HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատգամավորի գլխին մութ ամպե՞ր են կուտակվում

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին դեռեւս որեւէ մեղադրանք չի առաջադրվել, չնայած նրան, որ մեկ տարի առաջ պատգամավորը կրակել էր Արթուր Զադոյանի վրա, իսկ վերջինիս հետ առերես հարցաքննության ժամանակ հայտարարել, որ չի մերժել գողացված ավտոմեքենաներ ձեռք բերելու առաջարկը: Այս ամենն արձանագրել է ՀՔԾ ավագ քննիչ Արիստակես Երեմյանը:

Թե ինչպես է նա քննություն իրականացնում, «Հետքի» ընթերցողները, թերեւս, ծանոթ են նրա վարույթով անցած թրաֆիքինգի գործերից: Այս պատգամավորական գործով էլ Երեմյանի քննչական մեթոդները դրսեւորվել են նրանով, որ կրակող պատգամավորը` Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանը, վկայի կարգավիճակում է, իսկ վերջինիս կրակոցների թիրախը` Արթուր Զադոյանը` մեղադրյալի:

Աշտարակի նախկին ոստիկանապետ Կարո Կարապետյանը պատմել է, որ դեպքի ժամանակ Զադոյանը փորձել է փախչել, սակայն 5-10 մետր վազելով` կանգնել է, շրջվել, կռացել, որպեսզի կիսագուլպայից հանի զենքը, ինքն էլ ստիպված դիմել է ինքնապաշտպանության ու կրակել առաջինը: Բայց նույնիսկ փորձագետի եզրակացությամբ հիմնավորվել է, որ Զադոյանը հրազենային երկու վնասվածքներն էլ ստացել է թիկունքից, այսինքն` նա դեմքով դեպի պատգամավորը չի եղել, ինչպես պնդել է վերջինս:

Այսքանով հանդերձ` քննիչ Երեմյանը դեպքից 6 ամիս անց գործի վարույթը կասեցրել է: Ըստ քննիչի` Զադոյանի վնասվածքները,  իր ձեւակերպմամբ` ծանր հիվանդությունը, խանգարում է գործի վերջնական ընթացքը լուծելուն, քանի որ անհրաժեշտ է, որ նա, կիսագուլպայի մեջ զենքը դրած, 5-10 մ վազի: Դրանով կպարզվի` զենքը կիսագուլպայում կմնա՞, ինչն էլ իր հերթին կլուծի պատգամավորի ցուցմունքների արժանահավատության խնդիրը:

«Հայտնում եմ, որ Արթուր Զադոյանի առողջական վիճակը բավարար է, եւ նա պատրաստ է մասնակցել պահանջվող քննչական փորձարարությանը»,- քննիչին ուղղված միջնորդությունում գրել է Զադոյանի պաշտպան Մարինե Թովմասյանը ու խնդրել կասեցված վարույթը վերսկսել:

«Մեղադրյալ Ա. Զադոյանի լիովին առողջացած լինելու հանգամանքը հիմնավորող բժշկական փասթաթղթերը միջնորդությանը չեն կցվել եւ չեն տրամադրվել 5-10 մ հեռավորությունը վազքով անցնելու, նաեւ այլ դատավարական գործողություններին մասնակցելու հանգամանքը հաստատող բժշկական եզրակացությունը»:

Սա քննիչ Երեմյանի շարադրանքն է: Ասվածը պատճառ բռնելով` նա փաստաբանի միջնորդության լուծումը հետաձգել է «մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը»:

«Եթե իրենք պահանջում են բժշկական եզրակացություն առողջական վիճակի լավացման վերաբերյալ, այդ դեպքում գործում պետք է նաեւ լիներ բժշկական եզրակացություն, որ Զադոյանը ծանր հիվանդ է: Չկա այդպիսի եզրակացություն»,- ասում է Մարինե Թովմասյանը եւ շեշտում, որ «քննիչի անօրինական գործողությունները» բողոքարկելու է դատարանում:

Ի դեպ, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանն ասել է, որ տուժողը «պատգամավորը չէ, այլ նա, ում որ կրակել է պատգամավորը: Այդ տուժողը պետք է մասնակցի քննչական գործողություններին, սակայն հիմա նրան պատգարակով են տեղափոխում: Երբ որ կառողջանա, կբերեն, կմասնակցի գործողություններին եւ հետեւաբար նրանց արարքներին վերջնական իրավական գնահատական կտրվի»:

Հարցին, թե արդյոք Ա. Զադոյանի գործողություններում որեւէ հակաօրինակ բան չի եղել, Միրզոյանը բացասական պատասխան է տվել ու հավելել, որ Կ. Կարապետյանի մասով «խնդիր կառաջանա պատգամավորությունից հետ կանչելու»:

«Այսինքն` պատգամավորին կալանավորու՞մ է սպասվում»,- հարցրել է լրագրողը:

«Միջնորդությամբ գլխավոր դատախազը կմտնի Ազգային ժողով»,- ասել է Ա. Միրզոյանը ու նշել, որ «հիմա նախաքննությունը կասեցված է: Երբ որ առողջանա քաղաքացին, այդ ժամանակ էլ կվերսկսենք քննությունը, կտեսնենք, թե իր ցուցմունքներն ինչքանո՞վ են հավաստի, ինչքանո՞վ է ճիշտ ասում: Դրանից հետո այլ քննչական գործողություններ կլինեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter