HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կալանավայրում գտնվող որդուն «նվիրել» է անչափահաս աղջկան

Աննան ազատամարտիկի կին է, ունի 5 երեխա, որոնցից չորսը հաշմանդամ է, երեքը` անչափահաս: Հանրային հեռուստաընկերությունը այս տարի նրա ծանր ու սոցիալապես անապահով կյանքի մասին նույնիսկ ռեպորտաժ է հեռարձակել, մինչդեռ հենց այդ ընթացքում Աննայի գործն առաջին ատյանի դատարանում էր: Վերջինս մեղադրվում է անչափահաս Գոհարին պոռնկության մեջ ներգրավելու եւ սեռական շահագործման ենթարկելու մեջ:

Գոհարը, ինչպես գործով անցնող որոշ վկաներ են բնութագրել, «գյուղացի, խելոք աղջիկ է»: Մոր եւ խորթ հոր հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով 2008 թ. աշնանը 16-ամյա աղջիկը, աշխատանք գտնելու նպատակով, ընկերուհու` Արմինեի հետ եկել է Երեւան: Մի քանի օր նրանք հանգրվանել են Արմինեի ծանոթի տանը, հետո ապրել եւ աշխատել «Արջուկ» հյուրանոցային համալիրում, այնուհետեւ տուն վարձել եւ, ի վերջո, անցյալ տարվա հունվարին ծանոթացել մի քանի տարի առաջ մահացած ազատամարտիկի կնոջ` Հույսի ավան թաղամասում ապրող Աննայի հետ: «Առաջին տպավորությունս` նորմալ ընտանիք էր. հարս, երեխեք... Որ վարձով էինք մնում, մեզ հետ ապրող աղջիկներից մեկը տան հեռախոսով զանգել էր Մոսկվա` 300 հազար դրամից ավել: Գումարը բաժանել էինք 3 մասի. ես ու Արմինեն պետք է 75-հազարական դրամ տայինք: Աննան որ իմացավ էս մասին, ասաց` քանի որ աշխատանք չկա, տեղափոխվեք իմ տուն, վարձ-բան չեմ ուզում. կաշխատեք, ձեր պարտքերը կփակեք»,- հիշում է Գոհարը: Աննան աղջիկների հետ գնացել է վարձով տուն, տանտիրոջը վստահեցրել, որ եթե նույնիսկ աղջիկները հեռախոսավարձի պարտքը չտան, ինքն անձամբ այդ գումարը կմարի: «Վեշերը հավաքեցինք, ես ու Արմինեն գնացինք Աննայի տուն: Մի 2 օր անցավ, Աննան ասաց` սենց չի լինի, ես տանտերերի հետ օր եմ նշանակել, պարտքը ես եմ վիզ վերցրել, չեմ ուզում, որ ամոթով մնամ: Ու մեզ առաջարկեց, ասաց` ծանոթ տաքսի ունեմ, աղջիկներ ունեմ, ձեզ կծանոթացնեմ իրանց հետ, մի քանի անգամ դուրսուներս կանեք, շուտ պարտքերը կփակեք, հետո նորմալ աշխատանք կգտնենք»,- շարունակում է Գոհարը: Ըստ մեղադրական եզրակացության` տաքսու վարորդ Արտյոմը, 5000-ական դրամի դիմաց, Գոհարին ու Արմինեին սկսել է տանել «գործի», սպասել ավարտին ու հետ բերել տուն: «Արմինեն չգիտեմ` ինչ էր ասել Աննային, որ հաճախորդից փախնում եմ, հաճախորդը կանչում ա, չեմ գնում... Աննային ասացի` ամաչում եմ, փոքր եմ, չեմ ուզում երեւամ, ինքն էլ Արմինեին ասաց` թող ինքը տաքսու մեջ նստի, դու կլիենտի հետ կխոսաս, ինքը կգնա»,- պատմում է Գոհարը եւ հավելում, որ 10 օր անց Արմինեն հեռացել է հյուրընկալ Աննայի մոտից, եւ ինքն արդեն միայնակ է Արտյոմի միջոցով շարունակել «ներսուդուրս» անել: «Գիշեր էր, նոր էի տուն եկել: Աննայի գաղութի ընկերը` ոմն Մուկուչ, զանգեց, ասաց, որ թավան ա կրվել` 10 հատ լիցքավորման քարտ: Աննան ասաց` զանգի Սուսանին, հել գործի: Գնացի: Սենյակի մեջ, հլը չնստած` «պրիստուպներս» բռնեց»,- հիշում է Գոհարը: Մարմնավաճառ Սուսանի միջնորդությամբ աղջկան տարել են նախկինում իրեն վիրահատած բժշկի մոտ` «Երեւանի բժշկական կենտրոն»: Գոհարին վիրահատել են, նա 12 օր մնացել է հիվանդանոցում եւ գրանցվել Աննայի անչափահաս հարսի ծննդյան վկայականով: Այդ ընթացքում աղջկան խնամել է Աննան` հիվանդի հետ նույն սենյակում մնալով իր նոր ընկերոջ` Յուրայի հետ: Գոհարի վկայությամբ` վերջիններս իր ներկայությամբ հիվանդասենյակում պարբերաբար զբաղվել են սեքսով: «Աննան ինձ ասաց` վիրահատության գումարը 270 հազար դրամ է բռնել, 100 հազարի փոխարեն իրա մագն ու տելեվիզրն ա դրել լոմբարդ, 170 հազարի դիմաց էլ իրա անձնագիրն ա թողել բժշկի մոտ,- շարունակում է Գոհարը:- Դուրս գրվեցի, 2 օր անցավ, Աննան ասաց` պետք ա հելնես գործի, որ էդ փողերը փակվենք: Ըտենց, սկսեցի դուրսուներս անելը, մի երկու օր անցավ, գիշերվա կեսին դուրսն էի, Աննան զանգեց ձեռքիս, թե բժիշկը հարբած վիճակում իրան կանչել ա Մալաթիա, իմ պատճառով իրան խփել ա, հայհոյել, ասել` ես քո համար լոմբարդ չեմ... Ու ինձ ասաց` չի հետաքրքրում, ինչ ուզում ես արա, էդ 170 հազարը բեր... Եկա տուն, սկսեցի նեղվելը...»: Գոհարի խոսքերով` հիվանդանոցից դուրս գրվելիս վիրահատության կարերը չեն քանդել, ինչը որոշ ժամանակ անց իրեն զգացրել է, դարձել սուր ցավերի պատճառ, իսկ հաճախորդները «ձեռք չէին տալիս, տեսնում էին, վախենում»: Աղջիկն Աննային խնդրել է իրեն տանել բժշկի, սակայն վերջինս մերժել է` վկայակոչելով պարտքերը: «Էդ ժամանակ մեկի հետ էի շփվում` ոմն Ռուդիկ: Երբ ես դուրս եմ եկել գործի, ինքն իմ առաջին հաճախորդն ա եղել,- պատմում է Գոհարը:- Աննան զանգեց Ռուդիկին` բա, եթե ուզում ես ընկերուհի պահես, բեր փող տուր, որ տանենք կարերը հանենք: Ռուդիկն էլ ասաց` ներկա պահին փող չունեմ, բայց ծանոթ բժիշկ ունեմ, կարող եմ գալ, տանել: Եկավ, Աննայի հետ իբր տարան հիվանդանոց, բայց դա իրականում մոռգ էր. դագաղներ էին շարած: Վախեցա, բայց ստիպված էի, քանի որ համ ուժեղ ցավում էր, համ էլ էդ վիճակում չէի կարողանում... Բայց կարերս նորմալ չհանեցին. ներսս թելեր էին մնացել»: Գոհարին մի քանի ամիս անց կրկին վիրահատել են, այս անգամ` ՀՀ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում: Երկու հիվանդանոցից էլ նախաքննական մարմնին փաստաթուղթ են ներկայացրել, ըստ որոնց` առաջին վիրահատությունն արվել է հիվանդանոցի հաշվին, երկրորդը` պետպատվերի շրջանակներում: Իսկ Աննայի դուստրը իբրեւ գաղտնիք Գոհարին հայտնել է, որ վիրահատության պատճառով նա այլեւս չի կարող երեխա ունենալ: Երկրորդ վիրահատության ժամանակ Աննան ասել է, թե այն արժե 360 հազար դրամ, բայց իր միջնորդությամբ հիվանդանոցում համաձայնվել են նաեւ 320 հազարին: Գոհարի պատմելով` բարձր գնի պատճառով ինքը նախօրոք խնդրել է տեղափոխվել այլ հիվանդանոց, սակայն Աննան վստահեցրել է` «ոչ մի բանի մասին մի մտածիր, ես ամեն ինչ կանեմ»: Աղջկա ասելով` միայն 200 հազար դրամ իր հաճախորդներից մեկն է մաս-մաս տվել, 70 հազար էլ` Յուրայի ընկերը` Ստեփանը: Չնայած այս ամենին` երկրորդ վիրահատությունից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց օրեր անց Աննան աղջկան կրկին ստիպել է անցնել «աշխատանքի»: «Ասում էր, որ հիմա էլ տան թղթերն ա դրել լոմբարդ, ու ինձ ասաց` քո պատճառով երեխեքս քուչեքը չեն մնալու, ինչ ուզում ես, արա, բեր իմ փողը տուր»,- հիշում է Գոհարը: Թեեւ Աննայի տանն անցկացրած ամբողջ ժամանակահատվածում (2009-ի հունվար-դեկտեմբեր) մարմնավաճառությամբ վաստակած ամբողջ գումարը Գոհարը տվել է նրան (օրական 15, եղել է` 40-50 հազար դրամ), բայց Աննան շարունակ պնդել է, թե իր պարտքը կազմում է 450 հազար դրամ: Աննայի նոր զուգընկերոջ` Յուրայի ընկերը` Ստեփանը, մի քանի օր հյուրընկալվել է Աննայի տանը: Ըստ էության, նա Գոհարի նկատմամբ համակրանք է տածել: Սկզբում չի իմացել, թե աղջիկն ինչով է զբաղվում, հետո փորձել է արգելել` անչափահաս աղջկան դնելով երկընտրանքի առաջ` կամ ես, կամ այդ ճանապարհը: «Բայց Աննան ասաց` ես չեմ արգելում, որ դու քո հաճույքն անցկացնես իրա հետ, իսկ դու իրան մի արգելիր, որ գործ անի: Ինքը պետք ա պարտքերս փակի»,- հիշում է Գոհարը: Ստեփանը մի քանի անգամ ինքն է աղջկան 6-8 հազար դրամ տվել, որպեսզի փոխանցի Աննային ու խաբի, թե հաճախորդն է տվել: Երիտասարդները հանրապետության քաղաքներից մեկում անգամ վարձով տուն են փնտրել` միասին ապրելու եւ կամաց-կամաց պարտքերը մարելու հույսով: Սակայն Աննան հանդիպել է Ստեփանի հորը, ասել, որ Գոհարը «պուտանկա» է եւ նշել, թե, այնուամենայնիվ, դեմ չէ, որ երիտասարդները միասին ապրեն, բայց նախեւառաջ պետք է վերադարձնեն իր 450 հազար դրամը: «Ստեփանին ասաց` դու քանի՞ գլխանի ես, որ իրան վրիցս տանում ես, էդքան փողերն էլ վրեն: Վրեդ խաբար չկա՞, որ երկուսիդ էլ քաղմաս կտամ, կասեմ` ոսկեղենս վերցրել, փախել են,- հիշում է Գոհարը:- Ես էլ ասացի` Աննա, հերիք եղավ, եթե ըտենց ա, ես էլ կգնամ ոստիկանություն ու կասեմ, որ դու ինձ ստիպելով ծախում ես»: Այս խոսքերից հետո, ինչպես աղջիկն է պատմում, Աննան ծխախոտի տուփը շպրտել է իր վրա, հետո սկսել հարվածել ու մազերից քարշ տալով նստեցրել ավտոմեքենան: Ստեփանին հայրը թույլ չի տվել միջամտել: Իսկ արդեն ավտոմեքենայում անչափահաս աղջկան Յուրան է հարվածել ու սպառնացել` «քեզ տղերքը սպասում են, նայի, թե ինչ են անելու, ամեն ձեւի օգտագործելու են»: «Մեքենայում ծեծելով` ինձ հասցրին տուն: Հետո Աննան գցեց գետնին, ուզում էր խփել փորիս: Ասում էր` քո կյանքը ես եմ փրկել, ես էլ կտամ, կտրաքցնեմ... Հաջորդ առավոտ ասացի` Աննա, եթե դու մտածում ես, որ ես էդ 450 հազար դրամը կարամ էդ ճանապարհով տամ, չէ: Առողջությունս էլի սկսել է ինձ նեղել, էլ չեմ կարում, գնում եմ տուն: Մորս կասեմ, թող տունը ծախի, բերի քո փողը տա,- պատմում է Գոհարը,- ասաց` վեր ընկիր տեղդ, ես կասեմ` դու ինչ անես: Իսկ նախքան էդ ասում էր` քեզ գցելու եմ պադվալ, տեղդ իմացող չի լինի, էդ փողն էլ ինձ պետք չի, քեզ կղրկեմ գաղութ` ախպերներիս գրեֆ: Ըտենց անընդհատ վախեցնում էր»: Աղջիկը հիշում է, որ Աննան մի անգամ էլ իրեն տարել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ անազատության մեջ է Աննայի 20-ամյա որդին. «Հարսի ծննդականով մտցրեց գաղութ, ասաց` «տես` մաման քեզ ինչ նվեր ա բերել»: Ու ստիպեց, որ տղու հետ քնեմ»: Անցյալ տարվա դեկտեմբերին Գոհարին փողոցում արտասվելիս նկատել է իրավապահներից մեկը: Շուտով քրեական գործ է հարուցվել, իսկ Աննային` մեղադրանք առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը:

Հ.Գ. Աննան դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ինչպես նրա, այնպես էլ այս գործով անցնող որոշ անձանց իրական անուններն ու նրանց պատմածները «Հետքն» առաջիկայում կհրապարակի: Որոշ ուշագրավ տեղեկություններ դեռեւս չենք հայտնում` սպասելով դատաքննության ավարտին եւ նրան, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Մեղադրող-դատախազ Հ. Մարտիրոսյանն արդեն իսկ հայտարարել է, թե միջնորդելու է քրեական պատասխանատվության ենթարկել տաքսու վարորդին` Արտյոմին: Իսկ ինչո՞ւ հիմա, կամ ինչո՞ւ միայն Արտյոմին: Կարդացեք հաջորդ համարներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter