HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ո՞վ է մերժել ԱԳՆ Դիվանագիտական դպրոց ընդունվելու կույր ուսանողի դիմումը. հայցվորը պնդում է, որ՝ ԱԳՆ-ն, ԱԳՆ-ն հերքում է

ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, երեկ սկսվեց Դիվանագիտական դպրոց Արտակ Բեգլարյանի դիմումի ընդունումը մերժելու որոշման վերացման պահանջով դատական գործի լսումը:

Դատական նիստին Արտակ Բեգլարյանը ներկա չէր: Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը գերազանցությամբ ավարտելուց հետո այժմ նա ուսանում է Անգլիայում: Հայցվորի շահերը ներկայացնում էր փաստաբան Վահե Գրիգորյանը:

Հայցվորը պնդում է, որ ԱԳՆ-ն իրեն զրկել է Դիվանագիտական դպրոցում սովորելու հնարավորությունից

2011թ. հունվարի 26-ին հայցվոր Արտակ Բեգլարյանը, ով վաղ տարիքում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը, դիմել էր արտգործնախարարի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում դասընթացներին մասնակցելու նպատակով քննություններ հանձնելու և ուսումը շարունակելու համար: Սակայն նույն օրը հայցվորին հայտնել էին, որ արտգործնախարարը՝ ի դեմ Դիվանագիտական դպրոցի, որոշել է մերժել հայցվորի դիմումի ընդունումը: Այս որոշումը երբևէ չի տրամադրվել հայցվորին:

Գործում որպես պատասխանող են ներգրավված ՀՀ արտաքին գործերի նախարարը և ֆինանսների նախարարը: Դատարանում ԱԳՆ ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հայցվոր կողմը պարտավոր է ապացուցել վերոհիշյալ փաստերը, քանի որ հայցվորը հունվարի 26-ին չի դիմել ԱԳՆ-ին, իսկ ԱԳՆ-ն էլ չի մերժել հայցվորին և չէր կարող մերժել կամ բավարարել մի խնդրանք, որն իր լիազորությունների ոլորտում չէ:

«Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Դիվանագիտական դպրոցի՝ դասընթացի մասնակցության մրցույթի հետ կապված գործողությունների համար Նախարարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ Դիվանագիտական դպրոցի նմանատիպ գործողությունները չեն կարող համարվել Նախարարության գործողություններ»,- համարում է պատասխանող կողմը:

Ըստ պատասխանող կողմի՝ Դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն: Իսկ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով ՊՈԱԿ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով և պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար (7-րդ հոդված): Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար:

Ըստ հայցադիմումի՝ փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը, Սերգեյ Մանասարյանը և Կարինե Ղազինյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը հայցվորին հայտնել են, որ իր դիմումի ընդունումը մերժելը պայմանավորված է եղել հայցվորի կույր լինելու փաստով և 2002թ. փետրվարի 13-ի կառավարության որոշմամբ նախատեսված սահմանափակումներով: Արտգործնախարարի վերը նշված ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումն արտահայտել են բանավոր և Արտակ Բեգլարյանին չեն տրամադրել մերժումը կամ գրավոր որևէ այլ ապացույց:

Արտակ Բեգլարյանը պնդում է, որ արտգործնախարարի կողմից իր դիմումի ընդունումը մերժելը իր կույր լինելու փաստով և առանց իրավական հիմքերի, ուղղակիորեն հանգեցրել է խտրականությունից զերծ լինելու և կրթություն ստանալու իր իրավունքների ոտնահարման: Ըստ հայցի՝ Դիվանագիտական դպրոց դիմումը չընդունվելու հետևանքով խախտվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14.1 և 39-րդ հոդվածները, ՀՀ-ի վավերացրած, ՄԱԿ-ի «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր աuամբլեայի ընդունած քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Հայցվոր Արտակ Բեգլարյանը Վարչական դատարանին խնդրում է իր՝ խտրականությունից զերծ լինելու և մասնագիտական կրթություն ստանալու իրավունքների խախտման ճանաչմամբ ամբողջությամբ վերացնել արտգործնախարարի՝ Դիվանագիտական դպրոց իր դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, որպես իրեն պատճառված բարոյական վնասի մասնակի փոխհատուցում՝ ՀՀ-ից բռնագանձել 1 ՀՀ դրամ, վերացնել Դիվանագիտական դպրոց ընդունվելու հնարավորության ապօրինի սահմանափակումը՝ որպես իր նկատմամբ ոչ իրավաչափ վարչարարության կիրառման հետևանք, և պարտավորեցնել արտգործնախարարին կամ անցկացնել իր ընդունելիության քննություն, կամ իրեն ընդունված համարել Դիվանագիտական դպրոց:

Պատասխանողը համոզված է, որ ԱԳՆ-ն հայցվորի վերաբերյալ վարչական ակտ չի ընդունել

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դատարանում պնդեց, որ ԱԳՆ-ն չի կարող պատասխան տալ մի վարչական ակտի համար, որը ընդհանրապես չի ընդունել և այդպիսի իրավասություն էլ չունի: «Սույն գործով արտաքին գործերի նախարարությունը չի կարող պատասխանող հանդես գալ»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Իսկ հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասաց, որ կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ն իրականացնում է նույն նախարարության Դիվանագիտական դպրոցի կառավարումը, և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» մասին օրենքի 13-րդ հոդվածով նախատեսած լիազորությունները վերապահվում են ԱԳՆ-ին:

Արա Զոհրաբյանը խնդրեց Վահե Գրիգորյանին ասել, թե Դիվանագիտական դպրոցի մրցույթին մասնակցությունը, ընդունելությունը, ուսումնառությունը կազմակերպելը արդյոք ԱԳՆ-ի՞ լիազորությունն են, թե՞, օրինակ, Դիվանագիտական դպրոցի գործադիր մարմնինը: Վահե Գրիգորյանը պատախանեց, որ փոխնախարարները, վարչության պետերը Արտակ Բեգլարյանի դիմումի ընդունումը մերժելու որոշումը կայացրել են՝ իրենց պաշտոնական պարտականությունների սահմաններում՝ լինելով ԱԳՆ պաշտոնատար անձինք:

Արա Զոհրաբյանը նշեց, որ դատարանին արտգործնախարարի տեղակալ Շավաշ Քոչարյանի հասցեագրած գրավոր պատասխանի մեջ նույնպես չկա մի դիրքորոշում, որով կընդունվի, որ ԱԳՆ-ն է հրաժարվել ընդունել Արտակ Բեգլարյանի դիմումը: Այդ գրավոր պատասխանի մեջ կան այսպիսի դատողություններ. «Քանի որ հայցորի կողմից դիմումի ընդունումը մերժել է հենց Դիվանագիտական դպրոցը, և Դիվանագիտական դպրոցը կազմակերպական ձևի առումով պետական ոչ առևտրային կազմակերպություն է…»

Արա Զոհրաբյանի խոսքերով՝ Արտակ Բեգլարյանի դիմումը ընդունել մերժել է Դիվանագիտական դպրոց ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը, և ԱԳՆ-ն այդ որոշման հետ իրավական առումով կապ չի կարող ունենալ, իսկ փոխնախարարների դիրքորոշումը չի կարելի համարել ՊՈԱԿ-ին նախարարության հետ նույնացնելու ապացույց:

Վահե Գրիգորյանն ասաց, որ ԱԳՆ-ն մի մարմին է, որը միջազգային ատյաններում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն ունի: Հայցվորի ներկայացուցիչը հարցրեց ԱԳՆ ներկայացուցչին, թե առհասարակ ինչպիսի՞ն է ԱԳՆ-ի դիրքորոշումը կուրության պատճառով երիտասարդի դիմումը չընդունելու վերաբերյալ, ԱԳՆ-ն համարո՞ւմ է, որ կոնկրետ դեպքում խախտվել է հայցվորի՝ խտրականությունից զերծ լինելու սահմանադրական իրավունքը, որևէ քայլ ձեռնարկե՞լ է դիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ որևէ անձի պատասխանատվության ենթարկելու համար, թե՞ շարունակում է պնդել, որ դիմումի ընդունումը մերժելը իրավաչափ էր:

Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ ԱԳՆ-ն ձեռնպահ է մնում այդ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց, և տվյալ վեճի շրջանակներում արտգործնախարարի և այլ պաշտոնյաների դիրքորոշումը չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ հայցապահանջն է վերացնել դիմումի ընդունումը մերժելու որոշումը:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ևս ուղղակիրորեն չպատասխանեց, թե արդյոք նախարարության կարծիքով խախտվե՞լ են Արտակ Բեգլարյանի իրավունքները: Նա ասաց, որ դա կորոշի դատարանը և հավելեց, որ ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը: Իսկ «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը» հաստատում է ՀՀ կառավարությունը:

Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը «Հետքին» ասել էր, որ իրականում ցանկում չկա որևէ հիվանդություն, որն ինքը ունենա, քանի որ իր կուրությունն առաջացել է ոչ եղջերաթաղանթի, ցանցաթաղանթի վարակիչ հիվանդություններից, որոնք ընդգրկված են ցանկում, այլ ականի պայթյունից: Մինչդեռ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը դատարանում ասաց, որ հայցվորի հիվանդությունը՝ կուրությունը, խոչընդոտում է ծառայողական պարտականությունների և լիազորությունների կատարմանը:

Ըստ Ֆինանսների նախարարության՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը ևս անհիմն է, քանի որ Արտակ Բեգլարյանի դիմումն ընդունելու մերժումը ամրագրված է օրենքով և չի կարող նրան պատճառված ծանր բարոյական վնաս լինել:

Վահե Գրիգորյան. «Վստահորդիս՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտումը բացահայտ և կոպիտ է»

Իր ամփոփիչ ճառում Վահե Գրիգորյանն ասաց. «Պետական ծառայողական ողջ ապարատը առ այսօր գտնվում է մի միջնադարյան դիրքորոշման մեջ, որը ուղղակիորեն արտահայտվել է ֆինանսների նախարարության կողմից և որը հրապարակվեց այս դատական դահլիճում: Վստահորդիս՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտումը բացահայտ և կոպիտ է և իրականացվել է անթաքույց՝ ուղղակիորեն նշում կատարելով նրա հաշմանդամության հիմքին, որը ուղղակիորեն արգելված է թե Սահմանադրությամբ, թե ՀՀ միջազգային պարտավորություններով, թե ՀՀ մի շարք օրենքներով»:

Վահե Գրիգորյանը դատարանին խնդրեց ապահովել Արտակ Բեգլարյանի՝ «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիայիով ամրագրված իրավունքը, որն է. «Պետությունները պարտավոր են արգելել հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումը և պարտավոր են երաշխավորել, որ հաշմանդամներն ունենան իրենց նկատմամբ ցանկացած հիմքով դրսևորված խտրական վերաբերմունքի դեմ արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն»:

«Իրականում այդ հնարավորությունը կիսով չափ արդեն սահմանափակվել է հենց դատարանի կողմից՝ դատաքննությունը հասցնելով մինչ այն ժամանակ, երբ դասընթացը արդեն գտնվում է իր կեսում, ինչի արդյունք է եղել նաև վստահորդիս կողմից արտերկրում ուսումնական հնարավորություններ որոնելը և թեկուզև շատուշատ ավելի բարձրակարգ համալսարանում, այնուամենայնիվ, ցավալիորեն ոչ իր երկրում ուսում ստանալը: Դատարանին խնդրում եմ հայցադիմումը բավարարել ամբողջությամբ»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Արա Զոհրաբյան. «Հավանաբար բանավոր դիմել է դպրոցին, դպրոցը մերժել է էլի բանավոր»

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը դատարանին խնդրեց ամբողջությամբ մերժել հայցը՝ համարելով, որ այն անհիմն է, և ԱԳՆ-ն որևէ կերպ չի խախտել հայցվորի իրավունքները:

ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելեց, որ ԱԳՆ-ն պատշաճ պատասխանող չէ առանձին իրավաբանական անձ հանդիսացող Դիվանագիտական դպրոցի որևէ գործողության կամ անգործության համար:

Նա նշեց, որ ըստ Դիվանագիտական դպրոցի դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության կարգի՝ Դիվանագիտական դպրոցի դասընթացներին մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է դիմում, ինքնակենսագրություն, դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր և այլ փաստաթղթեր:

«Ես համոզված եմ, որ այդպիսի փաստաթղթային փաթեթ չի էլ ներկայացվել հայցվորի կողմից: Այսինքն՝ հավանաբար բանավոր դիմել է դպրոցին, դպրոցը մերժել է էլի բանավոր»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ կողմերն այս հարցին նույնիսկ չանդրադարձան:

«Իմ պայքարը հիմնականում այն էր, որ ինձ թույլ տրվեր քննվել, որ ինձ ստուգեին: Իրենք հնարավորություն չեն տվել քննությանը մասնակցելու: Եթե ինձ քննությունից կտրեին, ես բողոքելու տեղ չէի ունենա»,- «Հետքին» ասել էր Արտակ Բեգլարյանը:

Գործով կայացվելիք դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 10-ին:

Մեկնաբանություններ (1)

Արտակ ԲեգլարյանՁեր անունը
Սոնա ջան, շնորհակալություն անաչառ ներկայացման համար: Շնորհակալություն նաև փաստաբան Վահե Գրիգորյանին դատարանում իրավունքներս հավուր պատշաճի ներկայացնելու համար: Այժմ կուզեմ մի քանի դիտարկում-պարզաբանում անել: Նախ՝ ֆինանսների նախարարի ներկայացուցչի պնդման վերաբերյալ կարող եմ ասել, որ նա օրենքի իր աղճատված մեկնաբանությունն է տալիս, քանի որ ՀՀ կառավարության որոշման մեջ նշված է, որ դիվանագիտական աստիճան չեն կարող ստանալ այն քաղաքացիները, ովքեր տառապում են այնպսի հիվանդություններով, որոնք կարող են խանգարել ծառայողական պարտականությունների կատարմանը և այնուհետև ցանկով պարզորեն նշվում են տվյալ հիվանդությունները, այո, որոնք կարող են հանգեցնել նաև կուրության, բայց դա չի նշանակում, որ այդ ցանկում չնշված հիվանդություններով կամ այլ պատճառներով կուրացածների վրա էլ է տարածվում այդ արգելքը, հատկապես ցանկում ընդհանրապես կուրության մասին ակնարկ չկա: ԱԳՆ ներկայացուցչի ենթադրություն-փաստարկին, որ ես բանավոր եմ դիմել դիվանագիտական դպրոց ընդունվելու համար, կհակադարձեմ կոչով, որ հարգելի փաստաբանը անպատասխանատու հայտարարություններ չանի՝ քողարկելով իր պաշտպանյալի անօրինական գործողությունները, քանի որ ես մի քանի անգամ փորձել եմ բանակցություններով հանձնել պահանջված փաստաթղթերը, սակայն ԱԳՆ ներկայացուցիչը չի ընդունել դրանք՝ պնդելով, որ իրավունք չունի ընդունելու, քանի դեռ կառավարման խորհուրդը որոշում չի կայացրել դրա վերաբերյալ: Արդյունքում իրենք առանց իմ փաստաթղթերը ընդունելու և զննելու որոշում են կայացրել, այնինչ պարտավոր էին ընդունել փաստաթղթերս ու այնտեղ ներկայացված տեղեկանքի հիման վրա համոզվելով, որ կույր եմ, որոշում կայացնել: Եվս մեկ դիտարկում... կներեք, բայց ես մեղավոր չեմ, որ ԱԳՆ կառավարման խորհուրդը ոչ պրոֆեսիոնալ կերպով է աշխատում ու ինձ գրավոր պատասխան չի ներկայացրել, քանի որ փաստաթղթերս անօրինական կերպով չեն էլ ընդունել: Այնուամենայնիվ, ոչ մեկ չի կարող ասել, որ նրանք այդպիսի որոշում չեն կայացրել, քանի որ բացի մի քանի անգամ ինձ բանավոր կերպով տեղեկացնելուց որոշման մասին, փետրվարի 8ին ԱԳՆ մամուլի խոսնակի մամուլով տարածված պարզաբանումները և փետրվարի 21ին արտգործ նախարարի գրավոր պարզաբանումը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը ամբողջովին ապացուցում են իրենց որոշման գոյության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter