HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Դատարան կանչեք Արմեն Ավետիսյանին»

Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից մեկը` Արա Կարապետյանը, որը Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար մեղադրվող 10 անձանցից է, դատարանին միջնորդեց որպես տուժող հարցաքննության հրավիրել Արմեն Ավետիսյանին: «Կտեսնեք, ես կապացուցեմ, որ իրականում գողոնը նրա տնից է եկել դատարան»,- հայտարարեց Կարապետյանը:

Հիշեցնենք` իրեն առաջադրված մեղադրանքը վերջինս պայմանավորում է իր տնտեսական գործունեությամբ` նշելով, որ «եթե ինքը կամ իր բիզնեսները որեւէ մեկին խանգարում էին, կարելի էր ավելի տղամարդ գտնվել եւ անկեղծ ասել այդ մասին»: Կարապետյանը դատարանին պատմել է, որ իր խանութի հաճախորդներից մեկը` վրացահայ ոմն Արոլդ, 2008-ի դեկտեմբերին իր մոտ թողել է մի պայուսակ, որի մեջ, ինչպես պարզվել է հետագայում, եղել է Ավետիսյանի տան գողոնը: Կարապետյանն այն ուղարկել է տիրոջը` Մաքսային կոմիտեի նախկին ղեկավարին, սակայն գործում արձանագրվել է, թե իբր գողոնը ոմն Հարություն Ալեքսանյան հանձնել է ԱԱԾ-ին: Մինչդեռ ամբաստանյալներից Սուրեն Մելքոնյանը դատարանում ցուցմունք տվեց, որ Կարապետյանի հանձնարարությամբ պայուսակն անձամբ փոխանցել է Արմեն Ավետիսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին` Կարենին, եւ որ ամենակարեւորն է` «ընդունում-հանձնումը» տեսագրվել է: Թե ով է գործում իբրեւ վկա ներգրավված Հարություն Ալեքսանյանը, անհայտ է: Դատարանն այդպես էլ չի կարողանում նրան հարցաքննել: Սեպտեմբերի 6-ին դատարանը հերթական անգամ ստացել է ոստիկանության տեղեկանքը, ըստ որի` Հարություն Ալեքսանյանը բնակության վայրից բացակայում է եւ, իրենց տեղեկություններով, գտնվում է Թուրքիայում: Արա Կարապետյանը միջնորդեց Հարությունի նկատմամբ հայտարարել հետախուզում: «Եթե ի զորու չեք նրան գտնել, ինձ ընդամենը 1 օրով ազատ արձակեք, ես նրան կբերեմ դատարան, ու այս շոուին վերջ կդրվի»,- դիմելով մեղադրողին եւ դատավորին` հայտարարեց Կարապետյանը: Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու միջնորդություններն էլ մերժեց` վաղաժամ լինելու հիմնավորմամբ:

Միջադեպ Կենտրոն դատարանում. ամբաստանյալներից Բագրատը 10 օր նիստերին չի մասնակցի

Պատճառը Արմեն Ավետիսյանի տան գործով մեկ այլ ամբաստանյալի` Նիկոլայ Խաչիկյանի ցուցմունքն է: Վերջինս մինչ օրս դատարանում հարցաքննված մեղադրյալներից միակն է, որ ամբողջությամբ պնդելով նախաքննական ցուցմունքները` ուղղակի նշեց նաեւ հանցագործության մեջ Բագրատ Սողոմոնյանի ունեցած դերակատարման մասին: Մյուսները պարզապես նշում էին, որ մասնակիցների մեջ կար եւս մեկը, որին իրենք կամ չեն ճանաչում, կամ էլ նշում էին, որ չեն հիշում, թե ով է: Իսկ Խաչիկյանը պատմեց, որ 5 հարձակվողներից մեկը եղել է Բագրատը` զինված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակով, անդիմակ, վնասազերծել է պահակին, իսկ արդեն տանը մի քանի անգամ ապտակել է Ավետիսյանի որդուն, զենքը պահել վրան ու սպառնացել` «ասա սեյֆի կոդը, թե չէ կխփեմ»: Նիկոլայի խոսքերով` ինքն այս գործին մասնակցել է Բագրատի հոր ` մեղադրյալներից Արսեն Սողոմոնյանի առաջարկով, որը խոստացել է «գործից» մեկ ժամ անց իրեն վճարել 100 հազար ԱՄՆ դոլար, սակայն խոստումը չի պահել` «ամեն անգամ էսօր-վաղն ասելով»: «Սկզբում ասում էր` քո գործը չի` տանն ինչ կա, ինչ կտանեք, դու քո փողը կստանաս: Գործից հետո ասաց, որ եթե սեյֆը ստացվեր, մեջը 12 մլն եվրո կար»,- պատմում է Նիկոլայը եւ մանրամասնում, որ «գործից» որոշ ժամանակ անց Արսենը հայտնել է, թե «զակազչիկն ասում ա, որ մարդ կա խփելու, 60 հազար դոլար ա տալիս, պետք է այնպես անել, որ իբր միամիտ է եղել, ավտովթար է: Ասացի` չէ: Ասաց` մենք հո չենք անում, ուղղակի պետք է փողը գցենք, վեկալենք ու չտանք»: «Արսենին ասում էի` ես գնալու եմ հանձնվեմ, բա` չէ, լավ կլինի: Ասացի` թքած էդ փողի վրա, կեթամ կհանձնվեմ, գոնե մեղմ պատիժ կլինի: Որ իրանց ուզում եմ ծախեմ, որոշում են ինձ վերացնեն: Տանում են Սովետաշենի կոմերը` ամայի տեղ, վախեցնում են` բերանդ փակ պահիր, թե չէ կխփենք: Ասում եմ` ես ստրախովկա եմ արել, եթե ինձ մի բան լինի, էս գործը կբացահայտվի: Էլի փողի համար ասացի, ոնց որ հավատացին ու ինձ իջացրին Սովետաշեն»,- հավելում է Նիկոլայ Խաչիկյանը: Ըստ նրա` իրեն «տանողները» եղել են Արսենը, նրա երկու որդիները` Բագրատը եւ Արտակը, ու եւս մի հոգի, որին չի ճանաչում: Մեղադրողի հարցին ի պատասխան էլ Խաչիկյանը նշեց, թե Արտակը նույնպես տեղյակ էր Ավետիսյանի տան վրա կատարված հարձակումից: «Հարգելի դատարան, խնդրում եմ` ինձ հեռացրեք դահլիճից կամ չգիտեմ, որովհետեւ սուտ է խոսում, Արտակն ի՞նչ կապ ունի, այ լրբի լակոտ»,- ասաց Բագրատը` հայհոյանքներ տեղալով Նիկոլայի հասցեին: Անմիջապես հետեւեց դատավորի որոշումը` Բագրատ Սողոմոնյանին 10 օրով հեռացնել նիստերի դահլիճից: Հիշեցնենք, որ Բագրատն իր հերթին դատարանին պատմել է, որ նախաքննության ընթացքում, դաժան ծեծից բացի, իրենից ցուցմունքներ են կորզել սպառնալիքների գնով. «Ասում էին` գրիր, որ հայրդ գնա տուն: Կամ ասում էին` եթե չգրես, եղբորդ կպահենք»: Արտակ Սողոմոնյանը եւս նախաքննության սկզբում ձերբակալվել է նույն` ավազակային հարձակման մեղադրանքով: Սակայն որոշ ժամանակ անց մեղադրանքը վերաորակվել է` հանցագործության պարտակում, եւ 5 ամիս հետո նա համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Շարունակելով իր ցուցմունքը` Նիկոլայը շեշտեց, որ «գործի զակազչիկներից» տեղյակ չէ` ընդգծելով, որ Արա Կարապետյանին առաջին անգամ տեսել է դատարանի դահլիճում, իսկ Նոր Նորքի նախկին փոխոստիկանապետ Արմեն Նիկողոսյանին` հենց իր աշխատասենյակում. «2007-ն էր, իմանալ-չհայտնելու համար ռոզիսկի տակ էի, բռնել էին, տարան իրա կաբինետ, ասաց` տղա ջան, ասում ես ճշմարիտ ու գնում: Ու իրա տղաներին ասաց, որ ինձ չծեծեն»: Նիկոլայի ներկայացմամբ` նախկինում երկու անգամ դատապարտվել է, ժամանակին օգտագործել է թմրանյութ, բայց չի «սրսկվել», ուղղակի մի քանի հատ «Տրամադոլ» հոգեներգործուն դեղ է խմել ու չեռնյաշկա` «ափիոն» տեսակի թմրամիջոց: Բանակ չի զորակոչվել, ներվերի հետ կապված հիվանդություն ունի, որոշ ժամանակ բուժում է ստացել հոգեբուժարանում: «Ես ուղղորդված ցուցմունք չեմ տալիս, ոնց որ նախնականի ժամանակ, հիմա էլ դատարանում ճիշտն եմ ասում»,- նշեց Ն. Խաչիկյանը` հրաժարվելով պատասխանել իր դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում առկա որոշ հակասությունների վերաբերյալ տարբեր հարցադրումներին: Նա չպատասխանեց նաեւ մեղադրողի հարցին, թե արդյոք որեւէ մեկը խնդրել կամ գումար խոստացե՞լ է իրեն դատարանում նախաքննականից տարբերվող ցուցմունքներ տալու համար: Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 14-ին: Հարցաքննվելու է հանցագործության կազմակերպման համար մեղադրվող Արմեն Նիկողոսյանը, ով նախկինում ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի տեղակալն էր եւ մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված` արդեն դատապարտվել է:

Լուս. Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter