով բացված հաշվեհամարին, որը Հայաստան վերադառնալով կարող ես ստանալ,- քննիչին պատմել է Ելենան,- ասում էր` Գոհարը կլուծի ճանապարհածախսի հարցը, քեզ կբնակեցնի իր հյուրանոցում, կապահովի սննդով, իսկ դու քո աշխատավարձով հետագայում կվերադարձնես ճանապարհածախսը»:

Նույն օրը Ելենան ծանոթացել է իրեն հյուրընկալած տանտիրուհու ծանոթներից մեկի` Աննայի հետ ու նրան պատմել Հասմիկի առաջարկության մանրամասները: Աննան նույնպես գայթակղվել է, ու երկուսն էլ Հասմիկի կազմակերպմամբ հեռախոսով զրուցել են Գոհարի հետ, հավաստիացել առաջարկության իսկության մեջ ու պատրաստակամություն հայտնել աշխատել վերջինիս սրճարանում: 2008-ի սեպտեմբերի կեսին Աննային, իսկ ամսվա վերջում` Ելենային Երեւանից Թուրքիա մեկնող ավտոբուսով Հասմիկը ճանապարհել է Գոհարի մոտ: Ընդ որում` երկուսն էլ, հետեւելով Հասմիկի հրահանգին, տնեցիներին խաբել են, թե մեկնում ենք Լենինգրադ:

Այս ամենն արձանագրել է քննիչը, ըստ որի` աղջիկներին տեղավորելով «Անի» հյուրանոցում` Գոհար Կիրակոսյանը, վերցնելով նրանց անձնագրերը, Ելենային ապտակելով, Աննայի էլ դեմքին հարվածելով, հետագայում ավելի ուժեղ ծեծի ենթարկելու սպառնալիքով ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ: Վերջիններս լեզվի չիմացության, ազատ տեղաշարժման հնարավորության բացակայության պատճառով ստիպված ենթարկվել են հարկադրանքին, իսկ մարմնավաճառության վաստակը Գոհարն ամբողջությամբ վերցրել է: Ուշագրավն այն է, որ թե Ելենան, թե Աննան Թուրքիայի իշխանությունների կողմից 2009-ի մայիսին արտաքսվել են Հայաստան, սակայն երկուսն էլ այստեղ իրավապահներին ոչինչ չեն ասել:

Եվ միայն ամիսներ անց, երբ ոստիկանները նրանց «հայտնաբերել» են` իբրեւ թրաֆիքինգի զոհ, պատմել են կատարվածի մասին ու մեղադրող ցուցմունքներ տվել նաեւ Հասմիկ Քարամյանի դեմ: Այժմ այս գործը քննվում է Կենտրոնի դատարանում, որի առանցքը հիմնականում պտտվում է կավատ Գոհար Կիրակոսյանի շուրջ: Նրա անունը հոլովվել է թրաֆիքինգի տարբեր գործերում: Տարիներ շարունակ բազմաթիվ հայ աղջիկներ Թուրքիայում Գոհարի «հովանու» տակ ենթարկվել են սեռական շահագործման:

Բայց այսօր վերջինս ամբաստանյալների մեջ չկա. դեռ 2003 թ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ու մինչ օրս կավատ Գոհարը չի հայտնաբերվել: Իսկ Հասմիկ Քարամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գոհար Կիրակոսյանի հետ նախնական համաձայնությամբ Ելենային ու Աննային շահագործման նպատակով հավաքագրել եւ ուղարկել է Թուրքիա: Հասմիկի պաշտպան Անժելա Հոբոսյանը, սակայն, համաձայն չէ նախաքննական մարմնի այն գնահատականին, որ Աննան ու Ելենան Թուրքիայում ենթարկվել են թրաֆիքինգի: Փաստաբանը, օրինակ, տարակուսում է, թե ինչպես է ստացվել, որ երկուսն էլ Թուրքիայից փող եւ ծանրոց են ուղարկել տուն, վիզայի ժամկետը լրանալու կապակցությամբ բազմիցս եղել են Բագրատաշենի սահմանային գոտում, բայց, չգիտես ինչու, չեն փորձել վերադառնալ հայրենիք ու կրկին մեկնել են Թուրքիա:

Ավելին` «նույնիսկ եղել է պահ, որ Աննան մի քանի օր մնացել է Վրաստանում, բայց Հայաստան չի վերադարձել»: Նախորդ նիստի ընթացքում դատարանը հարցաքննում էր Հասմիկին: Վերջինս նշեց, որ եթե որեւէ մեկը չուզենա, Թուրքիայում նրան ոչ ոք չի կարող ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ, առավել եւս, որ «փողոցում լիքը ոստիկաններ կան, եւ ցանկացած աղջիկ կարող է դիմել նրանց»:

Ըստ նրա` աղջիկները շատ լավ իմացել են, թե ուր են գնում եւ ինչի համար: «Ես կապ չունեմ: Ես ընդամենը զանգել եմ Գոհարին, իրենք հեռախոսով խոսել են, Գոհարն էլ հստակ ասել է, որ պետք է զբաղվեք մարմնավաճառությամբ: Իրենք իմացել են, որ ես Թուրքիայում եղել եմ, ուղղակի խնդրել են, ուղարկել եմ: Հո զոռո՞վ չեն գնացել: Ասում էին` աշխատանք չունենք, ես էլ օգնել եմ: Իրենց խնդրանքով նստեցրել եմ ավտոբուս ու ճանապարհել: Դրանից հետո այլեւս տեղեկություն չեմ ունեցել»,- ասում է Հասմիկը, բայց միաժամանակ հավելում, որ Թուրքիայից Ելենան «մի երկու անգամ» իրեն զանգել է ու ասել, թե «ստեղ ուժեղ գործ կա, աղջիկ ուղարկիր»: «Ասել եմ` աղջիկ չկա, ինձ մի անհանգստացրեք: Հետո, որ շատ էր զանգում ու զզվեցնում, ստիպված համարս փոխեցի»,- պատմում է Հասմիկ Քարամյանը: Դատարանում նրա հարցաքննությանը ներկա էր նաեւ Ելենան:

«Սուտ ես ասում» հայտարարելով` վերջինս մանրամասնեց, որ Հասմիկն իրականում հեռախոսահամարը փոխել է բոլորովին այլ պատճառով: Նրա խոսքերով` 2008 թ. դեկտեմբերին Գոհար Կիրակոսյանը 500 դոլար է ուղարկել Հասմիկին, որպեսզի դրա կեսը փոխանցի իր, մյուս մասը` Աննայի հարազատներին:

«Դրանից հետո քույրս զանգել է Հասմիկին, որ 250 դոլարը վերցնի, բայց ինքը հեռախոսն անջատել ա»,- ասաց Ելենան: «Ոչ, նրա քույրը զանգեց, բա` Ելենան քեզ 500 դոլար է ուղարկել, ասացի` ըտենց բան չկա, ինչի՞ պիտի ինձ ուղարկի: Քույրն էլ ասաց` ես վարչությունում սիրած ունեմ, քեզ բռնել կտամ: Հետո իրենք եկել են, անցել ա 7 ամիս, սկզբում քույրն է իմ դեմ ցուցմունք տվել, հետո իրենք են գրել»,- հակադարձեց Հասմիկը: Նրա պաշտպան Անժելա Հոբոսյանն էլ դատարանին խնդրեց պարզել, թե արդյոք 2008 թ. Թուրքիայից բանկային համակարգով 500 ԱՄՆ դոլար իր պաշտպանյալի անունով փոխանցվե՞լ է, թե՞ ոչ: Դատարանում Հասմիկը հայտարարեց, թե Ելենային ու Աննային Թուրքիա ուղարկելու հարցում որեւէ շահ չի ունեցել: Մինչդեռ նախաքննության ժամանակ մասնակիորեն ընդունելով իրեն վերագրվող հանցանքը` նա ցուցմունք է տվել, որ 2003-2006 թթ. Տրապիզոնում Գոհար Կիրակոսյանը վերցրել է իր անձնագիրն ու պարտադրել շատ հաճախորդների հետ ունենալ սեռական հարաբերություններ: Վերջինս յուրացրել է այդ ճանապարհով իր վաստակած 15 հազար դոլարը, մոտ 5000 դոլար արժողությամբ ոսկյա զարդերը եւ 2000 դոլարի հագուստները: 2006 թ. մարտին վերադառնալով Հայաստան` բազմիցս հեռախոսով Գոհարից պահանջել է ետ տալ իր ունեցվածքը: Սկզբում նա մերժել է, իսկ 2008 թ. խոստացել է դա անել, եթե ինքը կրկին մեկնի Թուրքիա:

«Ասացի` ես ամուսնացել եմ եւ մարմնավաճառությամբ այլեւս չեմ զբաղվում»,- ցուցմունքում գրել է Հասմիկը` նշելով, որ դրանից հետո Գոհարն առաջարկել է իր մոտ ուղարկել երկու աղջկա` հավատացնելով, որ վերջիններիս չի խաբի, իսկ իր ունեցվածքը կվերադարձնի: Հասմիկը հավատացել է, Ելենային ու Աննային ուղարկել է Տրապիզոն, սակայն այդպես էլ ետ չի ստացել իր գումարը, ոսկեղենն ու հագուստները: Այնուամենայնիվ, Հասմիկը պնդել է, որ աղջիկներին չի խաբել, ու նրանք շատ լավ իմացել են, որ Թուրքիայում զբաղվելու են մարմնավաճառությամբ: Հասմիկ Քարամյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմուքներում առկա հակասությունների վերաբերյալ վերջինիս հարցաքննելու համար մեղադրող Հունան Բաբայանը դատարանից ժամանակ խնդրեց: Դատավարությունը շարունակվելու է սեպտեմբերի 17-ին:

Հ.Գ. Ելենայի եւ Աննայի անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter