HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բաժնետիրական վեճ. դատարանները, ըստ էության, վեճը չեն հանգուցալուծել

Երեւանի փակ շուկայի դիմաց գտնվող Կարի եւ տրիկոտաժի նորաձեւության հանրապետական տունը 1996 թ. սեփականաշնորհվել է իբրեւ նորաձեւության տուն «Ռենեսանս» փակ բաժնետիրական ընկերություն, որի իրավահաջորդն այժմ «ՀԳՀ-Արենա» ՓԲԸ-ն է: Ընկերության նախագահ Գագիկ Հարությունյանը նշում է, որ անցած 14 տարվա ընթացքում ՓԲԸ-ն կորցրել է իր ընդհանուր տարածքի 8 տոկոսը` 270 քմ մակերեսով:

Սակայն դրանից փայատերերը ոչ թե տուժել, այլ շահել են. յուրաքանչյուրի բաժնեմասը 11,2 տոկոսով ավելացել է: Մինչդեռ ընկերության հիմնադիր սեփականատերերից երկուսը` Անժելա Նալտակյանը եւ Գայանե Մինասյանը, պնդում են, որ կորուստը շատ ավելի մեծ է: Նրանք ասում են, թե ՓԲԸ նախագահ Գ. Հարությունյանը քաղաքի կենտրոնում` Մաշտոցի 8 հասցեում գտնվող ընկերության տարածքներն ապօրինաբար օտարել է, իսկ ստացված գումարները` գրպանել: Այն, որ կորցրած տարածքը 270 քմ է, ու դրանից բոլոր փայատերերը շահել են, Գագիկ Հարությունյանը հիմնավորում է իր ձեռքի տակ եղած փաստաթղթերով: Ձեռնարկությունը սեփականաշնորհվել է 1996 թ., իսկ 1997-ին Կադաստրում կատարվել է իրավունքի պետական գրանցում: Ըստ սեփականության վկայականի` ընկերության անունով գույքագրվել է 2860 քմ մակերեսով տարածք:

«Ունենք մի փաստաթուղթ (Կադաստրի տված), որը կասկածի ենթակա չէ: Ունենք նաեւ 2-րդ փաստաթուղթը` այսօրվա դրությամբ առկա մակերեսը 2590 քմ է, որը նույնպես կասկածի ենթակա չէ: Պակասել է 270 քմ»,- ասում է Գագիկ Հարությունյանը եւ մանրամասնում, որ այդ 270 քմ-ն ինքը նվիրել է Նորայր Քյասինյանին. «Ժամանակին Քյասինյանը գումար է ներդրել, որով ես մյուս փայատերերի բաժնեմասերը գնել եմ: Հետո, քանի որ գումար չունեի, իմ բաժնեմասի մի մասը ձեւակերպել եմ իր անունով, այդ բաժնեմասի տոկոսներին համապատասխան` տարածքից առանձնացրել եմ 270 քմ ու նվիրատվությամբ տվել Քյասինյանին»: Գագիկ Հարությունյանը շեշտում է, որ այդ գործարքի արդյունքում մյուս փայատերերի, օրինակ` Անժելա Նալտակյանի բաժնեմասը 0,3 տոկոսից դարձել է 0,338: «Եթե պայմանական հաշվենք Նալտակյանի ունեցած տարածքը, ապա 2860 քմ-ի մեջ 0,3 տոկոսը կկազմի 8,58 քմ: Իսկ այսօր (2590 քմ-ի պարագայում) իր 0,338 տոկոսով նա ունի 8,75 քմ տարածք: Ու մենք իրեն գցե՞լ ենք, սա գցե՞լ է նշանակում»,- հավելում է ընկերության նախագահը:

Իրականում, սակայն, նվիրատվության պայմանագրով, որը կնքվել է 2003 թ.-ին, Ն. Քյասինյանին տրվել է ոչ թե 270, այլ 301,2 քմ: Իսկ դրանից 1 տարի առաջ` 2002 թ., «Ռենեսանս» ՓԲԸ-ն կնքել է մեկ այլ պայմանագիր, որով իր տարածքից 377,5 քմ-ն վաճառել է Հրաչյա Ոսկանյանին: Այսինքն` 2003 թ. ընկերության տարածքը պետք է լիներ մոտ 2483 քմ (2860-377), ինչից էլ 301 քմ-ն նվիրաբերելու պարագայում մնացորդը կլիներ 2182 քմ: Իսկ այսօր, ինչպես ընկերության նախագահն է նշում, ՓԲԸ-ի տարածքը 2590 քմ է: Ուշագրավ է նաեւ այն, որ Հ. Ոսկանյանի հետ կնքված առքուվաճառքի պայմանագրում նշված է, թե «Ռենեսանսին» պատկանող տարածքի մակերեսը 3600 քմ է, իսկ Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման տվյալներով` 2001 թ. ՓԲԸ-ի անվամբ գրանցվել է 2908 քմ տարածք: Որտեղի՞ց այս հակասությունները, ինչո՞ւ են նույն տարածքի վերաբերյալ գրանցվել տարբեր տվյալներ: Հարցի պատասխանն ընկերության նախագահը չունի: Իսկ նրա ներկայացուչիչ, փաստաբան Մամիկոն Մանուկյանն ասում է, որ պետք է «Կենտրոնի կադաստրին դատի տալ»: Ինչ վերաբերում է առքուվաճառքի պայմանագրում առկա 3600 քմ-ին, վերջինիս խոսքերով` դա տպագրական սխալի արդյունք է: «Եթե այս 3600-ի մասով պայմանագիրը հիմք ենք ընդունում, ուրեմն պետք է ընդունենք, որ գույքի վրա ավելացումները կատարվել են ընկերության հաշվին: Եվ քանի որ ՓԲԸ-ն վնասով աշխատող կազմակերպություն է, ուրեմն Գագիկ Հարությունյանն այդ 1000 քմ-ն ինքն է ավելացրել իր անձնական միջոցներով: Ուրեմն իրենն է, վեճի առարկա չէ, եւ Անժելա Նալտակյանը չի կարող պահանջներ ներկայացնել»,- ասում է փաստաբան Մանուկյանը եւ հավելում, թե այս ամենը պայմանական է ասում: Գագիկ Հարությունյանը նշում է, որ ժամանակին սեփական միջոցներով, իրոք, ավելացրել են ընկերության տարածքը 398 քմ-ով: Հենց այս թիվն էլ գումարելով այսօր առկա տարածքի մակերեսին` նա շեշտում է, որ ՓԲԸ տարածքի օտարված հատվածների եւ մնացորդի հանրագումարում հակասություններ չկան:

«Ինքը (Գագիկ Հարությունյանը) ոչ մի բան ճիշտ չի ասում, փաստաթղթեր ցույց չի տալիս, որ ասածները հիմնավորի: Ընկերության տարածքն իրականում շատ ավելի մեծ է եղել, բայց, փաստորեն, զգալի մասն անհետացել է: Հասկանալի է, որ այդ տարածքները Հարությունյանը վաճառել է, ու մենք, չնայած ընկերության հիմնադիր սեփականատեր ենք, չենք կարողանում այդ գործարքների` վաճառված տրածքների մասին տվյալները ստանալ: Դիմում ենք պետռեգիստր, մերժում են»,- ասում է Անժելա Նալտակյանը: ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման ապապետականացման վարչության պարզաբանմամբ` Հայաստանի նորաձեւության տունը սեփականաշնորհվել է ՓԲԸ ձեւով, որի շենքի եւ շինությունների տարածքը, համաձայն արդյունաբերության նախարարության ներկայացրած տեղեկանքի, 3956 քմ է: Նույն տվյալն է հայտնել նաեւ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Ն. Հարությունյանը: ՓԲԸ նախագահ Գագիկ Հարությունյանն ասում է, թե գաղափար չունի` որտեղից է վերցված 3956 քմ-ի մասին տվյալը: Բացի դրանից` ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ ընկերության սեփականաշնորհման տվյալներով` Անժելա Նալտակյանի բաժնեմասը «Ռենեսանսի» կանոնադրական հիմնադրամում կազմում է 0,3, իսկ Գայանե Մինասյանինը` 0,302 տոկոս: Իսկ ձեռնարկության գույքի մասով Անժելա Նալտակյանն ունի 1,5, Գայանե Մինասյանը` 1,18 տոկոսի սեփականություն: «Այդպիսի բան չկա: Չկա հանրապետությունում մի կազմակերպություն, որը 1992-99 թթ. սեփականաշնորհման գործընթացում աշխատողին բաժնետոմսից ավել գույքի նկատմամբ իրավունք ճանաչի: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքն ասում է, որ մասնակիցը տնօրինում է միայն բաժնետոմսը, դրա սեփականության իրավունքն ունի, գույքի նկատմամբ որեւիցե իրավունք չկա»,- ասում է փաստաբան Մ. Մանուկյանը եւ խորհուրդ տալիս ինչպես այս, այնպես էլ ընկերության տարածքի 3956 քմ լինելու մասին հավաստող պետական փաստաթղթերի կապակցությամբ դիմել ոստիկանություն կամ դատախազություն:

Անժելա Նալտակյանն այդպես էլ վարվել է: Նա միջնորդել է Գագիկ Հարությունյանին ենթարկել քրեական պատասխանատվության: Սակայն իրավապահները գտել են, որ նման գործ հարուցելու հիմքեր չկան: Գործն անցել է նաեւ դատական երեք ատյաններով: Մինասյանն ու Նալտակյանը պահանջել են իրենց ունեցած բաժնեմասին համապատասխան` անշարժ գույքը բնեղենով առանձնացնել:

«Գագիկ Հարությունյանը խախտել է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ոչ մի անգամ մեզ չի տեղեկացրել ընկերության ժողովների մասին, գործարքների ժամանակ խախտել է մեր նախապատվության իրավունքը, որը մենք ունենք իբրեւ բաժնետեր»,- ասում է Ա. Նալտակյանը: Փաստաբան Մ. Մանուկյանն էլ հակադարձում է, թե նույն օրենքի համաձայն` Գ. Հարությունյանը պարտավոր չէ մյուս բաժնետերերին պարտադիր ծանուցել եւ ժողովներին ապահովել նրանց մասնակցությունը, քանի որ նրան է պատկանում բաժնետոմսերի մոտ 98 տոկոսը, ինչը բավարար է քվորում ապահովելու եւ որոշումներ ընդունելու համար. «Բացի դրանից` մինչեւ 25 տոկոս գործարքները տնօրենը կարող է կնքել միանձնյա` առանց բաժնետերերի խորհրդի որոշման»:

Դատարանում ներկայացվել է նաեւ ՓԲԸ տնօրենի դիմումով «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից 2005 թ. տրված եզրակացությունը, ըստ որի` «ՀԳՀ-Արենային» պատկանող շինության վնասվածությունը 3-րդ աստիճանի է:

 

«Առ այսօր շինությունը վերանորոգման չի ենթարկվել, եւ վերջինիս տեխնիկական վիճակը չի բարելավվել»,- անցյալ տարի Կենրոնի դատարան ներկայացրած փաստաթղթում նշել է փաստաբան Մանուկյանը եւ հավելել, որ ընկերության կողմից 2008 թ. տված տեղեկանքով` ՓԲԸ-ի 2556,8 քմ մակերեսով շինության հաշվեկշռային արժեքը 40 մլն 754 հազար դրամ է, որից էլ հայցվորները կարող են ստանալ հատուցում` իրենց ունեցած բաժնեմասին համապատասխան: Գայանե Մինասյանի մասով հատուցման գումարը կազմել է մոտ 142 հազար, իսկ Անժելա Նալտակյանի մասով` 138 հազար դրամ:

«Այդ եզրակացությունը կեղծ է, դրա հետեւանքով ՓԲԸ-ի արժեքը, որ դեռ 1996 թ. ավելի քան 72 մլն դրամ էր, մոտ 2 անգամ նվազել է: Դրա համար էլ մեզ ծիծաղելի գումար էին առաջարկում»,- ասում է Ա. Նալտակյանը եւ տարակուսում, թե ինչպես է շինության վնասվածությունը 2005 թ. գնահատվել 3-րդ աստիճանի, երբ դրանից 1 տարի առաջ Կադաստրի տված սեփականության վկայականում նույն ՓԲԸ-ն տեղեկանք է ներկայացրել` «ավարտված շենքի եւ շինարարության մասին (N96 28.09.04 թ.)»: «Ի՞նչ է, ես 78 հոգուց խաբելով, ստիպելով բաժնեմասը գնել եմ, եւ այդ երկու բողոքավորի բաժնեմասը չեմ կարողանում վերցնել: Չէ՞ որ մյուսներն էլ իրենց նման մարդիկ են,- ասում է Գագիկ Հարությունյանը:- Այդ մարդիկ ոչ մի կոպեկ չեն ներդրել, բայց եկամուտ են պահանջում: Ի՞նչ եկամտի մասին է խոսքը: Ընկերությունն աշխատում է վնասով: Ես իմ Մոսկվայի տունը վաճառել եմ, գումարը ներդրել այս հիմնարկում, որ կայանա: Եվ այսօր այն որոշ չափով կայացել է: Եթե մեկը սաունա է սարքում, բարդակ է սարքում, սա երեխաների ժամանցի վայր է, ու հնարավոր չէ, որ այս հիմնարկը ժամանակի ընթացքում եկամուտ չբերի: Նալտակյանի բաժնեմասը ոչ ոք իր ձեռքից չի խլելու, ոչ ոք նրան չի խաբելու: Վաղը եկամուտ կլինի, մասնաբաժինը թող պահանջի»: «ՀԳՀ-Արենայի» տարածքում այսօր գործում են բիլիարդանոց, բոուլինգ կենտրոն եւ բար-սրճարան: Տարածքի մոտ 1400 քմ-ը, Հարությունյանի գնահատմամբ, շքեղ վերանորոգված է, որի 1 քմ-ի վրա իր միջոցներից ներդրել է 700-800 ԱՄՆ դոլար: ՓԲԸ նախագահը նշում է, թե ընդառաջելով Նալտակյանի` հաշտվելու առաջարկին, նույնիսկ համաձայնվել է վերջինիս բաժնետոմսերի դիմաց վճարել 2000 ԱՄՆ դոլար: Սակայն Նալտակյանը հետո մտափոխվել է, ասել, թե իր բաժնեմասից չի հրաժարվում, բայց պահանջում է 10 հազար դոլար` չբողոքելու համար:

«Նման բան չի եղել: Եթե բաժնեմասիս դիմաց քմ-ի համար նույնիսկ 1000 դոլար էլ վճարեն (իսկ Կենտրոնում այսօր քմ-ի գինը 2500-4000 դոլար է), ինձ պետք է փոխհատուցեն ոչ թե իրենց կեղծ հաշվարկներով, այլ իմ ունեցածի համապատասխան` 56, մոտ 60 քմ-ի համար: Իսկ 10 հազար դոլարը ես պահանջել եմ այդ գործարքների արդյունքում որպես ինձ հասանելիք եկամուտ: Թե չէ իրենց ներկայացրածով` տարածքներն օտարվել են, բայց կանոնադրական կապիտալը, աճելու փոխարեն, նվազել է: Չգիտես ինչու` միայն իրենն է աճել»,- ասում է Ա. Նալտակյանը:

Իսկ Գ. Մինասյանը նշում է, որ իր պահանջը չի փոխվել` նա ուզում է, որպեսզի տարածքից իրեն հասանելիք մասնաբաժինն առանձնացվի: Վերջիններիս հայցը Կենտրոնի դատարանը մերժել է: Ոչինչ չեն փոխել նաեւ վերադաս ատյանները: Անժելա Նալտակյանը շեշտում է, որ դատարան դիմելիս իրենց տեղեկությունները կցկտուր էին: Հիմա, երբ ձեռքի տակ ունեն պատկան մարմիններից ստացված անհրաժեշտ փաստաթղթերը, պատրաստվում են կրկին դիմել համապատասխան մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter