HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատգամավորի կրակոցների գործը կասեցվել է

Անցյալ տարվա հոկտեմբերին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել էր Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա: Աշտարակի նախկին ոստիկանապետ, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանը, սակայն, մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: Փոխարենը մեղադրանք է առաջադրվել կրակոցների թիրախ Արթուր Զադոյանին: Պատգամավորի բախտը բերել է. քննիչը որոշել է քրեական գործի վարույթը կասեցնել:

«Գործը կասեցնելուց մոտ մեկ ամիս առաջ քննիչ Երեմյանը եկավ մեր տուն, ցույց տվեց միջնորդագիրը, ասաց` էսօր-վաղը կմտցնենք Ազգային ժողով: Ասաց` որպեսզի հանկարծ ԱԺ-ում չասեն` էդ մարդն էլ պատգամավորի գլուխն ա ջարդել, բա իրան խի՞ չեք մեղադրում, քեզ էլ ենք թեթեւ պահով մեղադրանք առաջադրում, որ էլ հարցեր չլինեն, որ միանշանակ մտնենք, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկենք ու կալանավորենք,- հիշում է Արթուր Զադոյանը,- հետո, որ գործը կասեցրին, ասացի` ընկեր Երեմյան, բա ասում էիք` միջնորդագիրը տանում ենք, որ Կարոյին անձեռնմխելիությունից զրկենք, բա էս ի՞նչ արեցիք: Ասաց` հենց գլխավոր դատախազն ինձ կարգադրեց գործը կասեցնել, ես անմիջապես կասեցրել եմ»: Դեպքից կես տարի անց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Արիստակես Երեմյանը, վերանայելով իր վարույթում գտնվող քրեական գործի նյութերը, արձանագրել է, որ 2009 թ. հոկտեմբերի 5-ին Արթուր Զադոյանն Արտաշատի տարածքում նստել է պատգամավոր Կարո Կարապետյանի «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Օնիկ Հովհաննիսյանը: Նրանք Երասխ-Երեւան մայրուղով մեկնել են Էջմիածին` Զադոյանի ծանոթից պատգամավորի համար ավտոմեքենա գնելու նպատակով: Զրույցի ընթացքում Զադոյանը Կարո Կարապետյանից տեղեկացել է, որ վերջինս մեքենան գնելու համար գումար չի վերցրել, ցանկանում է առանց վճարելու ստանալ այն, ուստի հրաժարվել է շարունակել ճանապարհը եւ պահանջել է մեքենան կանգնեցնել: «Վարորդի կողքին նստած Կարո Կարապետյանը վրդովված հայհոյանքներ է տվել Արթուր Զադոյանին եւ բռունցքով հարվածել գլխին: Դրանից հետո Արթուր Զադոյանը մեքենայի մեջ գտնվող մետաղյա գործիքով 2 անգամ հարվածել է Կարո Կարապետյանի գլխին: Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենան կանգ է առել: Օգտվելով դրանից` Ա. Զադոյանը դիմել է փախուստի: Ընթացքում Կարո Կարապետյանը «Բրաունինգ» տեսակի ատրճանակից 5 անգամ կրակել է նրա ուղղությամբ: Գնդակներից մեկը դիպել է Ա. Զադոյանի աջ բազկին, իսկ մյուսը` աջ ազդրին»,- գրել է քննիչն ու եզրակացրել, որ Զադոյանը դիտավորությամբ պատգամավոր Կարապետյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով: Հետեւաբար, քննիչ Երեմյանը որոշել է հիշյալ արարքի համար Զադոյանին գործում ներգրավել իբրեւ մեղադրյալ: Սակայն կարճ ժամանակ անց գործի վարույթը կասեցվել է: «Հիմքը՝ Արթուր Զադոյանը տառապում է ծանր հիվանդությամբ: Նրանք ծանր մարմնական վնասվածքը դարձրել են ծանր հիվանդություն, ասում են` դու ծանր հիվանդ ես, չես կարող մասնակցել քննչական փորձարարությանը: Այն դեպքում, երբ օրենքով ոչ փորձարարության կատարումը, ոչ էլ դրան մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ: Ի վերջո, եթե ուզում են, կարող են մանեկենի միջոցով իրենց փորձարարությունները կատարել»,- ասում է Զադոյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Բանն այն է, որ դեպքի վերաբերյալ կողմերի ցուցմունքներն իրարամերժ են: Պատգամավորն ու նրա վարորդը նշել են, որ Զադոյանը, երբ փորձել է փախչել, մեքենայից 8-10 մ հեռավորության վրա շրջվել է, կռացել, որպեսզի գուլպայից դուրս բերի «Մակարով» տեսակի ատրճանակը: Սակայն ամեն անգամ, երբ Զադոյանը փորձել է կռանալ, պատգամավորը նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից դրդված` Զադոյանը կրկին ուղղվել է: Եվ այսպես 3 անգամ, մինչեւ որ պատգամավոր Կարո Կարապետյանը վարորդի ձեռքից վերցրած «Բրաունինգ» տեսակի ատրճանակով ինքնապաշտպանության համար ստիպված կրակել է Զադոյանի ուղղությամբ: Իսկ Զադոյանը նշում է, որ ինքը կանգ է առել, երբ լսել է իր կողքով անցնող գնդակների սուլոցի ձայնը: «Շրջվեցի, Օնիկը դողալով հենվել էր մեքենային, Կարոն էլ նրան հայհոյում էր, թե` կրակի: Ասացի` ի՞նչ, ռիսկ չե՞ս անում: Շուռ եկա, որ գնամ, հետեւիցս կրակեց,- պատմում է Արթուր Զադոյանը,- Կարոն էր կրակողը, ոչ թե «Բրաունինգով», այլ «Բերետայով»: Երկուսի ձեռքին էլ զենք կար. Օնիկինը` «Բրաունինգ», Կարոյինը` «Բերետա»: Անընդհատ ուզում են էս երկուսը մեկ սարքել, բայց իրանց ցուցմունքներով էլ ա երեւում, որ երկու հատ զենք կա»: Այս հակասական ցուցմունքների առկայությամբ պատգամավորական թեւի վարկածի արժանահավատությունը ստուգելու համար էլ նախաքննական մարմինը որոշել է կատարել փորձարարություն, որի ժամանակ Զադոյանը պետք է «Մակարով» ատրճանակը գուլպայի մեջ դրած վազեր 8-10 մետր, իսկ իրավապահները պարզեին` այն կմնա՞ի գուլպայում, թե՞ կընկներ: Բայց քանի որ ստացած հրազենային վնասվածքի պատճառով Արթուր Զադոյանն ի վիճակի չէր վազելու, քրեական գործը կասեցվեց: «Ի՞նչ փորձարարության մասին է խոսքը, երբ կա փորձագետի եզրակացությունը, որ Զադոյանը Կարապետյանի ու նրա վարորդի առջեւ ոչ թե դեմքով, այլ թիկունքով է կանգնած եղել, նա հրազենային վնասվածքները ստացել է ետեւից: Իսկ նախաքննական մարմինը դեռ փորձում է պարզել՝ ճի՞շտ են ասում, որ Զադոյանը դիմացից է կռացել, որ զենքը հանի, թե՞ ոչ»,- զարմանում է փաստաբան Թովմասյանը: «Մակարովը», որ ըստ հակառակ կողմի` Զադոյանը կրել է աջ ոտքի գուլպայում, ոստիկանությանը հանձնել է հենց պատգամավորական թեւը: Սակայն դրա վրա Զադոյանի մատնահետքերը չեն հայտնաբերվել: Ավելին` կրակոցից հետո վերջինիս աջ ոտքից առատորեն արյուն է հոսել, այնինչ զենքի վրա չի եղել նույնիսկ արյան մեկ մի կաթիլ: «Բա Կարոն 100 տարի միլպետ ա եղել, չգիտի՞, որ չի կարելի զենքը փայլացնել, նոր հանձնել: Ի՞նչ անհեթեթություն է: Կամ` կարող ա թնդանոթ տաներ, պիտի հավատա՞ն, որ իմն է: Ես ի՞նչ կապ ունեմ: Կամ ուզում են զենքի հետ կապված փորձաքննություն անեն, բա մեքենայի հետ կապված ինչո՞ւ չարեցին: Հենց իրանք են ցուցունք տվել, որ իբր մեքենայում ես ու Կարոն 7-8 րոպե կռվել ենք, ամբողջ մեքենան արյուն է եղել: Իսկ նախաքննությունը 3 օր հետո պատգամավորի մեքենան վերադարձրեց: Մեկ ամիս հետո նորից հետ բերեցին, բայց էդ ուրիշ մեքենա է»,- ասում է Արթուր Զադոյանը եւ նշում, թե պատճառն այն է, որ առաջին մեքենան, որում տեղի է ունեցել միջադեպը, գողացված է: Վերջինս նաեւ պատմում է, որ իր վրա կրակելուց հետո պատգամավոր Կարապետյանը դեպքի վայր ժամանած եղբոր՝ Մասիսի ոստիկանության աշխատակից Սիմոն Կարապետյանի հետ, ոտքերով հարվածել է իրեն: Արդյունքում կրծքավանդակի աջ հատվածում 28-30 սմ տրամագծով հեմատոմա է առաջացել, կոտրվել են կողերը, որից երկուսը մտել են թոքի մեջ: Սակայն Սիմոն Կարապետյանին եւս մեղադրանք չի առաջադրվել: «Բա Երեմյան, դու ի՞նչ քննիչ ես: Որ ինձ հարվածում էին, առնվազն 50 մարդ էր հավաքվել: Լավ, 1-2-ի բերանը փակեցին: Բա 50 մարդուց չկարողանա՞ս իմանալ՝ ով է խփել,- հարցնում է Զադոյանը եւ հավելում,- իբր թե քննել են, ու ոչ ոք ոչ մի բան չի ասում»: Հակասական են նաեւ միջադեպի ծագման պատճառների մասին ցուցմունքները: Ըստ պատգամավորի` ամեն ինչ սկսվել է այն խոսակցությունից, որ Զադոյանը հրաժարվում է վերադարձնել 57 հազար 600 ԱՄՆ դոլարի պարտքը: Առերես հարցաքննության ժամանակ պատգամավոր Կարապետյանը մասնավորապես նշել է. «Դուք տարիներ շարունակ ինձ պարտք եք 57 հազար ԱՄՆ դոլար, որին տիրացել եք խարդախությամբ: Ես հաճախ պահանջել եմ վերադարձնել այն, բայց տարբեր պատճառներով հրաժարվել եք: Գումարի դիմաց հաճախ առաջարկել եք գողացված ավտոմեքենաներ, որոնք ես չեմ ընդունել: 2009 թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 10:30-ին, դուք եկաք իմ գինու գործարան եւ առաջարկեցիք գումարի դիմաց վճարել գողացված «Մերսեդես», «Տուարեգ» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: Ես չառարկեցի, եւ պայմանավորվեցինք նայել մեքենաները...»: Արթուր Զադոյանն էլ, ժխտելով պարտքի գոյությունը, շեշտում է, որ Կարո Կարապետյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա նույնիսկ 57 դոլար հարազատ եղբորը չի տա. «Կամ ինչո՞ւ 57 հազար 600: Պոչն էլ կպցրել են, որ իբր հավաստի թվա: Ես քննիչին էլ եմ ասել, որ 9 տարի առաջ իրան 2 հատ գողացված մեքենա եմ տվել, ինչո՞ւ չստուգեցին: Ամեն ինչ ասել եմ՝ մեքենաների տարեթիվը, երբ, ոնց: Ես օֆիս ունեի, իրա եղբայրը եկավ, Թուրքիայից ինձ հետ ստացավ, իմ օֆիսով ուղարկեցի: Գիտեի, որ գողացված են, բայց ինձ պե՞տք էր: Խնդրում էին, ուղարկում էի: Իրանք էլ սերվիս ունեն, դրանով գողացված մեքենաները մաքրում են»: Արթուր Զադոյանն այս ընթացքում մի շարք դիմում-բողոքներ է գրել: Նա ապարդյուն բողոքարկել է քննիչի գործողությունները, իսկ ավելի ուշ դատարանում վիճարկել գործը կասեցնելու մասին որոշումը: Ոչինչ չի փոխել նաեւ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում-խնդրանքը՝ համապատասխան ցուցումներ տալ ինչպես քննչական գործողությունների կատարման, այնպես էլ արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու եւ իր առողջությանը ծանր վնաս պատճառած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Զադոյանը գլխավոր դատախազին նաեւ խնդրել էր միջնորդությամբ ԱԺ-ին հասու դարձնել պատգամավորի վարքագիծը` ակնկալելով թույլտվություն Կարո Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ ձերբակալելու համար: Փաստաբան Մարինե Թովմասյանն էլ հավելում է, որ եթե նույնիսկ հիմք ընդունվի պատգամավորի ինքնապաշտպանության վարկածը, միեւնույն է, նրա արարքին պետք է գնահատական տրվի, ինչը շուրջ մեկ տարի է` այդպես էլ չի արվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter